11/19/2019

Մեղրիում սպասում են գազիֆիկացման

Իրան-Հայաստան գազատարի կառուցումից 15 տարի անց Իրանին սահմանակից Մեղրու բնակիչներին ամենաշատը մտահոգող խնդիրը գազիֆիկացման վերաբերյալ չիրականացած պաշտոնական խոստումներն են:

«2011 թվին մեզ խաբել են, մինչեւ հիմա էդ գազը չկա, թանկ-կրակ բերում են բալոններով, դրանցից ենք վերցնում», – ասում է մի զայրացած մեղրեցի:

«Հայռուսգազարդ»-ի սեփականատեր ռուսական ընկերությանը ձեռնտու չէ Հայաստանի հարավային դարպասի գազիֆիկացումը:

«Մենք ավարտել ենք մեր հիմնական ծրագիրը, եւ կան մի շարք համայնքներ, որտեղ ներդրումների տնտեսական արդյունավետությունը չի արդարացվում», - ասաց ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Հայաստանի կառավարությունը նախատեսում է Իրանի՞ց, թե՞ Ռուսաստանից Հայաստան հասնող խողովակաշարից գազ տրամադրել Մեղրու տարածաշրջանին: Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը չգիտի դա:

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ 2014-ից պետք է սկսվի խողովակաշարի շինարարությունը: Մեղրուն գազով ապահովելու նախագծերն ու նախահաշվարկները շարունակվում են արդեն երեք տարի: Դեռ չեն հաստատվել: Այս անորոշությունների ֆոնին մեղրեցիները տարիներով չլուծվող խնդիրների վերաբերյալ գնահատական են հնչեցնում. «Մեղրին արհամարհված շրջան է, ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»:

Մեղրու բնակիչները բազմաթիվ այլ խնդիրների մասին են բարձրաձայնում, տարիներ շարունակ նորմալ հիվանդանոց չկա, դժգոհում են նաեւ սոցիալական պայմաններից, աշխատատեղերի բացակայությունից, ասում են` մի կերպ յոլա են գնում: Բնակիչները դժգոհում են նաեւ հանքային արդյունաբերության հետեւանքներից: «Ազատության» զրուցակիցներից մեկն էլ ասաց, որ տարիներով չլուծվող խնդիրների հետեւանքով մարդիկ հեռանում են հարազատ բնակավայրից:

azatutyun.am
05.12.2013

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: