07/05/2020

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Որոտանի հէկերի վաճառքը դարի հանցագործությունն է»

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Որոտանի հէկերի վաճառքը դարի հանցագործությունն է»

«Օրենսդրության կոպտագույն եւ բազմակի խախտումներով, Ազգային ժողովի շրջանցմամբ մասնավորեցված Որոտանի կասկադն առանց մրցույթ հայտարարելու եւ իրական արժեքից անհամեմատ ցածր գնով` ընդամենը 180 միլիոն դոլարով, վաճառվեց ամերիկյան երկու ընկերության: Հայաստանը, այսպիսով, կորցրեց իր էներգետիկ համակարգի պետությանը պատկանող վերջին նշանակալի հանգույցը, ինչը ոչ այլ կերպ, քան դարի հանցագործություն, չի կարելի կոչել», – մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Նորանոր հարկատեսակների, պարտադիր ապահովագրումների եւ չդադարող թանկացումների միջոցով ժողովրդի վերջին լուման կորզող իշխանությունն օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ պետության գանձարանից հափշտակեց 180 միլիոն դոլար, քանի որ այդ գումարը ոչ թե մուտքագրվել է Հայաստանի բյուջե, այլ, արդարադատության նախարարի հավաստմամբ, իբրեւ թե փոխանցվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր կոչվող կոնսպիրատիվ մի ընկերության, սակայն ես վստահ չեմ, որ այս տեղեկությունը ճիշտ է», – ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Հանցագործության աստիճանը պատկերացնելու համար ավելորդ չէ նշել, որ Հայաստանի նման երկրի համար 180 միլիոն դոլարը փոքր գումար չէ` նկատի ունենալով, որ այն կազմում է երկրի այս տարվա բյուջեի եկամտային մասի շուրջ 7 տոկոսը: Չեմ կարծում, որ ամերիկյան ընկերություններն այս հանցագործության հետ որեւէ կապ ունեն: Նրանք օրինական կարգով բանակցել են Հայաստանի կառավարության հետ, պայմանագիրը ստորագրել էներգետիկայի նախարար Մովսիսյանի հետ եւ գումարը փոխանցել այն հաշվեհամարին, որը նրանց տրամադրվել է վերջինիս կողմից: Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է ավելացնել նաեւ, որ ամերիկյան ընկերությունների հետ կնքված գործարքն ինքնին կարող է նաեւ որոշակի դրական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար` երկրի էներգետիկ համակարգը մոնոպոլիայի վերածվելու վտանգից զերծ պահելու եւ այդ համակարգում ցանկալի մրցակցություն ձեւավորելու տեսակետից: Դրանով հանդերձ, 180 միլիոն դոլարի վերադարձը պետական բյուջե պետք է դառնա հասարակության, քաղաքական ուժերի եւ խորհրդարանի կողմից գործադիր իշխանության առջեւ դրված ամենահրամայական եւ հրատապ պահանջը», – ամփոփեց Տեր-Պետրոսյանը:

ecolur.org
1 մարտի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: