08/21/2019

ԱՐԾՎԱՆԻԿ

ԱՐԾՎԱՆԻԿ

Տեղանքը համաշխարհային տեղացուցային համակարգում 46 աստիճան 28՛ 25՛՛ արեւելյան երկայնության եւ 39 աստիճան 15՛ 42՛՛ հյուսիսային լայնության հանգուցակետն է, ծովի մակերեւույթից բարձր է մոտ 1140մ: Գյուղը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղավորման մեղմաթեք լանջերին, Կապան մարզոստանից 8 կմ հս-արլ, Կապան-Գորիս մայրուղու վրա, ունի 20,2 քառ. կմ տարածք եւ հարեւանում է ԶՊՄԿ լճազտիչ թափուկավայրին:

Ըստ պատմիչ Ստ. Օրբելյանի` գյուղը Երեց կամ Երիցակավանք է կոչվել այրու որդու` ,խարազնազգեստ եւ խստակրոն ճգնավոր Երիցակիե անվամբ, ով 6-րդ դարում ներկայիս գյուղի մերձակայքում կառուցել էր Երիցավանքը, եղել վանահայր, այնուհետեւ, Մուշե Այլաբերցի կաթողիկոսի (526-534) հաճությամբ օծվել Սյունիքի եպիսկոպոս (Օրբ., Ի, ՀԴ): Թեմը ղեկավարել է մեկ տարի:

Պատմական հարուստ անցյալ ունեցող գյուղը, որ մերձակայքում հնավայրեր ունի, մատենագրության մեջ առբերվել է տարընթերցվածներով` Արցեվանիկ, Երեց-Երեցվանիկ, Երիցավանք, Երիցավանիկ, Իրիցվանիկ, Կարմիր վանք, Նախջավանիկ: Կապանա խոսվածքում Ըրցվանեք է, բառաթեքումներում` Ըրցվանգա: Արծվանիկ անհեթեթ անվանումը շրջանառվել է ռուսատիրության ուշ ժամանակներից:

Մերձակայքում են Ագռավի տապան միջնադարյան կառույցը, մ.թ. ա. 4-1-ին դարերի հնագույն ամրոցների ավերակները, որտեղ գտնվել են ձայնարկու գուսանների բրոնզե արձանիկներ: Դրանց աջ ձեռքերին ագուցված են շան, իսկ գլուխներին` աքաղաղի կատարներով ու կենդանիների եղջյուրներով դիմակներ: Արձանիկները պահվում են Մոսկվայում` ՌԴ պատմության պետական թանգարանում:

Տաթեւի վանքի տասներորդդարյան հարկացուցակում Երեց գյուղը հիշատակված է Բաղաց աշխարհի Քաշունիք (կամ Բարգուշատ) գավառում, ի թիվս 52 գյուղերի, հարկի 12 դահեկան չափով: Պատմության հոլովույթում գավառների սահմանները փոփոխվում էին եւ, ըստ այդմ` գյուղը հիշվել է նաեւ Աճանան գավառում, Կյուպարայի մահալում, երբեմնակի հիշվել է որպես ավան, գավառի կենտրոն: Կրթալուսավորչական աշխատանքը գյուղում, սկսած Երիցակ 1-ինի ժամանակներից, եղել է եկեղեցու առաջնահերթ գործառույթներից մեկը: Դրա վկայությունը երիցվանիկցի ուսյալ այրերի անվանական հիշատակումներն են մեր մատենագրության մեջ: Սուրբ Երիցակի կառուցած Սբ Նախավկա եկեղեցու տարածքի ,պարսպից ներս կային շուրջ քառասուն խցիկներ` քուրձ հագնող լռակյաց մշտական ճգնավորներով, որոնք… անընդհատ տքնությամբ վառվում էին հոգու շնորհների բոցովե (Օրբ., Ի): 9-րդ դարի վերջին տասնամյակում, Գեւորգ Գառնեցի (877-897), այնուհետեւ Մաշտոց Եղիվարդեցի (897-898) կաթողիկոսների հայրապետության տարիներին, հայտնի էր Երիցավանքի առաքինարանի մեծ կառավարիչ Թեոդորոս քահանան, ում հետ ճգնողական մեծամեծ գործերով փայլում էր նաեւ հայր Գեորգ քահանան, ով թաղված է Սբ Երիցակի մոտ, նույն սրբարանում: Մաշտոցի կաթողիկոսության ժամանակ էլ Գեորգը շարունակ նրա հետ էր լինում, մինչեւ նրա վախճանը: Իսկ Մաշտոցի մահից հետո գալիս ու բերում է այդ երանելու շուրջառը, խույրակերպ կնգուղը եւ պարեգոտը որպես նշան Սյունիքի համար (Օրբ., ԽԶ):

Առանձնակի հետաքրքրություն ունի Վահանավանքի տապանագրերից այս մեկը. ,Թվ. ՇԾԱ (1102): ՀԱՅՐ ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՈ ՎԱՆԱՑ ԱՌԱՋՆՈՐԴ ՈԻԽՏԻՍ ՅԻՇԵՑԻՔ ՅԱՂԱՒԹՍե: Արդ, Հայր Գրիգորը ծնունդով Երիցավանքից էր, առաջնորդել է Վահանավանքում, ուր եւ գտել է իր հանգիստը (Գր. Գրիգորյան, Վահանավանք, էջ 66):

Գյուղից մոտ 3 կմ հս-արլ` բարձրավանդակի վրա, քարափի պռնկին կիսավեր Երիցավանքն է` Կարմիր վանքը, հարակից Ստ. Նախավկա եկեղեցիով ու ճգնավորի մատուռով: Բնակավայրի արեւմտակողմում` Կռավար հանդում, թաղակապ եկեղեցի կա, որի շուրջը հնամենի ու նորոգ հանգուցելոց գերեզմանատունն է: Ըստ Տեղանունների բառարանի` եկեղեցին կառուցվել է 991թ., Երիցակ 2-րդի կողմից: Պահպանվել են վերանորոգման (1032թ.) եւ այլ արձանագրություններ: Մի խաչքարի թիկունքին փորագրված է 13 տողանոց ծածկագիր արձանագրություն, որը, ըստ պրոֆ. Ա.Գ. Աբրահամյանի, ,մեզ հասած հնագույն ծածկագրությունն է, որի մեջ միաժամանակ գործ են ածված վեց տարբեր բանալիներով գաղտնագրված ծածկագրեր…ե
(Հայկ. ծածկագրություն, էջ 183):

Ասպատակող թշնամուն դիմակայելու վերաբերյալ գյուղում սերնդե-սերունդ ավանդազրույցներ են հյուսվել, հիշարժանները գրառված են բանահավաքների կողմից: Լենկթեմուրյան շրջանի (1370-1405) ինքնապաշտպանական ճակատամարտի ասքն ,Ըռնածօրե պատումի մեջ է: Ցայժմ տեղանքն այդպես էլ կոչվում է` Արյան ձոր… Պատմում են, որ Կռավարից գյուղը ներկայիս տարածքն է տեղափոխվել 14-րդ դարում եւ միավորել շրջակա Կռմեն, Կաթնաղբյուր, Բերդագլուխ, Քամխաչ, Պհածտեղ փոքրավուն գյուղերը: Հարկադրական արտագաղթեր միշտ եղել են, սակայն նախնյաց արյան կանչով սերունդները վերահաստատվել են հայրենի եզերքում: Գյուղի երեւելիները գործունյա մասնակցություն են ունեցել ազգային-ազատագրական շարժումներին: Իսրայել Օրու` Անգեղակոթի հայտնի ժողովին (1699) մասնակցել է նաեւ Երիցավանքի մելիք Փիլիպոսը: Հետագայում մելիքությունը ժառանգեց իր դիվանագիտական ներուժով տակավին սակավ բացահայտված` դավաճան հորջորջված մելիք ֆրանգյուլը, ով այրի մոր հետ Սեւաքար վերաբնակության էր եկել Պարքոն գյուղից…

1881թ. վիպասան Րաֆֆին հյուրընկալվել է գյուղում եւ տարեցներից գրառել բնակավայրի հնավանդ անվանումներից մեկը` Նախջավանիկ, որն, ի դեպ, առկա է Տաթեւի վանքի հին հարկացուցակում` 10 դահեկան հարկաչափով: Հուշագրող Ա. Ծատուրյանը տեղեկագրել է, որ վիպասանի այցելության ժամանակ ցարական գավառային հաշտարար դատարանի ատյանն Արծվանիկում էր` գավառի կենտրոնում (Րաֆֆին ժամանակակիցների հուշերում, էջ 283): Ըստ մի ավանդազրույցի` Րաֆֆու այցելությունը զուգադիպել է դպրոցական նոր շենքի նավակատիքին: Տնօրեն ընտրվեց Մեսրոպ քհն Տեր-Հարությունյանը, ով իր քանքարով հայտնի էր Ղափանում (Սյունիք) եւ նրա սահմաններից դուրս: Ի դեպ, Ս. Խանզադյանի դիվանի գրառումներում տեղեկագրված է, որ կզնութեցի Գարեգին Նժդեհի նախնիները համատոհմ են Արծվանիկի Տեր-Հարությունյանների հետ…
1881-ին Կովկասյան ուսումնական շրջանի վարչությունը, Ստ. Զելինսկու (ազգագրագետ Ստ. Մկրտչյան) նախաձեռնությամբ, սկսել էր Կովկասի բնակավայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը գլխավորապես ուսուցիչների միջոցով: 1893թ. լույս տեսած 17-րդ գրքի մեջ զետեղված է Արծվանիկի դպրոցի ուսուցիչ եւ տնօրեն Եփրեմ Մելիք-Շահնազարյանի ,Լջ տՏՉպՐՌռ, տՐպՊՐՈրրցՊՍՏՉ Ռ վՈՐՏՊվօւ տՐՌՎպՑ ՈՐՎÿվ իՈվչպջցՐրՍՏչՏ ցպջՊՈե հոդվածը, որը վերահրատարակվել է 1904թ. 34-րդ գրքում` համալրված օրհնանքներով, խնդուկներով, անեծքներով եւ այլ բանահյուսական նյութերով ու կենցաղային նկարագրություններով: 19-րդ գրքում նույն հեղինակի ,հՉՈՊՖոօ ջՈվչպջցՐրՍՌւ ՈՐՎÿվե հոդվածի մեջ հարսանեկան սովորությունների մանրամասն նկարագրությունն է, 25-րդ գրքում` ,հպսպվՌպ ԸՐՓՉՈվՌՍ իՈվչպջցՐրՍՏչՏ ցպջՊՈ ժսՌրՈՉպՑտՏսՖրՍՏռ չցոպՐվՌՌե, գավառի տիպիկ գյուղի կենցաղի ամբողջական պատկերը:

Ծխերի թիվը գյուղում. 1823թ.` 11, 1832թ.` 23,1842թ.` 35, 1859թ.` 50, 1869թ.` 52, 1890թ.` 87: Բնակչության թիվը. 1831թ.` 143, 1897թ.` 933, 1926թ.` 779, 1939թ.` 861, 1959թ.` 667, 1970թ.` 712, 1979թ.` 639:

Գյուղի` 1855թ. կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին, հոգեւոր առաքելությունից զատ, հոգեւոր այրերի հետեւողականությամբ դիմակայել է թշնամական ներխուժումներին, որոնք հետ էին մղվում Տեր-Հարությունյան քահանայական տոհմի ղեկավարությամբ: 1905-06թթ. ազգամիջյան բախումների ժամանակ կարեւոր դերակատարում ունեցավ Մեսրոպ քահանա Տեր-Հարությունյանը, ով Բարգուշատի Ագարակ, Եղվարդ, Զեյվա, Մողես, Խդրանց, Ուժանիս, Կաշկառոտ գյուղերի համատեղ պաշտպանության կազմակերպիչն էր: Տեր Մեսրոպի որդին` ՀՅԴ անդամ Գրիշա Տեր-Հարությունյանը, զենք-զինամթերքի հայթայթման ջատագովն էր: Գյուղից արեւելք գտնվող գյուղերի բնակչությունը, ապահովության նպատակով, նրա հորդորով ապաստան գտավ Արծվանիկում:

Այս շրջանի դեպքերը նկարագրել-հուշագրել է առաջաձորցի Սահակ Տեր-Աստվածատրյանը` ականատես գյուղագիր Ջանունին: Արծվանիկում օթեւանել ու հրատապ խորհրդակցություններ են անցկացրել անվանի հայդուկապետեր, ցարական աստիճանավորներ, 1906թ.` նույնիսկ գեներալ-նահանգապետը:

1914թ. հուլիսի 19-ին սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը, ռազմաճակատ մեկնելու ծանուցագիր են ստանում նաեւ արծվանիկցիները: Առաջին աշխարհամարտին մասնակցել են Սմբատ Հովհաննիսյանը, Խիկար Խաչատրյանը, Զիլփի Սահակյանը, Գերասիմ Մանուչարյանը, Աղասի Սահակյանը, Արշակ Հայրյանը եւ ուրիշներ:

Մասնակիցների հուշերը գրի են առնվել: 85-ամյա Մկրտիչ Գեւորգյանը պատմում էր. ,Իմպերիալիստական պատերազմում ընկա Սարիղամիշ: 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչեւ 1915թ. հունվարի 5-ը վճռական ճակատամարտ էր տեղի ունենում այդ շրջանում: Ձմռան ցրտերի ու սառնամանիքների պայմաններում, ռուս զինվորների հետ, մարտնչում էինք չտեսնված համառությամբ: Դեկտեմբերի 22-ին հակահարձակման անցանք ու թշնամուն պարտության մատնեցինքե:

1918-ից խառնակ ժամանակներ էին սկսվել: Բռնկված սովին ու խոլերայի համաճարակին ավելացան ազգամիջյան ընդհարումներն ու գաղթականների բազմությունը: Թուրքական զորքերը նպատակ ունեին գրավել Ղափանը, ողջ Զանգեզուրը եւ ճանապարհ բացել դեպի Նախիջեւան:

1918թ. հունիսի 28-ին Եղվարդի ճակատամարտում դաշնակցական Գրիշա եւ կոմունիստ Արարատ Տեր-Հարությունյան եղբայրների գլխավորած արծվանիկցիների զինված ջոկատն օգնության եկավ կռվողներին, հաղթանակի հասավ հայկական գյուղեր ներխուժած թուրքական ուժերի դեմ: Այդ ճակատամարտում ծանր վիրավորվել եւ մահացել է Գրիշա Հարությունյանը: Եղվարդի ճակատամարտի մասին հուշեր է թողել մարտերի մասնակից Արտաշես Ծատուրյանը:

Գրիշա Հարությունյանը ծնվել է 1885-ին, Արծվանիկ գյուղի հոգեւորականի ընտանիքում: Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, այնուհետեւ ուսումը շարունակել Էջմիածնի ճեմարանում: Ծառայել է ռուսական բանակում, ստացել զինվորական սպայի կոչում: Ապա սովորել ու ավարտել է Պետերբուրգի սպայական դասընթացը: Մասնակցել է ռուսական բանակի արշավանքներին, իսկ հետագայում` հայրենի եզերքի պաշտպանությանը: Իր երիտասարդ կյանքը հայրենիքի ու ժողովրդի պաշտպանությանը նվիրաբերած Գրիշա Հարությունյանի անունն ու հիշատակն անհայտության մեջ էր մնացել:

Բռնություններն Արծվանիկում, որոշների նկատմամբ, պատճառաբանված էին: 1920թ. օգոստոսի 28-ին Կապանի բանտում սպանվել էր բոլշեւիկ հեղափոխական Արարատ Տեր-Հարությունյանը: Դժվար է որոշել, թե երիտասարդ կոմունիստին Նժդեհին հանձնելու գործում ինչ դեր են ունեցել համագյուղացիները:

Արարատ Տեր-Հարությունյանը ծնվել է 1892-ին, Արծվանիկ գյուղում, հոգեւորականի ընտանիքում: Սկզբնական տառաճանաչությունը ստացավ ծննդավայրի մեկդասյա դպրոցում, ապա սովորել է Շուշիի թեմական դպրոցում, բարձր գնահատականներով ավարտել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: Մասնակցել է մարքսիստական խմբակների կազմակերպմանը, ընկերացել է Անաստաս Միկոյանի եւ ուրիշների հետ: 1917թ. իրադրության փոփոխման պատճառով վերադառնում է ծննդավայր: Սկզբում աշխատում է ուսուցիչ Շրվենանց գյուղում, ապա` Արծվանիկում:

Ինչպես ճեմարանում, այնպես էլ Կապանի շրջանում` Սեւաքար, Զեյվա (Դավիթբեկ) գյուղերում մարքսիստական գաղափարներ էր պրոպագանդում: Արարատ Տեր-Հարությունյանի սպանությունը երկպառակություն առաջացրեց Արծվանիկում, մատնության մեջ միմյանց սկսեցին մեղադրել մարդիկ, թշնամացան գերդաստաններ, 20-ականներին հանիրավի զոհեր եղան:

Դավիթբեկ եւ Արծվանիկ գյուղերում հայտնված 11-րդ Կարմիր բանակը պատճառ եղավ այս եւ շրջակա գյուղերի բնակչության փախուստին: Արծվանիկի համար արյունահեղ մարտեր եղան, գյուղը երեք անգամ ձեռքից ձեռք անցավ: Նժդեհին հաջողվեց երկու անգամ դուրս շպրտել ռուս-թուրքական ուժերին: Երրորդ անգամ նա դիրքերը զիջեց առանց դիմադրության: Արծվանիկին այս անգամ վնաս չպատճառվեց:

,Երբ կարմիր բանակայինները մտան Արծվանիկ, այնտեղ նրանք ոչ մի բնակչի չհանդիպեցին, քանի որ բոլորը փախել էին ներքեւի ձորերը կամ շրջանի հեռավոր գյուղերը` մտավախություն ունենալով, թե Ադրբեջանի թուրքերը եւ բոլշեւիկները դաշն կնքած գալու եւ կացիններով կոտորելու են բոլորին: Նույնիսկ գյուղի բոլշեւիկյան կազմակերպության ղեկավար Արարատ Տեր-Հարությունյանին չէր հաջողվել իր հորդորներով գյուղացիներին հետ պահել փախուստիցե (Գ.Սմբատյան ,Երկաթե վարագույրից այս կողմե, Երեւան, 2009թ., էջ 171):

Թուրքական մի ջոկատ շարժվեց Դավիթբեկ` Արծվանիկի ուղղությամբ ու գրավեց մի շարք գյուղեր:
Արծվանիկը նվաճվեց, գյուղացիներն ավելի քան 40 զոհ տվեցին:

,Գյուղում մնացածներից շատերը, այդ թվում կանայք եւ երեխաները, զոհ են դառնում կարմիր բանակայինների կույր վրեժխնդրությանը, նրանք Արծվանիկում թալանում են բոլոր տները, բռնաբարում ավելի քան 30 կինե (տես` նույն տեղում, էջ 172):

Կարմիրներն Արծվանիկից ու շրջակա գյուղերից 12 ծերունու եւ մի քանի կանանց հավաքել ու գնդակահարել էին Արծվանիկ-Կարմրաքար ճանապարհի ,Ցուրտ աղբյուրե կոչվող վայրում: Ի դեպ, այդտեղ գնդակահարվել է նաեւ տողերիս հեղինակի տատը` Նուբար Սահակյանը:

,1920թ. սեպտեմբերի 30-ին, 11 տարի բացակայելուց հետո, հայրենի գյուղ հասա, - իր հուշերում պատմում է Հայկ Տեր-Հարությունյանը, - դպրոցն ավերված էր: Գյուղը թողել էի երգի, բանաստեղծության մեջ, գտա ողբի մեջ, Նուրի փաշան իր ջոկատով ավերել էր գյուղըե (Հայկ Հարությունյան ,Հուշերե, 1921թ., գյուղ Արծվանիկ, Կապանի արխիվ):

1921թ. ապրիլի 27-ին Տաթեւի վանքում կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը հռչակեց Լեռնահայաստան: Սպարապետ Գարեգին Նժդեհը դարձավ վարչապետ:
Զանգեզուրյան գոյամարտը հայոց պատմության հաղթական էջն է, որին սյունեցիների հետ միասին մասնակցեցին նաեւ արծվանիկցիները, գոյամարտում որոշվում էր ապագա Հայաստանի ճակատագիրը:

1922-23թթ., ինչպես Ղափանի շրջանի մյուս գյուղերում, այնպես էլ Արծվանիկում սով էր, դրան գումարվեց նոր աղետ, երբ 1922-ի ամռանն Իրանից մորեխը ներխուժեց եւ ոչնչացրեց հասունացած հացահատիկի դաշտերի մեծ մասը: Այդ մասին իրենց հուշերում պատմում էին համագյուղացիներ Շամիր Հարությունյանը եւ Սմբատ Հովհաննիսյանը: Ի դեպ, Սմբատ Հովհաննիսյանն Արծվանիկի առաջին պատգամավորն էր Ղափանի շրջանից, ով մասնակցել է Երեւանում 1922թ. տեղի ունեցած Հայաստանի խորհուրդների համագումարին:

Արծվանիկում հեղկոմի նախագահներ են եղել Հայկ Հարությունյանը (1921-22թթ.), Սմբատ Հովհաննիսյանը (1922-23թթ.), Շամիր Հարությունյանը (1923-26թթ.), Աղա Հայրապետյանը (1927-28թթ.):

Շուտով կոլեկտիվացումը հասավ նաեւ Արծվանիկ: Գյուղում կոլտնտեսությունը հիմնադրվեց 1932-ին, բայց 1929-ին արդեն կազմավորվել էր առաջին կոլեկտիվ տնտեսությունը, որի մեջ միավորվել էր 16 ընտանիք:

1930թ. աշնանը կոլտնտեսության մեջ մտավ 102-ից 30 ծուխ:
Հեշտ չի ընթացել կոլտնտեսային շինարարությունը գյուղում: Համատարած կոլեկտիվացման ժամանակ արգելվեցին հողի վարձակալությունը եւ վարձու աշխատանքը: Տեղական իշխանություններն իրավունք ստացան կուլակներից բռնագրավել հողեր, հանձնել կոլտնտեսությանը: Ի դեպ, ունեւոր Խոսրով Մերաղուլյանն ուներ 400 ոչխար, 300 խոզ, 60 կով եւ հսկայական հողային տարածքներ: Նրա մասին մեծահասակները պատմում էին. ,Ծանրակշիռ մարդ էր, ծնվել էր աշխատանքի համար, մեծ ունեցվածքի տեր էր, բայց երբեք չհղփացավ, բարեգործ էրե:
Գյուղի քյոխվա Սերգեյ Մանուչարյանին, կուլակներ Բարխուդար Սահակյանին եւ Խոսրով Մերաղուլյանին արտաքսեցին գյուղից: Վերջինս աքսորից վերադառնալուց հետո աշխատեց գյուղում, մինչեւ որ 1938-ին էտապով տարան անհայտ ուղղությամբ, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Կոլտնտեսության վարչության նախագահն Արա Մանուչարյանն էր, իսկ գյուղական խորհրդի նախագահը` Արամ Գասպարյանը:

Կոլտնտեսության ստեղծման առաջին տարիներին մեծ ուշադրություն դարձվեց հացահատիկի ցանքատարածությունների ընդարձակմանը: Ավելացավ խոշոր եղջերավոր անասունների, լծկանների քանակը: 1931-32թթ. կոլտնտեսությունն ուներ արդեն 480հա հողատարածք եւ 210 լծկան եզ: 1931-32թթ. կառուցել են անասնապահական գոմեր: 1932թ. հիմք դրվեց ծխախոտի մշակությանը: 1931-32թթ. կառուցվեց առաջին չորանոցը, 1936-ին` երկրորդը: Չնայած մի շարք դժվարություններին, կոլեկտիվացման շնորհիվ վերացվեց կուլակությունը: Գյուղացիությունը դարձավ տեղական իշխանության ամուր հենարանը: Զգալիորեն բարձրացան գյուղացիների նյութական դրությունը եւ կուլտուր-կենցաղային մակարդակը:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: