12/16/2019

Մի՞թե Սյունիքով է անցնում թմրամիջոցների առեւտրի միջազգային ճանապարհը

Մի՞թե Սյունիքով է անցնում թմրամիջոցների առեւտրի միջազգային ճանապարհը

Ինչպես հունվարի 18-ին հաղորդել է ՀՀ ԱԱ ծառայության մամուլի կենտրոնը` «Ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրու մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ. ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»:

Հունվարի 20-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է նոր հաղորդագրություն, որի մեջ մասնավորապես ասված է` «Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով`927 կգ հերոինի մաքսանենգության դեպքի հայտնում ենք, որ 2014թ. հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973թ. ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն: Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռեւս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: Օսման Ուգուրլուն ձեբակալված է, նախաքննությունը շարունակվում է»:

Տեղի ունեցածի վերաբերյալ հայաստանյան մամուլում հնչում են տարբեր եւ իրարամերժ վարկածներ: Դրանցից, մեր կարծիքով, ուշագրավ է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 22-ի համարում հրապարակված դիտարկումը, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Օրերս Մեղրու մաքսակետում հայտնաբերված շուրջ մեկ տոննա հերոինի թեման ակտիվորեն լուսաբանվում է ԶԼՄ-ներում, ինչը բնական է: Թմրանյութի քանակությունը, մեղմ ասած, հսկայական է: Արդեն հաշվարկվել է, որ «սեւ շուկայում» այդքան հերոինի գինը կարող է լինել 80-ից 200 մլն դոլար: Բայց եթե ավելի ուշադիր ուսումնասիրենք տեղի ունեցածը, ապա կծագեն հարցեր, որոնց պատասխանները, հավանաբար, այդպես էլ չեն հնչի: Պատկերավոր ասած, նարկոթրաֆիկի համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս, որ նման քանակությամբ հերոին ոչ ոք, երբեք եւ ոչ մի դեպքում չի փորձի անցկացնել «անհուսալի» եւ «չփորձարկված» ճանապարհով: Այսինքն, եթե որեւէ մեկը մտադրություն ուներ որեւէ երկրի տարածքով հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ հերոին տեղափոխել, ապա նախ պետք է տարիներ շարունակ «հետախուզեր» այդ ուղին: Նախ անցկացներ մի քանի կիլոգրամ, հետո կրկներ փորձը, հետո փոքր-ինչ մեծացներ ծավալը, այդ ընթացքում ուսումնասիրեր սահմանային կետերի տեխնիկական զինվածությունը, համոզվեր, որ այնտեղ առկա տեխնիկան չի կարող հայտնաբերել այս կամ այն թաքստոցում պահած թմրանյութը: Եւ դրանից հետո միայն արդեն ստուգված ուղիով տեղափոխեր այդպիսի ծավալների ու գնի թմրանյութ: Այլ կերպ ասած, չափազանց հավանական է, որ Հայաստանը որպես թմրանյութի խոշոր խմբաքանակների համար տրանզիտ տարածք արդեն իսկ ստուգվել է եւ երկար տարիներ այստեղով թմրանյութի խոշոր խմբաքանակներ են տեղափոխվել:

Նույն «պատմական փորձից» հայտնի է, որ եթե թմրանյութերի շրջանառության մեջ ներգրավված խմբավորումները որոշում են որեւէ երկրի տարածքով այսպիսի քանակության թմրանյութ տեղափոխել, ապա մինչ այդ անպայման գտնում են տվյալ երկրում գործող եւ բավական մեծ ազդեցություն ունեցող խմբավորումներ, որոնք պետք է որոշակի վճարների դիմաց երաշխավորեն թմրանյութի այդպիսի խմբաքանակի հնարավորինս ապահով անցնելը տվյալ երկրի տարածքով: Եղե՞լ է նման խմբավորում կամ անձ Հայաստանում, որը ստանձնել է «բեռի» տեղափոխումը ՀՀ տարածքով: Այս հարցի պատասխանը երբեք պաշտոնապես չենք ստանա, համենայն դեպս առաջիկա տարիներին:

Մեկ այլ ուշագրավ «մանրուք», որը նույնպես կարեւոր է: Պաշտոնապես տարածված լուսանկարներից եւ տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ հերոինը պահված է եղել բեռնատարի այնպիսի մասում, որը կարելի է հանել առանց մաքսայինի դրած կնիքը ջարդելու: Այսինքն, տեխնիկապես հնարավոր էր Հայաստանի տարածքում ցանկացած մի տեղ բեռնատարը կանգնեցնել, հանել թմրանյութը եւ շարունակել ճանապարհը առանց մաքսայինի կնիքները վնասելու: Այլ կերպ ասած, միանշանակ պնդել, որ այդ թմրանյութը պետք է Հայաստանի տարածքով ընդամենը տեղափոխվեր որեւէ այլ երկիր, այնքան էլ հիմնավոր չէ: Համենայն դեպս չի կարելի միանշանակ պնդել, որ այդ խմբաքանակը գոնե մասամբ նախատեսված չի եղել նաեւ Հայաստանի «ներքին շուկայի» համար: Այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե ովքեր էին այդ բեռի հայաստանյան «ստացողները»:

Իհարկե, կարելի է այս կասկածներին հակադարձել հետեւյալ հարցով. եթե ամեն ինչ այդպես է, ապա ինչպե՞ս եղավ, որ թմրանյութը հայտնաբերվեց: Իսկ դրա պատասխանը չափազանց պարզ է: Խնդիրն այն է, որ տոննաներով հերոինի տեղափոխումներ իրականացնող «նարկոկորտելները» դաժան մրցակցության մեջ են: Եվ մրցակիցները հաճախակի են միմյանց գործողությունների մասին տարբեր ձեւերով տեղեկացնում իրավապահներին: Այսինքն, նման խմբաքանակի թմրանյութ հայտնաբերելու համար իրավապահները պետք է այդ մասին նախնական տեղեկատվություն ստացած լինեն: Իսկ որ այդպիսի տեղեկատվություն եղել է, պարզ է դառնում ՀՀ մաքսային ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ առկա մի արտահայտությունից: Ըստ հաղորդագրության, թմրանյութի տեղափոխման դեպքի բացահայտումը «տեւական եւ հետեւողական աշխատանքի արդյունք է»: Բացի այդ, մեր ունեցած տեղեկություններով, վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում Իրանից Հայաստան անցնող բեռնատարները մեր մաքսավորները ստուգել են առանձնահատուկ փութաջանությամբ: Այսինքն, նրանք ունեցել են տեղեկատվություն թմրանյութերի այդ խմբաքանակի տեղափոխման վերաբերյալ: Եվ ի վերջո. մեկ տոննա հերոինի հայտնաբերման` մեզ ներկայացվող պաշտոնական ձեւակերպումները չափազանց գեղեցիկ են իրականությանը մոտ լինելու համար: Ըստ այդմ ստացվում է, որ մի վրացի մի թուրքի հետ օրերից մի օր որոշել են իրենց գրպանում եղած 50-100 միլիոն դոլարով մի տոննա հերոին առնել, Հայաստանով այն անցկացնել Վրաստան, հետո Թուրքիա ու այնտեղ գրամ-գրամ «մանրից» վաճառել մեկ գրամը 10-20 դոլար գնով: Ու այդպես մեկ միլիոն գրամ: Մեր մաքսավորներն էլ պատահաբար հայտնաբերել են այդ թմրանյութը: Մեկ տոննա հերոինի շուրջ նման պարզունակ պատմություններ չեն լինում երբեք»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: