08/21/2019

Սյունիքն առաջին աշխարհամարտում

Հարյուր տարի առաջ` 1914 թվականին, սկսեց առաջին համաշխարհային պատերազմը: Այն տեղի էր ունենում պետությունների երկու խոշոր խմբավորման` գերմանա-ավստրիական միավորման եւ Անտանտի միջեւ (Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան): Ընդհանուր առմամբ պատերազմին մասնակցում էր 33 պետություն: Պատերազմն աշխարհում ազդեցության ոլորտները վերաբաժանելու խնդիր ուներ:

Չորս տարի երեք ամիս եւ տասը օր տեւած պատերազմում (1 օգոստոսի 1914թ. - 11 նոյեմբերի 1918թ.) սպանվածների ու վերքերից մահացածների թիվը կազմեց 10 մլն մարդ: Այդքան մարդ էլ մահացավ համաճարակներից ու սովից:

Պատերազմի նախօրեին Արեւելյան Հայաստանը մտնում էր ռուսական, Արեւմտյան Հայաստանը` Օսմանյան կայսրության մեջ: Օսմանյան Թուրքիայում այդ ժամանակ հայերի թիվը հասնում էր 2,3 մլն-ի, Արեւելյան Հայաստանում (Ռուսահայաստանում)` ավելի քան 2 մլն-ի:

Առաջին համաշխարհային պատերազմը մեծագույն աղետ եղավ հայ ժողովրդի համար: Այն պատեհ առիթ էր` ձեռնամուխ լինելու արեւմտահայության զանգվածային տեղահանության եւ բնաջնջման ոճրապարտ ծրագրի իրագործման համար:

Արեւելյան Հայաստանից հայ բնակչության 13 տոկոսը (250 հազար հոգի) զորակոչվեց ցարական բանակ: Պատերազմ մեկնեց նաեւ տասը հազար կամավորական: Նրանց մեծ մասը մասնակցեց Կովկասյան ռազմաճակատի մարտական գործողություններին: Այդ ռազմաճակատում ծավալված գործողություններին հայ ժողովրդի ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր Արեւմտյան Հայաստանն ազատագրելու նրա վաղեմի բաղձանքով:

Սյունիքի շրջաններից եւս հազարավոր մարդիկ զորակոչվեցին բանակ, եղան նաեւ կամավորականներ: Նրանցից մոտ 800 հոգի զոհվեց կամ անհայտ կորավ, ոմանք էլ վիրավորվեցին:

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցեցին մեր նախնիների այն սերնդի ներկայացուցիչները, ովքեր ռազմաճակատ մեկնեցին Արեւմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու հույսով: Իսկ նրանք, ովքեր կենդանի մնացին պատերազմում, մասնակցեցին Սարդարապատի գոյակռվին եւ ապահովեցին հայոց անկախ պետականության վերածնունդը:

Սակայն մինչեւ հիմա մենք գրեթե ոչինչ չգիտենք այն մարդկանց մասին, որ պատմության դժվարին այդ ժամանակաշրջանում Սյունիքից մեկնեցին ռազմաճակատ: Ովքե՞ր էին նրանք, ի՞նչ ճակատագիր ունեցան…

Սյունիքի պատմության այդ հատվածն ամենաընդհանուր գծերով անգամ չի ուսումնասիրվել եւ չի ամփոփվել: Սյունիքի պատմությամբ շատ թե քիչ զբաղվողները շրջանցել են այդ թեման. կարծեք նման պատերազմ չի եղել, եւ հազարավոր սյունեցիներ չեն մասնակցել այդ պատերազմին:

«Սյունյաց երկիրը», պատերազմի սկսման 100-ամյակի կապակցությամբ, նպատակ ունի հավաքել պատերազմի սյունեցի մասնակիցների` սերունդներին թողած հուշերը, լուսանկարները, զրույցները, նամակները եւ ներկայացնել ընթերցողին: Կփորձենք պարզել նաեւ, թե պետական արխիվում, թանգարաններում ինչ է պահպանվել այդ թեմայի վերաբերյալ: Կձգտենք ի մի բերել ժամանակի մամուլի հրապարակումները, ինչպես եւ Սյունիքին ու սյունեցիներին առնչվող նյութերը, գիտական հետազոտությունները:

Մենք ակնկալում ենք, որ մարզի բնակիչները, ովքեր ունեն համապատասխան տեղեկություներ եւ նյութեր, կհամագործակցեն թերթի խմբագրության հետ եւ իրենց ձեռքի տակ եղածը կուղարկեն խմբագրություն: Գյուղապետարանների եւ քաղաքապետարանների օգնությամբ հնարավոր է վերականգնել այն մարդկանց անունը, ովքեր (ըստ համայնքների) մասնակցել են առաջին համաշխարհային պատերազմին:

Սիրելի հայրենակիցներ, ձեր օգնությամբ կարող ենք 2014 թվականին ինչ-որ չափով ուրվագծել առաջին աշխարհամարտին Սյունիքի, սյունեցիների մասնակցության տարեգրությունը:
Նախապես շնորհակալություն ենք հայտնում աջակցության եւ համագործակցության համար:

«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: