10/23/2019

2013 թվականը Սյունիքում. ուշագրավ իրադարձություններ

2013 թվականը Սյունիքում. ուշագրավ իրադարձություններ

Հունվարի 12-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Կապանի բրիգադի կազմավորման 20-րդ տարեդարձը:

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի ընտրություն: Այդ նպատակով հունվարի 22-23-ին Սյունիք էր այցելել Սերժ Սարգսյանը: Քվեարկության արդյունքներով նա մարզում ստացավ քվեների 65,10 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 31,85 տոկոսը: 902 ձայն ստացավ Հրանտ Բագրատյանը, 587 ձայն` Պարույր Հայրիկյանը, 239 ձայն` Անդրիաս Ղուկասյանը, 129 ձայն` Արման Մելիքյանը, 281 ձայն` Վարդան Սեդրակյանը: Այդուհանդերձ մարզկենտրոն Կապանը մերժեց Սերժ Սարգսյանին. նրա օգտին քվեարկեց 7274 հոգի (42,1 տոկոս), Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 9375 հոգի (54,3 տոկոս): Գործող նախագահը մերժվեց նաեւ մարզի մի քանի գյուղերում: Սիսիանում եւ Քաջարանում էլ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հաղթեց աննշան առավելությամբ: Փետրվարի 27-ին, մարտի 10-ին եւ ապրիլի 1-ին Կապանում տեղի ունեցան հետընտրական հանրահավաքներ` կազմակերպված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:

Տարվա առաջին կեսին հայ հանրությունը քննարկում էր Սյունիքի արոտավայրերը պարսիկ խաշնարածներին տրամադրելու հարցը: Քննարկումն ավելի ակտիվացավ հունվարի 14-ից հետո, երբ երկօրյա այցով, Արեւելյան Ատրպատականի նահանգապետի հրավերով, Թավրիզ այցելեց Սյունիքի մարզի պատվիրակությունը: Հունվարի 15-ին Թավրիզում Արեւելյան Ատրպատականի եւ Սյունիքի մարզի միջեւ ստորագրվեց չորս համաձայնագիր, որոնք հանրության ճնշումների ներքո կյանքի չկոչվեցին:

Ամբողջ տարվա ընթացքում շարունակվեցին դատական ու նախաքննական գործընթացները 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարանում Գրիգոր Պապյանի սպանության գործի շուրջ: Ձերբակալվեցին մարզի իրավապահ համակարգի որոշ ղեկավարներ, ոմանք էլ պաշտոնանկ արվեցին: Իսկ դատաքննությունն այդպես էլ վերջնական հանգրվան չհասավ:

Հունվարի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ Գորիսի «ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի» բացումը:

Մայիսի 29-ին Մեղրիում տեղի ունեցավ ստորագրահավաք. 2382 հոգի դեմ արտահայտվեց Մեղրու տարածաշրջանում նոր հանքավայրերի շահագործմանը:

Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետի Գորիսի առանձնատան մոտ տեղի ունեցավ ողբերգական միջադեպ. ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացավ «Վարարակն» ՓԲԸ տնօրեն Ավետիք Բուդաղյանը:

Հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը Սուրեն Խաչատրյանին ազատեց Սյունիքի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Սուրեն Խաչատրյանը հունիսի 3-ին էր դիմել ՀՀ կառավարություն: Դիմումում մասնավորապես ասված էր` «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորություները մինչեւ նախաքննության ավարտը»:

Հունիսի 7-ին նշվեց Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 60-րդ տարեդարձը:

ՀՀ կառավարության հուլիսի 10-ի որոշմամբ Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը: Նրան նշանակելու մասին հուլիսի 4-ին որոշում էր ընդունել ՀՀԿ գործադիր մարմինը: Դրանից մի քանի օր առաջ նորանշանակը հայտարարել էր, որ ինքը երբեք չի զբաղեցնի մարզպետի արյունոտ աթոռը:

Հունիսի 29-ին վերաօծվեց Քաջարան գյուղի Սբ Հակովբ եկեղեցին:

Հուլիսի 20-ին, վերջին 1700 տարվա ընթացքում առաջին անգամ, Կապանում` քրիստոնեական կարգին հակառակ, տեղի ունեցավ արարողություն շարիաթի օրենքով:

Օգոստոսի 16-ին Գետաթաղի Եղիա մարգարեի անունը կրող սրբավայր-սարագագաթին օծվեց նորածագ խաչը:

Սիսիանը ճանաչվեց ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք: Այդ տիտղոսը քաղաքը կկրի 2014 թվականի ամբողջ ընթացքում: Սիսիանն այդպիսի ճանաչման արժանացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված մրցույթում` օգոստոսի 31-ին:

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Տեղի N1 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի բացումը:

Սեպտեմբերի 13-ին Կապանում ծնունդ առավ «Վերադարձ» երիտասարդական հասարակական շարժումը (հիմնադիրներ` Դավիթ Սիմոնյան, Արսեն Մարտիրոսյան):

Սեպտեմբերի 23-ին նշվեց Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղի միջնակարգ դպրոցի հիմնադրման 130-ամյակը:

Սեպտեմբերի 25-26-ին Սյունիքում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեպտեմբերի 29-ին Գորիսում ավանդական համաքաղաքային տոն էր, որի ընթացքում վերաօծվեց Սբ Հռիփսիմե եկեղեցին:

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Քաջարանին շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ շնորհելու 55-ամյակին նվիրված տոնակատարություն, որին մասնակցում էր ՀՀ նախագահը:

Սեպտեմբերի 29-ին N38 մեծամասնական ընտրատարածքում տեղի ունեցավ ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություն: Ոչ մրցակցային այդ ընտրությունում ԱԺ պատգամավոր նշանակվեց Արմեն Կարապետյանը:

Հոկտեմբերին նշվեց Կապանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 75-ամյակը: «Կապան քաղաքի օր» տոնական միջոցառումների վերջին ակորդները հնչեցին հոկտեմբերի 19-ին:

Հոկտեմբերի 12-ին նշվեց Կապանի Եղիշե Չարենցի անվան N13 հիմնական դպրոցի 30-ամյակը:

Հոկտեմբերի 20-ին Ագարակ քաղաքում նշվեց տեղի գնդի հիմնադրման 20-ամյակը:

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին տարվա մշակութային լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Գորիս քաղաքը:

Նոյեմբերի 11-13-ը Կապանում անցկացվեց համաժողով` նվիրված Սյունիքի մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածում ներդրումային հնարավորություններին:

Նոյեմբերի 18-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանը, ով այդ պաշտոնը ստանձնել էր մոտ մեկ տարի առաջ` 2012թ. նոյեմբերի 7-ին: Մարզի դատախազ նշանակվեց Արմեն Աֆանդյանը, ում ներկայացնելու համար դեկտեմբերի 9-ին Սյունիք այցելեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Նոյեմբերի 19-ին մարզում արձանագրվեց աննախադեպ իրադարձություն. Միքայել Օհանյանը ցած դրեց Մեղրի համայնքի ավագանու անդամի լիազորություները` դրանով իսկ անհամաձայնություն հայտնելով Մեղրի քաղաքի ներսում փոքր հէկ կառուցելու նախաձեռնությանը, ինչպես եւ շրջանում իրականացվող հանքարդյունաբերական քաղաքականությանը:

Դեկտեմբերի 11-ին, կյանքի 58-րդ տարում, մահկանացուն կնքեց Գագիկ Աթաջանյանը: 1996, 1999, 2002 եւ 2005 թվականերին նա, ինչպես ինքն էր հայտարարում, ընտրվել էր Կապանի քաղաքապետ, սակայն վերջին երկու հաղթանակը, դատարանի կայացրած վճռի ուժով, նրանից խլվեց: Գագիկ Աթաջանյանն անկախության շրջանի կապանյան իրականության ամենանշանավոր դեմքերից էր եւ մինչեւ կյանքի վերջ վայելում էր հայրենակիցների բացառիկ սերն ու հարգանքը:

Տարեվերջին տարօրինակ զարգացումներ տեղի ունեցան «Որոտանի հէկերի համալիր» ՓԲ ընկերության շուրջ: Նախ հայտարարվեց, որ ընկերությունը 180 մլն դոլարով վաճառվում է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը, այնուհետեւ կառավարությունը վերանայեց վաճառքի պայմանները…

Տարվա ընթացքում մարզի բնակչությունը պակասեց 11 հազարով կամ 7,3 տոկոսով:

Սիսիանի վոլեյբոլիստուհիների թիմը («Սյունիք» կանանց թիմը) չորրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն (մարզիչ` ՀՀ ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող Աղվան Հակոբյան):

Իտալիայում անցկացված 18-19 տարեկանների Եվրոպայի աթլետիկայի առաջնության եռացատկ մարզաձեւում 16 մ 01 սմ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ կապանցի Լեւոն Աղասյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: