01/27/2020

Նելսոն Ոսկանյան. «Չի բացառվում, որ լիազորություններս վայր դնեմ հունիսի 8-ի ընտրությունից անմիջապես հետո` չսպասելով վերջնաժամկետին` հուլիսի 20-ին»

Նելսոն Ոսկանյան. «Չի բացառվում, որ լիազորություններս վայր դնեմ հունիսի 8-ի ընտրությունից անմիջապես հետո` չսպասելով վերջնաժամկետին` հուլիսի 20-ին»

Նախընտրական բուռն օրեր ապրող Գորիսում, կարծեք, մի հարց դուրս է մնացել ուշադրությունից. չորս ընտրաշրջան  Գորիս քաղաքը ղեկավարած Նելսոն Ոսկանյանը հեռանում է քաղաքապետարանից: Նա ինչպես ավելի վաղ էր հայտարարել, կարող էր հինգերորդ անգամ առաջադրվել քաղաքապետի թեկնածու, եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը նպատակահարմար գտներ, բայց ՀՀԿ-ի մարզային ու շրջանային կառույցներն այլ թեկնածուի վրա կանգ առան: Նելսոն Ոսկանյանը դա նորմալ երեւույթ է համարում, սերնդափոխությունը` անհրաժեշտություն:

Նելսոն Ոսկանյան քաղաքապետի կերպարը եւ նրա գործունեությունը միանշանակ չի ընդունվել Գորիսում: Այսօր նույնպես հակասական գնահատականներ են տրվում: Չխորանալով դրանց մեջ` կարող ենք ասել միայն, որ 2000-2014 թվականները ոչ դյուրին, երբեմն` հակասական ժամանակներ էին երկրի, ուրեմն եւ Գորիսի համար: Այնպես որ Նելսոն Ոսկանյան քաղաքապետի գործունեությունը  Գորիսի ապագա պատմաբանները դիտարկելու են, նախեւառաջ, ժամանակի հոլովույթի մեջ, ինչը տրամաբանական է: Բայց ոչ ոք ըստ էության չի հերքել եւ չի հերքելու իրողությունը, որ Նելսոն Ոսկանյանը զերծ էր ծայրահեղություններից, նրան խորթ էր քինախնդրությունը, կարողանում էր հարաբերվել իր ընդդիմախոսների ու քննադատների հետ նույնպես, երբեք չէր խոչընդոտում աշխատողին, նախաձեռնողին:

Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ խոհերով, եզրահանգումներով ու ծրագրերով է Նելսոն Ոսկանյանը հեռանում քաղաքապետարանից:

- Պարո՛ն Ոսկանյան, փորձենք համառոտ կերպով ամփոփել Ձեր տասնչորսամյա գործունեությունը:

- Նախեւառաջ շնորհակալություն եմ հայտնում բոլորին` Գորիսի համայնքի բնակիչներին, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին, բոլոր ընտրաշրջանների  ավագանու անդամներին, Գորիսում գործող հասարակական-քաղաքական ուժերի ղեկավարներին, լրատվամիջոցներին` երկարամյա համատեղ աշխատանքի համար:

Ունեցել եմ ե՛ւ հաջողություններ, ե՛ւ չիրագործված ծրագրեր, բայց միշտ ու բոլոր դեպքերում անկեղծ եմ եղել իմ քաղաքի հանդեպ: Պետական մարմինների, ՏԻՄ-ին ենթակա կառույցների հետ հարաբերություններում առաջնորդվել եմ պետական շահով ու պետական մտածելակերպով:

Այդ ընթացքում համայնքային բյուջեն տարեկան 130 մլն դրամից հասավ 502 մլն դրամի, որի ազատ մնացորդը` 81 մլն դրամ:

Անցած ժամանակաընթացքում Գորիսում հասանք շուրջօրյա ջրամատակարարման: Քաղաքի ներքին ջրատար ցանցի 60 տոկոսը հիմնանորոգվեց: Վերանորոգվում են օրվա կարգավորիչ չորս ջրամբարները: Այդ ամենը` մոտ 3 մլն դոլար ներդրումով:

Կարգավորվեց քաղաքի ոռոգման ցանցը, կառուցվեց 12կմ երկարությամբ նոր ցանց: Ինքներդ գիտեք, որ տնամերձ հողամասեր ունեցող Գորիսում որքան կարեւոր է ոռոգման համակարգի անխափան գործունեությունը հատկապես ամռան ամիսներին:

Բարելավվեց ներհամայնքային ճանապարհների վիճակը, ասֆալտապատվեց 6.7կմ ներհամայնքային ճանապարհ, չորս բակ, ճանապարհների նշագծումներով ու լուսային ազդանշաններով կարգավորվեց տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Մոտ 900 մլն դրամ ներդրումով հիմնանորոգվում է Գորիսով անցնող միջպետական ճանապարհը` մայթերով: Այդ ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ եւ կավարտվի մինչեւ տարեվերջ:
Քննարկվող ժամանակաընթացքում վերակառուցվեց Գորիսի հիվանդանոցը` վերազինվելով արդիական սարքավորումներով:

Կառուցվեց եւ գործարկվեց սրտաբանական հիվանդանոցը, որ աննախադեպ երեւույթ է ոչ միայն Սյունիքում, այլեւ Լեռնային Ղարաբաղում:

Գորիսի երբեմնի ինստիտուտը ստացավ պետական համալսարանի կարգավիճակ:

Կառուցվեց երեք սոցիալական շենք` 67 բնակարանով:

Ընդունվեցին կառավարության մի քանի որոշումներ` Գորիսին առնչվող: Կարեւոր էր հատկապես զբոսաշրջության մասին ընդունված որոշումը, երկար սպասված էր «Գորիս» քրեակատարողական հիմնարկը քաղաքի տարածքից հանելու որոշումը: Հիմա պետք է հետամուտ լինել դրանց կատարմանը:
Գորիսում նոր տեսք ստացավ հյուրանոցային տնտեսությունը. կառուցվեց 14 հյուրանոց կամ հյուրատուն` 603 տեղով:

Հաստատվեց Հին Գորիսի քաղաքաշինական կանոնադրությունը:
Վերականգնվեց եւ 2013-ին վերաօծվեց Հին Գորիսի Սբ Հռիփսիմե եկեղեցին:

Շարունակվեցին նախորդ տարիներին ձեւավորված քաղաքային ավանդույթները: 2010 թվականին էլ հանրապետության նախագահի մասնակցությամբ նշվեց Գորիսի քաղաքի հիմնադրման 140-ամյակը:
Վերաբացվեց երկրագիտական թանգարանը:

Ստեղծվեց Գորիսի քաղաքային պատկերասրահ:

Վերակազմակերպվեց  Գուսան Աշոտի անվան համույթը, ստեղծվեց «Զանգեզուր» պարի համույթը, վերաստեղծվեց «Զանգեզուր-99» ֆուտբոլային մանկական ակումբը:

Գորիսի կենտրոնում վեր խոյացավ սուրբ Գրիգոր Տաթեւացու հուշակոթողը, նոր տեսք ստացան նրա անունը կրող հրապարակը, Մեծ հայրենականում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի շրջակայքը (աշխատանքները շարունակվում են):

Գորիսում ստեղծվեց հայագիտական հետազոտությունների կենտրոն եւ այլն:

Շատ պարզունակ կլիներ, եթե այդ ամենը եւ նման շատ գործեր վերագրեի քաղաքապետարանին, այդպիսի մտադրություն չունեմ: Դրանք համապետական մակարդակով, իշխանության տարբեր օղակների ջանքով, տարբեր ծրագրերի շրջանակում իրականացված գործեր են, որոնց իր լիազորությունների սահմաններում աջակցել է քաղաքապետարանը: Կարեւորն այն է, որ նշված գործերը կատարվել են Գորիսում` ավելի հարմարավետ, ավելի բարեկեցիկ ու ավելի գեղեցիկ դարձնելով մեր քաղաքը:

Մի քանի տեղեկություններ էլ, որ ավելի տեսանելի կդարձնեն համայնքի 14 տարվա ընթացքը:
Համայնքի բնակչության թիվը 2001-ին 23200 էր, 2011-ի մարդահամարին` 21 հազար: 2000թ. մանկապարտեզ էր հաճախում 580 երեխա, հիմա` 903 երեխա:

2000թ. Գորիսի երբեմնի չորս խոշոր ձեռնարկությունից ոչ մեկը չէր գործում, այժմ երեքը գործում է` 15-20 տոկոս հզորությամբ: Տեղաշարժեր կան քաղաքի տնտեսվարող մյուս սուբյեկտների գործունեության մեջ եւս:

- Դեմ չե՞ք լինի, եթե արձանագրենք, որ բոլոր այդ աշխատանքներին աջակցել է Սյունիքի մարզպետարանը:

- Միանգամայն ճիշտ եք: Աշխատել եմ չորս մարզպետի հետ, ամենաերկարը` մոտ ինը տարի, Սուրեն Խաչատրյանի հետ: Նա, հիրավի, անգերազանցելի ներդրում ունի այդ տարիներին Գորիսում կատարված վերափոխումներում, իրականացված ծրագրերում: Այսօր էլ նրա նախաձեռնությամբ մի քանի ուշագրավ ծրագրեր են իրականացվում համայնքում:

- Ամենադժվար իրավիճակներն անցած տարիներին, որ մնացել են Ձեր հիշողության մեջ:

- Բնականաբար, եղել են շատ դժվարություններ, բարդ իրավիճակներ, որոնք հաղթահարվել են:

Դրանցից ոչ մեկը, սակայն, չէի կամենա առանձնացնել:

- Ի՞նչը Ձեզ չի հաջողվել, որ հիմա ափսոսում եք:

- Քաղաքային տնտեսության մեջ որդեգրել էինք տարեկան մեկ հիմնախնդիր լուծելու գործելակերպ` փողոցների լուսավորության կարգավորում, ջրամատակարարում, կանաչապատում, աղբահանություն…

Որոշ ծրագրեր, ցավոք, չիրագործվեցին: Նկատի ունեմ հատկապես աղբահանության կարգավորման ծրագիրը, թեեւ իմ աշխատանքի ընթացքում ձեռք է բերվել աղբահանության երեք մեքենա: Չլուծվեց աղբավայրի հարցը: Չկարգավորվեց Վարարակնի հունի հարցը: Ծայրամասերը կուզենայի ավելի բարեկարգ տեսնել, բայց չհաջողվեց: Ներհամայնքային ճանապարհների մայթերի խնդիրը շարունակեց մնալ ծայրահեղ վատ վիճակում: Եվ նման մի քանի այլ հարցեր…

- Ավագանու հետ էլ, կարծեք, չստացվեց:

- Միանշանակ չի կարելի այդպես ասել, ե՛ւ ստացվեց, ե՛ւ չստացվեց որոշ դեպքերում: Վերջին ամիսներին մենք չկարողացանք ընդհանուր հայտարարի գալ 2013 թվականից մնացած 81 մլն դրամի օգտագործման հարցում, թեեւ բազմաթիվ խնդիրներ ունենք համայնքում լուծման կարոտ:
Ավագանու ինստիտուտը կայանալու համար դեռ ճանապարհ ունի անցնելու:

Ավագանու որոշ անդամներ, ցավոք, առաջնորդվում են անձնական ինչ-ինչ նկատառումներով:
Տարիներ շարունակ ավագանու անդամ եղած առանձին անձինք այդպես էլ չեն ուզում ծանոթանալ ՏԻՄ միասին օրենսդրությանը, ինչի համար եւ նրանց գործունեությունը սիրողական մակարդակից չի բարձրանում: Գրեթե չունենք օրինակ, երբ ավագանու անդամներն են նախաձեռնությամբ հանդես գալիս:

- Ամիսներ առաջ Գորիսի քաղաքապետարանի հետ կապված երկու քրեական գործ էր  հարուցվել: Մեկը վերաբերում է քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող անշարժ գույքի վաճառքի ընթացքում աճուրդները կազմակերպելուն, մյուսը` 2011-13թթ. Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին: Ո՞ր հանգրվանում է դրանց նախաքննությունը:

- Նախաքննությունը դեռ շարունակվում է: Բայց, անկեղծ ասած, չէի ցանկանա այդ մասին հանգամանալից խոսել` անհարկի կրքեր չբորբոքելու համար: Թող նախաքննական մարմինն իր աշխատանքն ավարտի, հետո միայն կանդրադառնամ այդ գործին:

- Ի՞նչ ուշագրավ ծրագրեր ունեիք այս տարվա համար:

- Հուլիսի 20-ին Գորիսում կանցկացվի թթի փառատոն. դա կլինի աննախադեպ միջոցառում, ինչին քաղաքապետարանը պատրաստվում է այժմվանից: Ունենք ծրագիր Հին Գորիսի Սբ Հռիփսիմե եկեղեցու շրջակա քարայրների եւ Մելիք Օհանի ապարանքի վերականգնման ու նպատակային օգտագործման վերաբերյալ: Ի դեպ, Սբ Հռիփսիմե եկեղեցում նախկինում կատարված աշխատանքների զգալի մասն իրականացվել է Գորիս-Վիեն քաղաքների համագործակցության շնորհիվ: Նախատեսվող աշխատանքները նույնպես կկատարվեն այդ համագործակցության շրջանակում. ծրագիրը մշակել է «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունը:

- Ի՞նչ կմաղթեք նորընտիր քաղաքապետին:

- Կցանկանամ լավ թիմ, ճիշտ գնահատել համայնքի կարիքներն ու հնարավորությունները, ճիշտ օգտագործել եղած ֆոնդերը, կարեւորել համայնքի բնակիչներին համայնքային գործերի մասին իրազեկելը, խելամիտ գործել տեղեկատվական դաշտում:

Վաչագան Ադունցը մի քանի անգամ եղել է համայնքի ավագանու անդամ. դա արդեն իսկ նշանակում է, որ ինքը քաջատեղյակ է համայնքային կառավարման պրակտիկային: Եվ ուրեմն` կցանկանամ, որ իր փորձով, գիտելիքներով, հանրության տարբեր խավերի հետ ճիշտ հարաբերություններով, գործնականությամբ ավելին անի Գորիսի համար, քանի ես եմ արել:

- Իսկ ճշտե՞լ եք, թե ինչով եք զբաղվելու պաշտոնաթողությունից հետո:

- Ունեմ մասնագիտություն, ղեկավարման փորձ… Չի բացառվում, որ լիազորություններս վայր դնեմ հունիսի 8-ի ընտրությունից հետո` չսպասելով լիազորություններիս վերջնաժամկետին` հուլիսի 20-ին (իրականում վերջնաժամկետ պիտի սահմանվեր օգոստոսի 17-ը): Ընտրված քաղաքապետի դեպքում մեկ-երկու ամսվա իմ աշխատանքը քիչ արդյունավետ կլինի:

Հարցազրույցը` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: