12/16/2019

Դասընթացներ «Ինֆորմատիկա» առարկայից

«Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը (գործադիր տնօրեն` Ամալյա Եղոյան) Հայ կրթական հիմնարկության օժանդակությամբ, Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ արդեն 5 տարի է` մարզերում իրականացնում է «Ինֆորմատիկա» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ` ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, նորամուծություններին իրազեկելու, նրանց կրթական, մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով:

ԳՏՏԿ-ի հիմնական նպատակներն են` պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, աջակցել վերոհիշյալ բնագավառում շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը` միջազգային եւ տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձեւավորմամբ, բարձրացնել բնագավառի աշխատողների զարգացման հնարավորությունները` խթանելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, եւ վերջապես հնարավորություն տալ ապակենտրոնացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երեւանից դեպի մարզեր` նպաստելով երկրի տնտեսության առաջխաղացմանը: Հիմնադրամն իրականացնում է նաեւ երկամյա հետբուհական կրթական ծրագիր` վեբ տեխնոլոգիաներ, մոբայլ տեխնոլոգիաներ, համակարգչային նախագծում եւ ճարտարագիտության բաժիններում:

Այս տարի ծրագրում ընդգրկված էին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի գյուղական եւ քաղաքային համայնքների դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչները: Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում վերապատրաստմանը մասնակցել է ավելի քան 15 ուսուցիչ, ընդ որում` Սյունիքի մարզից` Կապանի N7, N4 քաղաքային, Գեղանուշ, Ծավ, Սյունիք, Աճանան, Կարճեւան, Նորավան գյուղական համայնքների դպրոցների ուսուցիչները: Դասապրոցեսի ընթացքում ուսուցիչներին ավելի շատ հնարավորություն է տրվել զարգացնել գործնական հմտությունները, հմտանալ նոր ծրագրերի կիրառման մեջ, ինչը հետագայում հնարավորություն կտա կատարելագործել «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման մեթոդիկան:

Դեկտեմբերի 7-ին Կապանի N7 հիմնական դպրոցում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն «Ինֆորմատիկա» առարկայից վերապատրաստում անցած ուսուցիչներին հանձնեց վկայականներ առ այն, որ նրանք հաջողությամբ ավարտել են Հայ կրթության հիմնարկության եւ ԳՏՏԿ ԳԿՀ-ի կողմից իրականացվող «Ինֆորմատիկա» առարկայի վերապատրաստման դասընթացը: Վկայականներից բացի` վերապատրաստման մասնակից դպրոցները Հայ կրթական հիմնարկության կողմից կստանան 2-ական համակարգիչ եւ տպող սարք: Կենտրոնը նաեւ ստուգումներ է անցկացնում` համոզվելու, թե արդյոք տրամադրված համակարգիչները ծառայում են իրենց նպատակին, թե ոչ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: