12/06/2019

Մեր խոնարհումը` նրանց

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏ


1988-ի երկրաշարժից դեռ ուշքի չեկած` հայոց աշխարհի վրա կախվեց մի սեւ ամպ` ազերիների մահաբեր արհավիրքը:

Դեկտեմբերի կեսերին Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի բակ մտավ զինվորականներով լեցուն մի մեքենա: Դպրոցի աշակերտների համար այդ օրն անսովոր էր. գյուղ էին ժամանել Դոնի Ռոստովի զինվորական ուսումնարանի հատուկ ջոկատայինները` ապահովելու գյուղերի բնակչության անդորրը: Գյուղը նեցուկ եղավ ջոկատայիններին, օգնեց սննդով, տեղանքի կողմնորոշման հարցում: Որոշ ժամանակ անց կազմակերպվեց ադրբեջանցիների խաղաղ դուրսբերումը: Շուրջ վեց ամիս մնալուց հետո զինվորականները հեռացան գյուղից: Սակայն վտանգը չվերացավ: Դարանակալ թշնամին ամեն պահի զգալ էր տալիս: Խաղաղ Սյունիքը ներքաշվեց պատերազմի մեջ: Գյուղի բարձրադիր տեղանքից պարզ երեւում էին ազերիների մահասփյուռ կրակահերթերը, որ գիշերային խավարի մեջ երեւում էին Կապանի երկինքում:

Խոտանանից հյուսիս` Չայզամի կոչվող հանդամասում կամ խիտ անտառում երբեմն-երբեմն ոռնոցով հանգչում էին թշնամու արկերը: Ամեն մի օրը, ժամը բախտորոշ էին Սյունյաց աշխարհի համար: Սահմանի երկարությամբ վխտում էին ազերիների թափառախմբեր, մութ մարդիկ:
Ռազմավարական նշանակություն ուներ Կապան-Տաթեւ ավտոճանապարհը, որը պետք է վերահսկվեր:

1992թ. օգոստոսի 16-ին գյուղի մերձակա «Քարի տակ» կոչվող հանդամասի Բախշու չմանից ութ ազերի առեւանգեցին 19-ամյա Առուշան Պետրոսյանին եւ երկարամյա հովիվ` 70-ամյա Միշա (Գիրո) Գեւորգյանին, ովքեր վառելափայտ էին հայթայթում: Գյուղաշխարհն ալեկոծվեց նման վայրագությունից: Զգացվեց կամավորական ջոկատի կազմավորման կարիք: Գյուղի մոտ երեք տասնյակի հասնող պատանիներ ու երիտասարդներ դիմեցին վճռորոշ քայլերի: Խոտանանցի, Կապանի ջրմուղ կայանի ինժեներ-մեխանիկ, ավագ լեյտենանտ Վոլոդյա Սարգսյանը ներկայացավ Կապանի զինկոմիսարիատ, զինկոմ Վալերի Քոչարյանին խնդրեց ընդառաջել, կամավորներին ապահովել ծանուցագրերով, զինամթերքով, որպեսզի վերահսկեն գյուղից մինչեւ Կարմրաքար ձգվող տարածքները:

Գնդապետ Միքայել Գրիգորյանի նախաձեռնությամբ կամավորականներն ապահովվեցին զինամթերքով եւ չոր սննդով:

Գյուղապետ Աշոտ Մարտիրոսյանի հրամանատարությամբ ստեղծված ջոկատը բաժանվեց խմբերի` Վոլոդյա Սարգսյանի եւ Ազատ Բաբայանի ղեկավարությամբ:

Անհրաժեշտություն առաջացավ գնդապետ Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ գյուղից հյուսիս` «Խութի չման» կոչվող բարձունքում տեղադրել հրթիռային կայան (Կապանում առաջինը տեղադրվեց այդտեղ), որտեղ կարճ ժամանակահատվածում մի քանի ջոկատայինի վերապատրաստեցին` վարելու կայանը: Հրթիռակայանը գտնվում էր պատմական Վանանդաբերդի (Ղալաբոյնի) անտառախիտ հատվածում, եւ դիտակետեր ստեղծելու համար պահանջվում էր ճեղքել անտառածածկ հատվածը:

Խմբերից մեկի ղեկավար Վոլոդյա Սարգսյանը գործընկերներ Ռազմիկ Փարսյանի եւ «Նորոգշինի» տնօրեն Յուրա Գյունաշյանի նախաձեռնությամբ վառելիք հայթայթեց եւ ապահովեց տեխնիկական պաշտպանությունը: Ամեն ոք հասկանում էր, թե թշնամին որ կողմից թիրախ կընտրեր. պետք է աչալուրջ հսկողություն սահմանվեր Կատարուց մինչեւ Նոր Առաջաձոր (Չայզամի) եւ Կարմրաքար հատվածների վրա:

Կարեւոր էր Կապան-Խոտանան-Տաթեւ ռազմավարական ճանապարհի հսկողությունը, հատկապես վտանգավոր էր Նոր Առաջաձոր (Չայզամի) գյուղի տարածքը, որ սահմանակից էր ադրբեջանական մի քանի գյուղերի, եւ կարեւոր` լճի պատնեշի պաշտպանությունը:

Սկզբնական շրջանում ջոկատի հետ էր Արմեն Հայրապետյանը (Միկրոբ), ով մի քանի տղայի հետ հետախուզեց մինչեւ ադրբեջանական գյուղերի դիրքերը` միաժամանակ սովորեցնելով հետախույզի պատասխանատու, հմուտ գործելակերպը:

Խոր գիշեր էր. շրջապատը թաղված էր մութ մրափի մեջ: Խմբի տղաները նոր էին վերադարձել դեպի Կարմրաքար տանող ճանապարհի հերթապահությունից, նորառաջաձորցի Գրենիկ Մարտիրոսյանի թեժ վառարանի մոտ չորացնում էին թրջված հագուստները, երբ տունը հանկարծակի ցնցվեց ահավոր դղրդոցից. ազերիների արձակած հերթական արկն էր պայթել տան բակում: Բարեբախտաբար զոհեր չեղան:

Ջոկատայինների աչալուրջ, բանիմաց հսկողության շնորհիվ ողբերգական միջադեպեր չեղան, սակայն գյուղի տարածքից առեւանգված երկու համագյուղացու ճակատագիրն օրեր շարունակ հանգիստ չէր տալիս ջոկատին: Պետք է միջոցներ ձեռնարկել…

Հետախուզական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ գերյալները տարվել են Զեյվա գյուղից ներքեւ գտնվող Քարալլու գյուղը, այնուհետեւ` Կուբաթլու:

Գյուղն արդեն ողբում էր նրանց եղերական մահը:

Ահա ինչ պատմեց հրաշքով կենդանի մնացած 70-ամյա Միշա Գեւորգյանը:

- Մեզ կապկպած տարան Քարալլու գյուղը: Ծեծելով հրեցին մի մութ տեղ, դուռը փակեցին մեզ վրա: Ես տիրապետում էի նրանց լեզվին եւ լսում էի սպառնալիքները, բայց Առուշանին ոչինչ չէի ասում, պատանին շատ էր վախեցել: Մեզ ծեծելով դուրս հանեցին այդ դժոխքից եւ տարան հարցաքննության: Նրանք պահանջում էին հայտնել հայկական դիրքերի տեղը, ղեկավարների անունները:

Ես պատասխանում էի, որ կռիվը Ղարաբաղում է, Ղափանում չեմ կռվել, ոչինչ չգիտեմ: Նորից ծեծ, ուշաթափություն, ջուր էին լցնում գլխներիս, ուշքի եկած ժամանակ` ծեծ ու ջարդ: Հինգ օր մի կում ջուր անգամ չեն տվել, Առուշանի վիճակը սարսափելի էր, ապահով ապրած պատանին կյանքի դառնություն չէր տեսել, հիմա ահ ու սարսափի մեջ մաքառում էր ապրելու համար, սակայն, այնքան էին ծեծել, որ կիսամեռ պառկած էր խցում: Ես դիմանում էի, նրանց լեզվով լեզվակռիվ տալիս, ենթարկվում կտտանքների: Առուշանի վիճակն օրեցօր օրհասական էր դառնում. արյան հետքերով չորացած շուրթերը հազիվ շարժվեցին. ես հասկացա, որ ջուր էր ուզում: Թուրք ոստիկանին ասացի, որ մի բաժակ ջուր տան: Պատասխանն այն եղավ, որ ինձ քարշ տվին դուրս, մի լավ ծեծեցին, համարյա կիսաուշաթափ` զգացի, որ մի ձեռքս ոնց որ կրակով այրեն: Երբ ուշքի եկա, ահավոր ցավով համակած` տեսա, որ ձեռքիս մատները կտրել են:

Հինգ օրից հետո տարան Կուբաթլու: Այնտեղ էլ նույն վիճակը. ծեծ, առանց հացի, ջրի` թուլացած, վեր ընկած:

Ութերորդ օրն ինձ տարան Կուբաթլուի ոստիկանապետի սենյակը:
Ոստիկանապետը երկար նայեց ինձ, գրասեղանի դարակից հանեց երկար, սուր դանակը եւ դնելով սեղանին, ասաց.

- Ես քեզ երեք հարց եմ տալու, եթե չպատասխանես, ճիշտը չասես, վիզդ կտրելու եմ:
Ոստիկանապետը մեր հարեւան Դովրուս գյուղից էր, ես նրան չէի ճանաչում, բայց հոր հետ մոտիկ էի:

Ոստիկանապետը շարունակեց.

– Հարց առաջին. Գորիսի միլպետը քեզ ի՞նչ բարեկամ է:
Ես ասացի, որ չեմ ճանաչում, ինձ բարեկամ չէ (թեեւ իրականում հարսիս քեռու որդին էր):

- Երկրորդ հարց. Կապանի ԲԽՍՍ-ի աշխատակից Մարզպետ Գալստյանը քեզ ի՞նչ բարեկամ է:
Ես արագ կոմնորոշվեցի, որ նրանք հստակ տվյալներ են ձեռք բերել իմ անձի վերաբերյալ եւ ճիշտը ասացի, որ հարսիս բարեկամն է:

– Երրորդ հարց. քեզ այստեղ ո՞վ է ծեծել, ինչպե՞ս են վարվել քեզ հետ:

Ես կտրած մատներս ցույց տվեցի ու ասացի, որ 1941թ. պատերազմում Հիտլերը գերիներին գոնե հաց ու ջուր էր տալիս, իսկ մեզ հաց, անգամ ջուր չեն տվել:

Ոստիկանապետը շրջվեց եւ ռուսերեն ինչ-որ բան ասաց գործընկերոջը, եւ դառնալով ինձ` ասաց, որ մեզ այլեւս չեն ծեծելու: Նրա կարգադրությամբ երկու թուրք ոստիկան եկավ, դուրս տարան մեզ վերեւի բարձունքը: Աչքներս կապեցին, քացով հրեցին առաջ ու գցեցին «Վիլիս» մեքենայի մեջ: Քանի որ նրանց լեզուն լավ գիտեի, լսեցի, որ թուրքը հաղորդում էր, որ Ղափանը չի պատասխանում: Հետո լսեցի ծանոթ ձայն, որ ռացիայով պատասխանեց. «Արագացրեք, մենք ներկայացել ենք»: Երբ աչքերս բացեցին, տեսա, որ Եղվարդ գյուղի տակ ենք: Թուրքն ասաց, որ կարող ենք գնալ: Մի կերպ առաջ շարժվեցինք: Մարմնի անտանելի ցավը, քաղցն ու ծարավը մեզ ուժասպառ էին արել: Մի պղտոր առվի հանդիպեցինք: Առուշանը չդիմացավ եւ խմեց պղտոր առվակից: Որոշ տեղ քայլելուց հետո տեսա հարազատ դեմքեր: Կապանի ոստիկանապետ Էդիկ Բարսեղյանն էր` մի քանի պաշտոնատար անձանց հետ, համագյուղացիներ Սարիկը, Սերոբը, Մուսան, Վոլոդյան: Ասես վերածնված լինեի, հարազատ հողն ինձ ու Առուշանին տվեց ապրելու իրավունք: Էդիկ Բարսեղյանը, ընկերները մեզ փրկեցին:

Գերյալների ազատագրումը կազմակերպեցին Վոլոդյա Սարգսյանի խմբի տղաները: Զաբուղ գետի մոտ երկու հայ գերյալի դիմաց թուրքին հանձնեցին չորս թուրք սպայի դիակ, որ Թուրքիայից ուղարկված վարձկան սպաներ էին: Ասում են` ժամանակն է ամեն վերքի բալասանը: Տարիներ անցան, խաղաղվեց հայոց աշխարհը: Արցախի գոյամարտը եւս մեկ անգամ փորձաքար եղավ, ապացուցեց, որ հայն աննկուն է` իր լեռնապարի պես հզոր, աննվաճ:

Եվ հիշվում են սուրբ նահատակներն անուն առ անուն, հիշվում ամեն ապրողի հետ: Եվ այդ մեծ պայքարում իրենց ավանդն ունեն զինվորականների օրրան Խոտանանի ջոկատայինները, մեր խոնարհումը` նրանց խիզախումներին:

Ահավասիկ, նրանք`
Աշոտ Մարտիրոսյան, Վոլոդյա Սարգսյան, Ազատ Բադալյան, Բորիկ Անտոնյան, Արմեն Հայրապետյան (Միկրոբ), Վարդան Մաթեւոսյան, Հենրիկ Բեգլարյան, Արամայիս Անտոնյան, Կորյուն Հակոբյան, Հենրիկ Սողոմոնյան, Ժորա Գեւորգյան, Համլետ Հարությունյան, Ալբերտ Ղազարյան, Վլադիկ Անտոնյան, Գագիկ Դավթյան, Ջիվան Գրիգորյան, Զաքար Պետրոսյան, Շմավոն Հարությունյան, Արմենակ Բախշյան, Սամվել Ավագյան, Գագիկ, Գոռ Բեգլարյաններ, Սուրիկ Անտոնյան, Եղիշե Բեգլարյան, Կարեն Դավթյան, Սուրիկ Բալասանյան, Արմեն Ավանեսյան, Վոլոդյա Մարտիրոսյան, Գրենիկ Սողոմոնյան, Գրենիկ Մարտիրոսյան, Խիկար Մաթեւոսյան, Գրիշա Մնացականյան:

ԱԼՄԱՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: