08/21/2019

ԱՐԾՎԱՆԻԿ

ԱՐԾՎԱՆԻԿ

ՍԿԻԶԲԸ

Այդ են վկայում 1931-ի մարդահամարի տվյալները: 1931թ. գյուղում կար 180 տնտեսություն (ծխեր), 890 շնչով, միջին հաշվով ընտանիքում ապրում էր հինգ մարդ:

1931-32թթ. գյուղատնտեսական տեխնիկան մուտք գործեց նաեւ Արծվանիկ: Կոլտնտեսությունը գնել էր մեկ ավտոմեքենա եւ մեկ տրակտոր: Գյուղի առաջին մեխանիզատորներն էին Սարգիս Սարգսյանը եւ Ստեփան Արզումանյանը:

1931-32-ին սկսվեց կոլտնտեսային ակումբի կառուցումը, այն ավարտվեց 1940-ին, ուներ 250 տեղանոց ընդարձակ դահլիճ, խաղասենյակներ եւ վարչական գրասենյակներ: 1973-ին կառուցվել է նոր մշակույթի պալատը:

1931-37 թվականներին արծվանիկցիներից յոթն աշխատանքի է անցել Ղափանի պղնձահանքային կոմբինատում: Նրանցից էր Վահան (Սմբատ) Մաթեւոսի Անդրեասյանը, ով աշխատել է թիվ 5,6 եւ 7 հանքերում` դառնալով ստախանովյան շարժման սկզբնավորողներից մեկը կոմբինատում: 1938-ին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արծվանիկի 75-րդ ընտրական օկրուգից, իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցության 11-րդ համագումարում ընտրվել է Կենտրոնական կոմիտեի անդամ:

1936-37թթ. կոլտնտեսության վարչության նախագահ Արամ Մանուչարյանին փոխարինել է Արշակ Հակոբյանը`Շիկահող գյուղից, ապա` Երեմ Բարսեղյանը (1938-42թթ.)` Արծվանիկից:
Գյուղական խորհրդի նախագահներ են աշխատել Ստեփան Արզումանյանը (1932-33թթ.), Վնեսաց Խաչոն (1933-34թթ.), Արամ Գասպարյանը (1934-36թթ.), ոչ տեղացիներ Ամասիա Դավթյանը (1936-37թթ.) եւ Ռուբեն Հարությունյանը(1937-38թթ.):

1937 թվականին շրջանում շիկացած էր քաղաքական մթնոլորտը: Գործում էին մի շարք հակահեղափոխական խմբակներ: Այսպես կոչված հակահեղափոխական հայտնի խմբակ էր Արծվանիկ գյուղի «տրոցկիստական-դաշնակցական» խմբակը: Խմբակի կազմում էին.

  • Գեդեոն Գաբրիելյանը (ղեկավար). էտապով քշվեց Սիբիր, վերադարձավ 1942-ի կեսերին եւ մահկանացուն կնքեց հայրենիքում,
  • Արամ Մանուչարյանը (Միշա Մանուչարյանի եղբայրը). կոլտնտեսային շարժման կազմակերպիչ, Արծվանիկի կոլտնտեսության նախագահը, աքսորվեց եւ վերադարձավ 1939-ին,
  • Երեմ Ալավերդյանը (կոլտնտեսության նախագահը). ձերբակալվեց 1936-ին, ազատվեց 1938-ին, կամավոր մեկնեց ռազմաճակատ եւ զոհվեց,
  • Արամ Գասպարյանը (Արծվանիկի գյուղական խորհրդի առաջին նախագահ),
  • Իշխան Զաքարյանը (Երեմ Ալավերդյանի հորեղբոր որդին, կոլտնտեսական):

Վերոնշյալ խմբակի անդամներին տարբեր մեղադրանքներ ներկայացվեցին (Գ.Սմբատյան, «Երկաթե վարագույրից այս կողմ», Երեւան, 2009, էջ 104-105, 109-114):

1937-ի բռնությունների զոհ դարձան նաեւ արծվանիկցիներ Միքայել Մանուչարյանը, Գերասիմ Մանուչարյանը, Պատվական Սարգսյանը, Արշակ Մանուչարյանը, Սաքո Հովակիմյանը, Արամ Մանուչարյանը, Գասպար Գասպարյանը, Տիգրան Սահակյանը, Արամ Սարգսյանը, Սմբատ Հովհաննիսյանը, Պատվական Վարդանյանը, Բախշի Սարգսյանը եւ ուրիշներ:

Արծվանիկցի շինականը շատ ու շատ դառնություններ է կրել, բայց չի վհատվել` քաջ գիտակցելով, որ նեղ գիշերին հաջորդում է պայծառ լուսաբացը: Բայց, ավա՜ղ, սկսվեց Մեծ հայրենականը: Կտրուկ փոխվեց կյանքի ռիթմը:

Նորից դողաց հողագունդը, նորից պղտորվեցին եւ ալեկոծվեցին համայն մարդկության սրտերը: Խորհրդային բազմազգ ժողովրդի հետ միասին Արծվանիկի տղաները մեկնեցին ռազմաճակատ` կրծքով պաշտպանելու հարազատ հայրենիքը: Պատմական Կարմրավանքի լեռնապարը եղավ վկան այն մայրերի, քույրերի, սիրած աղջկա արցունքներին, որոնց ձեռքի ափերը հովեզր դարձրած աչքերին, նայում էին հեռավոր բլրակին`սպասում իրենց հարազատների հաղթական վերադարձին:

Զորակոչիկների մեջ էին նաեւ Արծվանիկի կանայք, նրանցից էին բուժքույրեր Աշխեն Անդրեասյանը, Աստղիկ Հայրապետյանը, Ծաղկավարդ Սարգսյանը եւ ուրիշներ: Ռազմաճակատ մեկնած տղաներին թիկունքում փոխարինեցին կանայք, ծերեր եւ դպրոցականներ: Նրանք գուլպաներ, ձեռնոցներ, ծխախոտ, տաք հագուստ եւ ծանրոցներ ուղարկեցին ռազմաճակատ: Տանկային շարասյուն կառուցելու հաշվին յուրաքանչյուր արծվանիկցի հատկացրեց մեկ ամսվա իր վաստակը: Երկրորդ աշխարհամարտի ռազմաճակատ մեկնեց 235 արծվանիկցի, որոնցից զոհվել է 104-ը: Զոհվածներից 56-ը մինչեւ պատերազմ մեկնելը չէր հասցրել ընտանիք կազմել:

…Հաղթանակից հետո անցան տարիներ, արծվանիկցիները չեն մոռացել մարտի դաշտում ընկած համագյուղացիներին, միջոցներ են հայթայթել եւ գյուղում հոյակապ հուշարձան կանգնեցրել ի հավերժացում զոհվածների սուրբ հիշատակի:

«Արծվանիկցիների Մեծ հայրենականում մասնակցության մասին» տես նաեւ` Է.Մանուչարյան, Հր.Սահակյան «Արծվանիկ», Երեւան, 2009թ., էջ 44-54:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ են եղել Արամ Գասպարյանը (1942-43թթ.) Տիգրան Սարգսյանը (1943-46թթ.): Արծվանիկի գյուղական խորհրդի նախագահ են եղել Հովակիմ Հովակիմյանը (1938-42թթ.) եւ Եսթեր Գալստյանը` առաջին կին նախագահը(1942-1945թթ.):

Հետպատերազմյան տարիներին գյուղատնտեսությունը հետ էր ընկնում, առավել տուժել էր տնտեսության այդ ճյուղը: 1947թ. դեկտեմբերին վերացվեց պարենային մթերքների բաշխման քարտային համակարգը եւ կատարվեց դրամական ռեֆորմ, ինչը նպաստեց ապրանքադրամային հարաբերությունների ծավալմանը: Այդ փոփոխությունների շնորհիվ որոշակիորեն կարգավորվեց նաեւ արծվանիկցիների վիճակը:

1947 թվականի սեպտեմբերի 1-ին գյուղում բացվել է մանկապարտեզ, շենքը կառուցվել էր 1940 թվականին: Հիմնադիր-վարիչն էր Պայծառիկ Սարգսյանը, աշխատել է մինչեւ 1949թ., նրան փոխարինել է Թամարա Բալասանյանը (1949-1988թթ.), այնուհետեւ` Սանամ Հայրապետյանը, իսկ այժմ ղեկավարում է Թերեզա Սահակյանը:

Ամենաշատ երեխաներ են հաճախել 1947-49թթ.` 50: Մանկապարտեզի գոյության տարիներին նախադպրոցական կրթություն ստացած 350 երեխա ոտք է դրել հայրենի գյուղի դպրոցի շեմին: Այժմ մանկապարտեզ է հաճախում 12 երեխա:

Մանկապարտեզը մինչեւ 2004 թվականի հունիս ամիսը համագործակցում էր ՄԱԿ-ի պարենային ծրագրի հետ, որը որոշ չափով օգնում էր սննդի ապահովման հարցով:

Եթե պատերազմի տարիներին մեղմացել էր նախորդ շրջանի բռնությունների ալիքը, ապա հետպատերազմյան շրջանում այն կրկին ծավալվեց: Ռեպրեսիաներ կիրառվեցին զինվորների նկատմամբ, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերեվարվել էին, սկսեցին ձերբակալություններն ու աքսորը հեռավոր Սիբիր:

107 աքսորված ընտանիքների մեջ էին նաեւ արծվանիկցիներ Հայկ Հարությունյանը, Անդրի Գեւորգյանը, Արշակ Զաքարյանը, Ալավերդի Սարգսյանը, Իշխան Հայրյանը, Սուրեն Խաչատրյանը եւ Պատվական Սարգսյանի ընտանիքը: Ստալինի մահից հետո նրանք արդարացվեցին:
1953թ. հետո մի շարք փոփոխություններ տեղի ունեցան գյուղում:

1950-61թթ. կոլտնտեսության վարչության նախագահ են աշխատել Շուշանիկ Սեյրանյանը, Տիգրան Սարգսյանը, Հովակիմ Հովակիմյանը, Բոգդան Ամոյանը, Խաչիկ Գեւորգյանը, Աշոտ Բաղդասարյանը, իսկ գյուղական խորհրդի նախագահ` Երեմ Սարգսյանը, Աշոտ Բաղդասարյանը եւ Մինաս Մինասյանը: Կոլտնտեսության վարչության նախագահ Աշոտ Բաղդասարյանին 1961-ին փոխարինել է Արտավազդ Հարությունյանը (Նազիմով): Նրա նախաձեռնությամբ կառուցվել է Սեւաքար գետի վրա ջրհան կայան, որը 3կմ հեռավորությունից ջուրը մղել է ջրամբար (տարողությունը 200տոննա) ու ոռոգելի դարձրել 50-60հա հողատարածք:

Ծխախոտագործուհիներից աչքի են ընկել Քնարիկ Ավագյանը, Ազատուհի Սարգսյանը, Վարդանուշ Աբելյանը, Ալմաստ Հարությունյանը, Լուսիկ Ստեփանյանը, Ելենա Հովակիմյանը, Գոհար Բաբաջանյանը եւ ուրիշներ: Իսկ ծխախոտագործուհի Արուսյակ Ալեքսանյանը լավագույն ցուցանիշներ ձեռք բերելու համար ընտրվել է ՀԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատգամավոր` Արծվանիկի օկրուգից: Այդ տարիներին ավելացան խոշոր ու մանր եղջերավոր անասունների քանակը եւ բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքները, որի շնորհիվ բարելավվեց գյուղացիների ապրելակերպը: Որոշ փոփոխություններ կատարվեցին աշխատանքի վարձատրության ձեւի մեջ, գյուղացին արդեն ամեն ամիս իր վարձատրությունն աշխօրի փոխարեն ստանում էր փողով:

Գյուղացին հող ստացավ, ծխացին թոնիրները, լավաշ հացի բուրմունքը տարածվեց Արծվանիկում: Եկամուտների հաշվին 12 ընտանիք կառուցեց բնակելի նոր շենք:

1961-ին կառուցվել է 25 մահճակալանոց հիվանդանոց` բոլոր հարմարություններով, մինչեւ 1976թ. գործելուց հետո տրամադրվել է հոգեբուժարանին, իսկ այժմ այդտեղ տեղավորված է «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնը: Բուժաշխատողներից աչքի են ընկել Ժորա Դումանյանը, Արաքսյա Գալստյանը, Ֆլորա Դանիելյանը, ուրիշներ: Այժմ գործում է բժշկական համաբուժարան` (բժիշկ` Ն.Գրիգորյան, բուժքույրեր` Ա.Եսայան եւ Արեւիկ Հարությունյան): Համաբուժարանը սպասարկում է նաեւ շրջակա գյուղերի բնակչությանը (ընդհանուր հաշվով 3000 մարդ): Հատկապես դժվարություն է առաջանում հիվանդի տեղափոխության ժամանակ: Չկան ստացիոնար բուժսպասարկման նպաստավոր պայմաններ:

Գյուղում գործում էր փոստ, հեռագրատուն, անասնաբուժարան:

Համայնքն ուներ մշակույթի տուն (կառուցված 1973-ին) եւ հարուստ գրադարան` մոտ 18,5 հազար կտոր գրականությամբ: Համայնքի անդամները հանդիպումներ են ունեցել Պ.Սեւակի, Ս.Կապուտիկյանի, Ս.Խանզադյանի, կոմպոզիտոր Արամ խաչատրյանի, լրագրող-արձակագիր, Մեծ հայրենականի մասնակից Միքայել Հակոբյանի հետ: Գյուղում ստեղծվել էր երաժշտական ինքնագործ խումբ: Երաժիշտներից էին Գաբրիել Մանուչարյանը, Գրիգոր Աբրահամյանը, Բախշի (Խուդի) Հայրապետյանը, Ղեւոնդ Հակոբյանը, ովքեր մասնակցեցին 1937թ. Երեւանում կազմակերպված գեղարվեստական ինքնագործունեության մրցույթ-ստուգատեսին եւ արժանացան առաջին կարգի դիպլոմի: Նրանց գործը շարունակել են Հովհաննես Սահակյանը, Ալբերտ Միրզոյանը, Սեդրակ Սահակյանը, իսկ այժմ` Ալեն Սահակյանը, Վահրամ Հովհաննիսյանը եւ ուրիշներ:

Գյուղի թատերական ինքնագործ խումբը ղեկավարում էր Ղափանի պետական թատրոնից ՀՀ վաստակավոր դերասանուհի, արծվանիկցի Անիկ Հարությունյանը: Նա գյուղում բեմադրեց «Նամուս» պիեսը, որում ակտիվություն են ցուցաբերել Արմենակ Եսայանը, Թամարա Բալասանյանը եւ ուրիշներ: Գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Մանուչարյանը պատմության խմբակի անդամների օժանդակությամբ ստեղծեց հայրենագիտական թանգարան, որտեղ պահպանվում են պատմական նշանակություն ունեցող իրեր: Սակայն շենքը գտնվում է անմխիթար վիճակում:

Արծվանիկը հայկական կոլորիտով տիպիկ գյուղ է, այստեղ տարիների ընթացքում մարդիկ իրար են փոխանցել կենսական նշանակություն ունեցող արհեստները:

Հիմա տարեց մարդիկ ակնածանքով են խոսում բրուտներ Հայրապետ, Արա եւ Եփրեմ Ստեփանյան եղբայրների, դարբիններ Աղագյուլի, Բաղդասարի, Հմայակի, Առաքելի, Լեւոնի, Խազարչի, Մկրտիչ Գեւորգյանի, ատաղձագործ Գրիգոր Սահակյանի, որմնադիրներ Նավասարդ Զաքարյանի, Գալուստ Հակոբյանի, ջուլհակներ Արուսյակ Հարությունյանի, Վարդիգյուլ Սահակյանի, Մանուշակ Հովհաննիսյանի, արոր պատրաստող Սմբատ Բաղդասարյանի, ջրաղացպաններ Աղագյուլ Հովհաննիսյանի, Աբգար Գեւորգյանի, Հայրապետ Գասպարյանի, Արշակ Հայրյանի մասին:
Գյուղում գործում էր նաեւ երկու ջրաղաց. մեկը` Մերաղուլաց, մյուսը` Հապետաց: Գործել է նաեւ Աղագյուլաց ձիթհան կայանը: Այդ բոլորը տեղակայված էին Սեւաքար գետի վրա:

Ի դեպ, գյուղի 12-ից ավելի երկարակյաց ապրել է 90 եւ ավելի տարի:

1962-80թթ.կոլվարչության նախագահներ են աշխատել Բոգդան Ամոյանը (1962-64թթ.), Արմենակ Դանիելյանը (1964-71թթ), Պավլուշա Ղազարյանը(1971-74թթ.), Հրանտ Հարությունյանը (1974-80թթ.), իսկ գյուղական խորհրդի նախագահ են եղել Հմայակ Ավագյանը (1961-78թթ.), Արամ Սահակյանը (1978-88թթ.), Կարո Միրզոյանը (1988-92թթ.), Գառնիկ (Սերոբ) Հովհաննիսյանը (1992-2000թթ.), Նորայր Աբելյանը (2000-08թթ): Քառասունհինգ տարի քարտուղար է աշխատել Ռոզա Դանիելյանը, այժմ քարտուղար է աշխատում Աննա Սահակյանը:
1969-ին ծխերի թիվը 143 էր, բնակչության թիվը 680, իսկ 1989-ին` 180, բնակչության թիվը` 685: 1970-80-ական թվականներն արծվանիկցիները բնորոշել են որպես բարեհաջող ժամանակաշրջան: Կոլտնտեսությունը ձեռք է բերել մեկ թրթուրավոր տրակտոր, երկու կոմբայն, մեկ ծղոտ հավաքող մեքենա, երեք շարքացան, չորս բեռնատար ավտոմեքենա: Մեխանիզատորներ են աշխատել Հրաչիկ Օհանջանյանը, Հրաչիկ Օհանյանը, Հովհաննես Ստեփանյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը եւ ուրիշներ, իսկ այժմ` Հենո Օհանյանը, Վահան Միրզոյանը, Ջանիկ Հովակիմյանը, Սաքո Սարգսյանը, Արամայիս Հակոբջանյանը, ավտովարորդներ` Լիպարիտ Ավետիսյանը, Սերյոժա Աբելյանը, Հրանտ Անդրեասյանը, Սարգիս, Բորիկ Հայրապետյանները, Աշոտ Անդրեասյանը եւ ուրիշներ:

Գյուղատնտեսական աշխատանքներում աչքի են ընկել Իլյա Խաչատրյանը, Շմավոն Սահակյանը, Խաչիկ Գեւորգյանը, Արտավազդ Հովակիմյանը, Արկադիա Սողոմոնյանը եւ ուրիշներ: Անասնապահության բնագավառում ներգրավվել էին Սահակ Օհանջանյանը, Հմայակ Ավագյանը, Անուշավան Հարությունյանը, Շաբոնիկ Դանիելյանը, Սերյոժա Անդրեասյանը, Սերյոժա Ստեփանյանը, Գառնիկ Սարգսյանը, Թամաշ Ստեփանյանը, Մանուշակ Հովակիմյանը, Աղավնիկ Հովհաննիսյանը, ոչխարաբուծության ճյուղում` Բագրատ Սահակյանը, Կարապետ, Գառնիկ Օհանջանյանները, Արտաշ Միրզոյանը, Ալբերտ Միրզոյանը, որը մրցության հաղթող է ճանաչվել եւ մասնակցել Մոսկվայում կայացած գյուղատնտեսության աշխատողների արհմիության համագումարին:

Խոզաբուծական ֆերմայում առաջավոր աշխատանքի համբավ ունեին Սերյոժա Հարությունյանը, Դրաստամատ Հայրապետյանը, Ռաֆիկ Հարությունյանը եւ ուրիշներ: 1979թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքը մսի պլանը 490ց-ի փոխարեն կատարել է 533ց-ով, կաթի պլանը` 32ց-ի փոխարեն 103ց, բրդի պլանը` 32ց-ի փոխարեն` 34ց:

Տնտեսությունը մշակել է 436հա հացահատիկ, բազմամյա խոտաբույսեր, ծխախոտ, բանջարեղեն: Գյուղն ուներ 136 կով, 1643 ոչխար, 306 խոզ:

Տարեցտարի ավելացել են տնտեսության դրամական եկամուտներն ու կոլտնտեսականի միջին աշխատավարձը: 1974թ. 133 հազարի դիմաց 1979-ին տնտեսության դրամական եկամուտը կազմել է 270368 ռուբլի: 1981թ. հունվարի 1-ից կոլտնտեսությունը վերածվեց պետական տնտեսության(սովխոզ): Տնօրեններ են աշխատել` Համազասպ Գեւորգյանը (1988-89թթ.), Արարատ Մանուչարյանը (1989-91թթ.) եւ Անուշավան Հարությունյանը (1991-93թթ.), իսկ 1993-ին Արծվանիկի պետական տնտեսությունը լուծարվեց, եւ սեփականաշնորհման արդյունքում հողը հանձնվեց գյուղացիներին:

Գյուղի համայնքը նաեւ մարզական կյանքով է ապրել: 1950-ական թվականներից սկսած մրցում էին գյուղի վերին ու ներքին թաղերի երիտասարդները ու կազմակերպում հետաքրքիր միջոցառումներ: Գյուղի ֆուտբոլային թիմը Նորաշենիկ գյուղում կազմակերպված Արթուր Հակոբյանի հուշամրցաշարի ժամանակ երկու անգամ գրավել է երկրորդ տեղը` պարգեւատրվելով մեդալներով, 200 հազար դրամական պարգեւով եւ թանկարժեք նվերներով: Համայնքն ունի ֆուտբոլային խաղադաշտ, որը սակայն չի համապատասխանում ժամանակակից չափորոշիչներին: Մարզիչներ են եղել Հմայակ Բաղդասարյանը, Սուրեն Խաչատրյանը, Յուրա Ալավերդյանը եւ ուրիշներ:
1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժումը համաժողովրդական բնույթ ստացավ: Արծվանիկցիները դարձան այդ շարժման մասնակից: Առաջին իսկ օրվանից 120 հոգի` 19-50 տարեկաններ, կազմեցին հինգ ջոկատ, մասնակցեցին սահմանամերձ Կաղնուտ գյուղի եւ մյուս սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը: Արծվանիկցիներ Արարատ Մանուչարյանը, Հարութ Հարությունյանը, Աշոտ Հայրյանը, Կամո Ստեփանյանը, Հունան Եսայանը, Մայիս Հակոբջանյանը, Միքայել Դանիելյանը եւ ուրիշներ, մարտերով հասել են մինչեւ Հորադիզ: Հորադիզ կիսակայարանի մատույցներում զոհվել են Վահրամ Սահակյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Սոս Ղազարյանը:

Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհվել է ինը արծվանիկցի: 2005թ.կառուցվել է խաչքար, որ հավերժացնում է Արցախյան գոյամարտում զոհված արծվանիկցիների հիշատակը: Գյուղապետ Անուշավան Հարությունյանի անձնական միջոցներով մանկական այգում կառուցվել է Արցախյան ազատամարտում ընկածների հիշատակին նվիրված` նրանց դիմանկարներով հուշահամալիր, որը դարձել է սրբատեղի, հուշահամալիրի հարակից փողոցն անվանակոչված է զոհված ազատամարտիկ Վահրամ Սահակյանի անունով:

Հայրենի բնօրրանի բարեգործները քաջ գիտակցում էին, որ մերձավորներին, մտերիմներին օգնելուց զատ, պետք է նեցուկ լինեն նաեւ գյուղին: Նման բարերարներից մեզ հայտնի են 1878թ. Արծվանիկ գյուղում հաշտարար դատավոր, փաստաբան Բեկզադյանը, նա բնակվում էր Արծվանիկում, առաջինն էր, որ գումար նվիրաբերեց դպրոցի կառուցման նպատակով: Խոշոր բարերարներ դարձան Մերաղուլաց Խոսրովը եւ գյուղի քյոխվա Սերգեյ Մանուչարյանը, ովքեր 150 գլուխ խոզ եւ 60 ոչխար անհատույց հանձնեցին համագյուղացիներին: Արմատներով արծվանիկցի, բաքվաբնակ Միքայել Մանուչարյանն իր անձնական միջոցներով կավե խողովակներով Երիցավանքից 2կմ հեռավորությունից ջուրը գյուղ է հասցրել 1928թ. եւ կառուցել հուշաղբյուր, որ այժմ գտնվում է գյուղի կենտրոնում:

Բարերարներից էր նաեւ ամերիկաբնակ Հրաչ Հարությունյանը. 1999թ. 1000 դոլար տրամադրեց գյուղի դպրոցին եւ դա շարունակեց ամեն տարի, մինչեւ 2006թ.:

Իսկ մոսկվայաբնակ Միշա Մարգարյանը 2003թ. ի վեր 55-60 մլն դրամ ներդրում է արել հայրենի գյուղում: Բարերար Միշա Մարգարյանի մասին տե՛ս «Սյունյաց երկիր» թերթ, 30 նոյեմբերի 2012թ., թիվ 29:

Արծվանիկ գյուղն առավել զարգացում ապրեց անցած դարի երկրորդ կեսին եւ ներկայումս հպարտանում է իր նշանավոր մարդկանցով, ովքեր ճանաչում ունեն հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս: Նրանցից են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հարությունյանը, գիտության թեկնածուներ Գերասիմ եւ Գագիկ Դավթյանները, Ժորա Գասպարյանը, Բելլա Հարությունյանը, Էվելինա Հովհաննիսյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր եւ Ղեւոնդ Զաքարյանները, Մարիա Գասպարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Կարեն Հայրապետյանը, Հայկազ Զաքարյանը, Յուրա Գասպարյանը, լրագրող-արձակագիր Միքայել Հակոբյանը, քաղաքական գործիչներ Միքայել Մանուչարյանը, Արարատ Տեր-Հարությունյանը, զինվորականներ Լեւոն եւ Միքայել Ստեփանյանները, Արարատ Մանուչարյանը, Էդուարդ Հովհաննիսյանը, Շաբոնիկ Բալասանյանը, Սուրեն Գասպարյանը, Լյովա Հովակիմյանը, ուրիշներ:

Գյուղում եղել են կաթողիկոս Աբրահամ Կրետացին, Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը, Գարեգին Նժդեհը, Զորավար Անդրանիկը, Րաֆֆին, Մուրացանը, Բակունցը, Ստեփան Լիսիցյանը, Սերո Խանզադյանը, Արամ Խաչատրյանը, Ալիխանյան եղբայրները եւ այլ նշանավոր գործիչներ:
Այսօր գյուղն ունի 230 տնտեսություն, բնակչության թիվը` 710, մեծամասամբ բնիկներ:

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսության երկու ճյուղով` անասնապահությամբ եւ հողագործությամբ: Համայնքի տարեկան բյուջեն 39 մլն դրամ: Վարչական տարածքը` 2002հա, վարելահողեր` 360հա, 2013թ., ըստ գնահատումների, համայնքի գյուղացիական տնտեսությունը ստացել է 1հա-ից 20ց ցորեն եւ նույնքան էլ գարի: 2013-ի դրությամբ համայնքում կա 887 խոշոր եղջերավոր, որից` 357 գլուխ կով, 625 գլուխ ոչխար եւ այծ, 357 գլուխ խոզ: Անասունների քանակն ավելացել է:

Համայնքի տարածքում կա հինգ խանութ, գյուղապետի նախաձեռնությամբ համայնքը ձեռք է բերել հացահատիկահավաք կոմբայն, գերմանական խոտհնձիչ եւ թրթուրավոր տրակտոր` Քաջարանի կոմբինատի աջակցությամբ (գլխավոր տնօրեն` Մաքսիմ Հակոբյան):

Համայնքում գործում էր ներքին ավտոմատ հեռախոսային կայան, այժմ բաժանորդները հաղորդակցվում են բջջային կապով: Բնակչությունը հնարավորություն ունի դիտելու վեց հեռուստաալիք:

Այլընտրանքային կարգով 2008թ. համայնքապետ է ընտրվել Անուշավան Հարությունյանը, ով մինչ այդ աշխատել է հայանտառտնտեսությունում որպես տնօրեն:

«Ես իմ գյուղում եմ ծնվել. մեծացել, տեղյակ եմ համայնքի բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներին, գիտակցել եմ մի բան` յուրաքանչյուր գյուղացու նկատմամբ պետք է ուշադրություն դրսեւորել, հենց այդ մտայնությամբ որոշեցի գյուղապետ առաջադրվել»: Նրա ղեկավարման օրոք գյուղում էական գործեր են արվել: Համայնքի սեփական միջոցներով եւ ուժերով գյուղամիջյան ճանապարհի 5կմ-ից շուրջ 880մ-ն արդեն ասֆալտապատվել է, տարվել են ներհամայնքային ճանապարհների փոսալցման մասնակի աշխատանքներ, ամբողջովին վերանորոգվել է գյուղապետարանի երկհարկանի շենքը: Կատարվել է 2կմ երկարությամբ ջրագծի վերանորոգում: Նորոգվել է մշակույթի տան տանիքը, վերափոխվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի ցանկապատը (բետոնե): Իրականացվել են նաեւ սոցիալական աջակցության ծրագրեր` յոթ ուսանողի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ուսման վարձի վճարման նպատակով: Սոցիալապես անապահով ութ ընտանիքի 20 հազարական դրամ օգնություն է տրամադրվել: Դժբախտություն պատահած ընտանիքներին ցուցաբերվել է 100-150 հազար դրամ օգնություն: Ամեն տարի օգնություն է ցուցաբերվում զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Միջազգային համագործակցության ծրագրեր են իրականացվել գյուղում:

«Քաունթերփարթ Արմենիա» ընկերության եւ համայնքի հետ համատեղ իրականացվել են գյուղի կենտրոնի դահլիճի կահավորումը, տեխնիկայով (ձայնային) համալրումը, կա համակարգչային կենտրոն: Համայնքում շահագործման է հանձվել մանկական խաղահրապարակը «Վորլդ վիժն» ընկերության հետ համատեղ: Գյուղն ունի փողոցային լուսավորություն: Արդեն սկսված են 1855թ. կառուցված եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Ի դեպ, վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են գյուղապետ Անուշավան Հարությունյանի անձնական միջոցների հաշվին, նաեւ բարերարներ Կարո Բաբաջանյանի, Ռաֆիկ Համբարձումյանի եւ Մուրազ Գրիգորյանի նվիրատվությամբ:

Գյուղը նրա համար հարազատ օջախ է, ինքը` հարգված ու սիրված անձնավորություն: Գյուղացիների վստահությունն ու սերն Անուշավանի հանդեպ պատահական չեն: Համայնքը մարզում լավագույններից է, ու գյուղապետը մարզի համայնքների ճանաչված ղեկավարներից է:

Նախորդ տարիները բազմաթիվ փոփոխություններ են մտցրել գյուղի կյանքում, արձանագրվել է լուրջ առաջընթաց գյուղատնտեսության բնագավառում, ինչն անշուշտ, նաեւ գյուղապետ ընտրված եւ «Վազգեն Սարգսյան» մեդալի արժանացած Անուշավան Հարությունյանի ջանքերի շնորհիվ է, ով հինգ տարի ղեկավարում է համայնքը:

-Համայնքն ունի բազում չլուծված խնդիրներ, - մասնավորապես ասաց Անուշավան Հարությունյանը:

- Իմ առաջիկա խնդիրը գյուղի մանկապարտեզի վերանորոգումն է, շենքը 20 տարի չի նորոգվել, մոսկվայաբնակ բարերար Միշա Մարգարյանի եւ մեր միջոցներով սկսված է նախակրթարանի մասնաշենքի երեք սենյակի վերանորոգումը, ինչը մոտ ժամանակներս կավարտվի:

Այնուհետեւ տիրոջ զգացումով շարունակեց խոսքը. «Առաջիկայում դեռ շատ ծրագրեր ու մտահղացումներ կան իրականացնելու, որոնք կնպաստեն համայնքի օրախնդիր հարցերի լուծմանը»:

Թող հինավուրց Արծվանիկն ապրի իրապես բարի գործերով, լեցուն առօրյայով, թող նրա ընթացքը ձուլվի հավերժին, իսկ համայնքն էլ ապրի բարեկեցիկ, հետաքրքիր կյանքով:

ՀՐԱՆՏ ՍԱՀԱԿՅԱՆ
Վաստակաշատ մանկավարժ

Հ.Գ. Հոդվածը պատվիրել եւ տպագրությունը հովանավորել է Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: