09/17/2019

Ուսուցիչներ կկրճատվե՞ն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը

Ուսուցիչներ կկրճատվե՞ն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը

Արարատ Լալաբեկյանը 2005 թվականից ղեկավարում է Գորիսի տարածաշրջանի կրթության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը, միաժամանակ կոորդինացնում է մարզի կրթության աշխատողների արհեստակցական կազմակերպությունները:

Նա նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահության անդամ է, մասնակցում է նիստերին եւ հնարավորության դեպքում բարձրացնում մարզի ուսուցիչներին հուզող հարցերը: Որքանո՞վ են պահպանված կրթության ոլորտի աշխատողների շահերը, ինչո՞վ է կարողանում արհեստակցական կազմակերպությունը սատար կանգնել ուսուցիչներին: Զրուցակիցս նախ՝ տեղեկացրեց, որ արհեստակցական կազմակերպությունը գոյատեւում է անդամավճարների հաշվին (կոնկրետ իր ղեկավարած կառույցում դա կազմում է աշխատողների աշխատավարձի մեկ տոկոսը):

Ապա հավելեց, որ կազմակերպության կազմում 1427 անդամ կա, որոնցից գանձված գումարի 80 տոկոսը հատկացվում է սկզբնական կազմակերպություններին՝ վերջիններիս ներկայացրած քաղվածքի հիման վրա: Այդ գումարները հիմնականում օգտագործվում են մշակության միջոցառումներ կազմակերպելու նպատակով (Ուսուցչի օր, Մայրության եւ գեղեցկության տոն, Ամանոր): Լինում են դեպքեր, երբ սկզբնական կազմակերպություններից քաղվածք են ներկայացնում օգնություն տրամադրելու խնդրանքով (բուժօգնության, սոցիալական վիճակի բարելավման նպատակով) եւ դրանք լիովին օգտվում են իրենց գումարների ներդրումից:

Ամռան ամիսներին որոշակի գումար է հատկացվում Ծաղկաձորի «Ուսուցիչների տանը» հանգստանալու համար: Բայց ցանկացողներ քիչ են լինում, քանի որ այդտեղ հանգստանում են եւ ոչ թե բուժվում: Իսկ ահա հանրապետության առողջարանների համար («Ջերմուկ», «Արզնի») գումարը բացահայտորեն չի բավականացնում: Ինչ խոսք, խորհրդային տարիներին ուսուցիչների իրավական, սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը (մասնավորապես՝ աշխատանքային, բնակկենցաղային, բուժման եւ հանգստի) առավել քան պաշտպանված էին, բայց այդ ամենից միայն հուշ է մնացել…

Վերջերս լուրեր տարածվեցին, թե իբր առաջիկայում սպասվում են ուսուցիչների նոր կրճատումներ:

Ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակի չի լինում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փետրվարի 4-ին Ազգային ժողովի նիստում հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Հայաստանի կառավարությունը նախատեսում է կրճատել յոթ հազար աշխատատեղ: Ընդ որում կրճատումը նախատեսված է կառավարության որոշումներից մեկով, որն ընդունվել է անցած տարի: Այդպիսի քայլը, նրա կարծիքով, կհանգեցնի կառավարության հանդեպ հասարակության վստահության կտրուկ նվազմանը, քանի որ սոցիալական իրավիճակը երկրում առանց այդ էլ չափից ավելի լարված է:

Դպրոցներում կրճատումների մասին խոսվեց նաեւ Երկրապահ կամավորների միության` (ԵԿՄ) վերջերս կայացած համագումարում, երբ Վարդենիկի N 2 դպրոցի նախկին տնօրենը հայտնեց, որ այդ կրճատումները պատճառաբանվում են աշակերտների թվի նվազմամբ եւ հիշեցրեց, որ ժամանակին դասարանները կոմպլեկտավորելիս աշակերտների թիվը 25-ից հասցվեց 35-ի, դրույքաչափը 18 ժամից դարձավ 22 դասաժամ: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ այս անգամ խոսքը դպրոցների վարչատնտեսական անձնակազմի կրճատումների մասին էր: Հանրապետության նախագահը, դահլիճում հնչած հարցին պատասխանելով, մասնավորապես ասաց, որ աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի, վարձատրվի այնքան, որքան պետությունն է նախատեսել, որքան անհրաժեշտ է, որ ինքն իր նվազագույն կարիքները կարողանա հոգալ: Եվ հավելեց, որ լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձրացնելու են, եւ նրանք երեք-չորս անգամ ավելի են ստանալու, քան հանրապետության միջին աշխատավարձն է, բայց այդ ուսուցիչները պիտի լինեն լավագույնն իրենց ոլորտում: Իսկ այսօր միջին աշխատավարձը, ըստ հանրապետության ղեկավարի, 158 հազար դրամ է:

Այս ամենի առթիվ, մասնավորապես ուսուցիչների կրճատման վերաբերյալ, փորձեցինք պարզաբանում ստանալ Արարատ Լալաբեկյանից, մանավանդ ասվածն անմիջականորեն վերաբերում է ուսուցչի շահի պաշտպանությանը, որին հենց կոչված է արհեստակցական կազմակերպությունը: Նրա փոխանցմամբ` այն, ինչի մասին խոսվում է (կրճատումներ, ծանոթ. խմբ.), դեռեւս նախագծի կարգավիճակում է եւ վերաբերում է վարչատնտեսական կազմին, ասենք, կարող են կրճատվել 100-ից 300 աշակերտ ունեցող դպրոցի փոխտնօրենի կամ վարչական այլ աշխատողների հաստիքները: «Չեմ կարծում, թե դասաժամեր կարող են կրճատվել, դեռ ավելին՝ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում մանկավարժների պահանջարկ կա, ահա այս դեպքում կառավարությունը պիտի մտահոգության առիթ ունենա», – ասաց Ա. Լալաբեկյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: