09/17/2019

Որոտանի հէկերի համալիրում սպասումի օրեր են

Որոտանի հէկերի համալիրում սպասումի օրեր են

Հայաստանի հիդրոէներգետիկայի հսկայի առուվաճառքի շուրջ քննարկումները չեն դադարում, հնչում են նորանոր հարցեր, որոնք առայժմ անպատասխան են: Հարցերից մեկն առնչվում է փակ բաժնետիրական այդ ընկերության աշխատակիցների ճակատագրին:

Որոտանի հէկերի համալիրի գույքի առուվաճառքի պայմանագիրը, որ ստորագրվել է ս.թ. հունվարի 29-ին, նոր իրավիճակ է ստեղծել Գորիսի սոցիալական կյանքում: Այդ ընկերությունը, ամեն ինչից զատ, Գորիսի ամենախոշոր գործատուն է. այնտեղ ներկայումս աշխատում է 230 մարդ` համեմատաբար բարձր աշխատավարձով: Թե համալիրի նոր սեփականատերն ինչպես կվերաբերվի կադրային այդ ռեսուրսին` առայժմ ոչ ոք չգիտի: Ավելի ստույգ` շրջանառվում են տարբեր ասեկոսեներ: Խոսվում է այն մասին, որ համալիրի երեք հէկում եւ հատկապես կենտրոնական գրասենյակում աշխատակիցների կրճատումներ կլինեն:

Բանն այն է, որ հէկերի համալիրի գույքի առուվաճառքի շուրջ պաշտոնական հաղորդագրություններում որեւէ խոսք չկա ընկերության աշխատակիցներին տրվող սոցիալական երաշխիքների մասին: Համալիրի կոլեկտիվի համար հասկանալի չէ, թե ինչու ընկերության գույքի առուվաճառքի կապակցությամբ իրենց հետ չեն խորհրդակցել ու իրենց կարծիքի հետ հաշվի չեն նստել:

Դրանք, ի դեպ, հունվարի 29-ից հետո ծագած բազմաթիվ հարցերից երկուսն են միայն: Իսկ հարցերն իսկապես շատ են, որոնց կանդրադառնանք:

Կոլեկտիվում ակնկալում են, որ ՀՀ կառավարությունը կամ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունները կբացահայտեն ստորագրված պայմանագրի` աշխատակիցներին եւ առհասարակ սոցիալական խնդիրներին առնչվող դրույթները:

Գորիս քաղաքում զբաղվածության ցուցանիշներն ամենացածրն են ոչ միայն հանրապետությունում, այլեւ մարզում: Որոտանի հէկերի համալիրում սպասվող կրճատումները, եթե իսկապես իրականացվեն, նոր խնդիրներ կառաջացնեն Գորիսի աշխատաշուկայում: Ուրեմն եւ` տեղական ու տարածքային իշխանությունները, թեկուզ եւ ուշացումով, այս հարցում պարզություն եւ որոշակիություն մտցնելու խնդիր ունեն:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: