09/19/2019

Գայանե Դավթյանի ոդիսականը, կարծեք, ավարտվում է

Գայանե Դավթյանի ոդիսականը, կարծեք, ավարտվում է

«Սյունյաց երկիրը» Գայանե Դավթյանի խնդրին անդրադարձել է 2013թ. մայիսի 3-ի, հունիսի 1-ի, ինչպես եւ հունիսի 29-ի համարներում: Վերջին անգամ ընթերցողին տեղեկացրել էինք, որ ս.թ. հունիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել Ներսես Խաչատրյանի (Գայանե Դավթյանի ամուսնու) ներկայացրած միջնորդությունը` դատական որոշման կատարումը հետաձգելու մասին: Որոշվել էր` մերժել Ներսես Խաչատրյանի միջնորդությունը` դատապարտյալ Գայանե Դավթյանի` որպես ազատազրկման ենթակա անձի նկատմամբ կայացված դատական ակտի կատարումը ծանր հիվանդության պատճառով հետաձգելու մասին, ինչը նշանակում էր, որ Գայանե Դավթյանի ազատազրկման վերաբերյալ որոշման կատարումը չի հետաձգվի:

Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ թողեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 24-ի որոշումը:

2013թ. հուլիսի 1-ից հայտարարվեց հետախուզում` Գայանե Դավթյանին հայտնաբերելու համար:

2013թ. օգոստոսի 8-ին դատապարտյալի շահերի պաշտպան Մամիկոն Թորոսյանը ներկայացրեց միջնորդություն` Գայանե Դավթյանի վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացված դատավճռի կատարումը հետաձգելու մասին: Միջնորդության հիմքում այս անգամ դրվել էին Գայանեի հղի եւ ծանր հիվանդ լինելու փաստերը: Որքան էլ տարօինակ է` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այդ միջնորդությանն անդրադարձավ մոտ երկու ամիս անց: Եվ միջնորդությունը քննարկեց 2013թ. հոկտեմբերի 14-ին (նախագահող դատավոր` Դ.Գրիգորյան, դատախազ` Հ.Պետրոսյան): Որոշվեց մերժել պաշտպան Մամիկոն Թորոսյանի միջնորդությունը` անհիմն լինելու պատճառով:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը, սակայն, բողոքարկվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատական այդ ատյանը (նախագահող դատավոր` Կ.Ղազարյան) 2013թ. նոյեմբերի 19-ին բավարարեց պաշտպանի վերաքննիչ բողոքն ու բեկանեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. հոկտեմբերի 14-ի որոշումը: Մեկ տարի ժամանակով հետաձգվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. հոկտեմբերի 5-ի դատավճռի կատարումը, որով Գայանե Դավթյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ դատապարտվել չորս տարվա ազատազրկման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013թ. նոյեմբերի 19-ի նիստի նախօրեին` նոյեմբերի 12-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, կարծում ենք, էական նշանակություն ունեցավ դատական գործի ելքի վրա: Գայանե Դավթյանն այդ օրը մարեց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությանն ունեցած 6 մլն 815 հազար 509 դրամի պարտքը, ինչի համար փաստորեն պատասխանատվության էր ենթարկվել: Այդ ընկերության տեղեկանքից իմանում ենք, որ «Ռոսգոսստրախ-Արմենիան» Գայանե Դավթյանի նկատմամբ այլեւս որեւէ պահանջ չունի:
Նրա փաստաբանը համոզմունք է հայտնում, որ ՀՀ ԱԺ որոշումը` ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին, կտարածվի նաեւ Գայանե Դավթյանի վրա:

Նոյեմբերի 24-ին Գայանե Դավթյանն արդեն Սիսիանում էր…

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: