09/17/2019

Համո Սահյանը իր 100-ամյակին էլ մեզ հետ է

Համո Սահյանը իր 100-ամյակին էլ մեզ հետ է

Հարյուր տարի առաջ՝ 1914թ. ապրիլի 14-ին, ծնվեց Համո Սահյանը

Ապրիլի 8-ին լույս կտեսնի «Սյունյաց երկրի» հատուկ համարը` նվիրված հայ մեծ քնարերգու Համո Սահյանին, որը նախեւառաջ սյունեցիներիս խոնարհումի հերթական տուրքն է առ բանաստեղծ` ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

Մեծ երկյուղածությամբ եւ պատասխանատվության զգացումով դեռեւս տարիներ առաջ մտանք Համո Սահյանի բանաստեղծական տաճար եւ կամեցանք նրա արվեստը լրագրային չափանիշներով ներկայացնել ընթերցողին: Դա տասը տարի առաջ էր` 2004 թվականին, բայց, կարծեք, չստացվեց ցանկալի ձեւով: Եվ ձգտեցինք նորից ու նորովի անել այդ գործը: Ու արեցինք: Իսկ թե որքանով ստացվեց` ընթերցողը կարող է դատել:

Մի ուշագրավ իրողության ականատես եղանք համարը նախապատրաստելիս: Բոլորը, ում դիմեցինք, գրականության, գրականագիտության ներկայացուցիչներից մինչեւ բանաստեղծի ժամանակակիցներ, հաճույքով ու կամեցողությամբ արձագանքեցին մեզ: Առաջին հայացքից սովորական ու բնական թվացող այդ երեւույթը, սակայն, յուրովի ցույց տվեց, որ Համո Սահյանը շարունակում է վայելել մեր ժողովրդի մաքրամաքուր սերը, որ Համո Սահյանն իր 100-ամյակին էլ մեզ հետ է, որ նա դժվարին այս օրերին եւս մեր երթի առջեւում է:

Ո՞վ է Համո Սահյանը մեզ համար, ի՞նչ առաքելությամբ էր աշխարհ եկել, ո՞րն է նրա գրական ժառանգության տեղը հայոց արժեհամակարգում:

Սփյուռքահայ գրող Անդրանիկ Ծառուկյանն այսպես է պատասխանում մեր հարցին. «Համօ Սահեան... Հայրենիքի հողն է, ջուրն է, թոնիրին հացը, ծառերուն սօսափը, հովերուն, ջուրերուն, յոգնած մարդուն հառաչը, սիրող զույգին ծիծաղը, մահացեալին յիշատակը, նորածինին ճռուողիւնը: Ինքը, մինակը, միակ, միայնակ` ամփոփուած հայրենիք մըն է, միանձնացած հայութիւն մը...»:

Հրանտ Մաթեւոսյանն էլ ասում է. «Մեր եղբայրը այն է դրել հոգեւոր հացի մեր սեղանին, որ կորստի ու կողոպուտի ժամանակներից հետո մեզ զուրկերի ետին շարքերը չի նետում եւ իրեն հանում է աշխարհի ու մերազնյա ընտրյալների դասը...»: Ասում է նաեւ. «Սահյանի առաջ հայերենը չպապանձվեց-խոսեց, եւ լեզվի հետ խոսեց մեր ողջ այսօրն ու պատմությունը: Նա իր ժամանակի նորոգիչը եղավ, եւ մեր երթի գլխին պսակյալ իր պատկերը այդ կլինի»: Այնուհետեւ. «Եվ ովքեր Սահյանին հայոց բանարվեստ էին ճամփել` Հայ մարդը, Հայ տունը, Հայոց աշխարհը, ում պատվիրակն է Սահյանն աշխարհի այս մեծ համերգում, խնդրել էին իրենց մասին պատմել չավելացնելով ու չպակասեցնելով, պակասեցնելով, բայց երբե՛ք ավելացնելով, երբե՛ք շլացնելով, պատմել իրենց լեզվով` խոնարհ հայերենով»:

Հայրենաբաղձ Պողոս Սնապյանին էլ (սփյուռքահայ գրականագետ) այսպես է պատկերանում բանաստեղծը. «Մեր մեջ, Չարենցէն ետք, գրելու արարքը գրականութեան վերածած ամէնէն հետաքրքրական բանաստեղծը եղաւ ու կը մնայ Համօ Սահեան»:

Համո Սահյան երեւույթը նորովի զգալն է համարի առջեւ ծառացած խնդիրներից մեկը (թեեւ վերը նշվածը, ինչպես եւ նման բազում գնահատություններ, հավերժի համար են ասված): Եվ դա փորձեցինք անել հայ գրականության երեւելիներից մի քանիսի օգնությամբ` Ավետիք Իսահակյանից, Ստեփան Զորյանից, Գուրգեն Մահարուց, Նաիրի Զարյանից, Հրաչյա Քոչարից սկսած մինչեւ մեր օրեր:

Համո Սահյանի գրական ժառանգությունը (ինչպես երկրային կյանքի օրերում, այնպես էլ հետմահու քսան տարում) պարբերաբար եւ պատշաճորեն դրվել է ընթերցողի սեղանին: Ուստի եւ նրա ստեղծագործությունները (թեկուզ եւ ստեղծագործությունների ընտրանին) ներկայացնելու խնդիր չենք դրել մեր առջեւ (պարբերականը նման հնարավորություն չունի էլ): Այդ բոլորով հանդերձ` մեծ բանաստեղծի որոշ ստեղծագործություններ (ավելի շատ` ըստ հրատարակված գրքերի, ավելի քիչ` ըստ թեմայի ու ժանրի) ներկայացնում ենք սույն համարում` նրա քնարերգությանը վերստին հաղորդվելու համար:

Համարի առջեւ ծառացած է լրջագույն մի խնդիր եւս` նվազե՞լ է արդյոք Համո Սահյանի պոեզիայի գեղագիտական ու ճանաչողական նշանակությունը մահվանից քսան տարի անց, երբ գրողը մեր առջեւ կանգնած է ժամանակավորի, անցողիկի բեռը թոթափած, երբ մեր արժեքային համակարգում էական տեղաշարժեր են կատարվում: Դավիթ Գասպարյանն է ասում. «Հարյուրամյակը ճիշտ ժամանակն է յուրաքանչյուր գրողի տեսնելու իր տեղում եւ արժեքային ստուգված համակարգում»: Հարցի պատասխանն ստանում ենք հատկապես արդի գրականագիտության նշանավոր մի քանի ներկայացուցչի` հոբելյանական համարում ասված խոսքից (Դավիթ Գասպարյան, Կիմ Աղաբեկյան, Ֆելիքս Մելոյան, Ժենյա Քալանթարյան, Աելիտա Դոլուխանյան, Ազատ Եղիազարյան, Մարտին Գիլավյան): Եվ վերստին համոզվում ենք, որ Համո Սահյանի կշռումներն արդիական են, ինչպես տասնամյակներ առաջ: Ավելին, Սահյանը ոչ միայն երեկվա ու այսօրվա, այլեւ վաղվա մեջ է:

Ոչ պակաս արդիական է նրա քաղաքացիական պոեզիան: Հասարակական ներքին խնդիրները, իրականության ցավոտ կետերը, որոնք մտահոգել են բանաստեղծին, այսօր էլ հրատապ են` գյուղերի ամայացում, արտագաղթ, կեղծ բարեպաշտություն, ստի հրավառություն, անտարբերություն, Ղարաբաղյան խնդիր...

Սահյանի պոեզիան շարունակում է ունենալ հայրենաճանաչության գործառույթ: Սյունյաց աշխարհի շատ-շատ վայրեր (Որոտան, Գյազբել, Իշխանասար, Զորզոր, Լորաձոր, Տատնա....) իրենց հավերժական տեղն են գտել հայ պոեզիայի մեջ` դառնալով հայրենիքի խորհրդանիշներ: Ու հենց նրանց դիմելով է բանաստեղծը հաճախ զրույց բացում աշխարհի, մարդու մասին:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր լավատեսություն եւ հույս է ծորում նրա պոեզիայից:

Այդ ամենով հանդերձ` Համո Սահյանի ստեղծագործությունների առանցքը մարդն է` բնական մարդը, ամեն ինչում մարդկային շունչը զգալու կարողությունը, բնական մարդուն իր արմատներին վերադարձնելու, բնության մասնիկը դարձնելու հրամայականը, որից ապրելու բանաձեւ կարող է առնել (վերցնել) Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Եվ այդ ամենը գիտակցելու, նրա ստեղծագործական աշխարհի ընթացքն ըմբռնելու համար կարեւորեցինք նաեւ գրականագետների նախորդ ու ներկա սերունդների ներկայացուցիչների դիտարկումներն ու վերլուծություները (Սողոմոն Սողոմոնյան, Վազգեն Մնացականյան, Հրանտ Թամրազյան, Սուրեն Աղաբաբյան...): Ու հանգեցինք եզրակացության, որ սահյանագիտությունը, հակառակ ոմանց կարծիքի, վաղուց է հայ գրականագիտական մտքի ուշադրությունը գրավել: Սխալված չենք լինի, եթե ասենք` գրականագիտությունը, գրաքննադատությունը, 1940-ականներից սկսած, մշտապես ուղեկցել են բանաստեղծին` հիմնականում դրվատանքի արժանացնելով նրա պոեզիան:

Սահյանի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել այլազգի գրողներն ու քննադատները (Լեւ Օզերով, Էդուարդաս Մեժելայտիս, Կայսին Կուլիեւ, Ստանիսլավ Ռասսադին... ), ինչպես եւ սփյուռքահայ գրականագետներից շատերը (Անդրանիկ Ծառուկյան, Պողոս Սնապյան... ), որոնց խոսքը ներկայացնում ենք:

Համո Սահյանը թողել է հսկայական գրականագիտական, գրաքննադատական ժառանգություն, որի առանձին նմուշներ (հարցազրույցներ, հոդվածներ, դիմանկարներ, թարգմանություններ) նույնպես ներկայացնում ենք: Դա, իսկապես, գնահատելի ժառանգություն է: Ի դեպ, գրաքննադատական ժառանգությունը լուրջ չափանիշ է Համո Սահյանի գեղագիտական աշխարհն առավել խորությամբ թափանցելու համար: Եվ բոլոր հիմքերն ունենք ասելու, որ Համո Սահյանը մեր լավագույն գրաքննադատներից է եղել, որի դիտարկումներն ու բանաձեւումներն առ այսօր արդիական են:

Ակնհայտ է Համո Սահյանի պոեզիայի ժողովրդականությունը: Մի անվիճելի ցուցիչ` ահավասիկ: Հայրեներգությունը, հայերգությունը բոլոր ժամանակներում մեր քնարերգության անքակտելի բաղադրիչն են եղել: Եվ այդ առումով, Գողթան երգերի ու միջնադարյան տաղերգուների ժամանակներից սկսած, սքանչելի շատ գործեր կարելի է հիշել, բազում բանաստեղծների` եւս: Բայց պոեզիայից հեռացած մեր ժամանակներում, որքան էլ զարմանալի է, հայ մարդու հոգու թարգմանը շատ դեպքերում Համո Սահյանի պոեզիան է: Իրոք, մեր ժամանակներում հայ մարդը հոգու կարոտն ու հոգեկանչն առ հայրենիք առավել հաճախ արտահայտում է սահյանական պոեզիայով: Դա ցույց տվեց նաեւ բանաստեղծի հոբելյանի առիթով Սիսիանի քաղաքապետարանի ու «Սյունյաց երկրի» կողմից հայտարարված արձակ եւ չափածո խոսքի մրցույթը: Մինչեւ երեսուն տարեկան երիտասարդների համար հայտարարված մրցույթին մասնակցեցին նաեւ ավագները: Մրցույթը հատկապես մեծ արձագանք գտավ Կապանում եւ մասնավորապես քաղաքի ակումբագրադարանային միավորման (տնօրեն` Սվետլանա Գեւորգյան) գրադարաններում: Մրցույթում ծնված մոտ հարյուր խոսքից յոթը ներկայացնում ենք ընթերցողին (հեղինակներ` Կապանի N2 ավագ դպրոցի աշակերտներ Անի Ասրյան, Գոռ Ծատուրյան, Կապանի N7 հիմնական դպրոցի աշակերտուհի Նանե Ծատուրյան, Լորից ուսանողուհի Լիլիթ Հովհաննիսյան, Սիսիանի հարգարժան լրագրող եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Էվելինա Թադեւոսյան, Կապանի տարածաշրջանային քոլեջի դասախոս Սեդա Սարդարյան, Տաթեւիկ Կոստանյան` Սիսիանից):

Համո Սահյանի պոեզիան շարունակում է մնալ ոչ միայն ներշնչանքի, այլեւ ազդեցության աղբյուր: Ազդեցություն, հոգեհարազատություն... Միգուցե եւ այդ տեսանկյունից նայենք բանաստեղծի առաջին կնոջ` Մարիա Հակոբյանի ստեղծագործություններին, որոնցից մի քանիսը («Մարինե վանքում» ժողովածուից) ներկայացնում ենք ընթերցողին:

Հետաքրքիր է Համո Սահյանին տեսնել գեղարվեստական խոսքի սահմաններից դուրս: Դրանում մեզ օգնեցին Լեւոն Մկրտչյանի զրույցները բանաստեղծի հետ, ինչպես եւ բանաստեղծի խոսքը` ըստ Հարություն Հովնաթանի, ինչը մասամբ զետեղում ենք համարում:

Չէինք կարող շրջանցել Համո Սահյանի մասին հուշագրությունները (ե՛ւ նախկինում գրված, ե՛ւ սույն համարի առիթով ծնված): Դրանք, ինչպես եւ բանաստեղծի մասին զրույցները, հնարավորություն են տալիս ծանոթանալ նրա մարդկային ու քաղաքացիական նկարագրին, նաեւ ստեղծագործական «խոհանոցի» որոշ նրբություններին ու առանձնահատկություններին: Իսկ համարի նախապատրաստման ընթացքում ուշագրավ զրույցներ իսկապես ծնվեցին` Նաիրի Սահյան, Գետիկ Բաղդասարյան, Շչորս Դավթյան, Լավրենտ Սարգսյան, Հովիկ Հախվերդյան, Անահիտ Հովհաննիսյան, Սիլվա Յուզբաշյան...

Համո Սահյանի համար Սյունիքն էր, ինչպես ինքը կասեր, «աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր դիտակետը»: Ուստի եւ ներկայացնում ենք Սյունյաց աշխարհի այն վայրերից մի քանիսը (լուսանկարներով), որոնք, շնորհիվ Համո Սահյանի պոեզիայի, մեզ համար այլեւս հայրենիքի խորհրդանիշներ են: Ներկայացնում ենք հայրենի եզերքը` Լորը (ե՛ւ պատմական անցյալը, ե՛ւ ներկան), որն աշխարհին Համո Սահյան է պարգեւել: Ներկայացնում ենք Խաչիպապի գերդաստանը (որի շառավիղն է Համո Սահյանը), ինչպես եւ գերդաստանի ավագին` բանաստեղծի քրոջը` տիկին Հասմիկին:

Չենք մոռացել Համո Սահյանին նվիրված բանաստեղծությունները. դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ընթերցողին:

Անցած քսան տարում որոշ չափով հավերժացվել է Համո Սահյանի հիշատակը, ամեն տարի ե՛ւ բնօրրան Սիսիանում, ե՛ւ Երեւանում նշվել է նրա ծննդյան օրը. դրան նույնպես անդրադառնում ենք:

Համո Սահյանի հոբելյանին նվիրված թերթային հատուկ համարի ծնունդն իրականություն դարձավ բազմաթիվ մարդկանց հոգածությամբ: Առհասարակ մեծ բանաստեղծի հոբելյանի պատշաճ կազմակերպումը համարվեց բոլորիս արժանապատվության խնդիրը` լրատվամիջոցներից մինչեւ մշակութային, գիտական ու կրթական հաստատություններ: Իսկ Սիսիանում, կարելի է ասել, սահյանական տարին մեկնարկեց 2013թ. օգոստոսի 12-ին, երբ սիսիանցի մոտ չորս հարյուր պատանի ու աղջիկ, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ուխտագնացություն կատարեցին Լոր` բանաստեղծի ծննդավայր:

Տեղին է ասել, որ «Սյունյաց երկրի» ու Սիսիանի քաղաքապետարանի համագործակցությամբ թերթային մի բացառիկ համար էլ ծնվել է 2011թ. հոկտեմբերի 18-ին` նվիրված աշխարհահռչակ հայագետ ու բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցին: Նպատակ ունենք այդկերպ նշանավորել նաեւ բոլոր ժամանակների ամենանշանավոր սյունեցիներից մեկի` Սուրբ Հովհան Որոտնեցու 700-ամյակը, որ լրանում է 2015-ին: Ի դեպ, Սիսիանը, նախեւառաջ ու գլխավորապես, հոգեւոր-մշակութային բացառիկ տարածք է հայոց մեջ, ինչի վկայություններից են ոչ միայն Հովհան Որոտնեցի, Նիկողայոս Ադոնց երեւույթները, այլեւ հայոց պատմության հրաշք Քարահունջը, Ուղտասարը եւ, իհարկե, Մեսրոպ Մաշտոցի անվամբ ու այցով սրբագործված Շաղատն ու Շաղատի վարդապետարանը: Համո Սահյան երեւույթը հոգեւոր-մշակութային այդ միջավայրի ծնունդն է, ուստի եւ թերթում որոշակիորեն ներկայացնում ենք պատմական այդ դեմքերն ու իրողությունները, որոնք ամբողջացնում են Սիսիան հոգեւոր-մշակութային տարածքի դիմապատկերը:

Համարի ստեղծման գործում խմբագրակազմի հետ մեկտեղ նկատելի ավանդ ունեցավ (ծրագրավորումից մինչեւ նյութերի քննարկում) խմբագրության գեղարվեստական խորհուրդը` Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:

Համարի առիթով ստեղծված նյութերում ուշագրավ են հատկապես Վահրամ Օրբելյանի, ինչպես եւ Սուսաննա Բաբաջանյանի սահյանական շարքերը: Իսկ Շչորս Դավթյանի բարի կամեցողությամբ խմբագրությանը տրամադրվեց «Համո Սահյան գիտամշակութային կենտրոնի» լուսանկարների ամբողջ պաշարը:

Նորից եւ նորովի ուսումնասիրելով Համո Սահյանի գրական ժառանգությունը, նրա գրական-գրաքննադատական հայացքները, նրա մարդկային ու քաղաքացիական խառնվածքը` հանգում ենք եզրակացության, որ Համո Սահյանի քնարական հերոսի` Հայ մարդու բարոյականությամբ պարզաջրվելու, Հայ մարդու` մեր ցանկացած տեսակի հետ առերեսվելու, մեր երկրի իրական տերը լինելու խնդիր ունենք: Միայն երկրի իրական տերը կարող է ասել`

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Միայն երկրի ներկայով ու ապագայով մտահոգ Հայ մարդը կարող է ասել`

Հոգսը կրվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Բախտը կռվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Խավարն ինչքան էլ խուլ,
Վերջը պիտի ցրվի,
Լույսը փռվի պիտի,
Ուրիշ հնար չկա:

Եվ ուրեմն` երանի նրանց, ովքեր Համո Սահյանին իրենց ուսուցիչ եւ նախնի համարելու իրավունք կվաստակեն` նաեւ իրենց ապրած կյանքով, ապրելու իրենց բանաձեւով:

Իսկ վերջում մեր երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր աջակցեցին թերթի խմբագրակազմին` Համո Սահյանին ներկայացնելու նաեւ այսպես` թերթի հատուկ համարով:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: