01/24/2020

Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան, որ հիմա կոչվում է «Սոնատեքս» ընկերություն

Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան, որ հիմա կոչվում է «Սոնատեքս» ընկերություն

Թեթեւ արդյունաբերությունը, հատկապես տեքստիլ եւ կարի արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հին եւ ավանդույթներով հարուստ ճյուղերից է: Դեռեւս հնագույն ժամանակներում Հայաստանը հայտնի է եղել գորգագործությամբ, կաշվի մշակմամբ, մետաքսագործությամբ, ջուլհակությամբ: Չնայած ցածր արտադրողականությանը` առաջին անհրաժեշտության ապրանքներն աչքի էին ընկնում բարձր որակով եւ ունեին ձեւավորված սպառման շուկա: Դա բացատրվում էր նրանով, որ հագուստի կամ կոշկեղենի արտադրությունը, լինելով աշխատատար, քիչ էր կախված հումքի ծավալից, ջրի եւ էլեկտրաէներգիայի օգտագործումից, գիտական ու տեխնոլոգիական նորամուծություններից:

Ոլորտի ավանդույթները Հայաստանում համակարգված շարունակություն ունեցան հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո, որի ընթացքում Հայաստանի տարբեր մասերում հիմնվեցին տեքստիլի եւ տրիկոտաժի մի շարք խոշոր գործարաններ: Թեթեւ արդյունաբերության արտադրանքը կազմում էր Խորհրդային Հայաստանի տնտեսության շուրջ մեկ երրորդը, այստեղ գործում էր 132 ձեռնարկություն: Ոլորտն ապահովում էր նաեւ ամենամեծ զբաղվածությունը` երկրի արդյունաբերության մեջ ներգրավված ողջ աշխատուժի մոտ 25-30%-ը: ԽՍՀՄ տնտեսության մեջ Հայաստանը տեքստիլ եւ տրիկոտաժ արտադրանքի խոշորագույն մատակարարներից էր:

Հետխորհրդային ժամանակահատվածում, ինչպես տնտեսության այլ ճյուղեր, Հայաստանի տեքստիլի եւ տրիկոտաժի արդյունաբերությունը 60-70%-ով անկում արձանագրեց: Խոշոր գործարանները, չկարողանալով ձեռք բերել հումք կամ ապահովել իրացման շուկաներ, աշխատում էին իրենց հզորությունների չնչին չափով կամ ընդհանրապես կանգ էին առել:

1990-ականների վերջից ոլորտը կրկին աշխուժացավ շնորհիվ արտերկրյա պատվերների (հիմնականում տեքստիլի կարի ծառայության մատուցում), այնպես էլ սեփական արտադրանքի (հիմնականում` տրիկոտաժ) արտադրության աճի:

Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի ստեղծման նախապատմությունը

1970-ական թվականներին ստեղծվեց Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորման Կապանի կարի ֆաբրիկան` որպես մասնաճյուղ, որը գտնվում էր բժշկական ուսումնարանի նախկին շենքում` Թումանյան փողոցի վրա, եւ որտեղ աշխատում էր 110-120 հոգի: 1981թ. փետրվարի 8-ին Կապանի կարի ֆաբրիկայի արտադրամասի տնօրեն նշանակվեց Դերենիկ Մարգարյանը, ում առջեւ խնդիր դրվեց ավարտին հասցնել Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի շենքի կառուցումը: Նախապես աշխատելով որպես Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորման մասնաճյուղ` մարտ-ապրիլ ամիսներից տվեց արտադրանք: Շատ կարճ ժամանակահատվածում ֆաբրիկան ընդլայնեց իր գործունեությունը եւ արդյունքում` 1981թ. սեպտեմբեր ամսին առանձնանալով Գորիսի արտադրական միավորումից` դարձավ Կապանի տրիկոտաժի ֆաբրիկա:

Թերեւս, այստեղ մեծ է այն ժամանակների համար նորանշանակ տնօրենի` Դերենիկ Մարգարյանի դերակատարումը, ով, ուսումնասիրելով խորհրդային տարբեր երկրների թեթեւ արդյունաբերության, մասնավորապես տրիկոտաժի արտադրության առանձնահատկությունները, ավելի նպատակահարմար գտավ առանձին ֆաբրիկայի ստեղծումը` կարճ ժամանակամիջոցում այն համալրելով նորագույն ու բարձրորակ սարքավորումներով: Այդ գործում մեծ էին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի եւ ՀԿԿ Կապանի շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆիկ Մինասյանի ներդրումն ու աջակցությունը: Քանի որ Կապանի շրջանում մեծ մասամբ զարգացել էր լեռնահանքային արդյունաբերությունը, որտեղ հիմնականում ներգրավված էին տղամարդիկ, ուստի Կապանի տրիկոտաժի` որպես առանձին ֆաբրիկայի ստեղծումը հույժ կարեւոր քայլ էր կանանց եւ աղջիկներին աշխատանքի տեղավորելու հարցում:

Վերելք

Ընտրած ճանապարհից չշեղվելու, Կապանում տնտեսությունը զարգացնելու եւ կանանց աշխատանքի տեղավորելու մեծագույն ցանկությունն էր, թերեւս, այն խթանիչ ուժը, որով Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան` Դերենիկ Մարգարյանի ղեկավարությամբ, արագ քայլերով առաջ էր շարժվում: Սկզբնական շրջանում, ըստ նախագծի, աշխատում էր 250-300 հոգի, 1982-ին աշխատողների թիվը հասավ մոտ 400-ի, իսկ 1985-86թթ.` 1100-ի: Ձեռնարկությունն իր հզորության գագաթնակետին հասավ 1986-87թթ., երբ առանձին մասնաճյուղեր ստեղծվեցին Քաջարանում` մոտ 300-320, Ագարակ քաղաքում` 120-130 աշխատատեղով, մի քանի գյուղական համայնքներում: Եթե մասնաճյուղ լինելու ժամանակաշրջանում ֆաբրիկան ուներ միայն կարի արտադրամաս, ապա առանձնանալուց հետո ունեցավ մի շարք արտադրամասեր` կարի, շվեյցարական կարի, ձեւման, հարթ եւ կլոր գործող, թելերի վերափաթաթման, փորձարարական, ներկման, շինարարական, որոնք արտադրում էին տղամարդկանց, կանանց եւ մանուկների համար հագուստ, ներքին սպիտակեղեն:

Առաջին հայացքից թվում էր, թե ձեռնարկությունը լուծում էր միայն կանանց աշխատատեղերով ապահովելու հարցը, բայց… Գյուղապահպանության` ներկայումս մեր տարածաշրջանում առաջնային համարվող հարցն ինչ-որ առումով արդիական էր նաեւ խորհրդային ժամանակաշրջանում: Գյուղի բնակիչներին ոչ գյուղատնտեսական սեզոնին հիմնական աշխատանքով ապահովելու եւ գյուղական համայնքները չամայացնելու նպատակով Շիկահողի, Վերին Խոտանանի, Եղվարդի գյուղական համայնքներում բացվեցին Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղեր, որտեղ աշխատում էր մոտ 60-90 հոգի: Շրջկոմի հանձնարարությամբ` ադրբեջանական գյուղ Կավճուտում (նախկինում` Ղովշուտ) նույնպես բացվեց մասնաճյուղ` մոտ 40 աշխատատեղով: Իր ծաղկման շրջանում Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայում, մասնաճյուղերով հանդերձ, աշխատում էր 1600-1700 հոգի, իսկ եթե հաշվի առնենք այն, որ երեխայի խնամքի արձակուրդում կար 600-700 հոգի, ապա 2000-ից ավելի աշխատող: Դերենիկ Մարգարյանի համոզմամբ` այն ժամանակ իր ամենամեծ գործն այն էր, որ ձգտել է հղի կանանց ընդունել աշխատանքի:

Տարեկան համախառն արտադրանքը որոշվում էր ապրանքի քանակով, լավագույն տարիներին մինչեւ 3.5 մլն կտոր սպիտակեղեն էին արտադրում, որից 800հազ.-1մլն` վերնազգեստ` 80-100 տեսակով, ընդ որում` դրա 20-30 տեսակի մոդելն ամեն տարի փոխվում էր: Մեր օրերում այնքան մեծ խնդիր դարձած իրացումն այն ժամանակ, պլանային տնտեսության պայմաններում, ավելորդ դժվարություն գրեթե չէր ստեղծում: Արտադրանքն արտահանվում էր ԽՍՀՄ 14 հանրապետություն, հումքը ներկրվում էր Բելոռուսիայից, Ռուսաստանից, Լատվիայից, Թուրքմենիայից: Ֆաբրիկան մշտապես աշխատել է պլանային առաջադրանքի գերակատարմամբ` կատարելով ամենաքիչը 103%-ով, տարեկան երկու անգամ մասնակցելով Մոսկվայում կազմակերպվող տոնավաճառին: Մրցակցությանը դիմանալու համար տնօրենը մեծ նշանակություն է տվել մասնագետների վերապատրաստմանը. 100-ից ավելի կապանցի մեկնել է Մոսկվայի, Լենինգրադի տեքստիլ ինստիտուտներ` գիտելիքներով վերազինվելու համար: Ֆաբրիկայում աշխատել են ինժեներ-տեխնոլոգներ, ովքեր մեծ համարում ունեին ոչ միայն Հայաստանում, այլեւ ԽՍՀՄ-ում: Ժամանակին համագործակցել են Մոսկվայի մոդելի տան նշանավոր հագուստի մոդելավորող Վ.Զայցեւի, ինչպես նաեւ Վ.Յուդաշկինի հետ: Մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, շրջափակումն ու Արցախյան պատերազմի սկսվելը Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան աշխատում էր գերակատարումներով, արտադրանքի բարձր որակով, եթե նախատեսվածի համաձայն պետք է ունենային մինչեւ 250 աշխատատեղ, ապա ծաղկման շրջանում այդ թիվը հասցվել էր 1700-ի:

Անկում

Խորհրդային Միության փլուզումը, հումքի ավանդական բազաների հետ կապերի խզումը, էներգետիկ ճգնաժամը, ազգաբնակչության արտագաղթն ու տրանսպորտային շրջափակումը, կարելի է ասել, կազմալուծեցին մեր երկրի թեթեւ արդյունաբերական համալիրը: Մինչեւ 1993թ. Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան շարունակեց արտադրանք տալ: Վիճակն ավելի բարդացավ, երբ երկաթգիծը դադարեց գործել, թեպետ պետք է նշել, որ պատերազմական իրավիճակում անգամ բնակչությանը խուճապի չմատնելու համար Դերենիկ Մարգարյանի ջանքերով շարունակվում էր ֆաբրիկայի աշխատանքը: Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի կոլեկտիվից կազմվեց Ներքին Հանդի ինքնապաշտպանական ջոկատը: Պատերազմի ողջ ընթացքում ռազմիկները մշտապես ապահովվեցին հագուստով: Ստեփանակերտում ստեղծված մասնաճյուղը նպաստեց զինվորներին հագուստով ապահովելու գործին: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Լենինական մեկնած առաջին ջոկատներից մեկը Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատողներից կազմված խումբն էր, որ բոլոր անհրաժեշտ պարագաներով շտապեց օգնության ձեռք մեկնել աղետից տուժածներին: Այստեղ էլ ծանոթացան «Սոս Արմենի» բարեգործական կազմակերպության անդամների հետ, ովքեր, Կապան գալով եւ ականատես լինելով պատերազմական գործողություններին, համարեցին, որ այստեղ նույնպես աղետի գոտի է: Վերադառնալով Փարիզ` 1մլն 840 հազար դոլար արժողությամբ եւ շվեյցարական կազմակերպություններից մեկի միջնորդությամբ նոր սարքավորումներ տրամադրեցին ֆաբրիկային, որոնք, ավաղ, պատերազմի եւ շրջափակման պատճառով չգործարկվեցին: Սումգայիթի ջարդերից հետո ֆաբրիկայում աշխատանքի ընդունվեց 109 հոգի, ովքեր ապահովվեցին սննդով ու հագուստով: 1995-98թթ. ֆաբրիկան, կարելի է ասել, չաշխատեց, հետագայում 15-20 հոգի ոչ պարբերաբար աշխատում էր:

Վերածնունդ

«Եթե հայրս իմ մեջ այս ամենը չսերմաներ, չէի շարունակի երբեմն սկսած նրա գործը», – խոստովանում է Դերենիկ Մարգարյանի որդին` Արմեն Մարգարյանը, ով բարի ավանդույթների վերականգնման մեծագույն ցանկությամբ 2013թ. հիմնեց «Սոնատեքս» ԲԲԸ-ն: Չհմայվելով մայրաքաղաքային կյանքով եւ հաղթահարելով այս ոլորտում հանդիպող ժամանակի դժվարությունները` նա որոշեց վերագործարկել Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի թեկուզեւ որոշ արտադրամասեր: Կատարելով որոշակի վերանորոգման աշխատանքներ` վերագործարկվեց կարի արտադրամասը: Սկզբնական շրջանում համագործակցում էին իտալացիների հետ, ինչպես նաեւ կատարում ոչ շատ մեծածավալ պատվերներ:

2013թ. մայիս ամսին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի աջակցությամբ պետությունից վարկ ստացան, որով ձեռք բերեցին համապատասխան հումք (հիմնականում ներկրում են Թուրքիայից): 2013թ. հունիս ամսին մասնակցելով ներկայիս «Դանդի փրիշս մեթալս» ձեռնարկության արտահագուստի մրցույթին` շահեցին: Նախորդ տարի ունեին 26 աշխատող, այժմ` մոտ 20 աշխատող: Խնդիրն այն է, որ պատվերի բացակայության պատճառով տնօրինությունը ստիպված աշխատողներին ժամանակավոր ազատում է աշխատանքից, փաստորեն ստացվում է, որ նրանք տարվա ընթացքում պարբերական աշխատանք չեն ունենում: Ներկայումս «Սոնատեքս» ԲԲԸ-ն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ զբաղվում է «Գառնի» ջրերի ընկերության արտահագուստի արտադրությամբ: Տպագրական աշխատանքներն ավելի կատարելագործելու համար մայրաքաղաքից հրավիրված սիրիահայ մասնագետի օգնությամբ տպագրության սեղան են հիմնել: Մասնագետի հավաստմամբ` որեւէ դժվարություն չկա ավելի լայնածավալ աշխատանքներ անելու համար, պարզապես «պզտիկեն սկսած են», որ ավելիին հասնեն: Նախնական խոստման համաձայն` ընկերությունը շուտով կզբաղվի նաեւ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության արտահագուստի արտադրությամբ:

Ընկերության տնօրենի հավաստմամբ` նրանց հիմնախնդիրը պատվերի անկայունությունն է, շենքային պայմանները լիովին բավարարում են, իսկ կադրերի եւ տեխնիկայի խնդիր գրեթե չունեն: Պատերազմական տարիներին 3 արկ էր ընկել շենքի վրա, որից 2-ը լուրջ վնաս էր հասցրել շենքին: Մոտ 119 հազար դոլարի ներդրում է կատարվել տանիքն ամբողջովին փոխելու համար: Սակայն մեծ շրջանառություն ունենալու դեպքում արդեն կառաջանա ջեռուցման խնդիր, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաներով վերազինվելու կարիք կլինի: Պետք է նշենք, որ «Սոնատեքս» ԲԲ ընկերության առավել լայնածավալ գործունեությամբ շահագրգռված են նաեւ տեղական իշխանությունները:

Արմեն Մարգարյանի երազանքն է, որ մարդիկ ապահովվեն մշտական աշխատանքով, չարտագաղթեն ու, ամենակարեւորը, հավատան բարի ավանդույթների վերականգնմանը. «Ես համոզված եմ, որ այստեղ դեռ կտեսնենք գործարանի հարազատ զավակ կաղնի-բանվորին»:

Ակնկալիքներ, սպասումներ…

Թեթեւ արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարեւոր սոցիալական դերակատարում ունի: Լինելով առավելապես աշխատատար ոլորտ` զարգացման դեպքում այն կարող է էապես նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Հանրապետության երբեմնի հզոր թեթեւ արդյունաբերության ճյուղը ներկայումս էլ պահպանում է զարգացման մեծ ներուժը եւ աճի իրատեսական հեռանկարները: Հումքի ներմուծման եւ արտադրանքի արտահանման հետ կապված բարձր տրանսպորտային ծախսերի կրճատման, տեղական արտադրողների համար ներքին շուկայի պաշտպանվածության մակարդակի բարձրացման, հարկային եւ մաքսային վարչարարության մեղմացման, ինչպես նաեւ արտադրանքի որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու եւ տեղական բրենդն ունենալու դեպքում հնարավոր կլինի վերականգնել այդ ոլորտում Հայաստանի ունեցած երբեմնի համբավը:

Ծանոթանալով «Սոնատեքս» ընկերության ներկայիս աշխատանքային պայմաններին, տնօրեն Արմեն Մարգարյանի նպատակասլացությանն ու աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատու վերաբերմունքին` կարող ենք ակնկալել, որ գոնե մասամբ հնարավոր կլինի վերականգնել ձեռնարկության հզորությունը: Համոզված ենք, որ Հայաստանում թեթեւ արդյունաբերությունը կարող է զարգանալ այնքան, որ տեղական սպառողի պահանջները լիովին բավարարի` վերացնելով Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող անորակ եւ անհայտ ծագման տեքստիլ արտադրանքի մուտքը: Կարի մեքենաների միալար տկտկոցը դեռ կհիշեցնի այն բարի առավոտները, երբ մարդիկ ժխորով ու ոգեւորությամբ շտապում էին աշխատանքի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: