08/20/2019

Սյունյաց մարզպետը` իր «շքախումբն» ունենալու, «Լեռնահայաստանի» Հասմիկին` իր «աջ ձեռքը» համարելու եւ

Սյունյաց մարզպետը` իր «շքախումբն» ունենալու, «Լեռնահայաստանի» Հասմիկին` իր «աջ ձեռքը» համարելու եւ

Տեւական ժամանակ է, ինչ Սյունյաց մարզում ամպերը չեն որոտում, իսկ թե ինչու, կարծում եմ, մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են: Թվում էր, թե նորաթուխ մարզպետ Վահե Հակոբյանի` հայտնի Մոլիբդենի Վահեի գալով, մարզում նոր իրավիճակ ու տրամադրություններ էին փոխվելու, բայց կարծես թե դրա նախանշանները չեն երեւում, քանի որ մարզում մի տեսակ խառնաշփոթ տրամադրություններ են տիրում: Արդեն իսկ սյունեցիների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ներկայիս մարզպետին մոտիկից տեսնելն ու նրա մոտ որեւէ հարց բարձրացնելը, դարձել են հայոց մեծագույն հարցերից մեկը: Ավելին, պտտվող լուրերի համաձայն, մարզպետին մոտ չի թողնում գալ Հակոբյանների ընտանիքի բարեկամ, մարզպետարանի ոչ «օֆիցալ» աշխատակից տիկին Հասմիկը, ով ներկայացնում է Հակոբյանների կողմից «տիրություն» արվող հիմնադրամներից մեկը: Ինչեւէ, թե ի՞նչն է պատճառը, որ Սյունյաց նորանշանակ մարզպետը խույս է տալիս սյունեցիների հետ շփումներից, եւ թե արդյ՞ոք տիկին Հասմիկի գործառույթների մեջ է մտնում մարզի «ղեկավարման» գործը ստանձնել իր իսկ սեփական ձեռքերում, forums.am-ը փորձեց այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալ Սյունյաց մարզպետ Վահե Հակոբյանից.

– Պարոն Հակոբյան, ո՞րն է պատճառը, որ սյունեցիները չեն կարողանում շփվել եւ իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնել Սյունիքի մարզպետարանում:

– Ոչ, այդպիսի բան չկա:

– Այսինքն, դուք հասանելի ե՞ք սյունեցիների համար:

– Այո:

– Այդ դեպքում, ինչո՞ւ են նման խոսակցություններ տարածվել. սովորաբար «առանց կրակ ծուխ չի լինում...»

– Չկա այդպիսի բան:

– Ասում են, Սյունյաց մարզի հարցերը լուծվում են Ձեր ընտանիքին մոտ կանգնած մի անձնավորության` տիկին Հասմիկի միջոցով:

– Ոչ: Այդպես չի: Մենք բաց աշխատաոճ ենք ընտրել, մենք ցանկացած հարց, ցանկացած վայրկյանի պարտավոր ենք լսել եւ լուծել:

Նախ` Հասմիկը, իմ օգնականը չի, ինքը «Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամի աշխատող ա, մենք ժամանակ առ ժամանակ, որոշակի ծրագրեր ենք անում, եւ նրան էլ խնդրում ենք որոշակի ծրագրեր անել, այսինքն ժամանակ առ ժամանակ մենք շփվում ենք: Հա, հիմա ինքը դե մի քիչ մեր գործերում ակտիվացել ա, երեւի դրա համար են էդպես ասում: Բայց Հասմիկը պաշտոնապես իմ օգնականը չի: Իսկ ես մի քանի օր առաջ, 107 մարդ եմ ընդունել, դա պարտադիր «պրոցեդուրա» է, ինչը մենք միշտ անում ենք: Ես Ձեզ ավելին ասեմ, ով որ գրանցված մարդ կա, ես բոլորին ընդունում եմ, ես կաբինետից դուրս չեմ գալիս, մինչեւ որ վերջին մարդուն չեմ լսում: Կարող ա ինչ-որ մարդու դիմել են, ասել են վաղը կամ մի բան, բայց ով ինձ հետ ցանակացել է հանդիպել, անպայման հանդիպել է: Ես մինչեւ ժամը 8-ը 9-ը մնում եմ, որպեսզի վերջին մարդուն լսեմ, նոր գնամ:

– Այսինքն` դուք հերքու՞մ եք այն խոսակցությունները, որ Հասմիկը Ձեր «աջ ձեռքն» է, եւ որ առանց նրա ոչ մի հարց մարզում լուծում չի ստանում:

– Ես հիմա աջ ձեռքով իմ հեռախոսն եմ բռնել, ու ձեզ հետ եմ խոսում: Ես որ մարզպետարան եմ մտնում, դուրս գալիս, ոնց էլ լինի այդ ժամանակ էլ կարող են ինձ մոտենալ ու իրենց ուզածը ասել:

– Դե հարցն էլ հենց այն է, որ չեն կարողանում Ձեզ մոտենալ, Ձեր «շքախումբը» թույլ չի տալիս:

– Եթե դուք կասեք, որ ես մի հատ թիկնապահ ունեմ, ես դիմումս կգրեմ-կգնամ: Եթե «օֆիցալ» կասեն, որ էս ինչ մարդը , որպես թիկնապահ ըտենց կարգավիճակ ունի, ես ներեղություն կխնդրեմ, կգնամ, ինչ ասեմ:

– Դե բոլորն էլ էդպես են ասում, Սամվել Ալեքսանյանն էլ, իր թիկնապահներին տաքսիների մեջ էր տեղավորում, ասելով, որ նրանք իր օֆիսի աշխատողներն են:

– Ես ձեզ մի բան ասեմ. կարող եք ֆոտոյով նկարել, բերել ինձ ցույց տալ, հասկացա՞ք, ինչ եմ ասում: Թող ցույց տան, ասեն, այս ինչ մարդը քո թիկնապահն ա: Ես հրապարակային ներեղություն կխնդրեմ` սուտ խոսելու համար: Տենց մարդ էլ չկա, որ ես դուրս գամ, ինձ հետ մարդ լինի:

– Այսինքն, տաքսիների մեջ է՞լ մարդիկ չկան:

– Ա, ամոթ ա, ամոթ, տենց բաներ մի ասեք: էդ ի՞նչ բան ա:

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ թե ինչքանով է նոր մարզպետն ընտելացել մարզպետական կորպուսին, ինտեգրվել է արդյո՞ք այդ ընտանիքին, թե՞ ոչ, եւ թե ինչքանով է իր իսկ հարազատ հայրը` Մաքսիմ Հակոբյանը խառնվում որդու գործերին, կներկայացնենք մեր հաջորդ հրապարակման շրջանակներում:

30 նոյեմբերի 2013թ., fnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: