08/21/2019

«Վերադարձի» ուշագրավ նախաձեռնությունը

«Վերադարձի» ուշագրավ նախաձեռնությունը

1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց հաշմանդամների միջազգային օր` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սեւեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության հետ:

««Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում» հասարակական կազմակերպության անդամները դեկտեմբերի 2-ին` հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, այցելեցին Կապանի N3 հատուկ դպրոց` անակնկալ մատուցելով կարիքավոր երեխաներին:

Կազմակերպության հիմնադիրներից Դավիթ Սիմոնյանը նախ նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 177 հազար հաշմանդամ, ովքեր ամեն օր բախվում են տարբեր խնդիրների. «Ձեր հանդեպ պետք է հաճախակի ուշադրություն ցուցաբերվի, այլ ոչ թե միայն դեկտեմբերի 3-ին: Երբ նախորդ անգամ այցելեցինք, մեզ վրա մեծ տպավորություն թողեցին ձեր ջերմությունն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ»:

«Սյունյաց երկրի» հետ զրույցում նա նաեւ տեղեկացրեց, որ մինչ այդ կազմակերպության ներկայացուցիչներ գնացել էին դպրոց` ծանոթանալու տեղի պայմաններին, դասապրոցեսին, երեխաների առօրյային: «Առաջին այցի հիմնական նպատակը շփումն էր: Ցանկանում էինք ծանոթանալ երեխաների հետ, իմանալ` ինչ խնդիր եւ ինչի կարիք ունեն նրանք: Կարծես թե բոլոր պայմանները կային: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների հետ եկանք եզրակացության, որ շարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար հարկավոր է համապատասխան գույք ձեռք բերել, որպեսզի նրանք իրենց ժամանակն ավելի հետաքրքիր եւ արդյունավետ անցկացնեն: Եթե մեծերը կարողանում են ֆուտբոլ, բասկետբոլ կամ վոլեյբոլ խաղալ եւ բավարարել իրենց հետաքրքրությունը, ապա փոքրերը զբաղվածության խնդրի առջեւ են կանգնած եւ ավելի շատ ուշադրության կարիք ունեն: Այդ իսկ պատճառով նրանց համար պատրաստել ենք նվերներ եւ անակնկալներ` սպորտային խաղերի համար նախատեսված իրեր, տրամաբանական խաղեր, որոնք կնպաստեն մտավոր զարգացմանը, ինչպես նաեւ պարագաներ` նկարչությամբ զբաղվող երեխաների համար, ովքեր, ի դեպ, շատ շնորհալի են», – ասաց Դավիթ Սիմոնյանը:

Իսկ կազմակերպության անդամ Գոռ Թադեւոսյանը հավելեց. «Նրանք մեր հասարակության լիարժեք անդամներն են, մեր ուշադրության կենտրոնում են եւ, բնականաբար, ծրագիրը շարունակական կլինի»:

Կրթօջախի սաները, ընդունելով նվերները, շնորհակալություն հայտնեցին կազմակերպության ներկայացուցիչներին, լուսանկարվեցին եւ շտապեցին ճաշարան` համտեսելու իրենց համար բերված տորթը:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: