09/18/2019

Սիսիանում վրդովված են ու անհանգստացած

Սիսիանում վրդովված են ու անհանգստացած

ՕՊՏԻՄԱԼԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞...


 

Տեղի հիվանդանոցի եւ Աղիտուի կայազորային հոսպիտալի միավորման հավանականության շուրջ խոսակցությունները հասել են բարձրակետի

Այս օրերին Սիսիանում քննարկվող գլխավոր հարցը տեղի հիվանդանոցի եւ Աղիտուի կայազորային հոսպիտալի հնարավոր միավորումն է, իսկ ավելի ճիշտ` բուժական այդ հաստատությունների օպտիմալացման հեռանկարը:

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանի տեղեկություններն այդ գործընթացի մասին կցկտուր են: Սյունիքի մարզպետարանն էլ չի շտապում բացատրություն տալ եւ դիրքորոշում հայտնել ու, ինչպես շատ-շատ հարցերում, կողքից հայեցողի դերում է:

Մինչդեռ երկու բուժհաստատության միավորումը, եթե տեղի ունենա, անխուսափելի կդարձնի բուժանձնակազմի կրճատումը ե՛ւ հոսպիտալում, ե՛ւ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Միայն Սիսիանի բժշկական կենտրոնում ներկայումս աշխատում է մոտ 160 հոգի (այդ թվում` 30 բժիշկ, 80 բուժքույր):

Սիսիանում շատերն են փորձում ճշտել շրջանառվող այդ խոսակցության հավաստիությունը, ինչպես եւ հնարավոր այդ գործընթացի դրդապատճառները: Ոմանք դա համարում են միեւնույն տարածքում գործող երկու բուժհաստատության միացման անխուսափելի պրոցես, ինչը տեղի է ունենում հանրապետության այլ շրջաններում եւս: Որոշներն էլ մեղադրում են «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` մրցակցությանը չդիմանալու, իր առաքելությունը ոչ բավարար կատարելու մեջ, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության հաճախումները զինվորական հոսպիտալ շատացել են: Արտյոմ Թադեւոսյանը, սակայն, համաձայն չէ վերջին դիտարկումին եւ հավաստում է, որ Սիսիանի հիվանդանոցում տարեկան մոտ 1000 մարդ է բուժվում, պոլիկլինիկան էլ ունենում է 150 հազարից ավելի այցելու:

Շրջանառվում է մեկ ուրիշ վարկած եւս` իբր օպտիմալացում կոչված միջոցառումը կադրային ինչ-ինչ խնդիրներ լուծելու թաքուն նպատակ է հետապնդում, որը մեր օրերում այնքան էլ անհավանական չէ:

Աղիտուի կայազորային հոսպիտալի տնօրեն Դանիել Մկրտչյանի կարծիքով` դեռեւս վաղ է ասել, թե ինչ է կատարվում, եւ օպտիմալացման արդյունքում ինչ կունենանք Սիսիանում: Նա տեղեկացնում է նաեւ, որ հոսպիտալի մահճակալների թվի տասը տոկոսի չափով իրենք քաղաքացիական բնակչություն սպասարկելու իրավունք ունեն, թեեւ այդքան հիվանդ (քաղաքացիական բնակչությունից) սովորաբար չեն ունենում: Ի դեպ, զինվորական հոսպիտալը սպասարկում է նաեւ զինվորականների ընտանիքի անդամներին:

Խնդրո առարկան մտահոգում է նաեւ Սիսիանի քաղաքային իշխանությանը: Ըստ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի` «Սիսիանի ավանդական հիվանդանոցը պետք է պահպանվի, օպտիմալացման անհրաժեշտությունն էլ պետք է հիմնավորվի, եթե այդ հարցն իրոք օրակարգում է: Եվ քանի որ օպտիմալացումը, ինչպիսի տեսքով էլ իրականացվի, ունենալու է սոցիալական հետեւանք (այնտեղ 160 մարդ է աշխատում), ապա պետք է որոշում ընդունելուց առաջ խնդիրը քննարկել քաղաքային իշխանության եւ հանրության հետ: Չի կարելի մոռանալ, որ այնտեղ տարիների ընթացքում մասնագետ կադրերի լուրջ համակազմ է ձեւավորվել, եւ մասնագետների ճակատագիրը մեզ պետք է լրջագույնս մտահոգի»: Աղասի Հակոբջանյանը, այդ բոլորով հանդերձ, կարծում է, որ «Սիսիանի հիվանդանոցի գործունեությունն արմատական բարելավման, արդիականացման կարիք ունի: Պետք է բարձրացվի հատկապես բուժանձնակազմի, հիվանդանոցի ղեկավարության պատասխանատվությունը»:

Մինչ այդ Սիսիանի բժշկական կենտրոնի աշխատակիցներն արդեն տարակույսների եւ սպասումների մեջ են: Իսկ բժշկական կենտրոնի շենքի դիմաց խորհրդային էպոխայի վերջին շրջանում կառուցված հիվանդանոցային նոր համալիրի կմախքը, որ կասկածելի ճանապարհներով հայտնվել է անհայտ սեփականատիրոջ ձեռքում, շարունակում է խորհրդանշել այն անորոշությունն ու թափթփվածությունը, որում հայտնվել է Սիսիանի առողջապահական համակարգը:

Ստեղծված իրավիճակում ՀՀ առողջապահության նախարարությունը եւ Սյունիքի մարզպետարանը, կարծում ենք, կհրաժարվեն ունքը շինելու տեղ աչքը հանելու գործելակերպից ու ավելի շատ կզբաղվեն Սիսիանի առողջապահական համակարգում կուտակված հարցերի լուծմամբ, եթե, իհարկե, ի վիճակի են:

Հ.Գ. Նոյեմբերի 18-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ Արտյոմ Թադեւոսյանի` «Առողջապահության նախարարը հայտարարել է` այդպիսի խնդիր չկա ու չի եղել: Դա ինչ-որ անպատասխանատու մարդկանց հնարանքն է»:

Տա՛ Աստված, որ նախարարի խոսքը վերջնական լինի ու հավաստի:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: