08/21/2019

Ծպտյալները, ովքեր ստանձնել են օլիգարխիկ կլանի կեղտոտ ներքնաշորերը լվալու վսեմ գործը

Ծպտյալները, ովքեր ստանձնել են օլիգարխիկ կլանի կեղտոտ ներքնաշորերը լվալու վսեմ գործը

ԱՆԴՐԱԴԱՐՁ


«Սյունյաց երկրի» 2014թ. առաջին համարի (15 հունվարի) մի քանի հրապարակման շուրջ բարձրացած փոթորիկը չի հանդարտվում: Բազմաթիվ ընթերցողներ (անգամ հոդվածներում մատնանշված անձինք) հավանություն են տալիս այդ հրապարակումներում բարձրացված հարցերին, դիտարկումներին, թերթի քաղաքացիական ու գաղափարական դիրքորոշմանն առհասարակ: Կան նաեւ թերթին ու հատկապես խմբագրին հայհոյողներ` բառի ամենաուղիղ իմաստով: Վերջիններս, առանց բացառության, պալատական ներքինիների եւ նաժիշտների կոհորտայից են եւ մարզպետին իրենց բռան մեջ պահելու համար ստվերային կարգով նրա չորս կողմը խժդժություններ են հրահրում, թշնամիների ու հակառակորդների տեսիլքներ ստեղծում: Պալատական ներքինիների ու նաժիշտների այդկերպ արձագանքն աներկբա կերպով հաստատում է, որ մեր հրապարակումներն առավել քան տեղին ու ժամանակին էին:
Մարզի ստվերային կառավարիչների (կարճ` ծտյալների խորհուրդ) մտքով ու ջանքով լույս աշխարհ եկած հրապարակումներից մեկի մասին է ստորեւ ներկայացվող արձագանքը:

Հունվարի 15-ի հրապարակումներից մեկը, վերնագրված «Այն օրվանից, երբ գնացի…», Գորիսում նախօրեին տեղի ունեցած հայտնի հանդիսույթի մասին էր` կազմակերպված ՀՀԿ մարզային խորհրդի կողմից: Վերնագիրն էլ Ամանորի շեմին տեղի ունեցած իշխանական խրախճանքներից մեկում մարզպետի պատվին հնչած երգի առաջին տողն է:

Փոքրիկ, գրեթե աննշանակ այդ հրապարակումը, սակայն, ոմանց նյարդայնացրել է: Եվ ծնվել է Մ.Լեւոնյան` առայժմ անհայտ եւ հանրությանը ոչինչ չասող ստորագրությամբ հեղինակի հոդվածը, որ հրապարակվել է հունվարի 20-ին մայրաքաղաքային կայքերից մեկում:

Ուշագրավ նյութ է ստացվել, որը քիչ հետո կքննարկենք, բայց հոդվածագրի հանձնառությունը, ըստ էության, գլուխ չի եկել: Հեղինակին չի հաջողվել` նախ` խմբագրի խոսքին շատ թե քիչ հակակշռող, ասվածը հերքող խոսք ասել կամ խմբագրի հետ կապված ինչ-որ բացահայտումներ անել: Մյուս կողմից` հեղինակին ու նրա գործակցին չի հաջողվել իրենցից ստեղծել օրվա մարզպետին կրծքով պաշտպանողի, օլիգարխիկ համակարգի նվիրյալների կերպար, քանզի իրենց պահել են ողորմելի մարդուկի պես, թաքցրել սեփական անուն-ազգանունը եւ մկան ծակից ծիկրակի անողի տպավորություն թողել:

Հունվարի 23-ին մենք էլեկտրոնային փոստով այսպիսի գրություն հղեցինք վերոնշյալ կայքի պատասխանատուներին. «Ես «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն եմ, ում մասին դուք հունվարի 20-ին վայրահաչություն եք տպագրել: Մեր պատասխան խոսքը գրելու համար խնդրում ենք ձեր օգնությունը` պարզելու Մ.Լեւոնյան հեղինակի ով լինելը, հասցեն, աշխատանքի վայրն ու հեռախոսը` մեր խոսքում հնարավոր թյուրիմացություններից խուսափելու եւ գնահատականների մեջ առավելագույնս օբյեկտիվ լինելու համար: Խնդրում ենք նաեւ մեզ հայտնել կայքի խմբագրի, ինչպես եւ հիմնադրի (հիմնադիրների) անուն-ազգանունը, որպեսզի պարզենք ու հասկանանք, թե խմբագրությունն առանց նյութի մեջ տեղ գտած վիրավորանք ու զրպարտություն պարունակող արտահայտությունները ստուգելու, ինչպես եւ ինչ մղումով է հրապարակել զազրախոսությունը: Հույս ունենք, որ այսօր եւեթ դուք դրական պատասխանով կարձագանքեք մեր ողջամիտ խնդրանքին` գոնե այս դեպքում ցուցաբերելով տարրական բարոյականություն»: Պատասխան չստացանք: Հունվարի 24-ին կրկին ուղարկեցինք գրությունը եւ դարձյալ մնացինք անպատասխան: Կայքի տեղեկատու բաժնում նշված հեռախոսահամարով քանիցս զանգահարելուց հետո նույնպես որեւէ մեկի ձայնը չլսեցինք:

Մայրաքաղաքային լրատվամիջոցի պատվանդան ելած (վերջերս) այդ կայքը` ջայլամային կեցվածքով եւ կեղծանուններով նյութեր հրապարակելու առաքելությամբ, անտարակույս, ամոթալի իրողություն է, եթե ոչ անբարոյականություն: Կապանում մեզ հավատացնում են, որ այն հիմնել է Սյունիքի ֆեոդալական-օլիգարխիկ համակարգի բուրգը եւ նպատակ ունի, նախեւառաջ, գորիսյան ընթացքն իր համար ցանկալի ձեւով «լուսաբանել»: Եվ հայտարարվել է գրաճանաչների զորահավաք` ծպտված կայքին աջակից լինելու համար:

Այդ հանգամանքը, այնուամենայնիվ, մեզ չի զարմացնում: Ընդհակառակը` նման պահվածքը եւ կեղծված ստորագրությամբ նյութեր հրապարակելու գործելակերպը հավելյալ անգամ հիշեցրին, որ դա հատուկենտ մարդկանց քիմքին հաճո զբաղմունք է Սյունիքում: Նույն հեղինակի ստորագրությամբ եւ նույն կայքում վերջին շրջանում էլի նյութեր են հրապարակվել: Օգտագործված բառամթերքից, ոճից կարելի է նախնական մի քանի ենթադրություն անել:

Ոմանք համառորեն մեզ համոզում են, թե Մ.Լեւոնյան կեղծանունով անձնավորությունը կապանյան ծագումով «լրագրողն է», ով սեռական ոչ ավանդական կողմնորոշման պատճառով տեղափոխվել է համեմատաբար անծանոթ միջավայր` Երեւան` իր բուն գործով առավել անկաշկանդ զբաղվելու համար, բայց շարունակում է, ինչպես նախորդ տարիներին, մարզի մասին պատվիրված տեղեկություններ շաղ տալ` դրանք ստանալով լրատվական իր աղբյուրից, ով Կապանում է: Ստուգելու, ճշտելու բան է, մանավանդ որ շրջանառվում է Մ.Լեւոնյան կեղծանունով անձնավորության մեկ այլ վարկած եւս, թեեւ դրանից չեն փոխվում ո՛չ հոդվածի բարոյականությունը, ո՛չ էլ ծպտված հեղինակի մարդկային որակը:

Առհասարակ չի կարելի եզրահանգումներ անել ենթադրությունների եւ ասեկոսեների հիման վրա. այդ կանոնին էլ հետեւում ենք սույն հրապարակման մեջ: Բայց Մ.Լեւոնյան ստորագրությամբ նյութերի ուսումնասիրումը թույլ է տալիս, ինչպես նշեցինք, հստակ դատողություններ անել ծպտյալ լրագրողի եւ նրա լրատուի մասին. այնքա՜ն շատ են զուգադիպությունները նախկինում գրված նմանատիպ կեղծագրերի խոսքի ու ոճի հետ: Միայն կեղծանունն է ժամանակ առ ժամանակ փոխվում:

Ստույգ կարող ենք ասել հետեւյալը` ծպտյալների զույգը, որոնց խոսակցության թեման այս փուլում Գորիսն է, Կապանից են եւ Գորիսի մասին պատվիրված «տեղեկությունները» ջանում են ներկայացնել իբրեւ իրականություն` կարծելով հավանաբար, որ իրենց խոսքին լուրջ վերաբերվողներ գտնվեն: Մինչդեռ` կեղծ ստորագրությամբ հանդես գալը, իրենց իրական անունը հանրությունից թաքցնելն արդեն իսկ խոսում են մեր ընդդիմախոսների չնչինության եւ հաղորդած տեղեկությունների սնանկության մասին:

Եթե իսկապես նրանք ենթադրվող «գոյություններն» են, ապա, հավատացեք, այդ ամենը թերարժեքությունից բխող սովորական տվայտանք է նաեւ: Քսան տարի շարունակ փորձում են լրագրող դառնալ, բայց չի ստացվում: Միգուցեեւ ստացվեր, եթե լրագրությունն ու բանսարկությունը չնույնացնեին, եթե հրաժարվեին խխունջային պահվածքից, մարաղ մտնելու սովորույթից: Ու իրենց չկայացած լինելու համար մեղավոր են համարում «Սյունյաց երկիր» թերթին: Մեր ողորմելիներին տարիներ շարունակ թվում է` չլինեին թերթն ու նրա խմբագիրը, իրենք հանրային լուրջ ընկալումի կարժանանային: Եվ տարիներ ի վեր, ամենափոքր առիթ լինելու դեպքում, հոդված են մոգոնում տողերիս հեղինակի դեմ` չխախտելով սակայն մարաղ մտածի իրենց կուսությունը: Հիմա էլ արթնացել են վերստին, քանզի օլիգարխիկ կլանը տառաճանաչների եւ բարակ ձայնով տղաների զորահավաք է սկսել:

Ծպտյալները, միաժամանակ, չեն համակերպվում իրողությանը, որ «Սյունյաց երկիր» 2013թ. հունիսի 1-ի հայտնի ողբերգությունից հետո հավասարակշիռ ու անկողմնակալ պահվածք է դրսեւորում, կրքերի բորբոքմանը չի նպաստում: Մինչդեռ` նրանց ոսկոր շպրտողները գորիսյան կացության շիկացում են երազում:

Ծպտյալները ծանր են տանում իրողությունը, որ «Սյունյաց երկիրը» սյունիքյան ներկա ընթացքի ճշմարիտ վավերագրությամբ է զբաղվում, մինչդեռ իրենք (եւ հատկապես տեղեկատվության աղբյուր ծպտյալը) նորին գերազանցություն օլիգարխին հավաստիացրել են, որ մարզի լրատվական դաշտում հուսալիորեն եւ հերոսաբար կպաշտպանեն Վահեի թիկունքը: Եվ քանի որ քաղաքակիրթ ճանապարհով Վահեի թիկունքը պահելը վեր է իրենց լղար ուսերից, ապա փորձում են աղմակարարության էժան ճանապարհով գնալ` փոխարենն ասելու, ներկայացնելու, ցուցադրելու, թե կոնկրետ ինչ գործով է զբաղված մարզպետը:

«Սյունյաց երկրի» դեմ օլիգարխիկ բուրգի հրամանով եւ ֆինանսավորմամբ բացված նոր ճակատին, կապանյան խմբակից բացի, առայժմ միայն մի հոգի է համերաշխություն հայտնել. նկատի ունենք շիմպանզեի ընդգծված արտաքինով ու կեցվածքով զառամ կուրտիզանուհուն` մարզի արեւմտյան գավառակից, որ իր մերժվածության համար վրեժխնդիր է լինում հանուր աշխարհից:

Ծպտյալները, սակայն, բախվել են տխուր իրողության եւ չեն կարողացել վարկաբեկիչ տեղեկություններ պեղել տողերիս հեղինակի մասին: Եվ ընտրել են բացառապես իրենց բնորոշ` մոր կաթ չկերածի պահվածք. եթե չենք կարողանում վրեժխնդիր լինել խմբագրից, ապա վրեժխնդիր լինենք նրա որդուց: Իմիջիայլոց, տարիներ առաջ նույն «լրագրողները» ճիշտ նման ոճով ու բառապաշարով, այդ օրերի մարզպետին հաճոյանալու եւ թերթ-մարզպետ անհամաձայնության կրակի վրա ձեռքեր տաքացնելու համար, մեր մասին հոդվածներ հրապարակեցին (մեկը` դարձյալ կեղծված ստորագրությամբ) եւ մեզ մեղադրեցին «լրջագույն ու աններելի» մեղքերի մեջ` գյուղաբնակ եղբայրս հող է մշակում, ցորեն արտադրում, անասուն պահում` պատերի տակ պարապ նստելու եւ հորանջելու փոխարեն… Մենք նրանց չարձագանքեցինք` տեսնելով, որ բանսարկությամբ գոյություն քարշ տվող մարդկանց համար անբացատրելի է, երբ 21-րդ դարում մարդ լծվում է հող մշակելու եւ անասուն պահելու ծանրագույն գործին: Այս անգամ եղբորս անունը չեն հիշատակել, նշել են որդուս անունը, ով Գորիսի պետական քոլեջի տնօրենն է: Ծպտյալները որդուս չեն մեղադրել իր պարտականություններն անբավարար կատարելու, մանկավարժական գործը վատ իմանալու, ուսանողների, դասախոսների, գորիսյան հանրության շրջանում պատշաճ հեղինակություն չվայելելու, բանակային ծառայությունից (ուրիշների պես) ճողոպրած լինելու, կեղծ ստորագրությամբ ու դիմակով հանրությանը ներկայանալու մեջ: Ծպտյալները բոլորովին այլ «մեղադրանք» են ներկայացրել` Կարեն Լազարյանն ավարտել է ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը: Անկեղծ ասած` դա ճիշտ եւ տեղին քննադատություն է: Որդիս, հոդվածագիրներից մեկին հանգույն, փոխարեն գնար Ռուսաստանի ծայրամասային մի բուհից դիպլոմ առներ եւ գար Կապանում հասարակական գործչի կամ լրագրողի խրտվիլակ դառնար, տարիներ է կորցրել եւ սովորել Հայաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկի մանկավարժական ֆակուլտետում:

Ծպտյալները ոչ միայն չեն ուզում հաշտվել այդ, այլեւ այն մտքի հետ, որ որդիս տնօրեն է դարձել մրցակցային հանրահայտ ընտրության արդյունքում` նախարարության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչի մասին տեղեկատվությունը նույն օրը տարածվել է գորիսյան լրատվամիջոցներով, ապա` մարզային թերթի հերթական համարով:

Ծպտյալներին ու նրանց հաչեցնողին հանգիստ չի տալիս, որ Կարեն Լազարյանն իրենց պես ջերմոցաբույս չէ, որ նրան հաջողվել է դժվարին մեր օրերում, բացառապես սեփական ուժերին ապավինած, շարունակել կրթօջախի լավագույն ավանդույթները, հարյուրավոր պատանիների ու աղջիկների տալ որակյալ, մրցունակ մասնագիտական ու արհեստագործական կրթություն:

Ծպտյալ Մ.-ն ու նրա գործակիցը, սակայն, ամենից շատ տառապում են հունվարի 11-ի գորիսյան հայտնի հանդիպումը «ձախողված» համարելու մարմաջով: Խիստ ալեկոծվել են, որ տարածքային իշխանության այդքան ջանքերից ու սպառնալիքներից հետո, այնուամենայնիվ, երեք հարյուր մարդ է հավաքվել հանդեսին, որոնց թվում գորիսյան գրեթե բոլոր ղեկավարներն էին ու մարզպետարանի ենթակա չինովնիկներ նույնպես: Ըստ էության` ինքներս էլ չպետք է այդքան դաժան գտնվենք եւ ճշմարտության հետեւից ընկնենք: Եկեք, գոնե այսօրվանից, մխիթարենք մեր ընդդիմախոսներին` ասելով` «Հունվարի 11-ի գորիսյան միջոցառումն իսկապես ձախողվել է»:

Ծպտյալները մկան ծակից ճամարտակում են, թե Գորիսը վերջին ամիսներին ապաքրեականացում է ապրում` այդպես էլ չհասկանալով, որ Գորիսը, նախեւառաջ, հոգեւոր տարածք է ու արժանապատիվ անհատականությունների տարածք, որտեղ քրեական անձանց պահվածքը (որքան էլ զարմանանալի է) բյուր անգամ ավելի ցանկալի ու տանելի է, քան բարակ ձայնով, երկար մազերով տղեկների ինքնահիաց ու խլշած վազվզոցը` Գորիսում տեղի ունեցող կենցաղային բնույթի մանրուքներն անգամ օլիգարխիկ բուրգին ու նրա ծպտված սպասավորներին րոպե առաջ տեղյակ պահելու մոլագարությամբ: Քրեական աշխարհ ասվածի գորիսյան ընկալումն էլ այլ է: Մեկը գողանում է մեր ազգային ունեցվածքը, մեդալ ու պաշտոն ենք տալիս, մյուսը մեքենան արագ է վարում, քրեական հանցագործի պիտակ ենք կպցնում: Գորիսում, բարեբախտաբար, այդպես չեն մտածում եւ Սյունիքի ապաքրեականացման մասին այլ պատկերացում ունեն:

Մեր ծպտյալ ընդդիմախոսները, ամեն ինչով հանդերձ, նաեւ բացառիկ ու անուրանալի արժանիք ունեն: Ոչ ոք նրանց պես չի կարող ձեռքեր տաքացնել ուրիշների դժբախտության եւ դժվարության վրա, ոչ ոք չի կարող նրանց պես ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել: Անպայման ընթերցեք Մ.-ի խզբզոցը (ոչ միայն Մ.Լեւոնյան ստորագրությամբ) եւ կհամոզվեք, որ այդ ստահակն ու նրա խամաճիկն անթաքույց հրճվանք են ապրում գորիսյան հայտնի ողբերգությունից: Եվ շատ ծանր են տանում, որ Գորիսում նոր արյուն չի հեղվում, որ Գորիսն ապրել ու ապրում է իր սովորական ու բնականոն առօրյայով:

Ձեռքեր տաքացնելու մի լավ հնարավորություն էլ ստացել են Սուրեն Խաչատրյան-Մաքսիմ Հակոբյան հակամարտության նոր փուլի շնորհիվ: Եվ աղոթում են (ըստ հավաստի աղբյուրների), որ հանկարծ Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրության պատրվակով նրանք վերստին չմիավորվեն (այնժամ ծպտյալները պահանջված չեն լինի, եւ խառնակչությամբ զբաղվելու դաշտը կփոքրանա):

Եվ այդ ամենին զուգահեռ չեն մոռանում գլխավոր գործը` հնարավորինս շատ քարկոծել «Սյունյաց երկրին». թերթի դիրքորոշումն են պայմանավորում այլոց դիրքորոշմամբ: Հետաքրքիրն այն է, որ նախորդ տասը տարում էլ այդ ողորմելիները Սուրեն Խաչատրյանին էին «պաշտպանում» թերթի քննադատությունից, բայց երբ մենք ասացինք` Սուրեն Խաչատրյանն իրոք այս-այս գործերը գլուխ է բերել մարզում, ասացին` ուրեմն թերթը կաշառվել է… Ի դեպ, դեղատան կշեռքի ճշգրտությամբ արված եզրակացություն է: Մարդիկ միայն երկու մլրդ դրամ ծախսեցին պատգամավորի մանդատը հերթական անգամ առնելու համար, մի քանի մլն դոլար ծախսեցին հայտնի աթոռը որոշ ժամանակով վարձակալելու համար, պարբերաբար «մուծվում» են` մայրաքաղաքային որոշ լրատվամիջոցների բարեհաճ վերաբերմունքն ապահովելու համար, միջոցներ են ծախսում` հայրենի բնօրրանում մարդկանց սովորական ժպիտն ու բարի լույսը կորզելու համար: Եվ այդ պարագայում, հանկարծ, «Սյունյաց երկիրը» կաշառք չի՞ վերցնում լավ կամ վատ հրապարակման համար: Անհավատալի է: Եթե իսկապես այդպես է, ապա ամոթ «Սյունյաց երկրին»:

Հիմա էլ պարզվում է, որ տարիներ առաջ Մաքսիմ Հակոբյանը թերթին «Նիվա» մեքենա է նվիրել: Անկեղծ լինենք` այն ժամանակ դեմ չէինք լինի, որ նա թերթին մեքենա նվիրեր, ի վերջո, մեր լրագրողներն անընդհատ շրջագայության մեջ են, ի վերջո, ինքն էլ Քաջարանի կոմբինատի լեռնագործների հասանելիքն է (մի քանի մլն դոլար արժեցող) «նվեր» ստացել: Փոխարենը, մինչդեռ, մենք ենք (շատերի հետ) նրան նվեր տվել` մեր ազգային ունեցվածքի մի մեծ պատառը, Սյունիքի մարզպետի աթոռը, մեր բացառիկ բնաշխարհն ապականելու մանդատը, մեր անկախ պետականությունը ծաղրելու արտոնագիրը… Թե չէ` մեքենա, ֆլան-ֆստան:

Ինչեւէ, հոդվածագրի ու նրա գործակցի չարչարանքներին այս անգամ էլ կարող ենք ըմբռնումով մոտենալ, եթե հատկապես վերջինիս մարզպետը նշանակի խոստացած պաշտոնին: Ըստ մեզ` մարզպետը ճիշտ կաներ, որ ծպտյալի գործունեության լեգիտիմացումն արագացներ. 1996-ից (մարզպետարանի հիմնադրման օրերից) ի վեր մարդն ամեն ստորության դիմում է` այդ կառույց խցկվելու համար, բայց չի հաջողվում…

Վերջում` մի հորդոր ծպտված զույգին. շպրտեք, խնդրեմ, դիմակը եւ դուրս եկեք մկան ծակից ու ապրեք մարդավարի: Մենք կարող ենք բանավիճել հրապարակավ` յուրաքանչյուր լսարանում եւ ցանկացած թեմայով: Համ էլ ձեր մերձավորները գոնե այսուհետ գլխահակ չեն մնա ձեր իսկ «ստուկաչության» պատճառով: Ի վերջո, տղամարդուն անվայել բան է` ամեն օր խաբարներ հավաքել կամ հորինել եւ դրանք հաղորդել Երեւան կամ քննարկման առարկա դարձնել պրոֆիլակտորիայի գիշերային սոյբաթներում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: