11/12/2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ

Նախաբանի փոխարեն

... Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահներն արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ:
 
I. Կոռուպցիոն մեխանիզմներ

Մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա հետեւյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը:

Տարբերակ 1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը` նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:

Տարբերակ 2. Դատավորն ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն` երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ:

Դատական կաշառքի սակագներ

Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում.
        առաջին ատյանում`    500 - 10.000 ԱՄՆ դոլար,
        վերաքննիչ դատարանում`    2.000 - 15.000 ԱՄՆ դոլար,
        վճռաբեկ դատարանում`    10.000 - 50.000 ԱՄՆ դոլար
 
Տարբերակ 3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որեւէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում եւ հրահանգավորվում է անմիջապես վճռաբեկ դատարանի անդամի կողմից:

Տարբերակ 4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը եւ փոփոխմանը: Այսինքն` գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում եւ իր խնդիրը «կարգավորում» է միայն վճռաբեկ դատարանում:

Որոշ հարցվածների պնդմամբ` վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ կամ նրանց հետ «փայատեր» ստորադաս ատյանի դատավորներ ունեն իրենց հետ ոչ պաշտոնական ձեւով փոխկապակցված փաստաբանական գրասենյակները, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան գործարքները:

Այսուհանդերձ, հարցվածների մեծ մասի կարծիքով կաշառքի գումարի չափը որոշելու համար չկան միասնական չափանիշներ, յուրաքանչյուր դեպքում գումարը որոշվում է անհատական մոտեցմամբ:
«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցման արդյունքներով Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 69%-ը համարել է, որ դատական համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված է, իսկ հարցվածների 18%-ը հայտարարել է դատարաններին կաշառք տալու փաստի մասին: Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 4-ից գրեթե 3-ը դատական համակարգը համարում են կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված: Ըստ հետազոտության` Հայաստանը միակ երկիրն է, որտեղ հարցվածների կեսից ավելին նշել է, որ պատրաստ չէ դիմելու որեւէ գործողությունների` կոռուպցիայի դեմ պայքար մղելու ուղղությամբ: Որպես կոռուպցիայի դեպքերի մասին չբարձրաձայնելու հիմնական պատճառ` նշվել է այն, որ բարձրաձայնելու արդյունքում որեւէ փոփոխություն տեղի չի ունենա, քանի որ առկա է անվստահություն գործող օրենքների եւ դրանց կիրառման նկատմամբ:

2012թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին մտահոգել են դատական համակարգում մշտական բնույթ կրող կոռուպցիայի վերաբերյալ պնդումներն ու բարձր մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի համոզիչ արդյունքների բացակայությունը, որը հանգեցրել է արդարադատության նկատմամբ հանրային վստահության անկմանը:

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների երրորդ պաշտպան
http://www.hra.am,
9 դեկտեմբերի 2013թ., ք.Երեւան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: