10/22/2019

Կադրային ավանտյուրա Սիսիանի հիվանդանոցում

Կադրային ավանտյուրա Սիսիանի հիվանդանոցում

ՕԼԻԳԱՐԽԻԿ-ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւՄ


Կենսաթոշակառու, 68-ամյա Ալիսա Հովակիմյանը, ով Սյունիքի օրվա մարզպետի աներոջ քույրն է, նշանակվել է Սիսիանի պոլիկլինիկայի վարիչ` փոխարինելով 41-ամյա Սուսաննա Հովասափյանին, ում հրաժարականի դիմումին` դեռեւս չբացահայտված հանգամանքների մղումով գրված, առանց քննարկելու ընթացք է տվել հիվանդանոցի` մի քանի օր առաջ նշանակված տնօրենը, ով չէր հասցրել նույնիսկ ծանոթանալ հիվանդանոցի եւ հատկապես պոլիկլինիկայի ու նրա վարիչի գործունեությանը:

Զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում Սիսիանի հիվանդանոցում եւ հիվանդանոցի շուրջ: Դեռեւս 2013թ. հոկտեմբեր-նոյեմբերին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց Սիսիանի հիվանդանոցի եւ Աղիտուի կայազորային հոսպիտալի միավորման թեզը. իբր հիվանդանոցը չի դիմանում կայազորային հոսպիտալի հետ մրցակցությանը, թեեւ առողջապահական այդ հաստատությունները գտնվում են իրավական ու ֆինանսական միանգամայն տարբեր հարթություններում: Առողջապահության նախարարի մի հայտարարությամբ, սակայն, հօդս ցնդեց այդ նախագիծը: Նոյեմբերի 18-ին` հանդիպելով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանի հետ, նախարարը հավաստիացրեց` «Այդպիսի խնդիր չկա ու չի եղել, դա ինչ-որ անպատասխանատու մարդկանց հնարանքն է»:

Սիսիանի հիվանդանոցի շուրջ այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես ժամանակին նկատել էր «Սյունյաց երկիրը», իրականում գավառական պարզունակ խաղեր էին եւ նպատակ ունեին թափուր դարձնել հիվանդանոցի տնօրենի աթոռը` մարզին պատուհասած օլիգարխիկ-ֆեոդալական կառավարման սիսիանյան սպասավորներից մեկի ուշացած վերահառնումին ծառայեցնելու համար: Դա հատկապես ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ տապալվեց հիվանդանոցն ու հոսպիտալը միավորելու ցնորական գաղափարը:

Եվ ահա օրերից մի օր Սյունիքի փոխմարզպետ Աշոտ Մարդյանը, ստանձնելով սովորական հրահանգչի դեր, զանգահարում է Արտյոմ Թադեւոսյանին եւ հաղորդում` «Մարզպետն ասում է` դիմում գրիր աշխատանքից ազատվելու համար, ինքը չի ուզում քեզ հետ աշխատել»: Արտյոմ Թադեւոսյանը փորձում է ճշտել` «Իսկ ինչո՞ւ չի ուզում ինձ հետ աշխատել»: Փոխմարզպետը պատասխանում է. «Չգիտեմ, ինձ ասել է` զանգահարիր` ես էլ զանգահարել եմ»:

Արտյոմ Թադեւոսյանը հրաժարվեց դիմում գրել` պատասխանելով. «Քեզանից մարզպետ կստացվի, իսկ ինձանից հիվանդանոցի տնօրեն չի՞ ստացվի»: Ի վերջո, սակայն, նա ընկրկեց եւ 2013թ. դեկտեմբերի 9-ին հրաժարականի դիմում գրեց: Արտյոմ Թադեւոսյանը միգուցե եւ չընկրկեր ու դիմում չգրեր, եթե այդ օրերին Սիսիանի հիվանդանոցի շուրջ չբռնկվեր մի տհաճ սկանդալ, թեեւ ինքը պատահարի օրը Սիսիանում չէր եւ ուղղակի կապ չուներ տեղի ունեցածի հետ: Վարդան Գեւորգյանին վիրահատելու ժամանակ, ըստ հավաստի տեղեկությունների, կոտրվել էր վիրահատական սեղանը, հիվանդն ընկել էր գետնին` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Երեւան տեղափոխելուց հետո  անգամ հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել: Վարդան Գեւորգյանի մահվան հանգամանքների ուսումնասիրմամբ հիմա իրավապահներն են զբաղվում: Հանգուցյալը նախ` Վահե Հակոբյանի, ապա` Հերմինե Նաղդալյանի քարի արդյունահանման եւ մշակման ձեռնարկության պատասխանտուներից էր: Ուստիեւ միջադեպն առաջ էր բերել նշված չինովնիկների զայրույթը:

Արդյունքում իրագործվեց ամիսներ առաջ մոգոնված ծրագիրը` Արտյոմ Թադեւոսյանը պաշտոնանկ արվեց (տարիների նրա վաստակը, մինչդեռ, բարձր գնահատեց ՀՀ առողջապահության նախարարը եւ 2013թ. դեկտեմբերի 16-ին Արտյոմ Թադեւոսյանին նշանակեց նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման քաղաքականության բաժնի պետ): Նոր տնօրեն նշանակվեց Լեւոն Մանասյանը, ով ծագումով Սիսիանից է, բայց Սիսիանում չի աշխատել գրեթե: Նոր տնօրենի թեկնածությունը, ըստ Սիսիանում իշխող կարծիքի, առաջադրել է մարզպետի աները` Գառնիկ Հովակիմյանը:

Ամեն ինչ, սակայն, դրանով չավարտվեց: Նոր տնօրենի պաշտոնավարման առաջին տասնօրյակը դեռ չբոլորած, առայժմ անհայտ հանգամանքների մղումով, աշխատանքից ազատվելու դիմում է գրում պոլիկլինիկայի վարիչ, 41-ամյա Սուսաննա Հովասափյանը: Տնօրենն էլ, դեռեւս ծանոթ չլինելով հիվանդանոցի եւ հատկապես պոլիկլինիկայի գործերին, առանց քննարկելու դիմումը, առանց դիմումի պատճառի մեջ խորանալու, առանց աչք թարթելու համաձայնություն է տալիս եւ պոլիկլինիկայի վարիչին ազատում իր պարտականություններից:

Ի դեպ, Սուսաննա Հովասափյանը Սիսիանում բարեխիղճ աշխատողի, պոլիկլինիկական ծառայության լավ կազմակերպչի ու հմուտ մանկաբույժի համբավ ունի: Երեքուկես տարվա պաշտոնավարման ընթացքում հասցրել էր ճանաչում ձեռք բերել նաեւ մարզի բուժաշխատողների շրջանում:

41-ամյա Սուսաննայի փոխարեն պոլիկլինիկայի վարիչ է նշանակվել կենսաթոշակառու, 68-ամյա Ալիսա Հովակիմյանը, ով մարզպետի աներոջ քույրն է, ում հասակակիցները վաղուց են հիվանդանոցը թողել` իրենց տեղը զիջելով երիտասարդներին:

Իհարկե, մարզպետի աներոջ քույրն էլ կարող է պետական պաշտոն զբաղեցնել: Իհարկե, իրավական առումով որեւէ խախտում չի կատարվել. օրենքը չի արգելում, որ 68-ամյա մեկն աշխատի փակ բաժնետիրական ընկերությունում: Բայց արդյո՞ք դա պատշաճ է բարոյական ու պրոֆեսիոնալ տեսակետից: Արդյո՞ք դա պրոտեկցիայի սովորական դրսեւորում չէ, ինչից անբուժելի հիվանդ է մեր պետականությունը: Արդյո՞ք Ալիսա Հովակիմյանը կնշանակվեր պոլիկլինիկայի վարիչ, եթե չլիներ մարզպետի տիկնոջ հորաքույրը: Արդյո՞ք Սիսիանի հիվանդանոցում երիտասարդ մասնագետներն այլեւս հարգի չեն: Մի՞թե մարզպետին, ով պատասխանատու է մարզի առողջապահական համակարգի համար, չի անհանգստացրել, թե ինչու Սիսիանում 41-ամյա Սուսաննա Հովասափյանը, ունենալով աշխատանքի փորձ եւ լավ մասնագետի ու կազմակերպչի համբավ, դիմում է գրում եւ աշխատանքից հեռանում:

Անշուշտ, երբեմնի շրջանային հիվանդանոցները փակ բաժնետիրական ընկերություն են` դրանից բխող որոշ առանձնահատկություններով, բայց չպետք է մոռանալ` մեր երկիրը որդեգրել է մի քաղաքականություն, որ 63 տարեկանից մարդիկ անցնում են կենսաթոշակի եւ չեն կարող լինել քաղծառայող, համայնքային ծառայող, ՊՈԱԿ-ի տնօրեն եւ այլն: 63 տարեկանից հանրակրթական դպրոցի ուսուցչին (թեեւ դա օրենքի պահանջ չէ) տուն են ուղարկում` երիտասարդների ուժերն օգտագործելու համար: 63 տարեկանից բուժաշխատողին նույնպես տուն են ուղարկում (թեեւ դա էլ օրենքի պահանջ չէ): Անձամբ մենք դեմ ենք այդ մոտեցումներին, քանզի 63 տարեկան ուսուցչի, բժշկի, տնօրենի փորձն ազգային հարստություն ենք համարում, մանավանդ որ կադրային մեր ռեսուրսը տարեցտարի աղքատանում է, բայց ի՞նչ արած, երբ երկիրն այդ ճանապարհն է ընտրել…

Պրոտեկցիոն դրսեւորումները, սակայն, Սիսիանի հիվանդանոցում չավարտվեցին պոլիկլինիկայի վարիչի աթոռը զավթելուց հետո անգամ: Տարեվերջին էլ Սիսիանի հիվանդանոցի իրավաբան նշանակվեց Գառնիկ Հովակիմյանի (մարզպետի աներոջ) սանիկը` պետհամալսարանի իրավաբանականի հեռակա բաժնի ուսանող ոմն Միրո Հովհաննիսյան: Ընդ որում` Սիսիանի հիվանդանոցի 2013թ. հաստիքացուցակում նման միավոր չկար: Առհասարակ մարզի ոչ մի հիվանդանոցում մինչեւ հիմա նման հաստիք չենք ունեցել: Իսկ եթե հիվանդանոցի հիմնադիրը` Սյունիքի մարզպետը, փոփոխել է հաստիքացուցակը եւ իրավաբանի հաստիք տվել Սիսիանի հիվանդանոցին (ինչի իրավունքն ունի), ապա խտրություն է դրել մարզի հիվանդանոցներ միջեւ: 35-40 մահճակալով հիվանդանոցին իրավաբանի հաստիք հատկացնողը պետք է առնվազն հիշեր, որ մոտ յոթ անգամ մեծ Կապանի հիվանդանոցը, մոտ չորս անգամ մեծ Գորիսի հիվանդանոցը նման հաստիք չունեն:

Հիմա ամփոփենք ասվածը: Կշարունակի՞ Գառնիկ Հովակիմյանը կադրային փոխատեղումներ կատարել Սիսիանի հիվանդանոցում, թե՞ ոչ: Սիսիանի հանրությանը եւ հատկապես բժիշկներին մտահոգող այդ հարցի պատասխանը ստանալուց առաջ կուզենայինք մի իրողություն արձանագրել: Գառնիկ Հովակիմյանը Սիսիանի առաջին քաղաքապետն է եւ ժամանակին որոշակի դրական դեր է խաղացել համայնքային կյանքի կազմակերպման գործում, վայելել եւ վայելում է որոշակի հեղինակություն: Վերջին տարիներին քանիցս մեղադրել է Սիսիանի իշխանություններին` ոչ կոմպետենտության, կամայականության մեջ: Բայց այսօր, օգտագործելով իր ընտանեկան-խնամիական դիրքը, օգտագործելով օրվա մարզպետի` իրավիճակին չտիրապետելու անվիճելի իրողությունը, անհարկի միջամտություն է անում առողջապահական համակարգի գործերին, ինչ մասին անընդհատ ահազանգում են Սիսիանից: Մենք հույս ունենք, որ նա, նախեւառաջ, բացատրություն կտա հանրությանը, թե որքանով կապ ունի կադրային այդ լուծումների հետ (տա Աստված, որ այդ ամենը սովորական ասեկոսեների շարք լինի): Հույս ունենք նաեւ, որ նա կհրաժարվի Սիսիանի տարածքում գորշ կարդինալ լինելու հավակնությունից. իմիջիայլոց, գորշ կարդինալի` սպիտակ թելով շուլալված եւ չարդուկված կոստյումն այնքան էլ չի սազում (չի պատշաճում) իրեն:

Հույս ունենք նաեւ, որ տիկին Ալիսա Հովակիմյանը եւ նրա ամուսինը` Հենզել Առաքելյանը, ով ժամանակին գլխավորել է կուսակցության Սիսիանի շրջկոմը եւ բարոյականություն քարոզել սիսիանցիներին, ովքեր մեզ համար եղել եւ մնում են հարգելի անձնավորություններ, կհրաժարվեն պրոտեկցիոն մեքենայի զորությամբ ձեռք բերված պաշտոնից, եթե նույնիսկ Սիսիանի պոլիկլինիկայի վարիչ լինելը տիկին Ալիսայի երիտասարդական տարիներից անկատար մնացած երազանքն է եղել:

Ինչ վերաբերում է Սիսիանի բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենին, ապա… Այդ հիվանդանոցում, հիրավի, լուրջ խնդիրներ կան` տարիներով կուտակված: Եվ այդ խնդիրների լուծումը ծառայողական մեքենայի վարորդի փոփոխությամբ սկսելն այնքան էլ ողջամիտ չէ: Այնուհետեւ` այնքան էլ պատվաբեր չէ կադրային նման աթուրմա կազմակերպելը կադրային լուրջ դեֆիցիտ ապրող հիվանդանոցում, մանավանդ որ դա արվում է ինչ-որ մի կլանի ամբիցիաները բավարարելու համար:

Մի հարց էլ Սյունիքի մարզպետին` ի՞նչ եղավ Սիսիանի հիվանդանոցի եւ հոսպիտալի միավորման նախագիծը: Մի՞թե Արտյոմ Թադեւոսյանին ազատելով Սիսիանի հիվանդանոցում ամեն ինչ իր տեղն ընկավ: Բա էն երեխան` լույս աշխարհ գալիս, Սիսիանից Գորիսի հիվանդանոց` կեսարյան վիրահատության տանելիս, ինչո՞ւ մահացավ: Հարգանք Սլավիկ Ամիրյանին, որ գոնե երեխայի մոր կյանքը փրկեց:

Սիսիանի հիվանդանոցում կատարվող կադրային խաղերն ուսումնասիրելիս հեռախոսազրույց ունեցանք Սիսիանի պոլիկլինիկայի այլեւս նախկին վարիչ Սուսաննա Հովասափյանի հետ: Բժշկուհին ահաբեկված էր, պատրաստ չէր անկեղծ զրույցի եւ ջանում էր համոզել, որ ինքը պոլիկլինիկայի վարիչի պարտականություններից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Ըստ բժշկուհու` հիվանդանոցն ունի նոր տնօրեն, ով կամենում է իր թիմով աշխատել: Մինչդեռ` մինչեւ հիմա կարծում ենք, որ բժշկուհին դա հեգնանքով է ասել, քանզի երբեւէ չէինք լսել, որ հիվանդանոցում էլ են թիմով աշխատում, ինչպես կուսակցություններում, մարզական խաղերում:

Մինչեւ հիմա կարծում էինք, որ հիվանդանոցում գլխավորը պրոֆեսիոնալիզմն է… Եվ եթե բժշկուհին դա հեգնանքով չի ասել, ապա` շատ ափսոս: Շատ ափսոս, որ նա, ընտանեկան բժշկի իր ներկայիս դիրքը եւս կորցնելուց ահաբեկված, բժշկական կենտրոնի տնօրենի գործառույթներն ու տնայնագործությունն իրարից չի տարբերում կամ ձգտում է այդպիսի մարդու տպավորություն թողնել:

Առհասարակ արժեր ծանոթանալ Սիսիանի բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենի կենսագրությանն ու աշխատանքային ուղուն. միգուցե հենց այդկերպ գտնեինք մեզ մտահոգող հարցերի պատասխանը:

Իսկ կադրային այդ լուծումները արդարացված կհամարվեն, եթե Սիսիանի հիվանդանոցում բուժական սպասարկման գործը (այդ ամենի արդյունքում) գոնե մի քիչ բարելավվեր: Տա Աստված, որ այդպես էլ լինի…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: