10/22/2019

«Սյունյաց երկրի» մի հրապարակման հետքերով

«Սյունյաց երկրի» մի հրապարակման հետքերով

«Սյունյաց երկիր» թերթի էլեկտրոնային տարբերակում հունվարի 10-ին հրապարակված հոդվածը` «Կադրային ավանտյուրա Սիսիանի հիվանդանոցում» վերտառությամբ, հունվարի 13-ին քննարկվել է Սիսիանի հիվանդանոցի կոլեկտիվի ժողովում:

Այդ նպատակով Սիսիան էր ժամանել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը: Ելույթ ունեցողների խոսքի առանցքն այդ հոդվածն էր, թեեւ ներկաները տեղի-անտեղի (նոր տնօրենին եւ վարչության պետին հաճոյանալու համար) հայտարարում էին, որ ծանոթ չեն հրապարակմանը: Քննարկմանը չէր հրավիրվել «Սյունյաց երկիրը», չէին մասնակցում լրագրողներ: Ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը չի հերքել հրապարակման մեջ տեղ գտած փաստերը եւ մտահոգության առարկա երեւույթը: Այդ ամենով հանդերձ` գնահատելի է մարզպետարանի եւ հիվանդանոցի նորանշանակ ղեկավարի քայլը` քննարկելու թերթի հրապարակումը: Տարօրինակ էր միայն Աշոտ Ծատրյանի պահվածքը: Իր գիտակցական կյանքում երբեք եւ որեւէ հարցով սեփական կարծիք չհայտնած այդ պարոնը խոսել է նաեւ իր սիրելի թեմայով` ականջների թեմայով` իբր ինքը տեսնում է, թե ում ականջներն են երեւում հրապարակման հետեւում: Աշոտ Ծատրյանի համար, ի դեպ, ականջը քաղաքական կատեգորիա է եւ հաց վաստակելու միջոց: Օրինակ, եթե չլիներ հայտնի մարդկանց ականջը, ժամանակին իրեն չէին նշանակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ, եւ ոչ ոք չէր հանդուրժի նրա ակնհայտ ու տեւական պարապությունն այդ պաշտոնում: Չլիներ հայտնի մարդկանց ականջը, ապա Սիսիանի հիվանդանոցում ստեղծված վիճակի համար առաջինը նրա ձեռքից կբռնեին ու դուրս կշպրտեին: Հիմա էլ, իր հետեւում ունենալով հայտնի մարդկանց ականջը, նա թոզ է փչում սիսիանցիների աչքին եւ արմատական բարեփոխումներ խոստանում Սիսիանի հիվանդանոցում: Մենք հաճույքով եւ անհամաբերությամբ սպասում ենք այդ բարեփոխումներին: Իսկ եթե խոստացած բարեփոխումները տեղի չունենան, ապա ականջների մասնագետ Աշոտ Ծատրյանին հիշեցնելու ենք առասպելական Միդասի ականջների պատմությունը: Ի դեպ, Փյուռիգիայի թագավոր Միդասն Ապոլլոնի եւ Պանի երաժշտական մրցույթի դատավորն էր: Իր տգիտության պատճառով Միդասը հաղթանակը շնորհել է Պանին: Զայրացած Ապոլլոնը ձգել է Միդասի ականջները: Վերջինս փյուռիգիական գլխարկի տակ տեւական ժամանակ թաքցրել է իր երկար ականջները, սակայն, ի վերջո, այն հայտնի է դարձել բոլորին…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: