10/23/2019

Ստորագրվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գույքի առուվաճառքի պայմանագիր Պաշտոնական

Ստորագրվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գույքի առուվաճառքի պայմանագիր Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են` Հայաստանի Հանրապետության անունից` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից` «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից` ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ եւ կարեւորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը: «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ եւ նոր ներդրումային ծրագրերով», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Գարի Լիվսլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` արդյունավետ համագործակցության համար եւ վստահեցրել, որ իրենք կանեն ամեն ինչ` արդյունավետ գործընկեր դառնալու համար: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ` Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար», - նշել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը: Լիվսլիի խոսքով` այս գործարքը կարող է նպաստել նաեւ արեւմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:

Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, կարեւորելով այս գործարքը, նշել է, որ այն կնպաստի նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

«Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 մեգավատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայան աշխարհի 17 երկրում` Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակից եւ հանդիսանում է ավանդական եւ այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր եւ շահագործող, ներառյալ քամու եւ արեւային էներգիան: Արեւելյան Եվրոպայում` Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում եւ Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Հայաստանյան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը` 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Առաջիկա 6 տարվա ընթացքում ընկերությունը ստանձնել է պարտավորություն` ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման եւ վերանորոգման գործում` համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների եւ ծախսերի ծրագրի, որը կքննարկվի եւ կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ։ Վերջինս հաստատել է նաեւ այն սակագնային պլանը, որի համաձայն ընկերությունը կապահովի մոտակա 25 տարվա ընթացքում Որոտան համալիրի անխափան եւ շարունակական շահագործումը:

29 հունվարի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: