12/06/2019

Ամերիկյան ընկերությունը $180 միլիոնով գնում է Որոտանի հէկերի համակարգը

Ամերիկյան ընկերությունը $180 միլիոնով գնում է Որոտանի հէկերի համակարգը

Ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (Contour Global) ընկերությունը 180 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանի էներգետիկ ոլորտում: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հաղորդագրությունում, որը վերաբերում է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ղեկավարած պատվիրակության` նոյեմբերի 22-ին Վաշինգտոն կատարած այցին, որի նպատակն է եղել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, որոնց ընդունել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը: Ամերիկյան կողմից ներկայացված են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:

«Հայաստանը եւ ԱՄՆ-ը ողջունել են ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում $180 մլն-ի ներդրումը: Ակնկալվում է, որ այն մասամբ կֆինանսավորի ԱՄՆ Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան (U.S. Overseas Private Investment Corporation), կլինի Հայաստանի պատմության մեջ ամերիկյան ամենախոշոր մասնավոր ներդրումը, ինչպես նաեւ ամերիկյան առաջին ներդրումը Հայաստանի էներգետիկ ոլորտում», - նշված է հաղորդագրությունում:

Ըստ մայրաքաղաքային մի շարք լրատվամիջոցների` «Կոնտուր գլոբալ» ընկերության հնարավոր ներդրումն առնչվում է «Որոտանի հէկերի համակարգ» ՓԲԸ-ի ձեռք բերմանը:

Որոտանի հէկերի համակարգի սեփականաշնորհման ուղղությամբ իրականացվող առայժմ հույժ գաղտնի գործընթացին զուգահեռ ակտիվանում են խոսակցությունները «Կոնտուր գլոբալ» ընկերության եւ Հայաստանի իշխանական վերնախավի որոշ դեմքերի առնչությունների մասին:

Հ.Գ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 27-ի իր արտահերթ նիստում համաձայնել է վաճառել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքը ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը:

ՀԾԿՀ հրապարակած տեղեկանքի համաձայն` «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքն է` Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Շամբի հիդրոէլեկտրակայանը, Տաթեւի հիդրոէլեկտրակայանը եւ նշված հիդրոէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ եւ այլ օժանդակ սարքավորումներ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: