08/20/2019

«ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ԿՆԱՅԻՄ ԱՇԽԱՐՀԻՆ»

«ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ԿՆԱՅԻՄ ԱՇԽԱՐՀԻՆ»

Վիլյամ Սարոյանը, Հայաստանը, հայ գրականությունն ու երաժշտությունը

Կարծես Վիլյամ Սարոյանը Աստծո մատը ճակատին ունեցող բնատուր մեծ տաղանդ էր` նման հայ ժողովրդական թափառիկ գուսաններին եւ բանասացներին, ովքեր ներքին մղումով սքանչելի ասքեր ու վիպերգություններ էին հյուսում, բայց եւ նա աշխարհի հին ու նոր քաղաքակրթությունները ներծծած, հայ ժողովրդի հազարամյա տոկուն արյան հիշողությամբ եւ զգայնությամբ օժտված անզուգական մտավորական էր: Սասունցի Դավթի պես խաղաղության ու բարության մունետիկ էր` իր շիտակ գրավոր ու բանավոր խոսքով վսեմ կանգնած հակամարտ աշխարհի դեմ: Սարոյան մարդու եւ գրողի գաղտնիքը անսահման սիրո եւ գութի մեջ է` արվեստի լույսի բարձրագույն մակարդակ ապահովող. «Կջանամ մարդը վերադարձնել իր բնական արժանապատվության եւ ազնվության: Կուզենամ մարդը վերադարձնել ինքն իրեն»:

Համապարփակ, տարողունակ, անընդգրկելի գրող էր` գոհունակ ապրելով պատվով, բավականություն ստանալով մահկանացու լինելուց, չվախենալով ո՛չ մահից, ո՛չ անմահությունից: Ստեղծագործել է ճիշտ կես դար, կյանքի օրոք ուներ տպագրված հիսուն հատոր, հիսուն էլ` անտիպ, թարգմանվել է աշխարհի հարյուր եւ ավելի լեզուներով. «Ես հպարտ եմ, որ գրող եմ: Իմ հերոսը ժողովուրդն է, կուզեի նույնիսկ Աստծուն դասել մարդկանց մեջ ու նրան ասել` բարե՜ւ»: Կյանքն առաքինի ապրելու բարոյախոսության առաքյալն էր. «Իմ ստեղծագործությունը համով արձակ է: Իմ բոլոր գրքերի նյութը միշտ ես եմ եղել: Ես հայ Սարոյանն եմ: Ես ոչ մեկին նման չեմ»: Իր երկերով վերածնված մարդուն պատգամում էր. «Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»:

Հիրավի, Սարոյանը օտարագիր` անգլիագիր հայ գրող է: Եղեռնի նախօրյակին Սարոյանների ընտանիքը գաղթել է Բիթլիսից եւ հանգրվանել ԱՄՆ-ում, ուր եւ 1908-ի օգոտոսի 31- ին ծնվել է ընտանիքի չորրորդ երեխան ` Վիլլին: Այդպես էլ Սարոյանը չճանաչեց հայոց այբուբենը, բնագրով չընթերցեց հայ գրականությունը, բայց մայրենին լավագույնս տիրապետողները ծնողներն էին. Արմենակ հայրը գրող դառնալու խենթություն ուներ, Թագուհի մայրը քաջ գիտեր գրաբար եւ արեւմտահայերեն: Հայկական հարկի տակ Սարոյանը յուրացրեց մեր ժողովրդի ազնվականությունը, քաջությունը , ուշիմությունը , խիզախությունը, պարզությունը , հեգնանքն ու սրամտությունը, ժառանգեց այս բարեմասնությունները եւ ողջ կյանքում հարազատ մնաց հոգեկան այս օրենքներին. «Հայ ոգին զորավոր ոգի մը է: Ատիկա չի պարտվի չար աշխարհով մը… Հայաստանի լեզուն սքանչելի է»: Ճշմարիտ հայ մարդուն վայել նկարագրով եւ բարոյական պահվածքով Սարոյանն իր ստեղծագործության հայկական թեմաներով երկերով բարձրաձայնեց. «Հայերն անպարագծելի ժողովուրդ են: Հայաստանը թերեւս երկրագնդի ամենաբարեբեր երկիրը չէ, բայց այն մերն է, եւ ես կարոտով եմ հիշում մեր անտաշ քարերը»: Հայաստանում եւ հայկական սփյուռքում ապրող հայկազնորդիներին ներշնչեց անկորնչելի հույս, հավատ ու հայ լինելը ընդունել հպարտությամբ. «Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս. իմ պարտքը Հայաստանի եւ հայության հանդեպ անհաշվելի է, անչափելի, վիթխարի: Ես հայ եմ իմ արյունով եւ ամերիկացի եմ իմ միջավայրով»: Հայ լինելը բերկրանքով սեպագրեց իբրեւ վերուստ շնորհված ահագին արժեք եւ իր գրականության խմորման լավագույն տարրը համարեց հայկականությունը. «Եթե հայ չըլլայի, հավանաբար ասանկ գրող չըլլայի: Ես հայերեն կնայիմ աշխարհին»:

Սարոյանն ամենուր ճշմարիտ կարդում էր հայ մարդու դեմքի առեղծվածը , հանելուկը , հրճվում անհավատալի այն ապացույցով, որ հայերը եղել են, կան - ապրում են եւ կապրեն բիբլիական վեհաշուք աչալուրջ լեռան հսկողությամբ ու օրհնությամբ:

Մի առիթով Սարոյանն արձանագրել է. «Ես տպավորություն ունեմ, որ ողջ հայ ժողովուրդը բանաստեղծություն ու ասք է արարում»:

Հայ գրականության հանդեպ սերը փոխանցվեց մորից, երբ մանուկ որդու հայկական արմատները պահպանելու համար հեռատես Թագուհին նրա համար կարդում էր Նարեկացի եւ հայոց լեզվի հանդեպ պաշտամունք ներարկում: Սարոյանը համոզված էր , որ ողջ աշխարհը քիչ թե շատ Նարեկացի պիտի իմանա. «Նարեկացին գրելիս զորավոր խոսք կգտնի, որ կերթա՜, կերթա՜, կուզի` յուր միտք բռնվի խոսքին մեջ»: Մեզ բախտավոր ազգ էր համարում «Նարեկ» ունենալու համար:

Ներսես Շնորհալին Սարոյանի համար ամենապայծառ հայ կաթողիկոսն ու բանաստեղծն էր` հայրենատենչ ու հայրենանորոգ նվագների համար. «Մայրս կսիրեր կարդալ Շնորհալի` այդ եկեղեցական բանաստեղծին»: Քիչ է սոսկ խոսքով առաջնորդել հայրենակիցներին, պետք է նաեւ մեզնից յուրաքանչյուրը Շնորհալու պես հայոց կուռ պետականությունը հիմնարար արարքներով ամրապնդի եւ ժողովրդին դեպի բարեկեցիկ վերելքներ ուղենշի:

Նահապետ Քուչակին հուզիչ ու գեղեցիկ հայրենների համար էր մեծարում, գրության բյուրեղացման ու խորության համար. «Հին դարերու մարդ կսիրեր ուր ընտանիք, ուր կին»: Գնահատում էր քուչակյան կերպի փոխադարձ սիրո հզորությունը, Քուչակ բանաստեղծին կսկծացնող պանդխտությունը փաստում ազգային չարիք, հայակործան ախտ, որն ուծանում, հայաթափում է իր եւ նախնիների երկիրը :

Սարոյանի համար Աբովյանը հայ գրականության տիտանական բարձունքն էր. «Իմ ամենեն սիրած, ինձի համար միակ Աբովյանն է»: «Վերք Հայաստանի»-ն ունկնդրում էր անկրկնելի Սուրեն Քոչարյանի անգիր ընթերցմամբ, ափեափ լցվում Աբովյանի դրամատիկ ապրումներով, հայրենական բարեմաղթանքներով, հայկազունների եւ Հայաստանի փառաբանմամբ: Համազգում էր Աբովյանին, երազում ծովից ծով Հայաստանի վերածնման, փյունիկի պես վերարթնացման մասին:

Գեւորգ Դոդոխյանի «Ծիծեռնակ» բանաստեղծությունը թարգմանում էր պարտադրված «բնավեր, տնավեր հավք դարձած» Սարոյան վտարանդու կարոտի խորքայնությունը ` պանդուխտի լաճի հոգու ամպերը ցրելու համար: Մոր պաշտելի երգը բալասան էր դառնության, տխրամածության, հիվանդ-խելագար մտայնության մղձավանջը հաղթահարելու համար: Սարոյանական խռպոտ, թախծալի ձայնով այդ երգի կատարումը սիրելիների եւ հայրենի արեւի կերպարների փնտրտուքի մեջ հրաշագործ սպեղանի էր:

«Թումանյանը ահագին մարդ մըն է, ահագին հոգի մը, կհիանամ անոր զարմանալի տաղանդով»: Այնքան էր ունկնդրել Սուրեն Քոչարյանի թումանյանական ձայնագրությունները , որ անգիր գիտեր աչքի պես պարզ ու բարդ խոհական քառյակները, իմաստուն հեքիաթները, վսեմ պոեմներն ու բալլադները: Արժեւորում էր Թումանյանի` հայրենիքի դժոխային օրերին փրկության փարոս եւ ազգի ջլատված ու շփոթ ուժերի համախմբման կենտրոնաձիգ ուժ լինելը: Թումանյանի վերջին` հանրաճանաչ կարապի երգ «Ղոչա՛ղ կացեք»-ը Սարոյանի սեւ օրերի հմայիլ-թալիսմանն էր:

Եղիշե Չարենցին հայ կյանքի եւ մշակույթի խորհրդանիշ էր համարում. «Ես զգացի, որ Չարենցն իմ եղբայրն է: Ես սիրեցի նրան, հիացա նրանով»: Որպես հայրենակից եւ արվեստակից` Չարենցը զորակցում էր նրան. «Առհավետ հավատարիմ կմնամ Չարենցի հիշատակին»:

Անգիր գիտեր «Ես իմ անուշ Հայաստանի» աղոթք - բանաստեղծությունը, բայց եւ գտնում էր, որ այն անկարելի է թարգմանել անգլերեն. ո՞ր հոմանիշով արտահայտես «արեւահամ» բառը. անբնական կլինի:

Հայաստան կատարած վերջին երկու այցելության ժամանակ մտերմացել էր Շիրազի, Սահյանի, Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Լեւոն Մկրտչյանի, Հրանտ Մաթեւոսյանի եւ այլոց հետ, ամեն մեկին ընդունում էր որպես հայապահպան մի ամրան, քանի որ մնայուն գրականությունն է ազգային յուրանշման խարիսխն ու երաշխիքը: Երանի՜ հայերը գրական հսկաներ միշտ ունենան...

Ունե՞ր արդյոք Սարոյանը հայ երաժշտության ծարավ ...

Տանը` Ֆրեզնոյում, հաճախ լսում էր Արմենակ Շահմուրադյանի երգերի ձայնասկավառակը: Սիրում էր ֆիդայական երգերը, հատկապես Անդրանիկին ձոնված կատարումը, խրոխտանում կյանքի վերջին իր համաքաղաքացին դարձած նվիրական զորավարով, գորովանքով պատմում նրա մասին հայաբառ լեգենդ-առասպելներից: Անդրանիկն ու Սարոյանը նմանակներ էին նույն փափագով` կորցրած հայրենիքի մարած օջախները վառելու, երազ երկիրը շեն պահելու բաղձանքի ակնկալությամբ: Հայաստանում եղած ժամանակ պահանջեց տանել Աշտարակի Ուջան գյուղը` ֆիդայի անդրանիկյանների կանգնեցրած հայդուկապետի արձանին այցի. չէ՞որ ինքն էլ մի մարտիկ էր` Անդրանիկի փառահեղ ընչացքով, ազգասիրության կրակի ժառանգորդմամբ եւ կտակման գրչով: Հենց այստեղ` Արագածի լանջին, առաջնորդի ծերացած զինակիցների հետ թունդ հնչեցրեց.
Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Կոմիտասը Սարոյանի սրբոց տաճարի անլռելի զանգակատունն էր` «ամենահայ, ամենահայր, աստվածային», նրա սրտի մորմոքի ամոքիչը: Կոմիտասով առլեցուն էր Սարոյանի անեզրական խոհականությունը: Հոգեհարազատ էր «Հով արեք» երգը` անդունդի անհատակությամբ, լեռների երկնամերձությամբ չափվող հոգսաշատ մարդու ցավերին դարման փնտրելու խռովքը : «Ծիրանի ծառ». արեւածին եւ անուշահամ ծիրանը, ծիրանափողը` դուդուկը, արքայական ծիրանին Սարոյանի աշխարհի սրբազնագույն մասունք-հենակետերից էին, բայց բուն երգը ծառապաշտ հայորդու ողբն է, երբ ծիրանենիների խնամքը տածելուց բար չի տեսնում, սրտին խնդումի ծովի պատրանք չի գտնում, փուչ աշխարհում անվերջ-անպտուղ բանելուց բարձրաձայն բողոքից զատ բարեբեր հեռանկարներ չի փայփայում: «Վիրավոր լորիկը» հայրենի ծփացող բերրի արտերի օրորուն, շորորուն , իր հուր-կրակ սիրով հնձվորի հոգին բնութագրող թռչնակի գովքն է: Սիրավոր-վիրավոր լորիկի գեղգեղանքը լուսնկա գիշերին սիրո արթնացման, անուշիկ պաչի-վայելքի շող է խոնջացած հնձվորի սրտում:

Կոմիտասը Սարոյանի հոգու հոգին էր, նրա երաժշտության ականջելը գրողին մղում էր տարերքով ստեղծագործելու, արարման հրճվանքի, թռիչքի թեւեր տալիս մտածումին:

Սարոյանի բարեշնորհ Թագուհի մայրիկը կարոտախտի պահին երգել է պոլսահայ մտավորական Նահապետ Ռուսինյանի բնագրով «Կիլիկիա» երգը` հուսո դռների, Արմենիա չքնաղ երկրի` աշխարհի ամենագեղեցիկ վայրի մասին, որին աստանդական հայորդին կյանքի վերջին բարեւ է ուզում հղել եւ հավիտյան ննջել երազ օրրանում: Գուցե այս երգը դարձավ դրդապատճառ, որ Սարոյանը եւս ուզեց թաղվել Երեւանում` Կոմիտասի անվան պանթեոնում` աննման Կոմիտասի եւ իրեն ժամանակակից հայ մեծերի կողքին, հայրենի զվարթ արեւի գգվանքի տաք ծոցում:

Ուրիշ էր Արամ Խաչատրյանի հանդեպ տածած սարոյանական համակրանքը. Խաչատրյանի կյանքի առասպել-ոդիսականը ներդաշնակ էր Սարոյանի կյանքի զարկերակին. նա էլ իր նման աստվածատուր հոգու ելեւէջները սրբորեն ընծայաբերեց հայությանն ու մարդկությանը:

Խաչատրյանը կարծես բարձրակիրթ հայ մտավորական մարդու կատարյալ հանճարեղության ճիշտ իր տաբերակն էր իր ճաշակով. «Արամ Խաչատուրյան երաժշտությունը գրել է զարմանալի հնչյունախմբին մեջ, անոր երաժշտություն երբեք չի խաբում»: Աստվածացնում էր հայ դասական երաժշտության Արարատ Արամ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետները, կոնցերտները, բոլոր-բոլոր բեղուն գործերը` միշտ զմայլվելով կոմպոզիտորի ուրույնությամբ եւ հայկական սիրազեղ մեղեդայնությամբ:

Նա իրազեկ էր հայ երաժշտական արվեստի նոր նվաճումներից, հետաքրքրվում էր Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի եւ այլոց բացահայտումներով:

Վիլյամ Սարոյանը հանճարեղ հայ գրող է` դարերի հեռուներից եկած եւ դեպի դարերի վառ ապագան գնացող արմենականի ընդհանրացված հավաքական կերպար, ով հոգեւոր հայր, առաջնորդ եւ նեցուկ է մեզ բոլոր ժամանակներում: Մահը նրա պարագայում բացառություն է արել` հավերժ երիտասարդական գրավչություն եւ անմահություն պարգեւելով նրա անձին եւ քանքարավոր գրական ժառանգությանը:

ՍԵԴԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի մեթոդիստ ուսուցչուհի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: