09/17/2019

Որ ձմեռն անակնկալներ չմատուցի

Որ ձմեռն անակնկալներ չմատուցի

Անցնող տարում «Ոսմար» ճանապարհաշինական ընկերությունը բարեկարգման ու կառուցապատման նշանակալի աշխատանքներ է իրականացրել Գորիս քաղաքում, ինչը զգալիորեն փոխել է քաղաքի դեմքը: Համայնքի Սաթյան փողոցի մեկ կիլոմետր 350 մետր ճանապարհահատվածը (նախագծային արժեքը` 14.3 մլն) հիմնանորոգվել է այս տարում, իսկ ընդհանրապես ճանապարհի հիմնանորոգումն ավարտին է հասցվել երեք փուլով (նախագծային արժեքը` 90 մլն դրամ):

Ինչպես տեղեկացնում է «Ոսմար» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Մարտիրոսյանը, ժամանակին այդ փողոցը կառուցվել է այնպես, որ շենքերն այժմ հնարավորություն չեն տալիս ժամանակակից չափանիշներին համապատասխան ճանապարհ ունենալ, խոսքը վերաբերում է դրա լայնքին, թեքություններին, մայթերին, ավելի ստույգ` վերջինիս բացակայությանը: Բայց որտեղ հնարավոր է եղել մայթերի անցանելիություն ապահովել, արվել է: Նաեւ որոշակի նորոգվել է նախկինում գործող ջրահեռացման ցանցը (նորը ստեղծելու համար ահռելի գումար կպահանջվեր): Գորիսեցիների վկայությամբ` Սաթյան փողոցի հիմնանորոգումը քաղաքում իրականացված լավագույն գործերից է, քանզի Գորիսին պատիվ չէր բերում նման անմխիթար ու անբարեկարգ փողոց ունենալը: Երկու փուլով մոտ 100 մլն դրամ նախագծային արժեքով նորոգվել է նաեւ քաղաքի երկու հատվածներն իրար կապող Խորենացու փողոցը` քաղաքի բանուկ ճանապարհներից մեկը (ժամանակագրության առումով այս մեկն ավելի վաղ է իրականացվել):

Այս տարում Գորիսի բարեկարգված հատվածներից է («Ոսմար» ՍՊ ընկերության միջոցով) Վանքի տափ թաղամասը: Այստեղ երկու փուլով կատարվել են բակերի բարեկարգում, ասֆալտապատում, առաջին փուլի աշխատանքների նախագծային արժեքը կազմել է 32.7 մլն, երկրորդինը` 14 մլն դրամ:

Իսկ ահա Գորիսի Շահումյան փողոցը, որ կարելի է համարել քաղաքի այցեքարտերից մեկը եւ որով անցնում է Երեւան-Գորիս, Մեղրի-Իրանի սահման Մ-2 միջպետական ճանապարհը, հիմնանորոգվել է, կառուցվել են մայթերը: Ավելի ստույգ` այս տարում նորոգվել է Մ-2 միջպետական ճանապարհի 4.5կմ հատվածը, որն ընդգրկում է «Ոսմար» ընկերության վարչական շենքից մինչեւ Քարահունջի խաչմերուկը: Ճշմարիտն ասած` այդ ծրագիրը մեկնարկել էր 2008 թվականին, բայց դադարեցվել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով: 2013-ին ծրագիրը վերսկսվել է, բայց արդեն նոր մրցույթ է հայտարարվել` նոր պայմաններով ու պահանջներով: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 680 մլն դրամ էր (որի 170 մլն դրամի շինաշխատանքներն իրականացվել են այս տարում), ծրագիրն ընդգրկում է վերոնշյալ Մ-2 մայրուղու 4.5կմ հատվածը եւ նախկինում նորոգված ճանապարհահատվածների մայթերը:

Եվ հաճելիորեն կարելի է արձանագրել, որ Գորիսի կենտրոնական փողոցը նորմալ մայթեր ունեցավ, որոնց բացակայությունը ժամանակին զանազան ասեկոսեների առիթ էր դարձել: «Մայթերը կառուցելու հետ կապված, իրոք, խնդիրներ են ծագել, բայց դրանք անհաղթահարելի չէին, – ասում է ընկերության տնօրենը, – կոմունիկացիաներ ենք տեղափոխել, հենապատ է եղել կիսաքանդ, որ վերականգնել ենք: Առավելագույնն արել ենք, թող ինքնագովություն չլինի, ամեն ինչ կարգին ստացվել է: Իմ ականջին էլ են հասել խոսակցություններ, թե իբր մայթերը չենք խճապատել, ապա ասֆալտապատել: Ավելի շատ բան է արվել, քան նախատեսված է եղել, որովհետեւ մայթերի նիշերի տարբերություններ են եղել: Հատվածներ կան, որտեղ եղածին մինչեւ 30 տոկոս ավազակոպիճ ենք փռել: Նախատեսված չափից քիչ գործ չենք արել, ինչպես ներկայացվում է»:

Մեզ նաեւ հետաքրքրեցին Գորիս քաղաքի հրատապ խնդիրները` ճանապարհաշինությանն առնչվող: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ քաղաքում տակավին կան փողոցներ, որ անհետաձգելի հիմնանորոգման կարիք ունեն. Մամիկոնյան փողոցի մի հատվածը, դեպի Վանքի տափ տանող ճանապարհը բարեկարգելու անհրաժեշտություն է ծագել, Սարգսյան փողոցն ընդհանրապես գրունտային ճանապարհ ունի: Իսկ, մասնավորապես, դեպի քաղաքի ծայրամասեր տանող ճանապարհահատվածները տեսադաշտից դուրս են եւ բարձիթողի վիճակում:

Ինչ վերաբերում է դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ ձգվող ճանապարհներին, ապա վերջին երեք տարում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հարթաշեն, Քարահունջ, Խնձորեսկ տանող ճանապարհները նորոգվել են, ընթացքի մեջ է Կոռնիձոր եւ Տեղ տանող ճանապարհների նորոգումը: Դեռեւս 2005թ. նորոգվել է Խանածախի ճանապարհը, բայց ոչ ամբողջովին, մոտ 6կմ: Գորիսի շրջանի ճանապարհներն ունեն մի առանձնահատկություն, դրանցից շատերը տուժում են սողանքներից եւ քարաթափություններից: Թասի լեռնանցքում հնարավոր եղավ չեզոքացնել սողանքային մի գոտի, բայց մյուս ճանապարհներին սողանքները միշտ զգալ են տալիս: Խնդրահարույց է մնում Սատանայի կամրջից Տաթեւ տանող ճանապարհը, որ խճավազային խառնուրդով հարթեցվեց, որոշ ժամանակ տանելի էր այդտեղով երթեւեկելը, բայց ճանապարհի ծածկը վերստին մաշվել է, դարձել խորդուբորդ, եւ էլի նույն պատմությունն է…

Տարիներ առաջ մեծ իրադարձություն էր Վերիշենով ձգվող ճանապարհի կառուցումը, որ հասնում էր Վաղատուր, Խոզնավար ու Խանածախ: Բայց սողանքների պատճառով այդ ճանապարհը ձեռքից գնում է: Արթուր Մարտիրոսյանը համամիտ է ասվածի հետ` հավելելով, որ ընկերությունը շահագործում է ընդամենը 18կմ մարզային նշանակության ճանապարհ, բացի այդ կառավարության որոշմամբ` վատ ճանապարհները շահագործման ենթակա չեն: Դրանք որոշ ծրագրերով նախատեսված են հիմնանորոգել, բայց թե երբ, ընկերության տնօրենը, բնականաբար, պատասխան չուներ: Գորիս- Երեւան մայրուղուց դեպի Հարժիս ձգվող ճանապարհի ուսումնասիրություն է կատարվել եւ տեղեկատվություն ներկայացվել մարզպետարան:

Ձմեռն, ինչպես ասում են, իր իրավունքների մեջ է, ուստի, ավելորդ չէր իմանալ, թե ընկերությունն ինչպես է նախապատրաստվել ձմռան տարեշրջանին: Մինչ այդ, ընթերցողին հիշեցնենք, որ «Ոսմարը» սպասարկում է 86կմ միջպետական ճանապարհ, որից 58-ը Երեւան-Գորիս-Մեղրի մայրուղու Սիսիանի սահմանից մինչեւ Չայզամիի կամուրջն ընկած եւ 28կմ-ը Գորիսից մինչեւ Արցախի սահմանն ընկած ճանապարհահատվածները, ինչպես նաեւ 28.5կմ հանրապետական, 18կմ մարզային ճանապարհները:

Տարիներ ի վեր նշված ճանապարհների ձմեռային պահպանության համար նույն գումարն է հատկացվում, բայց, ինչպես կյանքն է ցույց տալիս, լինում են փոքրիշատե բարենպաստ, բայց նաեւ խստաշունչ, Սիսիան-Գորիս հատվածում` բուք ու բորանով առատ ձմեռներ (ընկերությունը, մասնավորապես, սպասարկում է Գորիս-Սիսիան ճանապարհի 13-14կմ հատվածը): Խստաշունչ ձմռանը երթեւեկությունը երբեմն կաթվածահար է լինում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում: Երբ բուքն ու քամին դաշտերի ձյունը բերում-լցնում են մայրուղին, անանցանելի է դառնում երթեւեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Հայաստանի հարավային դարպասը` Մեղրի:

Ձմռանը դժվարություններ են ծագում Շուռնուխ-Կատարի հատվածում` կապված ճանապարհի թեքությունների եւ անտառապատ տեղանքի պատճառով ճանապարհահատվածի` սառույցից ու ձյունից ազատվելու հետ: «Այդ եւ Թասի լեռնանցքի շրջադարձերի վրա, երբ 2սմ ձյուն է նստում, վարորդներն արդեն խնդիրներ են ունենում: Մենք պարզապես չենք կարող ձյունն սկսվելու պես մաքրման աշխատանքներ իրականացնել: Իսկ Գորիս-Սիսիան ճանապարհին, եթե բուք չի լինում, խնդիրներ չենք ունենում», – ասում է ճանապարհաշինարարը: Բացի այդ` Շուռնուխ-Կատարի լեռնանցք հատվածում տեղ-տեղ ճանապարհի պաստառը դեֆորմացված է:

Ճանապարհաշինարարները որոշ տեղեր քանդել, խիճ ու ավազ են փռել, որ հարթ մակերեւույթ ստացվի` մինչեւ խնդրին վերջնական լուծում տալը: Ձմռան անբարենպաստ եղանակներին ընկերությունը հերթապահություն է սահմանում Կատարիի լեռնանցքում: Զրուցակիցս կանխում է միտքս. ընկերությունն այժմ հնարավորություն չունի ձմռանը մի քանի տեղ հերթապահություն իրականացնող հենակետեր տեղադրել:

Նաեւ իմանում ենք մի տարօրինակ գործելակերպի մասին: Պարզվում է, ասենք, եթե հունվարին հինգ օր է ձյուն տեղացել, ձմեռային պահպանության համար նախատեսված գումարը կրճատում են, իսկ եթե ողջ ամիսը խստաշունչ է լինում ու նշված կողմերում բքառատ, նախատեսվածին հավելյալ գումար չի ավելանում:

Բնականաբար, ձմռան տարեշրջանում առաջին պլանին տեխնիկայով ապահովվածությունն է: Ընկերությանը վստահված ճանապարհահատվածների ձմեռային պահպանության համար անհրաժեշտ տեխնիկա ընկերության հավաքակայանում առկա է: Բայց նաեւ տեղեկացնում են, որ ընկերությանն առավելապես մտահոգում է այդ տեխնիկայի բարոյապես եւ ֆիզիկապես մաշված լինելը: Հին տեխնիկան նորոգելով` օգտագործում են, թեպետ դա էլ զգալի ծախսերի հետ է կապված: Ճանապարհաշինությունում մեր ժամանակներում առաջնակարգ տեխնիկա են օգտագործում, իսկ իրենք հնով են յոլա գնում: Նախեւառաջ նոր գրեյդերի կարիք ունեն, ինչպես նաեւ գլդոնի ու ասֆալտ փռող մեքենայի: «Դիզվառելիքի, ավտոպահեստամասերի խնդիր չկա, միայն գումարն է պակասում անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար, – թեման է ամփոփում տնօրենը, – նաեւ ռիսկային է նոր տեխնիկա ձեռք բերելն այն առումով, որ չգիտես` առաջիկայում անհրաժեշտ աշխատանքային ճակատ լինելո՞ւ է, թե՞ ոչ»: Ինչեւէ, սառցակալած ճանապարհներն անցանելի դարձնելու համար կուտակել են 1000 խորանարդ մետր ավազ, մոտ 30 տոննա աղ:
Նոյեմբերի 28-ի գիշերը Գորիսի տարածաշրջանում առաջին առատ ձյունն է տեղացել, եւ գիշերը ճանապարհաշինարարները հերթապահություն են իրականացրել Սիսիան-Գորիս` ընկերության սպասարկման հատվածում:

Ամռան ամիսներին, երբ աշխատանքային լայն ճակատ կար, ընկերության աշխատակիցների թիվը հասնում էր 85-ի: Ձմռան տարեշրջանում այդ թիվը նվազում է մինչեւ 50-ի, ովքեր բացառապես զբաղվում են ճանապարհների ձմեռային սպասարկմամբ` դրանք երթեւեկելի դարձնելու համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: