09/19/2019

Աննախադեպ համաժողով. սպասենք արդյունքներին

Աննախադեպ համաժողով. սպասենք արդյունքներին

Սյունիքի մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածում ներդրումային հնարավորությունների քննարկմանն էր նվիրված նոյեմբերի 11-13-ը Կապանում անցկացված համաժողովը: Ներկայացուցչական այդ միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներդնողներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ, անհատ ձեռներեցներ:

Կապանի մշակույթի կենտրոնում նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը (տնտեսության բազմազանեցում) նվիրված համաժողովի բացումը, որը կազմակերպել էր Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երեւանի գրասենյակը` համագործակցությամբ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության, «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի, Սյունիքի մարզպետարանի, մարզի քաղաքապետարանների: Ողջերթի խոսքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նվաճում համարեց նման ձեւաչափով անցկացվող միջոցառումը: Նաեւ երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարությանը եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, ովքեր նպաստել են համաժողովի կայացմանը:

«Մեկտեղ հավաքվել եւ գնահատել մարզում ներդրումային հնարավորությունները, փորձել կողքից հայացք նետել մարզի տնտեսական կարողությունների վրա, փորձել Սյունիքն ավելի մատչելի ներկայացնել, ծանրութեթեւ անել այսօրվա առավելությունները եւ հնարավորությունները. սա մի նոր իրողություն է: Մի կողմից պատահական չէ, որ Սյունիքի մարզն է ընտրվել` իր զարգացման հնարավորություններով հանդերձ, մյուս կողմից` այստեղ ձեռք բերած փորձն ու հնարավորությունները կարող ենք տարածել մյուս մարզերի վրա: Բացի այդ, համաժողովը հնարավորություն է ընձեռում Սյունիքը, իր լեռնահանքային «բրենդից» զատ, մի քիչ ընդգրկուն ներկայացնել մեր գործընկերներին, լայն այն իմաստով, որ այստեղ մեծ հնարավորություններ կան զարգացնելու գյուղատնտեսությունը, նրա հետ կապված ճյուղերը` վերամշակող ձեռնարկությունները, սննդի արդյունաբերությունը, անասնապահությունը: Կարծում եմ` ոչ ոքի մեջ կասկած չի հարուցում, որ մարզում բավականին մեծ է տուրիզմի զարգացման հնարավորությունը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու այս ոլորտների զարգացմանը, հատկապես դրանց հետ կապված ենթակառուցվածքների ձեւավորմանը եւ կայացմանը:

Այս առումով պիտի նշեմ, որ մարզը կարիք ունի նորմալ հյուրանոցների, հատկապես Կապանի տարածաշրջանը: Գորիսում եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հետ կապված Տաթեւին մերձ համայնքներում սպասարկման այդ ոլորտի ծառայությունները սկսել են աշխուժանալ: Քանի որ խոսվեց տուրիզմի մասին, կարծում եմ ոլորտի զարգացման գործում էական նշանակություն է ունենալու Կապանում օդանավակայանի վերագործարկումը, թեկուզ փոքր ծավալով, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն տալով Կապան այցելողներին մարզկենտրոն հասնել կարճ եւ մատչելի ճանապարհով, մի խոսքով այն օդային կապով, որ մի ժամանակ այստեղ գործել է…
Այնպես է ստացվել, որ Սյունիքի մարզը, իրոք, առանձնացել է միշտ իր բարի ավանդույթներով, միջազգային հանրության հետ համագործակցելու առումով: Տարբեր միջազգային կազմակերպություններ տարիներ շարունակ տարբեր դրսեւորումներով ծրագրեր են իրականացրել այստեղ: Հուսով եմ, որ երեք օր տեղի ունեցող քննարկումները նոր խթան կհանդիսանան, նոր հետաքրքրություններ կառաջացնեն համաժողովի կազմակերպիչների շրջանում, բացի այդ սպասվելիք ներդրումները կօգնեն բազմազան դարձնել մարզի տնտեսությունը` ստեղծելով նոր աշխատատեղեր», – ասաց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում նշեց, որ չնայած վերջին տարիների արդյունաբերական ցուցանիշների կայուն աճին, Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը չի գոհացնում: Քանի որ հանքարդյունաբերական ձեռնարկություններում նոր աշխատատեղերի ստեղծման առումով կան սահմանափակ հնարավորություններ: «Ուսումնասիրելով մարզի տնտեսության կառուցվածքը` ակնհայտ է դառնում, որ գործ ունենք տնտեսության այսպես ասած` կոշտ մոդելի հետ, այսինքն` արդյունաբերության ավելի քան 85 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը, 10 տոկոսը` էներգետիկական ոլորտին: Դա է պատճառը, որ մեզ մտահոգում են արդյունաբերության մեկ ճյուղից կախվածության, բնակչության ցածր եկամուտների եւ կենսամակարդակի ցուցանիշները: Եթե սրան ավելացնենք վերջին տարիների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները, ապա նոր հնարավորությունների բացահայտումը ժամանակի հրամայականն է: Եվ քանզի համաժողովն իր բնույթով առաջինն է, ակնկալվում են շահագրգիռ քննարկումներ, իսկ մարզպետարանը պատրաստ է լսելու մասնակիցների բոլոր առաջարկություններն ու դիտողությունները` մարզի զարգացման ծրագրերում դրանք հաշվի առնելու համար», – ասաց մարզպետը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը միայն Սյունիքում ունի կառույց, որը զբաղվում է տնտեսական եւ բնապահպանական անվտանգության հիմնախնդիրներով, գործունեություն ծավալում տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում ռիսկերի նվազեցման ուղղությամբ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն ասաց, որ համաժողովը եզակի է իր տեսակի մեջ, ինչի մասին վկայում են մասնակիցների քանակը եւ քննարկվող հիմնախնդիրների շրջանակը: Նաեւ հայտնեց, որ համաժողովում առավել կարեւորելու են ներդրումներն այն ճյուղերում, որոնք Սյունիքի տնտեսության դիվերսիֆիկացիայի պլանի մշակման ժամանակ ի հայտ են եկել (նախագիծը ֆինանսավորվել է ԵԱՀԿ-ի օժանդակությամբ): Բանախոսը հընթացս անդրադարձավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը, Սյունիքի մարզում իրականացրած ծրագրերին: Գործարարության զարգացման եւ շուկայական մրցակցության ծրագրերի շրջանակում գրասենյակը զգալի աշխատանք է կատարել տարածաշրջանում տուրիզմի ոլորտի ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Մասնավորապես, Սյունիքում էկոտուրիզմի զարգացման նպատակով հրապարակվել է տուրիստական տեղեկատու, մոտ 150 հոգու համար` (հյուրանոցառեստորանային համալիրների աշխատակիցներ, մատուցողներ, զբոսավարներ) անցկացվել են տարբեր պարապմունքներ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով:

Շրջակա միջավայրի պահպանության ծրագրի շրջանակում մարզկենտրոնում բնապահպանական ծրագիր է իրականացվում:

ԵԱՀԿ-ի եւ Միավորված ազգերի կազմակերպության գլոբալ բնապահպանական հիմնադրամի համաֆինանսավորմամբ, Կապանի քաղաքապետարանի եւ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի կառույցի օժանդակությամբ Կապանի շուկայի մերձակայքում իրականացվում են 1.5 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ: Իր ելույթի ավարտին բանախոսը հայտնեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը սերտ հարաբերություններ ունի Սյունիքի մարզպետարանի հետ, համոզմունք հայտնեց, որ գնալով փոխհարաբերությունը մարզային իշխանության հետ ավելի կխորանա, նաեւ հաջողություն մաղթեց համաժողովի աշխատանքներին` համոզմունք հայտնելով, որ նման համաժողովները հետայսու ավելի մեծ նշանակություն ձեռք կբերեն եւ կանցկացվեն ոչ միայն Սյունիքում, այլեւ հանրապետության մյուս մարզերում:

Ներկայացնելով Սյունիքի մարզի դիվերսիֆիկացման ծրագիրը` Սյունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Թադեւոս Ղազարյանը նախ` անդրադարձավ բնակչության աղքատության հարցին: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների` մարզում աղքատ բնակչության թիվը կազմում է 26 հազար 800 հոգի, որից առավել աղքատները` 1700 մարդ: Իսկ ընդհանրապես հանրապետությունում աղքատությունն ավելի մեծ է աղետի գոտում, լեռնային, բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում: Մարզի 139 բնակավայրից 105-ը հենց այդպիսին են: Բանախոսը նաեւ մանրամասնեց աղքատությանը (մարզի օրինակով) նպաստող երեք հիմնական գործոնները, որոնք են` մարզի հեռավորությունը սպառողական շուկաներից, էժան տրանսպորտի բացակայությունը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ցածր մակարդակը: Անդրադարձ եղավ նաեւ մարզի տնտեսության կառուցվածքին եւ առաջնահերթ ուղղություններին:

Այս համատեքստում Թ.Ղազարյանն ասաց. «2012-ի տվյալներով արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 198 մլրդ դրամ, բայց նույնիսկ հանքարդյունաբերության աճը սոցիալական վիճակի բարելավման վրա նվազ է անդրադառնում, քանի որ այդ ճյուղի ձեռնարկությունների հնարավորությունները, աշխատատեղերի ստեղծման առումով, սահմանափակ են, իսկ հանքահումքային պաշարները` սպառվող: Ուստի այսօր հրատապ է դառնում ոչ հանքարդյունաբերական ճյուղերի եւ ձեռնարկությունների ստեղծման, տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով ապահովել նոր աշխատատեղեր եւ լրացուցիչ եկամուտներ: Այս առումով մենք ուսումնասիրում եւ գնահատում ենք մարզի եկամտաբեր ներդրումային միջավայրը: Արդեն կազմվել եւ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Սյունիքի մարզային կառույցի աջակցությամբ առանձին անդրադարձել ենք մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչի նպատակով նախանշել ենք մեկ տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր»:

ԵԱՀԿ-ն այս համաժողովին մասնակցելու համար փորձագետ էր հրավիրվել Միացյալ Թագավորությունից` տնտեսության դիվերսիֆիկացման նախագծի մասին հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար: ԵԱՀԿ փորձագետ Ֆելիքս Կամի-Ամպոֆոն ներկայացրեց «Տնտեսական զարգացման մոդելավորումը որպես ներդրումների խթանման գործիք» դասախոսությունը: Անգլերենով հնչող նրա խոսքը լսարանի մեծ մասի համար մատչելի չէր, իսկ էկրանին ներկայացվող տեղեկությունները (որոնք մանր տառերով էին) նույնպես հասանելի չէին մեծ մասի համար: – Հուսով եմ, որ եթե ասվածի 50 տոկոսն էլ իրականացնեն ներկաները, - ասաց փոխվարչապետը եւ ավելացրեց, որ ինքը բոլորին իր հետ Երեւան պիտի տանի աշխատելու:

«Ուստի ես կխնդրեմ, որ պատասխանատվությամբ վերաբերվեք այս գաղափարներին, լսելիս թվում է` ամեն ինչ պարզ է, բայց գաղափարն իրականացնելիս, պարզվում է, ամեն ինչ չէ, որ դյուրին պիտի ստացվի, եւ երբեմն հոռետեսական մտքեր են ծնվում. «Ինչո՞ւ է այս ամենը մեզ անհրաժեշտ»: Բայց պետք է, որպեսզի գնահատվի իրավիճակը, եւ խնդրին լուծում տրվի: Ես, օրինակ, Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացիայի ծրագիրը ներկայացնող բանախոսից կուզեի լսել, թե որո՞նք են մարզի առավելությունները` բնակչության քանի՞ տոկոսն է կրթված, քանի՞ տոկոսն ունի մասնագիտական հմտություններ, որոնք այս կամ այն ոլորտում կարող են օգտակար լինել, տղամարդկանց եւ կանանց հետաքրքրությունները, արդյո՞ք բնագավառներ կան, որտեղ կանայք հնարավոր է` ավելի շատ ներկայություն պիտի ապահովեն: Ասելս այն է, որ Սյունիքի ներուժն առավելագույնս պիտի օգտագործվի: Հնարավոր է, որ կարճ ժամանակում այստեղ քննարկված գաղափարների արդյունավետությունը չզգացվի, բայց համոզված եմ, որ երկու-երեք տարի հետո դրական արդյունքները սպասել չեն տալու: Եվ հուսով եմ, որ այսուհետ Սյունիքի մարզից կառավարությանը ներկայացվող փաստաթղթերն ավելի հիմնավորված, ավելի գործնական եւ ներդրումային տեսակետից ավելի հրապուրիչ կլինեն»:

Սյունիքի մարզի ներդրումային համաժողովի բացման հաջորդ երկու օրը քննարկումներ եղան «Մթերքի արտադրություն եւ վերամշակում», «Անասնապահություն եւ վերամշակում», «Զբոսաշրջության ոլորտ» թեմաներով: Մասնավորապես, այս վերջինի քննարկումից հետո նիստի մասնակիցներն այցելեցին Մեղրու Փոքր թաղ, որտեղ «Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ «Արեւիք» հիմնադրամի նախաձեռնությամբ վերականգնվել է Մեժլումյանների գերդաստանին պատկանող, դեռեւս 18-րդ դարում կառուցված շենքը, որ այժմ հյուրատան է վերածվել:

Զբոսաշրջային ոլորտի քննարկման մանակիցներն այցելեցին նաեւ Շիկահողի արգելոց եւ Սոսիների պուրակ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: