12/09/2019

Տասնօրյակը հարուստ էր մարզական միջոցառումներով

Տասնօրյակը հարուստ էր մարզական միջոցառումներով

Մարտի 23-30-ը Երեւանում անցկացվեց հանրապետության վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էին 1997-98թթ. ծնված պատանիներն ու աղջիկները: Սյունիքի մարզը ներկայացնում էին Գորիսի պատանիների եւ Սիսիանի աղջիկների թիմերը: Սիսիանի թիմը գրավեց երրորդ մրցանակային տեղը: Մարզուհիներն արժանացան պատվոգրերի եւ դրամական պարգեւների: Սիսիանի թիմից որպես Սյունիքի հավաքականի անդամ մասնակցեց Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի վոլեյբոլիստուհի Աշխեն Ղուկասյանը (մարզիչ՝ Սուրիկ Մանուչարյան):

Կապանի մշակույթի կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն անցկացվեց Կապան քաղաքի բաց առաջնությունը, որին առանց տարիքային սահմանափակման (տարեց մասնակիցը 74 տարեկան էր, կրտսերը՝ յոթ տարեկան) մասնակցեցին երկրորդից բարձր շախմատային կարգ ունեցող շախմատիստներ, նաեւ շախմատ դասավանդող ուսուցիչներ: Շվեյցարական մրցակարգով անցկացված առաջնությունում երկու շախմատիստ (Վռամ Թադեւոսյան, Մերուժան Նազարեթյան) յոթ հնարավորից հավաքեց 5,5-ական միավոր, անհատական գործակցով հաղթող ճանաչվեց Վռամ Թադեւոսյանը, երրորդ մրցանակը բաժին հասավ Կամո Սահակյանին: Մրցանակակիրները պարգեւատրվեցին քաղաքապետարանի պատվոգրերով եւ դրամական մրցանակներով:

Այս օրերին ընթանում են նաեւ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները: Արդեն ավարտվել են վոլեյբոլի, սեղանի թենիսի, ֆուտզալի մրցումները: Մարտի 26-ին տեղի ունեցավ բասկետբոլի առաջնության եզրափակիչ խաղը, որին մասնակցելու իրավունք էին ձեռք բերել Կապանի N3 հիմնական եւ N9 ավագ դպրոցի հավաքականները: Ընթացող պայքարի նժարն ի վերջո թեքվեց N3 հիմնական դպրոցի թիմի կողմը (մարզիչ՝ Քրիստափոր Գաբրիելյան):

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: