11/12/2019

Մեղրու ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի միայն հաջորդ տարի

Մեղրու ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի միայն հաջորդ տարի

Չնայած Մեղրու ՀԷԿ-ի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց անցած տարվա նոյեմբերի 8-ին, եւ հիմնարկեքի արարողությանը ներկա էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ ՀԷԿ-ի նախագծային փուլը դեռ չի ավարտվել, այն կավարտվի առաջիկայում եւ հաջորդ տարի միայն կսկսվի շինարարությունը:

«Նախագծերը արդեն վերջացնելու փուլում են, հաջորդ տարվանից, ինձ թվում է, շինարարական աշխատանքները կսկսվեն», – պատասխանելով «Ազատության» հարցին ` ասաց նախարարը:
Անցած ամիսների ընթացքում Մեղրու ՀԷԿ-ի շինարարության հարցը շարունակաբար գտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում, որովհետեւ հիմնարկեքի այդ հանդիսավոր արարողությունից հետո շինարարական աշխատանքներն այդպես էլ ընթացք չստացան:
Թեեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջում անցած տարվա նոյեմբերի 8-ին տեղադրված հաղորդագրությունում, որ վերնագրված է «Մեկնարկեց Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը», նշված է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն հինգ տարվա ընթացքում:

Ի դեպ, հիմնարկեքի օրն Արմեն Մովիսիսյանը եւ Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն անձամբ կատարեցին շինարարական առաջին աշխատանքները` բահերով ցեխաշաղախ լցնելով փոսի մեջ, իսկ քիչ հեռու կանգնած նախագահ Սերժ Սարգսյանն էլ հորդորեց նախարարներին, թե բավական է, մնացած աշխատանքն էլ ուրիշները կանեն:

Մինչդեռ այսօր պարզվեց, որ Մեղրու ՀԷԿ-ի նախագիծն անգամ պատրաստ չէ:
«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի ներկայացմամբ` այն, ինչ տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին եւ կոչվել է Մեղրու ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողություն, իրականում պարզունակ շոու էր:

«Ես կարող եմ ձեզ հիշեցնել այն ամենը, ինչ խոստացել է Սերժ Սարգսյանը 2008-ից հետո` Իրան-Հայաստան երկաթգիծ, բարձրավոլտ էլկետրահաղորդման գիծ, նոր ատոմակայան, Մեղրու ՀԷԿ, եւ փաստն այն է, որ այս ամենից ոչ մեկն այսօր չկա եւ այդ ամենը նախընտրական շոու էր», – ընդգծեց Գեւորգյանը:

«2012թ. նոյեմբերի 8-ին իրականացված հիմնարկեքի արարողությունը, իմ կարծիքով, խայտառակություն է, երբ երկրի առաջին դեմքի մակարդակով ինչ-որ օբյեկտի շինարարության աշխատանքներ են սկսվում, որի նախագծային աշխատանքները, ինչպես պարզվեց այսօր, դեռ չեն ավարտվել»:

Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը կարող է զգալիորեն ամրապնդել Հայաստանի էներգետիկ անկախությունը, քանի որ էլեկտրաէներգիա ստանալու համար ստիպված չենք լինի գազ, նավթ կամ միջուկային վառելիք ներմուծել: ՀԷԿ-ի հզորությունը կազմելու է 130 ՄՎտ, որը հավասար է Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի հզորության շուրջ 1/3-րդին: Իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորումն ամբողջովին իր վրա է վերցրել իրանական կողմը` «Թավան Աբարազ» ընկերությունը, եւ ՀԷԿ-ի շահագործումից հետո 15 տարի արտադրած էլեկտրաէներգիան պետք է անցնի այդ ընկերությանը, որից հետո, այսինքն` շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրու ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին:

2013թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում Իրանի դեսպանն ասուլիսի ժամանակ նշեց, որ 500 միլիոն դոլար արժողությամբ շինարարությունը չի ընթանում, որովհետեւ իրանական ու հայաստանյան բանկային համակարգերի միջեւ` միջազգային պատժամիջոցների պատճառով, չկա անհրաժեշտ համագործակցություն, ինչը խոչընդոտ է նաեւ գումարների փոխանցման համար: Դեսպանը, սակայն, հույս հայտնեց, որ Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների թուլացումից հետո գործը տեղից կշարժվի:

ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
www. azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: