01/23/2020

Կարեն Քոչարյան «Վաչագան Ադունցը 20 տարի է՝ Գորիսում է աշխատում եւ, բնականաբար, պետք է աշխատած լիներ Սուրիկ Խաչատրյանի հետ»

Կարեն Քոչարյան «Վաչագան Ադունցը 20 տարի է՝ Գորիսում է աշխատում եւ, բնականաբար, պետք է աշխատած լիներ Սուրիկ Խաչատրյանի հետ»

 

Tert.am-ի հետ զրույցում ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով Գորիսի քաղաքապետի ընտրություններին, որ դա լինելու է հին ու նոր մարզպետների ազդեցության գոտի, արձանագրել է այն իրողությունը, որ Հանրապետական կուսակցությունից առաջադրված Վաչագան Ադունցին աջակցում է տեղի ՀՀԿ կառույցը եւ դրա ղեկավար Սուրիկ Խաչատրյանը, իսկ անկուսակցական Տիգրան Կարապետյանին էլ ընկերը՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Անդրադառնալով այս տարօրինակ վիճակին, Կարեն Քոչարյանը նշեց. «Էստեղ, իհարկե, շահերի բախում կլինի, թեեւ իմանալով Հանրապետական կուսակցության դրվածքը, չեմ կարողանում պատկերացնել՝ Հակոբյան Վահեն ո՞նց է դեմ գնալու Հանրապետական կուսակցության որոշմանը»:

- Ինչպես հայտնի է՝ Գորիսի քաղաքապետի ընտրություններին առաջադրված է 4 թեկնածու, այդ թվում նաեւ Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների եղբայր, հանրապետական Արա Բուդաղյանը՝ ինքնաառաջադրմամբ: Եվ, ըստ Գորիսում առկա գնահատականների, պայքարը թեժ է լինելու, եւ հիմնական մրցակցությունն ընթանալու է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Վաչագան Ադունցի եւ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանի միջեւ: Համամի՞տ եք:

- Իմ կողմից գնահատականները բավականին սուբյեկտիվ կլինեն, որովհետեւ Վաչագան Ադունցն իմ ուսանողական ընկերն է, ում ես ճանաչում եմ 83 թվականից, երբ երկուսս էլ 16 տարեկան էինք ու միասին նստում էինք ուսանողական նստարանին: Ես ընդամենը կարող եմ ասել, որ ճանաչում եմ էդ մարդուն շատ վաղուց ու ճանաչում եմ ամենալավ կողմերից: Հիշում եմ՝ այն ժամանակ ընդունելության ցուցակներ էին կախվում. ցուցակում այն ժամանակ առաջին տեղում ինքն էր, երկրորդում՝ ես, ինքը երեք 5 էր ստացել, մի՝ 4, ես՝ երկու 4, երկու 5. երկուսս էլ ավարտել ենք գյուղինստիտուտի ավտոցիկլը: Հետո 88 թիվն էր արդեն՝ սկսվեց անկախությամբ, Վաչիկն ավարտելուց հետո գնաց Գորիս, եւ գիտեմ, որ ինչպես գերազանց ուսանող է եղել, այնպես էլ աշխատանքի մեջ է գերազանց եղել: Ինքը պրոֆեսիոնալ է: Տիգրան Կարապետյանի մասին բան չեմ կարող ասել, առավել եւս մյուս երկուսի մասին:

- Պարոն Քոչարյան, խոսվում է, որ Վաչագան Ադունցը Սուրիկ Խարատրյանի թեկնածուն է:

- Ինձ համար Վաչագան Ադունցն իմ թեկնածուն է, ինձ չի հետաքրքրում ՝ ինքը ում թեկնածուն է, որովհետև ես այդ մարդուն ճանաչում եմ, կրկնում եմ, 31 տարի: Թե ուրիշ ո՞վ է աջակցում… Կյանք է, տարբեր մարդանց հետ բոլորս էլ շփվում ենք՝ թե՛ գործի բերումով, թե՛ այլ: Հիմա, եթե Վաչագան Ադունցը 20 տարի աշխատել է Գորիսում, բնականաբար, պիտի աշխատած լիներ նաեւ Սուրիկ Խաչատրյանի հետ: Էդպիսին է կյանքը: Եվ չէր կարող այն բանի համար, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ եղել է մարզպետ, թողներ Գորիսից դուրս գար, կամ՝ Հայաստանից: Բնականաբար, աշխատել են, երեւի ինչ-որ գործնական կապեր են ստեղծվել:

- Դուք ի՞նչ ընտրություններ եք ակնկալում Գորիսում՝ ՏԻ՞Մ, թե քաղաքական ընտրություններ:

- Քաղաքականը ես չեմ կարողանում հասկանալ.Վաչագանին Հանրապետական կուսակցությունն է առաջադրել, մնացածը ոնց որ թե անկուսակցական են: Եվ այսօր խորհրդարանական հայտնի քառյակից էլ ոչ մի ներկայացուցիչ չկա: Էդ առումով, քաղաքական տարրը պակասում է:

- Իսկ ազդեցության գոտիների առումով՝ հին ու նոր մարզպետի՞:

- Չի բացառվում, հին ու նոր մարզպետների ազդեցության գոտին իհարկե կա, պարզ է, առավել եւս, որ մամուլում գրում են, որ իմ ընկերոջը, ում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, սատարում է այդ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը, իսկ Տիգրան Կարապետյանին էլ, ով ասել է, որ նոր մարզպետն իր ընկերն է, բնական է, որ սատարում է Վահե Հակոբյանը: Էստեղ, իհարկե, շահերի բախում կլինի, թեեւ իմանալով Հանրապետական կուսակցության դրվածքը, չեմ կարողանում պատկերացնել՝ Հակոբյան Վահեն ո՞նց է դեմ գնալու Հանրապետական կուսակցության որոշմանը:

- Սա իմ հաջորդ հարցն էր, այսինքն՝ ընկերությունն ավելի քաղաքական կատեգորիա է, քան կուսակցությո՞ւնը:

- Դա արդեն թող որոշի Հանրապետական կուսակցությունը, դա ես չեմ որոշելու: Եթե չեմ սխալվում՝ մեկ անգամ այսօրվա ԱԺ նախագահի հետ կապված դեպք կար, որ ասաց՝ «ստեղ ոհմակ չի», հիմա թող իրենք որոշեն՝ ընկերությու՞ն է, ոհմա՞կ է, քաղաքական ի՞նչ է…

- Չե՞ք կարծում, որ Սուրիկ Խաչատրյանը, լինելով ՀՀԿ կառույցի ղեկավար, աջակցում է ի պաշտոնե եւ դրանով, փաստորեն, արջի ծառայություն է մատուցում Ձեր ընկերոջը:

- Երեւի շատերը գիտեն իմ վերաբերմունքը Սուրեն Խաչատրյանի հանդեպ, ինձ չի հետաքրքրում՝ Սուրեն Խաչատրյա՞նն է աջակցում, ես գիտեմ Վաչագանին որպես մարդ՝ 31 տարի: Ըստ որում՝ ոչ միայն ընկերական եւ մարդկային, այլ նաեւ պրոֆեսիոնալ կողմերով, որովհետեւ ինքը բազմաթիվ ոլորտներ է ղեկավարել վերջին 20-22 տարիներին՝ Գորիսում: Հիմա, արջի ծառայություն կլինի, թե ինչ… Ինչ խոսք, Սուրիկ Խաչատրյանն այնպես չէ, որ միայն բարի հուշեր է արթնացնում մարդկանց մեջ, բայց Սուրեն Խաչատրյանի ռեսուրսներն էլ չեն կարող չօգնել:

- Ինչ-որ ակնարկներ լսեցի, որ այնպես չէ, որ Վաչագան Ադունցին Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է:

- Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Ադունցին, բա էլ ինչպես պաշտպանի՞: Ես դեպք չգիտեմ, որ Հանրապետական կուսակցությունը նման «խաղեր է տվել»: Եթե ունեք օրինակ, որը կներկայացնեք, միգուցե ես համաձայնեմ Ձեզ հետ: Ես չեմ հասկանում՝ Հանրապետական կուսակցությունն իր անունից առաջադրում է մի մարդու, որ հետո պաշտպանի մեկ այլին, ո՞ր ինչ, ո՞ր ինչ անի, որ պարտվի՞ էդտեղ:

- ՏԻՄ-ը ամենուր մնում է ՏԻՄ խնդիրների լուծող: Կոնկրետ Սյունիքն ի՞նչ առանձնահատկություններ ունի, եւ ինչի՞ վրա են ուշադրություն դարձնելու թեկնածուները:

- Ես կարող եմ ընդհանրական օրինակներ բերել, վերջերս գնացի Ղարաբաղ, Սիսիան-Գորիս հատվածը ոնց որ 45 թվականի Բեռլինը լիներ: Բայց զուտ Գորիսի հետ կապ չուներ, Սիսիան-Գորիս հատվածն է, որ խայտառակ վիճակում էր: Երեկ նայում էի՝ «Արմքոմեդին» Սեւանի հետ կապված ռեպորտաժ էր արել եւ կարող եմ ասել, որ մարզերում վիճակն էդ առումով ողբերգական է: Մարզերում նենց տպավորություն է, որ «Երեւան եւ վոկռուգ նեգո է» ու մնացածը անտերության է մատնված: Այդ թվում ՝ նույն Շամշադինը, որ օրումեջ գնդակոծում են ու ճանապարհ չկա, որ մարդիկ գնան-հասնեն:

- Սակայն ասում են՝ համաչափ զարգացում, համաչափ զարգացում:

- Ով ասում է՝ իրենից հարցրեք, ես փաստն եմ արձանագրում:

- Թեկնածուներից մեկն ակնարկում էր, որ հողերի օտարման հետ կապված ընդհուպ մինչեւ քրեական գործեր են հարուցվելու, եւ սա եւ՞ս լինելու է քարոզարշավի ուշադրության կենտրոնում:

- Կլինի, որովհետեւ զրուցել եմ Վաչագանի հետ, այնպես չէ, որ ինքը հիացած է այսօրվա քաղաքապետով: Ավելին՝ կարծում եմ՝ ինքն էլ է գալիս, որ շատ բան փոխի, որովհետեւ գոնե գորիսեցիներից շատերը կփաստեն, որ այնտեղ, որտեղ աշխատել է, աշխատել է բավականին բարեխիղճ ու լավ:

13.05.14, tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: