07/02/2020

«Վերադարձի» անդրանիկ համագումարը

«Վերադարձի» անդրանիկ համագումարը

Կապանի մշակույթի կենտրոնի կինոդահլիճում մարտի 2-ին տեղի ունեցավ ««Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում» հասարակական կազմակերպության անդրանիկ համագումարը: Նախ տեսաֆիլմի միջոցով անդրադարձ կատարվեց կազմակերպության վեցամսյա գործունեությանը (հիմնադրվել է 2013թ. սեպտեմբերի 5-ին): Այնուհետեւ խոսքը տրվեց կազմակերպության հիմնադիր նախագահ Դավիթ Սիմոնյանին, ով մասնավորապես նշեց, թե մեր երկրում ծնվել եւ հասունանում է մի մշակույթ, երբ քաղաքական դիրքորոշումները հիմնականում արտահայտվում են ընտրությունների ժամանակ, իսկ հասարակության մտահոգություններն ու խնդիրներն առավել արդյունավետորեն արտահայտվում են քաղաքացիական նախաձեռնությունների ձեւով: Ըստ բանախոսի` անձը շղթայված չէ իր կուսակցական պատկանելությամբ, ինքնուրույն է ներկայանում որպես ՀՀ ազատ քաղաքացի, հայ մարդ, ով մտահոգված է երկրի ներկայով եւ ապագայով: Այս համատեքստում Դավիթ Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Անկեղծ ասած` ստեղծման պահին մտավախություն եմ ունեցել, որ կազմակերպությունը կքաղաքականացնեն` հաշվի առնելով հանգամանքը, որ կազմակերպության նախագահն եմ, իսկ հայրս` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր: Միաժամանակ կարծում եմ, որ դա մարդկանց մտածելակերպի խնդիրն է, ոչ թե կազմակերպության, բայց նման պայմաններում գործելը չի բխում կազմակերպության շահերից: Ուստի հրաժարվում եմ լինել կազակերպության խորհրդի նախագահ: Սրանով ուզում եմ կրկին անգամ բացառել իմ ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը կազմակերպության անդամների վրա քաղաքական գործընթացներում: Համոզված եմ, որ նորընտիր խորհուրդը եւ խորհրդի նախագահը հետագայում նույնպես կգործեն ի շահ կազմակերպության` նպատակ ունենալով պահպանել «Վերադարձի» ինքնուրույնությունը»:

Կազմակերպության հիմնադիր համագումարը հաստատեց կազմակերպության կանոնադրությունը, ընտրվեց խորհրդի կազմը, բաց քվեարկությամբ «Վերադարձի» նախագահ ընտրվեց Գոռ Թադեւոսյանը: Նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ համոզմունք, որ կազմակերպության նոր ընտրված խորհուրդն իր ջանքները կուղղի կազմակերպության ծրագրերի իրականացմանը: Նաեւ հայտնեց, որ «Վերադարձ» ՀԿ-ի հետ համագործակցության առաջարկություն ունեն նույն նպատակներն ու առաքելությունը ունեցող մի քանի հասարակական կազմակերպություններ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: