08/21/2019

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն էր

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն էր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես սպիդի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա այն եզակի օրերից մեկն է, երբ բոլոր մարդիկ` անկախ կրոնական եւ ազգային պատկանելությունից, սեռից, սոցիալական վիճակից, միանում են ընդհանուր գաղափարի շուրջ` մարդկությանը հանդիպած չարիքի դեմ:

Առաջին անգամ այդ օրը նշվել է 1988թ. դեկտեմբերի 1-ին, երբ աշխարհի երկրների առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ սոցիալական հանդուրժողականության եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ավելի շատ տեղեկատվության փոխանակման ընդլայնման կոչ արվեց:

Վարակը մեծ մասշտաբների է հասել եւ տարածվել ամբողջ աշխարհում: Դեռեւս չեն հայտնաբերվել վարակը լիովին բուժելու դեղամիջոցներ, սակայն կան այնպիսի դեղեր, որոնք մեղմում են հիվանդության զարգացումն ու ընդլայնումը: ՄԻԱՎ-ն ընդունակ է բազմանալու միայն մարդու օրգանիզմի բջիջների ներսում, օրգանիզմից դուրս ոչնչանում է: Հիվանդությունն առանց ախտանիշի կարող է ընթանալ 7-15 տարի, քանի դեռ ՄԻԱՎ վարակը չի անցել ՁԻԱՀ փուլի:

Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքի համաձայն` պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները եւ ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:

1989թ. Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը:

2001թ. գրանցվել է ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին դեպքը:

Վիճակագրությունը փաստում է, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 70.7 տոկոս: Վարակի 22 դեպք արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60 տոկոսը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանում վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը(48.9 տոկոս) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը(43.9 տոկոս):

Մեր երիտասարդների շրջանում այսօր ինֆորմացիայի մեծ պակաս կա «դարի հիվանդության» մասին: ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով եւ կենսակերպով: Վարակվելուց խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է դրսեւորել անվտանգ վարքագիծ, զերծ մնալ թմրամիջոցներ ընդունելուց, օգտագործել մեկանգամյա օգտագործման կամ ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապից: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հաստատել միայն հատուկ հետազոտության օգնությամբ: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների ժամանակ:

ՄԱԿ-ը 1996թ. ձեռնարկեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ (ՄԱՁԻԱՀ) հարցերի համատեղ ծրագիր, որը 2004 թվականից գործում է նաեւ Հայաստանում: Ծրագիրն աջակցում է մեր հանրապետությունում ապահովելու ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիությունը: Ծրագիրը տրամադրում է փորձագիտական եւ տեղեկատվական օժանդակություն:

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության վերջին տեղեկատվության` 2013թ. նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

Կապանի բժշկական կենտրոնի իմունոլոգիական լաբորատորիայի բժշկուհի Գայանե Մովսիսյանը հետեւյալն ասաց ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի վերաբերյալ. «Ե՛վ կապանցիները, ե՛ւ Կապանում գտնվող հյուրերը վարակի հարցով միշտ դիմում են մեզ: Հիմնականում ՄԻԱՎ վարակի ստուգումներ անց են կացվում հղիության ժամանակ, երբ հղիները բժշկական խորհրդատվության են գալիս:

Համապատասխան ստուգումներ անելուց անմիջապես հետո արդյունքներն ուղարկում ենք Երեւան` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որտեղ վարակի առկայությունը հաստատվելու դեպքում հիվանդը ստանում է համապատասխան բուժում: Եթե մեկ կամ երկու տարի առաջ վարակը մարդուն հուսահատության էր հասցնում, ապա այժմ քիչ թե շատ հնարավոր է դեղերով կասեցնել հիվանդության զարգացումը»:

ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանը եւ գիտությանն, այլեւ համայն մարդկությանը: Վարակված մարդկանց մոտ 90 տոկոսը չգիտի իր վարակված լինելու մասին, եւ հենց սա էլ նպաստում է վարակի տարածմանը: Ուստի եղե՛ք զգոն, տեղեկացված եւ միշտ հետեւեք բժշկի խորհուրդներին:

ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: