08/21/2019

«Որոտանի հէկերի համալիրի» շուրջ` տարօրինակ զարգացումներ

«Որոտանի հէկերի համալիրի» շուրջ` տարօրինակ զարգացումներ

Ինչպե՞ս կզարգանան հայ-ամերիկյան փոխհարաբերությունները

Երբ նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Contour Global ընկերությունը պատրաստվում է 180 մլն դոլարով ձեռք բերել «Որոտանի հէկերի համալիրը», իշխանությունները դա ներկայացրին ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ` ցույց տալով, թե ամեն ինչ չէ, որ տալու են ռուսներին: Ու թեեւ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ա. Գալստյանը հայտարարեց, թե առքուվաճառքի պայմանագիրը պատրաստ է ստորագրման, «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, հակառակն են պնդում: Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցի փակ քննարկման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը մի քանի օր առաջ անսպասելիորեն վերանայվել է, եւ գործարքի ճակատագիրը վտանգված է: Մեր տեղեկություններով` հայկական կողմը վերջին պահին ամերիկյան ընկերությանն առաջադրել է երկարաժամկետ ներդրումների նոր պայմաններ: Թե ինչու է գործադիրը նախապես համաձայնեցված պայմանագիրը հենց Վ. Պուտինի այցի օրերին վերանայել, դժվար չէ կռահել: Նկատենք, որ այս գործարքի վիժեցումը կարող է բացասական անդրադառնալ ԱՄՆ-ի հետ համատեղ մյուս ծրագրերի վրա:

armlur.am, 4 դեկտեմբերի 2013թ.

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը չի հաստատում «Որոտանի հէկերի համալիրն» ԱՄՆ-ին վաճառելու մասին լուրը

Հայաստանը «Որոտանի հէկերի համալիր» պետական ՓԲԸ–ն չի վաճառել ամերիկյան Contour Global ընկերության Contour Global Hidrocaskade դուստր ընկերությանը, չորեքշաբթի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Ավելի վաղ ասվել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 27–ին հավանություն է տվել «Որոտանի հէկերի համալիր» պետական ՓԲԸ–ն ամերիկյան Contour Global ընկերության Contour Global Hidrocaskade դուստր ընկերությանը վաճառելու գործարքին:

Մովսիսյանի խոսքով` այս պահին ամերիկյան ընկերության հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ վաճառքի որեւէ գործարք չի ստորագրվել:

Մեկնաբանելով ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ենթադրությունն այն մասին, թե Հայաստանը «մտափոխվել է» ԱՄՆ-ին Որոտանի հեկերի համալիրը վաճառելու հարցում, քանի որ մտադիր է այն փոխանցել Ռուսաստանին` նախարարն ընդգծեց, որ այդ հարցը երբեք չի քննարկվել ռուսական կողմի հետ:

Նոյեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում ասվել էր, որ ամերիկյան Contour Global ընկերությունը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի Որոտանի հէկերի համալիրում: Այս ներդրումը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների պատմության խոշորագույն ներդրումն է:

Որոտանի հէկերի համալիրը գտնվում է Հայաստանի հարավում, ունի համակարգաստեղծ նշանակություն երկրի էներգետիկայի համար: Բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայանից` Սպանդարյանի (դրված հզորությունը` 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157,2 ՄՎտ):

Contour Global ընկերությունը, որը հիմնվել է մասնավոր ներդրողների կողմից 2005 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում, զբաղվում է էներգետիկ ճյուղում զարգացմամբ, արտադրությամբ եւ կառավարմամբ աշխարհի տարբեր երկրներում: ԱՊՀ երկրներից ընկերությանը պատկանում է Ուկրաինայի Կրամատորի ջէկը:

arka.am, 4 դեկտեմբերի 2013թ.

«Որոտանի հէկերի համալիրի» շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ չեն վարվում

Այդ մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա ընդգծել է, որ համալիրի վաճառքի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: «Դեռ միայն բանակցություններ են վարում: Երբ դրանք ավարտեն, այն ժամանակ կհայտնենք, ինչի մասին է խոսքը», - հայտարարել է նախարարը:

Ինչպես նախկինում հաղորդում էին, համալիրը կարող է ձեռք բերել ամերիկյան Contour Global ընկերությունն ու ներդնել 180 մլն դոլար: Նախարարի խոսքով` լիարժեք արդիականացման համար անհրաժեշտ է նվազագույնը 70 մլն դոլար:

Որոտանի հէկերի համալիրը կառուցվել է 70-80-ական թթ., բաղկացած է 3 էլեկտրակայանից` Սպանդարյան (76 ՄՎտ հզորություն), Շամբի (171 ՄՎտ) ու Տաթեւի (157,2 ՄՎտ հզորություն): «Որոտանի հէկերի համալիր» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: 2010 եւ 2011 թվականներին համալիրն արտադրել է մոտ 1,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որը 2011թ. կազմում էր Հայաստանի ընդհանուր արտադրության 16 տոկոսն ու բոլոր հէկերի արտադրածի կեսը:

banker.am, 5 դեկտեմբերի 2013թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: