12/16/2019

Մաքսիմ Հակոբյանի գլխին մութ ամպե՞ր են պտտվում

Վերջին օրերին հրապարակային շրջանառության մեջ է հայտնվել վարկած, որ նույն ջրով չեն հոսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջրերը:

Լրատվական կայքերից, օրինակ, News.am, վկայակոչելով «ՉԻ» թերթին, հիշեցնում է այն վարկածը, որ Մաքսիմ Հակոբյանը ձեռնարկության վրա է վերցրել կենսաթոշակային պարտադիր կուտակային հիմնադրամներին աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու բեռը եւ դրանով զայրացրել է «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նրանից հաշիվ է պահանջել, թե այդ ինչ միջոցների հաշվին է նա մտնում այդպիսի ծանր բեռի տակ: Հայտնի է, որ պղնձամոլիբդենային բիզնեսում լուրջ ներգրավվածություն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Մաքսիմ Հակոբյանը համարվում է նրա բարձր հովանավորությունը վայելող գործարար»: Այսինքն` այդ բիզնեսում իր «լուրջ ներգրավվածությունը» երկրորդ նախագահն իրականացնում է Մ.Հակոբյանի միջոցով եւ այդ դեպքում, բնականաբար, կուտակային համակարգին նրա կողմից ինքնակամ 5 տոկոսի փոխանցման պարտավորությունը պետք է որ առաջացներ ինչպես երկրորդ նախագահի, այնպես էլ կոմբինատի մնացած բաժնետերերի զայրույթը:

Եվ ահա այս իրավիճակի հետ կապված մեր աղբյուրները փոխանցում են, որ Մ.Հակոբյանի հանդեպ զայրացել են նաեւ կոմբինատի հիմնական սեփականատեր, գերմանական գրանցում ունեցող «Քրոնիմետ» ընկերության ղեկավարները: Ի դեպ, նաեւ «Մաքուր երկաթ» ձեռնարկության հիմնական բաժնետեր հանդիսացող եւ բավականին խուճուճ սեփականատիրական կազմով այս ընկերության անվան հետ քանիցս հրապարակավ կապվել է նաեւ Ռ. Քոչարյանի անունը: Եվ եթե այդ խոսակցությունները, անգամ մասամբ, համապատասխանում են իրականությանը, ապա նաեւ դա կարող է ենթադրությունների տեղիք տալ, թե ինչպես կարող էր Մ.Հակոբյանի անունն ընկել «Քրոնիմետի» ղեկավարության աչքից: Ամեն դեպքում մեր աղբյուրներն ակնարկում են նաեւ այն մասին, որ «Քրոնիմետում» մտածում են մինչեւ իսկ Մ.Հակոբյանի պաշտոնանկությանը հասնելու մասին, սակայն ունենալով այն մտավախությունը, որ կոմբինատի երկարամյա, այսինքն՝ ողջ ներքին խոհանոցից քաջատեղյակ այդ ղեկավարին վերցնել ու աշխատանքից ազատելը կարող է նաեւ բազում անցանկալի հետեւանքներ ունենալ: Առավել եւս, որ Հակոբյանների ընտանիքի ձեռքին է նաեւ Սյունիքի մարզի ղեկավարությունը: Իսկ սա նշանակում է, որ եթե իրոք նման դժգոհություններ կան Մ.Հակոբյանի հանդեպ, ապա առաջիկայում բավականին խորամանկ խաղերի ականատեսն ենք լինելու:

Եվ վերջում մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ պարոն Հակոբյանի հանդեպ այդ դժգոհությունը միայն մասամբ է պայմանավորված կենսաթոշակների գործով: Դա, իհարկե, իր դերն ունեցել է` հաշվի առնելով, որ աշխարհում պղնձի եւ մոլիբդենի գների անկումն իր ազդեցությունն է ունեցել նաեւ կոմբինատի սեփականատերերի եկամուտների վրա, եւ այդ իրավիճակում ավելորդ շռայլությունները պարզապես չեն խրախուսվում: Բայց այդ ամենը մեր աղբյուրներն ավելի շատ հակված են համարել առիթ եւ կարծում են, որ իրականում ամեն ինչ կապված է այն մտավախությունների հետ, թե իբր Մ.Հակոբյանը փորձում է շրջանցել իր ներկայիս գործընկերներին եւ այլ ուղղություններով իր հարաբերությունները զարգացնել: Իսկ դա անցանկալի է նրանով, որ բիզնեսը, ի վերջո, վերաբերում է հայաստանյան հիմնական հարստություններին՝ պղնձին եւ մոլիբդենին, այսինքն` նույնիսկ դրսի չափանիշներով հսկայական գումարների:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
«Իրավունք. հետաքննություն»
N7, 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: