12/06/2019

Տարեվերջյան հաշվետվություն

Մշակույթն ազգի հոգու, մտքի եւ կեցության ամենանուրբ, ամենախոր ու ամենապատկերավոր արտահայտությունն է: Այն ծնվում է ազգի հետ եւ նրանից սնվում ու ծաղկում դարերով: Մշակույթն ազգի դեմքն է, յուրաքանչյուր ազգ աշխարհին ներկայանում է ու ճանաչվում մշակույթով: Այնտեղ, որտեղ կա մշակույթ, կա եւ կյանք` իրական մարդկային կյանք:

Մշակույթն ապրում է մերթ դժվար, մերթ` թեթեւ կյանքով` այդկերպ հարթելով իր խորդուբորդ ու դարավոր հունը նաեւ Գորիսում: Մեր գողտրիկ Գորիսում, ուր երկնել են Ակսել Բակունցը, Գուսան Աշոտն ու Սերո Խանզադյանը, մշակույթը մեկ նիրհում է, մեկ` կայծկլտում, եռում ու դուրս գալիս իր հուներից:

Ամանորի նախօրյակին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կայացավ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան հաշվետվությունը: Այն իր մեջ ամփոփում էր մշակույթի կենտրոնի աշխատողների միահամուռ աշխատանքը: Միջոցառումը կարողացավ գեղեցիկ ու անմիջական տպավորություն ստեղծել: Այն կարծես դարձավ երկխոսություն մշակույթի աշխատողների եւ դահլիճի միջեւ: Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադիա Մարդյանը եւ Նելլի Արզումանյանը ներկայացրին նույն կենտրոնի, ինչպես եւ կենտրոնի գրադարանային բաժնի, երկրագիտական թանգարանի, պատկերասրահի, Սերո Խանզադյանի անվան տուն-թանգարանի անցած մեկ տարվա աշխատանքային ուղին:

Դահլիճի մարդաշատ լինելուց, նրանց ոգեւորված եւ գոհունակ ժպիտներից, ամեն ելույթից հետո հնչող ծափողջույններից պարզ երեւում էր, որ համերգ-հաշվետվության մասնակիցները կարողացել են իրենց ժողովրդական երգ ու երաժշտության, պարի, գեղեցիկ ու տպավորիչ խոսքի հարմոնիայի մեջ առնել հանդիսատեսին, ապահովել նրանց համար անհոգ ու սիրով լեցուն մի քանի ժամ:

2013 թվականին Գորիսը ճանաչվեց մշակութային քաղաք: Այդ գործում իր մեծ դերն ունի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը` շնորհիվ տնօրեն Արկադիա Մարդյանի ներդաշն ու հետեւողական գործունեության: Մշակույթի կենտրոնը հաղթահարելով շատ դժվարություններ` միշտ ի կատար է ածել իր առաքելությունը թե՛ քաղաքում, թե՛ քաղաքից դուրս` միջոցառումներին ընդգրկելով նաեւ Գորիս քաղաքի շնորհալի երիտասարդներին: Ես նույնպես` որպես ուսանող, բազմիցս առիթ եմ ունեցել մասնակցելու մշակույթի կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին, տեսնելու մարդկանց նվիրական աշխատանքը: Մշակույթի տան հենց շեմից էլ զգացվում է մշակութային կյանքի եռուզեռը: Մերթ պարի խմբերի, ժողովրդական գործիքների համույթի երգ ու երաժշտության, կիթառի լսվող ելեւէջները, մերթ ասմունքի խմբակի երեխաների տպավորիչ խոսքը, գրադարանի ամենշաբաթյա եւ ամենամյա ցուցահանդեսներն ու միջոցառումները հաստատումն են այդ ամենի: Մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում գրադարանի կողմից հաճախ են կազմակերպվում գրական-երաժշտական երեկոներ, որին ներկա են լինում թե գորիսեցիներ եւ թե մայրաքաղաքից ու հանրապետության այլ վայրերից ժամանած հյուրեր:

Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կայացած միջոցառումը վկայությունն է Գորիսի ակտիվ մշակութային կյանքի: Այն ինքնանվեր մարդկանց հանապազօրյա աշխատանքի արդյունքն է:

Եկեք գնահատենք մարդկանց աշխատանքը, քանի որ գնահատված լինելը մարդու հոգեւոր առաջնային պահանջմունքներից է:

ԱՐՈՒՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: