09/17/2019

«Հայոց արծիվների» 3-րդ համագումարը

«Հայոց արծիվների» 3-րդ համագումարը

Մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում 1070 պատվիրակի եւ բազմաթիվ հրավիրյալների ներկայությամբ կայացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը:

Պատվիրակներն ու ներկաները բուռն ծափերով ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու շնորհավորանքը:

Համագումարի աշխատանքն սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտում եւ հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակը:
Համագումարն աշխատանքն սկսեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական օրհնությամբ, որը բերել էր Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հանդես գալով զեկույցով` նշեց, որ հանրապետության տարածքում հիմնադրվել է 300 մասնաճյուղ, կազմակերպությանն անդամագրվել է 44000-ից ավել քաղաքացի: Կազմակերպությունը համապետական, եկեղեցական եւ մարզամշակութային տոների ժամանակ մեծ շուքով ու գաղափարաբանությամբ կազմակերպել է 400 խոշոր միջոցառում, իսկ ռազմահայրենասիրական դաստիարակության եւ քարոզչության նպատակով հայոց բանակի զորամասերում եւ սահմանագծի մարտական հենակետերում իրականացրել 150 այցելություն ու միջոցառում: Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նոր թափ հաղորդելու նպատակով ՀՀ եւ ԼՂՀ դպրոցներին կազմակերպությունը նվիրել է 1350 լրակազմ գերմանական արտադրության օդամղիչ հրացան: Այնուհետեւ նա ասաց. ««Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը հրավիրվել է հայոց պետականության ու հայ ժողովրդի համար բախտորոշ ու էվոլյուցիոն զարգացումներով հարուստ պատմական ժամանակաշրջանում, երբ ընդունվում են վճռորոշ ու ապագային միտված համապետական կարեւոր օրենքներ ու որոշումներ: Չնայած ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերջին վեց տարվա ընթացքում հաջողվեց ապահովել հայոց պետականության բնականոն զարգացումն ու գործունեությունը, խոսքի ու մամուլի ազատության բարձր մակարդակ, ժողովրդավարական ու հասարակական շարժումների ակտիվացում եւ ընդդիմադիր ուժերի անարգել ու օրինական մասնակցություն համապետական որոշումների քննարկմանն ու ընդունմանը: Հասարակական լայնամասշտաբ քաղաքացիական շարժումների գոյության փաստը հանրապետության նախագահի անդուլ ու տքնաջան գործունեության արդյունք է: Հայոց նախագահի բարձր հովանու եւ ուշադրության ներքո օրեցօր հզորանում են պետական ու հասարակական կառույցները, ամրապնդվում կուսակցություններն ու հասարակական շարժումները, հաստատվում բազմակարծության եւ մարդու համակողմանի ազատությունների մթնոլորտ»:

- Մենք` հայերս, հինգ հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք եւ մեր բոլոր պատմական ու տարածքային կորուստները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ կորցրել ենք մեր միասնությունը, պետականությունն ու պայքարի ոգին, - շարունակեց «Հայոց արծիվների» առաջնորդը:

Խաչիկ Ասրյանը կոչով դիմեց համագումարի պատվիրակներին. «Նոր պատմական մարտահրավերներին ընդառաջ պետք է ավելի սերտ համախմբվենք մեր պետականության, հայոց նախագահի եւ հայոց ազգային բանակի շուրջ` հանուն մեր հաղթական ու ինքնիշխան հարատեւության: «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գլխավոր նպատակը եղել եւ մնում է անմնացորդ նվիրումն ու անդավաճան ծառայությունը հայոց պետականությանն ու հայ ժողովրդին, հայոց բանակին ու հայրենիքի պաշտպանունակությանը, յուրաքանչյուր հայ ընտանիքին եւ սահմանապահ հայի օջախին»:

Համագումարում ողջույնի ու գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ով անթաքույց հիացմունքով գնահատեց կազմակերպության ռազմահայրենասիրական գործունեությունն ու ասաց. «Յուրաքանչյուր հասարակական կազմակերպության գործունեության հիմքում ընկած է գաղափարական հենքի ստեղծումը, որի հիմնական նպատակն է մեր երկրի հուսալի ապագայի համար պայքարելու ձգտումը: Այդպիսի գործունեություն է ծավալել «Հայոց արծիվներ» կազմակերպությունը, որի ակտիվությունը, անցկացրած միջոցառումները եւ լարված աշխատանքն աննախադեպ են: Աննախադեպ է նաեւ այսօրվա համագումարը:

Կազմակերպության գործունեությունն արժանի է մեր ժողովրդի բարձր գնահատականին, որովհետեւ այն նպաստում է մեր պետականության ամրապնդմանը, մեր պաշտպանության հզորացմանը եւ ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը: Ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող մեծամասշտաբ աշխատանքները նպաստում են ոչ միայն բանակի, այլեւ մեր երիտասարդության շրջանում հայրենասիրական վսեմ գաղափարների հաստատմանը»:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարում ողջույնի ու բարեմաղթանքի խոսք ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենատ Մովսես Հակոբյանը. «Կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր: Ուրախալի է, որ «Հայոց արծիվները» իր շարքերում միավորում է երիտասարդության առավել ակտիվ հատվածին` նրանց եռանդն ուղղելով ճիշտ նպատակների: Կազմակերպության անդամներից շատերը համալրելու են բանակի շարքերը: Վստահ եմ, որ այդ երիտասարդներին ներարկված գաղափարները, նրանց ձեռք բերած ռազմամարզական որոշակի հմտությունները նպաստելու են, որ նրանք դառնան օրինակելի զինվորներ, հայրենիքի արժանավոր պաշտպաններ: Վստահ եմ նաեւ, որ հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում «Հայոց արծիվները» կանգնելու է բանակի կողքին»:

Համագումարում ելույթ ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը` ասաց. ««Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավարությանը հաջողվեց (ժողովներից, համագումարներից, ճառերից հոգնած մեր օրերում) կազմակերպության հերթական համաժողովն անցկացնել նախօրինակը չունեցող ձեւաչափով, որը ոչ միայն հետաքրքիր ու գրավիչ դարձրեց այն, այլեւ համաժողովին հաղորդեց գործնական ուղղվածություն` հատկապես ռազմահայրենասիրական առումով: Եվ այսօր, ի դեմս «Հայոց արծիվների», հանրապետությունում ունենք լիովին կազմավորված ու կայացած, հանրության ամենատարբեր շերտերում արմատներ ձգած, յուրօրինակ ծրագիր ու գործելակերպ որդեգրած հասարակական կազմակերպություն»: Սամվել Ալեքսանյանը նշեց նաեւ. «Ուզում ենք մեր հարգանքն ընծայել Խաչիկ Ասրյանին: «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ծնունդն ու կայացած լինելու իրողությունը գլխավորապես նրա մտքի, ջանքի, անմնացորդ նվիրումի արգասիքն են: Բնատուր օժտվածություն, լիդերի անուրանալի ձիրք, երիտասարդներին ոտքի հանելու եւ առաջնորդելու ունակություն, դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու, չհուսալքվելու եւ առաջադրված խնդիրը լուծելու կամք ու վճռականություն, մարդկանց հետ շփվելու, նրանց մտածումներին կարեկից ու հաղորդակից լինելու շնորհ, – ահա բնութագրիչներից մի քանիսը, որ հատուկ է Խաչիկ Ասրյանին: Եվ պատահական չէ ամենեւին, որ մեր ընթացքի բազմաթիվ ուղղություններում ու տարածաշրջաններում սպասված գործչի ու կազմակերպչի վաստակած համարում ունի նա»:

Իր խոսքի ավարտին Սամվել Ալեքսանյանն ասաց` «Ակնկալում ենք, որ կազմակերպությունը, սկզբնավորման-ձեւավորման փուլին բնորոշ դժվարությունն ու դրսեւորումները հետեւում թողած, անցողիկի ու ժամանակավորի բեռը թոթափած, հանրությանը կներկայանա շյուղահարվող մեր օրերի մարտահրավերների հստակ գիտակցումով ու դրանից բխող գործելակերպով: Այլապես` մեր հասարակական-քաղաքական ուժերից շատերին համակած անորոշությունն ու իրականությունից կտրվածությունը, նրանց անժողովուրդ ընթացքն ու մերկությունը մի օր էլ կարող է ձեզ սպառնալ:

Ուրեմն եւ` «Հայոց արծիվներին» ողջամիտ, ստեղծագործ ու անվախճան երթ, երկրի տիրոջ զգացողություն, իսկ դրանից առաջ` երկրի ջրկիրն ու հողվորը, մեր քարափների անվախճանության երաշխավորն ու արթուն պահապանը լինելու զգացողություն, պատվախնդրություն, վարք: Եվ միայն այդ դեպքում ձեր ճախրանքը մերը կլինի, բոլորինս եւ յուրաքանչյուրինս կլինի, հայերեն կլինի, ինչը եւ սպասում ենք ձեզանից»:

Համագումարը միաձայն «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ վերընտրեց Խաչիկ Ասրյանին, ով իր ամփոփիչ խոսքում նախանշեց «Հայոց արծիվների» գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները:

Առաջին՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսուհետ եւս նպաստելու է ՀՀ օրենքների եւ պետականամետ, հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը:

Երկրորդ՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով շարունակելու է համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ` հանուն օրինականության, ժողովրդավարության, հանուն համայնքների զարգացման ու սահմանամերձ գյուղերի ամրապնդման եւ հանուն Հայաստանի քաղաքացիների բարեկեցության:

Երրորդ՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը անդուլ պայքար է մղելու կոռուպցիայի, այդ թվում կաշառակերության ու պրոտեկցիոնիզմի դեմ:

Չորրորդ՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կշարունակի եւ կընդլայնի համագործակցությունը հայոց ազգային բանակի հետ` հանուն ազգային բանակի անընդհատ հզորացման եւ մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացման: Այդ նպատակով նոր թափ կառնեն այցելությունները զորամասեր, սահմանագծի մարտական հենակետեր եւ հայրենիքի սահմանները պաշտպանող սպաներին, պայմանագրային զինծառայողներին, զինվորներին, Արցախյան հերոսամարտի վետերաններին ու նրանց ընտանիքիներին:

Հինգերորդ՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գործող ամենամասսայական, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարներով առաջնորդվող հայրենասիրական շարժումն է, եւ մեր նպատակն է լինելու կազմակերպության շարքերն այսուհետ եւս համալրել նվիրյալ, պետականամետ եւ հայրենատեր հայորդիներով:

Վեցերորդ՝ հայոց պետականության անընդհատ զարգացման, այդ թվում նաեւ ազգային բանակի հզորացման գործընթացներին անընդհատ մասնակցելու ժամանակ անվերապահորեն կատարել ՀՀ նախագահ եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամաններն ու որոշումները:

Յոթերորդ՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի` հայկական բարձրավանդակի արժանավոր ժառանգորդն է եւ հզոր ու միասնական Հայաստան կերտելու պահանջատերն ու իրականացնողը:

Համագումարն ընտրեց նաեւ կազմակերպության ղեկավար մարմին` 127 անդամից կազմված խորհուրդ, ինչպես նաեւ Վերահսկիչ հանձնաժողով` հինգ անդամով:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության վերընտրված նախագահ Խաչիկ Ասրյանը համագումարին ներկայացրեց կազմակերպության նոր աշխատակազմը.

  1. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ` Խաչիկ Ասրյան,
  2. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ` Արմեն Կիրակոսյան,
  3. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, կազմակերպության քարտուղար` Խաչատուր Մաթուլյան,
  4. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ` Վահան Հասրաթյան,
  5. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, կազմակերպության մարզամշակութային հանձնաժողովի նախագահ, կազմակերպության աշխատակազմի ղեկավար` Տիգրան Առաքելյան,
  6. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ` Տիգրան Բաբախանյան,
  7. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության հանձնաժողովի նախագահ, կազմակերպության նախագահի խորհրդական` Մհեր Եղիազարյան,
  8. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կանանց հանձնաժողովի նախագահ, կազմակերպության նախագահի խորհրդական, կազմակերպության հիմնի խոսքի հեղինակ, գրող, հրապարակախոս` Ռուզան Ասատրյան,
  9. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ` Սարգիս Ղուկասյան,
  10. «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական` Արծրուն Եղիազարյան:

Կազմակերպության նախագահը տեղեկացրեց նաեւ, որ կազմակերպության սոցիալական հանձնաժողովը որոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը:

Առաջիկայում կազմակերպության նախագահի աշխատակազմում կլինեն նոր նշանակումներ:
Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը երախտագիտություն հայտնեց ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին` «Սյունյաց արծիվներ» եւ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների կայացման ու հզորացման գործընթացում բացառիկ մասնակցություն եւ ներդրում ունենալու համար:

Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին աջակցելու համար:

Խաչիկ Ասրյանը երախտագիտության ու շնորհավորանքի խոսք ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` «Սյունյաց արծիվներ» եւ «Հայոց արծիվներ» կազմակերպությունների ծրագրերին ու միջոցառումներին աջակցելու համար՝ նրան նվիրելով ուժի ու հզորության խորհրդանիշը` Սուր:
Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին` կազմակերպության հայրենասիրական գործունեությանն աջակցելու համար եւ նրան նվիրեց կազմակերպության խորհրդանիշը` Արծիվ:

Խաչիկ Ասրյանը կազմակերպության բարձրագույն պարգեւով` «Հայոց արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգեւատրեց Արցախի հերոս, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին եւ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի եւ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման եւ գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ գերատեսչական մեդալներով պարգեւատրեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 17 անդամի:

Համագումարի աշխատանքների ավարտից հետո պատվիրակները կուռ շարքերով քայլեցին դեպի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի հրաձգարան եւ, համաձայն կրակային պատրաստության ծրագրի, կրակեցին մարտական փամփուշտներով:

«Հայոց արծիվներ»
ՀՀԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի հանձնաժողով
17 մարտի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: