10/23/2019

Դժվար է քաղաքականության մեջ դեմք պահելը…

Դժվար է քաղաքականության մեջ դեմք պահելը…

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ


 

Իբրեւ վերնագիր ընտրված այս խոսքերի հեղինակը Արտուր Աթայանն է, ով այդ ոլորտ ոտք դնելուց եւ սյունյաց մարզկենտրոնը չորս տարի ղեկավարելուց հետո այսօր կրկին տնտեսական գործունեությանն է վերադարձել: 2014թ. ապրիլի 6-ին Արտուր Աթայանը կդառնա 50 տարեկան, ու կյանքի լուրջ` կեսդարյա սահմանագիծը հատելու իրողությունը հերթական առիթէ անդրադառնալու Աթայան մարդու կերպարին ու գործունեությանը:

Ցանածը հնձելու ժամանակը

Հետեւելով իսկական տղամարդու մասին ժողովրդական իմաստությանը` պարոն Աթայանն արդեն հասցրել է ե՛ւ տուն կառուցել, ե՛ւ ծառ տնկել, ե՛ւ որդի մեծացնել, ու երբ հարցնում ենք, թե ի՞նչ պետք է հասցրած ու արած լինի արդեն 50-ամյակի շեմին կանգնած տղամարդը, պատասխանում է. «Պետք է արդեն արած լինի հնարավոր ամենը, որպեսզի գա վայելելու ժամանակը: Այս տարիքում պիտի հավաքես ցանածդ սերմի բերքն ու պարզապես վայելես աշխատանքիդ արդյունքները, վայելես հաջողություններդ, ընտանիքդ` լցված զավակներիդ ու թոռներիդ ջերմությամբ»: Եվ իր համար հիմա արդեն կյանքի այն փուլն է, երբ փորձն է փոխանցում զավակներին, նրանց «մտցնում աշխարհ», անընդհատ ու ամեն օր աշխատում կյանք սովորեցնել, որ պատրաստ լինեն ամեն ինչի…

Միայն 50-ամյակի շեմին չէ, որ մեր հերոսը փորձում է ինքն իր մեջ հայեցողի դերում լինել ու զգալ տարիքային անցումներն ու ներսում եղած փոփոխությունները. «Առհասարակ, հինգ տարին մեկ ինքս իմ մեջ նման վերլուծություն եմ անում, եւ երեւի շատերի հետ է այդպես. ասենք, հինգ տարի առաջ կարծում էի, թե բավականին խելք ու փորձ ունեմ, հիմա հետ եմ նայում ու տեսնում, որ դեռ պիտի սովորեմ ու սովորեմ, վստահ եմ` հինգ տարի հետո էլ նույնը կզգամ` այսօրվա հետ համեմատելիս… Կոնկրետ մի տարիքում սովորելը չի ավարտվում, պարզապես հիմա ամեն ինչին մի քիչ այլ ու առավել սթափ հայացքով ես նայում»:

Կյանքի ուղին

Կապանում ծնված ու մեծացած Արտուր Աթայանի մանկության ամենաքնքուշ ու դաստիարակիչ հուշերը կապված են սիրելի մոր` Հասմիկի հետ: Չնայած մանկական տարիքի ամենամեծ` սահմանապահ դառնալու երազանքին, եւ չնայած, որ ամենաշատը մաթեմատիկան ու երկրաչափությունն է սիրել, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով` երեք ամիս անց ուսումը թողել ու վերադարձել է Կապան, աշխատել «Էլեկտրոն» գործարանում: 1988-ից մասնակցել է ազգային զարթոնքին, հետագայում ներգրավվել ՀՀ սահմանների պաշտպանության կազմակերպման, ինքնապաշտպանական ջոկատների ձեւավորման, սպառազինման ու հանդերձավորման գործում: ՀՅԴ կուսակցության շարքերում է 1991-ից, նույն թվականից ՀՅԴ ԿԿ գործիչն էր Սյունիքում, 1996-ից եղել է ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի անդամ: Տնտեսական գործունեությունն Ա.Աթայանն սկսել է 1999թ., իսկ 2002թ. հիմնել եւ ղեկավարել է «Վայբլ» ՍՊԸ-ն:

Մուտք քաղաքականություն

Ակտիվորեն զբաղվել է նաեւ հասարակական գործունեությամբ, բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ է` մասնավորապես սոցիալական ու մշակութային ոլորտներում:

2002-ից նախաձեռնել եւ նպաստել է «Կապան-Գլենդել քույր քաղաքների ընկերակցության» հիմնադրմանը: 2008-2012թթ. եղել է Կապանի քաղաքապետ:

Դեռ 2008-ի նախընտրական շրջանում, երբ տակավին նոր դեմք էր քաղաքական դաշտում, հայտարարել է. «Եթե փոքր-ինչ կասկածեի, թե ինչ-որ բան ինձ չի հաջողվի, չէի առաջադրվի, ես ինձ պատրաստ եմ համարում այդ գործի համար»:

 

Ի դեպ, երբ համայնքի ղեկավար ընտրվեց, ՀՅԴ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, պաշտոնավարելու ընթացքում այն դարձավ ընդդիմություն, խանգարե՞ց, թե՞ օգնեց հարազատ կուսակցության քաղաքական դերի փոփոխությունը նրա աշխատանքին: «Կուսակցական գործոնը քաղաքապետության օրոք ինձ համար էական չի եղել, որովհետեւ բոլորի քաղաքապետն եմ եղել անկախ ամեն ինչից, եւ մյուս կողմից, կարծում եմ` իմ կուսակցական ընկերներն էլ չեն կարող ասել, թե իմ գործունեությամբ վնաս եմ հասցրել ՀՅԴ վարկին»: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ իր` «նժույգից իջնելուց» հետո ընկերների ու բարեկամների շարքերը չեն նոսրացել, դժվար ժամանակներում լքողներ չեն եղել, ու ինքն այդ առումով իրեն այսօր ոչ միայն մենակ չի զգում, այլեւ, փողոցով քայլելիս ու զանգվածային միջոցառումներում ինչ-որ տեղ ավելորդ ուշադրություն է զգում…

Քաղաքում իրավիճակ փոխվեց

Ի՞նչ հաջողվեց պարոն Աթայանին փոխել այդ չորս տարիներին Կապանում. հարցին պատասխանելիս` չի ցանկանում կոնկրետ նյութական, առարկայական ու շոշափելի օրինակներից խոսել, թե` այս կամ այն արեցի… «Կարծում եմ` քաղաքում ընդհանուր իրավիճակ փոխեցի, կարծում եմ` լավատեսության մթնոլորտ կարողացա ստեղծել, վաղվա օրվան նայելու վստահություն, մնացածն արդեն ֆինանսական, տնտեսական հարցեր են…»:

Իսկ կապանցին քաղաքապետ Աթայանի օրինակով տեսավ, որ ունայն է տարածված այն կարծիքը, թե համայնքային իշխանությունը լծակներ չունի, համարկարգն է որոշիչը, եւ ով էլ նստած լինի այդ աթոռին, ոչինչ չի փոխվի: Տեսավ, որ ցանկության ու կազմակերպչական ունակությունների առկայության դեպքում անձի գործոնը պակաս կարեւոր չէ… Բազում են նրա գործունեության պտուղները, եւ նույնիսկ ամենահոռետեսն ու լավը տեսնել չցանկացողը չի կարող մոռանալ, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ մաքուր ու կոկիկ դարձավ մարզկենտրոնը, ինչ աշխուժություն ստացան մշակութային-սպորտային կառույցները: Նրա ժամանակներում քաղաքապետարանը ձերբազատվեց նաեւ կառավարման այս կամ այն կառույցի անդեմ զուտ կցորդի կերպարից եւ սեփական դեմք ձեռք բերեց, հարկ եղած պահին իր տեսակետն ու կարծիքն ունեցավ, հակադրվեց ընդհանուրին, եթե այդպես էր ենթադրում կապանցու շահը… Եվ, ի վերջո, քաղաքացին իմացավ, որ այլ դռների անօգուտ բախումից հետո տեղ ունի գնալու….

Ա.Աթայանը, թեեւ դա ՏԻՄ բնագավառներից չէ, լուրջ ուշադրություն է դարձրել նաեւ առողջապահական համակարգին: Եվ դրա դրսեւորումը միայն այն չէր, որ քաղաքապետի նախաձեռնությամբ, կոչով եւ օրինակով կապանցի ունեւորներն սկսեցին սեփական ուժերով վերանորոգումներ կատարել Կապանի հիվանդանոցի բաժանմունքներում. «Այսօր մարզկենտրոնում արդեն հիմնանորոգվում է հիվանդանոցը, եւ (անհամեստություն չդիտվի) կարող եմ ասել, որ ես էլ այդտեղ իմ լուման ունեմ. այնքա՜ն համառորեն ու շարունակ բարձրացրել ու լսելի եմ դարձրել այդ հարցը բոլոր ատյաններում»:

Քաղած դասերը

Խոստովանում է, որ երբ քաղաքականություն մտավ, այլ պատկերացում ուներ դրա մասին եւ միայն այնտեղ ոտք դնելուց հետո պարզվեց` ինչ բարդ ու պատասխանատու քայլի է դիմել` հատկապես մարդկային ու բարոյական տեսակը չկորցնելու առումով. «Որովհետեւ շատ դժվար է քաղաքականության մեջ դեմք պահելը, պիտի կարողանաս բոլոր իրավիճակներում քեզ ճիշտ դրսեւորել, երբեմն իրավիճակն ինքն այնպիսի բաներ է պարտադրում, պիտի ճկուն լինես»: Կարեւորում է, որ այդ տարիներին իրականում ու մոտիկից ծանոթացավ բնակչության խնդիրներին, հասկացավ, թե որքա՜ն շատ են դրանք: Պաշտոնը նրան նաեւ առավել մեծ պատասխանատվություն սովորեցրեց. «Եթե քաղաքում շրջելիս մի տեղ աղբ էի տեսնում, վատ էի զգում, եթե պիտի ձյուն գար, ողջ գիշեր չէի քնում… Նախկինում պատասխանատվություն կար միայն իմ ղեկավարած կոլեկտիվի համար, իսկ այդ ժամանակ` 45 հազարանոց քաղաքի բնակչության` բազում խնդիրներով: Հաճախ էլ խնդիրները լսում, բայց լուծել չես կարող եւ պիտի մարդուն այնպես պատասխանես ու ճանապարհես, որ թեւաթափ չլինի»:

Հանդուրժող է եղել ու հաշվի առել նաեւ իր հասցեին հնչած քննադատությունը: Մտերիմներին միշտ հորդորել է` հայտնել` ինչ են լսում իր մասին, որովհետեւ, ուզես թե ոչ, դրա մեջ ճշմարտություն լինում է: «Նորմալ եմ վերաբերվել, ձգտել եմ դասեր քաղել: Եթե տեսել եմ, որ անհեթեթություն է, չեմ անդրադարձել կամ պատասխանել, եթե ասեկոսեներ են եղել, ձգտել եմ ինչ-որ ձեւով` արած-չարածի հաշվետվությամբ ցրել դրանք, մարդկանց ցույց տալ իրականությունը: Դա այնպիսի պաշտոն է, որ եթե այդպիսին չլինես, շատ արագ կարող ես կտրվել ժողովրդից, իրականությունից: Բնական է` չես կարող բոլոր հարցերը լուծել, եւ քանի դեռ հիմնախնդիր կա, մարդիկ դժգոհ կլինեն ու կքննադատեն»:

Նորից գործարարի աթոռին

Պարոն Աթայանը խոստովանում է, որ այժմ ավելի շատ է գնահատում ազատությունը եւ ունեցած ժամանակը. «Չորս տարում գրեթե ժամանակ չեմ ունեցել, հիմա զգում եմ` ինչ թանկ բան է դա, եւ ինչ կարեւոր է ազատ լինելը: Այսօր արդեն փորձում եմ դրանք առավել արդյունավետ օգտագործել ինձ ու ընտանիքիս համար»: Այդուհանդերձ, չի ափսոսում քառամյա պատասխանատվության եւ ստանձնած բեռի համար, կարեւորելով, որ բացի իր ստացած մեծ փորձից, որն այսօր էլ անհրաժեշտ է, բացի հանգամանքից, որ քիչ թե շատ կարողացավ քաղաքում ինչ-որ ներդրում ունենալ, զավակների համար հոր անցած ճանապարհից չամաչելու հիմք է թողել...

Ուրախանալ ներկա դրականով

Հոբելյարն այսօր էլ շարունակում է հետեւել հասարակական-քաղաքական անցուդարձին պարզապես որպես քաղաքացի տեղեկացված լինելու, այլ ոչ քաղաքական ակտիվության համար. ուրախանում է երկրի ու քաղաքի հաջողություններով, տխուր իրողությունների համար ցավ ապրում:

Մտերիմները եւ նրան ճանաչողներն էլ նշում են, որ նախկին քաղաքապետը քաղաքականությունից հեռացող այլ նախկին պաշտոնյաների պես ընդդիմադիրի կեցվածք չի ստանձնել, տեսած լավը ժխտելու եւ ներկաներին քննադատելու ամբոխահաճո դիրքերից հանդես չի գալիս, ինչպես ընդունված է մեզանում: Հատկապես հայրենի քաղաքում տեսած ամեն նոր լավը ուրախացնում է նրան: Պատճառն ինքն է ներկայացնում. «Ինքս այնտեղ գտնվելով` տեսել եմ, թե որքա՜ն դժվար է անգամ մի փոքրիկ խնդիր լուծելը: Եվ անկախ ամեն ինչից, սիրում եմ իմ քաղաքն ու իմ պետությունը: Այսօր եւս փորձում եմ նպաստել մարդկանց սոցիալական խնդիրների թեթեւացմանը, իմ գրասենյակի առջեւ գրեթե նույն հերթն է, ինչ քաղաքապետ եղած ժամանակ, հնարավորության սահմաններում օժանդակում եմ, միայն այս տարի 30-ից ավելի ուսանողի ուսման վճար եմ փոխանցել»:

Կապանի խնդիրները

Բնականաբար, պարոն Աթայանն այսօր այն մարդկանց թվում է, ովքեր բոլորից լավ են տեղյակ, թե որոնք են հայրենի քաղաքի հիմնախնդիրներն ու դրանց մեջ ամենահրատապ լուծում պահանջողները: Եվ նա առաջնայինների մեջ առանձնացնում է Կապանում մաքուր եւ որակյալ խմելու ջրի մատակարարումը, ճանապարհներին բարեկարգ տեսք տալը, բազմաբնակարան շենքերի հիմնանորոգումը. «Կարելի է շարունակել, անկարեւոր խնդիր գրեթե չկա, լուրջ են նաեւ զբաղվածության, ազատ ժամանցի կազմակերպման խնդիրները»:

Իր նպատակներից, որն անպայման կուզեր իրականացված տեսնել քաղաքի հետագա զարգացման տեսլականում, եւ որի համար ամենաշատն է ցավում, որ այդպես էլ չհաջողվեց (համոզվեց, որ դա իր ուժերից վեր էլ էր) կյանքի կոչել, Կապանի օդանավակայանի գործարկումն է: «Շատ զբաղվեցի այդ հարցով, բոլոր հնարավոր ատյաններ դիմեցի, ՀՀ նախագահն էլ ավիացիայի աշխատակիցներ ուղարկեց այստեղ ուսումնասիրությունների… Ցավում եմ, որ չստացվեց, Կապանի համար, հաղորդակցության նման սուղ պայմաններում, դա անչափ կարեւոր է, որովհետեւ ինչքան էլ փորձենք ներդրումներ բերել, ձախողվում ենք, Կապանը մայրաքաղաքից շատ է հեռու… Ինքս փորձել եմ, շատերը մեկ անգամ Կապան բերող ճանապարհն անցնելուց հետո հրաժարվում են երկրորդ անգամ գալ»:

ՏԻՄ-ի մասին

Տարածքային կառավարման խորհրդային մոդելը տեսած, այլ պետությունների փորձին տեղյակ եւ տեղական ինքնակառավարման մարմնում աշխատած լինելով` մեր զրուցակիցը կարծում է, որ ՏԻՄ ներկա կառուցվածքը տարածքային կառավարման ամենաարդյունավետ տարբերակն է. «Պարզապես մեր համայնքներն այսօր բավականին թույլ լիազորություններ ունեն: Հզոր համայնքը հզոր պետության գրավականն է, իսկ հզորացմանը խանգարող գործոնները շատ են: Եթե թողնեն, որ համայնքն իրեն օրենքով տրված լիազորություններն օգտագործի, առավել ուժեղ համայնք կլինի, որը կկարողանա իր բնակչի խնդիրները լուծել: Իսկ այսօր համայնքն ավելի շատ խնդիրը գտնողի եւ կառավարությանը հասցնողի դերում է»: Դրա համար, իր կարծիքով, կարելի էր համայնքներում գոնե խորհրդային համակարգից եկած դրական բաները պահել. «Համայնքային այն կառույցները, որոնք կարող էին շահույթ բերել, մասնավորեցվեցին, ու նրան թողեցին այն հիմնարկները, որտեղ ներդրում պիտի անի, իսկ դրանք գոնե առաջիկա տասնյակ տարիներին ինքնաբավ չեն կարող լինել»:

Մտքեր, մտքեր…

Մեր հերոսը, իբրեւ ավանդապահ հայ տղամարդ, կողմ է ազգային ավանդական արժեքներին. «Հայերիս մեջ սրբություններ կան, որոնք ոտնակոխ անողը տեղ չունի իմ շրջապատում. անչափ կարեւորում եմ սերը դեպի ծնողը, կինը, երեխաները: Մեր արժեքները պիտի մեզ պահեն, քիչ ենք, 50 միլիոնանոց ազգ չենք, որ մեզ շռայլություն թույլ տանք եւ ասենք` մեր մեջ թող այսպիսիք էլ լինեն… Մեր տեսակը պիտի պահենք»:

Իսկ ղեկավարի մեջ ամենից առաջ կարեւորում է անկեղծությունը, նշում, որ նրա այոն` այո , ոչը ոչ պիտի լինի: Կապանի բոլոր ժամանակվա ղեկավարներից իր համար ամենաօրինակելին Ռաֆայել Մինասյանն է:

Այսօրվա հայաստանյան իրականության մեջ հիսունամյա Ա.Աթայանին առավել մտահոգողն այն է, որ տեսնում է ժողովրդի օրեցօր ծանրացող սոցիալական վիճակը, տեսնում է հուսալքություն. «Կուզեի վիճակն այնպիսին լիներ, որ մարդիկ Հայաստանում գոնե հավատային, որ ասենք, տասը տարի հետո ավելի լավ է լինելու…Դրական լիցք է պետք, իսկ եթե լավատեսություն չկա, արածդ ոչ մի գործ չի կարող արդյունք տալ»:

Ամփոփում

Կապանի նախկին ղեկավարը, ինչպես ինքը կարեւորեց, այժմ ազատ է եւ կարող է տնօրինել իր ժամանակը. այժմ երկու ամիսը մեկ ձգտում է ճամփորդել, ինչն իրեն շատ է գրավում, սիրում է ծանոթանալ այլոց կենցաղին, մշակույթին, բարքերին:

Եթե հրաշքով հետ գնար ու նորից սկսեր կյանքի ուղի հարթել, ոչինչ չէր փոխի, կապրեր նույն ձեւով, միայն թե ավելի շատ զավակներ կունենար: Ի դեպ, այժմ արդեն պապիկ Արտուր Աթայանը, ինչպես դեռ առաջին նախընտրական շրջանում էր նշել, այսօր էլ կյանքի ամենամեծ նվաճումն իր զավակներին է համարում: Մասնագիտությամբ տնտեսագետ ավագ որդին այժմ Կապանում հորն օգնում է ձեռնարկատիրական գործերում, երիտասարդ երգահան կրտսեր որդին ստեղծագործում է Երեւանում, նաեւ համակարգում հոր ղեկավարած ձեռնարկության մայրաքաղաքային գրասենյակի աշխատանքը, դուստրը սովորում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում:

Չնայած ունեցած հնարավորություններին` Արտուր Աթայան կապանցին ո՛չ իր, ո՛չ զավակների ապագան դրսում չի տեսնում եւ նման ծրագրեր չունի. «Մինչեւ վերջ կմնամ Կապանում, ներկա բացասական իրողությունները դրսում ապրելու ցանկության չեն մղում, ավելի լավ է մնաս եւ պայքարես դրանց դեմ: Ես ինձ միմիայն Կապանում եմ լավ զգում»:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: