09/17/2019

Հայոց նորագույն պատմության չփակված էջը

Հայոց նորագույն պատմության չփակված էջը

2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած համազգային ողբերգությունը, որի հետեւանքով ունեցանք տասը զոհ, շարունակում է մնալ հայոց նորագույն պատմության չփակված էջն ու հայ ժողովրդի չսպիացած վերքը:

Անցած վեց տարվա ընթացքում մեզ չհաջողվեց լիակատար ու վերջնական պարզություն մտցնել կատարվածի մեջ, իսկ զոհերի համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:

Վեց տարվա հեռավորությունից, սակայն, ոչ պակաս տարօրինակ է երեւում ընդդիմության այդ օրերի առաջնորդների գործելակերպը: Չլինեին նրանց անորոշությունն ու անվճռականությունը, հազարավորներին անորոշության տարերքին մատնելու պահվածքը` միգուցե եւ ազգովի այլ ճանապարհ դուրս եկած լինեինք` անհուսությունն ու արտագաղթը բացառող, օլիգարխների լկտիությունն ու ախորժակը, երկրի թալանը զսպող:

Այդ բոլորով հանդերձ` հարցերը, որ ծառացած էին մեր առջեւ 2008-ի մարտի 1-ին, շարունակում են մնալ օրակարգում, շարունակում են մնալ հրատապ (գուցեեւ ավելի սրված):

Իհարկե, մարտի 1-ը հիշատակի օր է, եւ մենք խոնարհվում ենք այն մարդկանց հիշատակի առջեւ, ովքեր զոհվեցին հայոց պետականության ապագայի համար մղվող պայքարում: Բայց մարտի 1-ը նաեւ երկրի ներկայի ու ապագայի համար լրջորեն մտորելու առիթ է ու ժամանակ:

Մարտի 1-ը խորհրդածելու օր է նաեւ Սյունիքի ու սյունեցիների համար: Միջնադարյան մարդակեր եւ ասպատակ Լենկթեմուրի ժամանակ անգամ Սյունիքն այնպիսի ասպատակության չի ենթարկվել, որքան այսօր (սա արդեն տնտեսագետների հաշվարկն է): Եվ ուրեմն` վաղուց է եկել ժամանակը Լենկթեմուրի մերօրյա հաջորդներին (թեեւ ազգությամբ հայ են) Սյունիքից քշելու եւ նրանց գողացածը հայոց պետությանը վերադարձնելու համար: Նաեւ անհրաժեշտ է գրավոր տեսքով գալիք սերունդներին հանձնել նրանց հովանավորների եւ այն մարդկանց անունները, ովքեր ստանձնել են օլիգարխիկ կլանի կեղտոտ ներքնաշորերը լվալու «վսեմ» գործը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: