10/22/2019

«Այն օրվանից, երբ գնացի...»

«Այն օրվանից, երբ գնացի...»

Հունվարի 11-ին Գորիսում` ՀՀԿ-ի մարզխորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիսույթ` նվիրված Ամանորին եւ Սուրբ ծննդին: ՀՀԿ շրջանային կազմակերպության ներկայացուցիչներից բացի հանդիսույթին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, առողջապահական հաստատությունների ղեկավարներ, զինվորականներ, երկրապահներ, տնտեսվարող սուբյեկների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանդիսույթը, որ անցավ քաղաքի մշակույթի հիմնարկների ակտիվ մասնակցությամբ, ըստ էության, որոշակի ազդեցություն կունենա շրջանի առաջիկա քաղաքական անցուդարձի վրա:

Մասնավորապես` տարվա առաջին կեսին տեղի կունենա Գորիսի քաղաքապետի ընտրություն, եւ, դատելով միջոցառման հանդիսավոր ու ջերմ մթնոլորտից ու մասնակիցների թվից (մոտ 300 մարդ էր մասնակցում), կարելի է ենթադրել, որ գորիսյան հանրության մեծամասնությունը թույլ չի տա քաջարանյան կլանին` Գորիսում ունենալու գրպանային քաղաքապետ:

Սյունիքի մարզպետարանը լուրջ ջանքեր էր գործադրել (նույնիսկ սպառնալիքներ հնչեցրել գյուղապետերի ու դպրոցի տնօրենների հասցեին) ՀՀԿ մարզխորհրդի նախաձեռնած հանդիսույթը խափանելու համար: Վահե Հակոբյանն անգամ խնդրել էր ՀՀԿ ղեկավարությանը` կասեցնելու Սուրեն Խաչատրյանի ձեռնարկումը: Բոլոր այդ հակաքայլերը, սակայն, արդյունք չէին տվել: Հանդիսույթին եկել էին անգամ մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ըստ հավաստի աղբյուրների` մոտ օրերս նմանատիպ հանդիսություններ տեղի կունենան Կապանում, Սիսիանում, Մեղրիում եւս, եթե Հակոբյանների մայրաքաղաքային հովանավորները կտրուկ քայլերի չդիմեն: Հիմա հայր Հակոբյանն իր խուրջինով շտապ պետք է հասնի Երեւան…

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: