09/17/2019

Կապանի անտառտնտեսություն. 2014-ին` ապօրինի ծառահատման արդեն երկու դեպք

Կապանի անտառտնտեսություն. 2014-ին` ապօրինի ծառահատման արդեն երկու դեպք

Անտառային տարածքների պահպանության, վերարտադրության, անտառտնտեսության աշխատանքների, հիմնախնդիրների եւ անտառապահպանման գործում ներկա իրողությունների մասին է զրույցը ՀՀ գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանի հետ:


 

– Պարո՛ն Միրզոյան, մի քանի ամիս է, ինչ ղեկավարում եք Կապանի անտառտնտեսությունը: Ի՞նչ ժառանգություն եք ստացել. աշխատանքային ի՞նչ թիմ եք ղեկավարում, որքա՞ն տարածք եք վերահսկում, եւ որո՞նք են մասնաճյուղի հիմնական գործառույթները:

– Մասնաճյուղը գործում է վարձակալած շինությունում, ունենք 56 աշխատող, նրանցից վեցն անտառապետ է, 37-ը` անտառապահ, իսկ ինժեներատեխնիկական կազմում ընդգրկված է 13 հոգի: Կապանի անտառտնտեսությունն ունի 38 253 հա տարածք, որից անտառածածկ է 35 082 հեկտարը: Ունենք վեց անտառպետություն` Առաջաձորի, Կապանի, Դավիթբեկի, Սյունիքի, Նորաշենիկի, Ճակատենի:

Կառույցի ստեղծման նպատակն իրեն ամրակցված անտառային ֆոնդի տարածքներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կանոնադրության իրականացումն է, մասնավորապես, անտառային ֆոնդի պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի փոփոխությունները, անտառային հողերի արտադրողականության բարձրացումը, ինչպես նաեւ անտառային պաշարների կայուն զարգացման ապահովումը: Առաջնորդվում ենք «ՀՀ անտառային օրենսգրքով», «ՀՀ հողային օրենսգրքով», մեր կանոնադրությամբ, վերադասի հանձնարարություններով, այլ իրավական ակտերով:

– Երեսունյոթ անտառապահը բավարա՞ր է ձեր կողմից վերահսկվող տարածքների պահպանությունն իրականացնելու համար: Եվ բավարա՞ր է անտառապահի աշխատավարձի ներկա չափը, որ նա շահագրգռված լինի անկաշառ աշխատելու եւ պահպանելու անտառը:

– Անտառտնտեսությանը ձիեր են տրվել, որպեսզի անտառապահներն ու անտառապետերը դրանցով շրջեն. մեկ հոգին, օրինակ, մեկ օրում կարող է շրջել մինչեւ 1000 հա տարածքում: Բնական է, ցանկալի կլիներ, որ ավելի շատ աշխատողներ պահելու հնարավորություն ունենայինք, բայց ունենք այն, ինչ ունենք: Դա չի խանգարում, որ լիովին կատարենք ղեկավար կառույցի առաջադրանքները: Խիստ հսկողություն է սահմանվել ապօրինի գործողությունների կանխարգելման եւ արձանագրման համար` ծառահատում, որսագողություն, ապօրինի զավթած վայր, ապօրինի արածեցում կամ խոտհունձ: Կոնկրետ` 2013թ. 100 տոկոսով կատարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` նաեւ վառելափայտի մթերման, իրացման առաջադրանքը: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, իհարկե ցանկալի է, որ ՀՀ-ն այնքան հզորանա, որ առհասարակ, նվազագույն աշխատավարձը կրկնապատկվի կամ եռապատկվի:

– Անտառխախտման ի՞նչ դեպքեր եք գրանցել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

– 2013թ. անտառխախտման 13 դեպք ենք ունեցել, մեկն ուղարկվել է Կապանի ոստիկանության բաժին, 12-ը` ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին: Սրանք ապօրինի ծառահատման դեպքեր են. 105 ծառ է հատվել: Գրանցվել է ինը հրդեհի դեպք, մեկը եղել է մեր տնտեսության անտառային տարածքում, ութը` համայնքային տարածքներում, մարվել են մեր, համայնքների եւ հրշեջ ծառայության համատեղ ուժերով: 2014-ին ապօրինի ծառահատման երկու դեպք է արձանագրվել (13 ծառ), արձանագրությունն ուղարկել ենք բնապահպանական տեսչություն: Ունենք նաեւ որսագետ, ով պարբերաբար շրջայց է կատարում. այս ընթացքում որսագողության դեպք չի արձանագրվել:

– Պարո՛ն Միրզոյան, անտառին մոտ ապրող գյուղացին իր կենցաղային կարիքների համար դարերով օգտվել է անտառից եւ հիմա բողոքում է… Այսօր ի՞նչ արտոնություններ ունի անտառամերձ համայնքի բնակիչը:

– Միակ արտոնությունն այն է, որ այդ բնակավայրերում (կոնկրետ մեր տարածքում` 31 գյուղական համայնք եւ Կապանի անտառամերձ թաղամասերը) յուրաքանչյուր ընտանիքի թույլատրվում է անտառից դուրս բերել տարեկան 8 խմ թափուկ փայտանյութ (բնական որեւէ պատճառով ընկած ծառ կամ ծառի ճյուղեր): Երբ դա լրանում է, փայտանյութն արդեն վճարովի է` շուկայական գներով:

Բացի ապօրինի որսից ու ծառահատումից, մեր տարածքում արգելվում են նաեւ ապօրինի խոտհունձը, անասունների ապօրինի արածեցումը: Եթե բնակիչը ցանկանում է, կարող է վարձակալության պայմանագիր կնքել եւ օգտագործել տարածքը, այլապես տուգանք է սահմանված:

– Ո՞վ եւ ինչպե՞ս է հաշվարկում, թե ընտանիքն ինչքան թափուկ դուրս բերեց:

– Այդ ամենը հստակ կազմակերպված է, մեր հաշվապահությունը թափուկ փայտանյութի օգտագործման տոմս է տալիս, գործընթացը վերահսկում, փայտանյութը չափագրում են անտառապահը, անտառապետը:

– Բոլո՞րն են կարողանում օգտվել այդ արտոնությունից. գյուղաբնակները դժգոհում են, որ թափուկն այդքան էլ առատ չէ ու անմատչելի տեղերում է, դրան հասնելու եւ այն դուրս բերելու հնարավորություն ոչ բոլորն ունեն...

– Թափուկ կա, այլ հարց է, որ գյուղական բնակավայրերում շատ են տարիքն առած մարդիկ, միայնակ ծերերը, որոնց համար դժվար է լինում թափուկ հավաքելը, որովհետեւ դա անմիջապես ճանապարհի մոտ չի թափված, խորքում է լինում, բնակավայրից հեռու տարածքներում: Մարդիկ, առողջական, ֆինանսական ինչ-ինչ պայմաններից ելնելով, դժվարանում են այն դուրս բերել, եթե ինչ-որ մեկը չօգնի դա կազմակերպել…

– Ի՞նչ արժե այսօր վճարովի փայտանյութը, եւ ո՞վ է հատումը կատարում, դո՞ւք, թե՞ բնակիչը:

– Մեկ խմ վառելափայտի գինն այժմ 6 480 դրամ է. սա, այսպես ասեմ, անտառում կանգուն ծառի գինն է: Տարիներ առաջ անտառտնտեսությունն ունեցել է իր մասնաշենքը, գույքը, տնտեսությունը` տեխնիկայով, բեռնատար մեքենաներով, արտադրամասերով, հաստոցներով եւ այլն: Եվ այդ կազմակերպությունն էր կարողանում հատել, մթերել, իրացնել փայտանյութը: Հետո այն սնանկ է ճանաչվել: Ներկայիս կառույցում այդ ամենը չունենք, բնականաբար` փայտանյութը մշակելու հնարավորությունը եւս: Իրավաբանական անձինք կամ անհատները պայմանագիր են կնքում, թե ինչ ժամանակում ինչքան փայտ են պարտավորվում մթերել, իրացնել եւ գումարը վճարել մեզ: Բնականաբար, վերոնշյալ գինը շուկայում արդեն բարձրանում է, տատանվում` ըստ բնակավայրի. Կապանում, օրինակ, 1 խմ վառելափայտը 11-14 հազար դրամ է, Գորիսում` 16-17 հազար, Երեւանում անցնում է 20 հազարից:

Ասեմ, որ հատվող փայտանյութի քանակը մեզ հստակ հանձնարարում է վերադասը. 2013-ին ունեցել ենք 3500 խմ առաջադրանք, որը կատարել ենք, 2014-ին` 3100 խմ է:

– Ինչպե՞ս են վերահսկվում հատումներ կատարողների գործողությունները` ճի՞շտ ծառ կտրեց, ճի՞շտ քանակությամբ, արդյո՞ք վնաս չտվեց…

– Նրանք, իհարկե, ազատ ու կամայականորեն չեն գործում, անմիջական վերահսկողը անտառապահն է, հետո` անտառապետը, կան պահպանության ինժեներներ: Հատկացվում են հատուկ հատատեղիներ, կնքվում են այն ծառերը, որոնք կարելի է հատել:

– Ի՞նչ ծառատեսակներ կան Կապանի անտառտնտեսության տարածքում, որոնք ընդգրկված են «Կարմիր գրքում» եւ որոնք հատել չի կարելի:

– Հունական ընկուզենին է, գիհին, արհեստական սոսին, սոճին, կենին է, որը ոչնչացման եզրին է եւ մեզ մոտ շատ է հանդիպում:

– Հատում կատարելուց հետո ինչքա՞ն ժամանակ է պետք, որ տվյալ տարածքը վերականգնվի, այնտեղ նորմալ վերարտադրություն լինի, եւ այն կրկին անտառ դառնա:

– Դա կախված է ե՛ւ անտառի տեղանքից, աշխարհագրական դիրքից, ե՛ւ կլիմայից: Մեզ մոտ այն հիմնականում վերականգնվում է մոտ 10-15 տարում: Դա կատարվում է երկու եղանակով` բնական եւ արհեստական:

– Ե՞րբ եք վերջին անգամ ծառատունկ կատարել:

– Իմ պաշտոնավարման օրոք չի եղել, իսկ առհասարակ, մասնաճյուղը վերջին անգամ 2013-ին Գեղվա լճի հարակից տարածքում գիհիներ է տնկել: Այդտեղ հրդեհ էր եղել, կատարվել է համատարած սանիտարական հատում, եւ ներկայացված ծրագրով ծառատունկ արվել, կպչողականությունը բարձր է եղել:

Ինքներս ծառատունկ անելու միջոցներ չունենք, պետք է ֆինանսավորի վերադասը, իսկ 2014-ի հատկացումներով դա չի նախատեսվում, եւ առայժմ կգործի միայն բնաշիվային վերականգնման տարբերակը:

– Մասնաճյուղն ունի՞ տնկարանային տնտեսություն, տնկիներ աճեցնելու հնարավորություն:

– Տնկարան ունենք, դրամական միջոցների բացակայությամբ պայմանավորված` ներկայումս տնկիներ չենք աճեցնում… Կրկին սպասում ենք հատկացումների:

– Բայց արդյո՞ք դա լուրջ բացթողում չէ… Թվում է` տնկարանն առաջին բանն է, որ անտառտնտեսությունը պիտի ունենա անտառվերականգնման համար…

– Այո՛, ինչպես մեր ավագ անտառապետ պարոն Ազարյանն է ասում, դա «գյուղ է առանց դպրոցի»… Տնկարանի կազմակերպման համար ծրագիր ենք ներկայացրել, քննարկման փուլում է:

– Ինչպե՞ս եք վերահսկում անտառում հանդիպող հիվանդությունները, ինչքանո՞վ են դրանք հիմա տարածված:

– Տարվա մեջ երկու անգամ` գարնանը եւ աշնանը, կատարվում են բուսական եւ կենդանական աշխարհի` վնասատուներով վարակվածության ուսումնասիրություններ: Աշնանն արձանագրում ենք հիվանդությունը, եթե գարնանը նկատում ենք, որ ձմեռվանից հետո այն մնացել է, ահազանգում ենք վերադասին` համապատասխան միջոցառումների համար: Անցած տարի, օրինակ, եկան սրսկումների. վերջին տարիներին անտառներում տարածվել ու վնաս էին տալիս ոսկետուտը եւ ալոճաթիթեռը: Այն տարածքները, որտեղ դրանք արձանագրել ենք, այս ձմռանը խիստ ցրտահարության են ենթարկվել, եւ հավանական է` այս գարուն դրանք չակտիվանան:

– Պարո՛ն Միրզոյան, երբեմն օրենսդրական ինչ-ինչ փոփոխություններ են լինում, որոնց հատկապես հեռավոր գյուղական վայրերի բնակիչները ծանոթ չեն լինում, եւ անկախ իրենցից կարող են օրինախախտ դառնալ, տուգանքի ենթարկվել: Ի՞նչ եք անում մարդկանց իրազեկման մակարդակի բարձրացման համար:

– Բոլոր համայնքների ղեկավարներին գրավոր ուղարկում ենք համապատասխան տեղեկատվությունը, որոշումները եւ այլն, որ փակցնեն տեսանելի վայրերում, թե որ դեպքում ինչ պատիժ է հասնում, կամ ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ պիտի կատարեն:

– Անտառապահի հետաքրքիր կերպարը, որից վախենում է գյուղացին, նույնիսկ շատ գրական ստեղծագործությունների հիմք է դարձել, ո՞վ է այսօր անտառապահը…

– Դե, յուրաքանչյուրը պիտի լինի օրինապահ, բայց նաեւ պիտի մարդ լինի, ամեն մասնագիտություն նաեւ դիվանագիտություն է պահանջում: Ձեր նշած այդ կերպարը շրջում էր հրացանն ուսին, անտառապահի հագուստը հագին, շունը հետը…. Հիմա գոնե արտահագուստ լիներ, նրան դրանով ճանաչեին… Անտառախախտը, որսագողը զենքով կամ կացնով մտնում է անտառ (որտեղ վայրի գազաններ են նաեւ շրջում), նրա դեմ մեր աշխատողն անպաշտպան է… Երբ վերադասի մոտ նրանց զենք տրամադրելու հարց բարձրացրինք, ասում են` պատկերացրեք` երկու կողմն էլ զենքով լինեն, բախումն ավելի վտանգավոր կլինի…

– Բնության գրկում, հատկապես ամռանը, հանգստյան գոտիներում ամենուր աղտոտվածություն է, կերուխում կազմակերպած մարդկանց թողած աղբը… Անտառն ապականողներին պատժելու որեւէ լծակ ունե՞ք:

– Այո՛, մեր լիազորություններով իրավասու ենք նրանց տուգանել, պատահել է` ակտ ենք կազմել… Բայց, պատկերացրեք` որքան շատ են այդ կերուխումի վայրերը, եւ` որքան մեր աշխատողների քանակը, ֆիզիկապես անհնար է յուրաքանչյուրին հասնել… Պարզապես մարդիկ իրենք պիտի գիտակցեն` ինչ են անում, ու չաղտոտեն անտառը, որտեղ էլի պիտի գան հանգստանալու:

– Տեխնիկական որեւէ նորամուծություն կա՞ Կապանի անտառտնտեսության աշխատանքում, թե՞ ամեն ինչ նախկինի պես է:

– Միջազգային ծրագրերից մեկի աջակցությամբ այժմ ունենք մեքենա, որի մեջ հակահրդեհային սարք է տեղադրված, այն շատ է օգնում հրդեհաշիջման ժամանակ: Մեզ վերջերս նաեւ սարք են տրամադրել, որն, իրոք, տեխնոլոգիական նորամուծություն է եւ առաջիկայում պիտի գործարկվի: Դրա օգնությամբ կարող ենք տեղում նստած ամեն ինչ արձանագրել` անգամ ամենախուլ վայրում մի ծառի հատումը, որեւէ հիվանդություն եւ այլն: Այն պետք է աշխատի եւ կառավարվի համապատասխան համակարգչային ծրագրի ներդրմամբ:

– Եվ վերջում, ո՞րն է Կապանի անտառտնտեսության առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրը:

– Դե, ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը սեփական տարածքի բացակայությունն է, ինչպես նաեւ տեխնիկայի, հաստոցների բացակայությունը: Ներկայիս անտառնտեսությունը կազմակերպվել ու գործում է որպես նոր հիմնարկություն: Բացի նրանից, որ աշխատակիցներից շատերն այդպես էլ չեն ստացել մեզ նախորդած եւ սնանկ ճանաչված կառույցի` այն ժամանակվա կուտակած աշխատավարձի պարտքը, անտառտնտեսությունը կորցրեց վարչական շենքը, եւ հիմա տարածքի համար բավականին մեծ վարձավճար ենք տալիս: Այժմ ոչ մի հիմնական միջոց չունենք, իսկ նախկին կառույցում տարբեր արտադրություններ են եղել:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: