01/24/2020

Գորիս. ե՛ւ եղավ որոտ, ե՛ւ ձայներ, ե՛ւ փայլատակում, ե՛ւ երկրաշարժ

Գորիս. ե՛ւ եղավ որոտ, ե՛ւ ձայներ, ե՛ւ փայլատակում, ե՛ւ երկրաշարժ

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ


 

Անշուշտ, կարելի էր եւ անհրաժեշտ էր այնպես անել, որ Գորիսի քաղաքապետի ընտրության նախօրեին տեղի ունեցած վերադասավորումներն ու սրբագրումները չդիտվեին իբրեւ գործող մարզպետի ֆիասկո: Դրա համար մարզպետն ի սկզբանե պետք է  հրապարակավ ընդուներ պետական այրին պատշաճող պարզագույն գործելակերպ` «Բոլոր թեկնածուներն իմն են, ես եմ ազատ եւ օրինական ընտրության երաշխավորը, իսկ կաշխատեմ այն քաղաքապետի հետ, ում նախապատվություն կտա ընտրողը»:

Մինչդեռ… Հայտնի ներքինիների եւ նաժիշտների խմբակն այնպես արեց, որ մարզպետը հերթական անգամ ձախողվի ու ավելի կախյալ վիճակում հայտնվի (Դրանից առաջ էլ այդ խմբակը գործող մարզպետին քանիցս գցել էր անհարմար վիճակի մեջ): Եվ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ իր թեկնածուն այսինչն է, քանի որ նա իր ընկերն է: Եվ փորձեց պետական մեքենայի զորությամբ իր թեկնածու ընկերոջ շահերը պաշտպանել նաեւ այն բանից հետո, երբ հարազատ կուսակցության շրջանային ու մարզային խորհուրդներն արդեն իսկ որոշում էին ընդունել ոչ  իր թեկնածուի օգտին:

Իհարկե, Վահե Հակոբյանի ծրագիրը մայիսյան ձյունի պես շատ արագ հալվեց. այդ էլ որերորդ անգամ նա դեմ առավ իրողության, երբ փողը որոշիչ դեր չէր կարող խաղալ: Բայց… Պալատական ներքինիներն ու նաժիշտները հրճվանքի մեջ են: Պատահական չէ, որ առավել պսպղուն մի բանսարկու քանիերորդ անգամ արդեն, առաջին բաժակից հետո, հայտարարում է` «Մարզպետը ես եմ»:

Իսկ բուն Գորիսում… Գորիսում տասնյակ արժանավորներ կային, որ կարող էին առաջադրվել քաղաքապետի թեկնածու եւ ստանալ ընտրողների մի պատկառելի մասի աջակցությունը: Սակայն այդ մարդիկ այնքա՜ն լուրջ վերաբերվեցին Գորիսին… Պատասխանատվության զգացումը, քաղաքի առջեւ ծառացած հիմնախնդիրների բարդությունը թույլ չտվեցին, որ նրանք առաջադրվեն հենց այնպես` հանուն առաջադրման: Եվ ճիշտ արեցին. ի վերջո չարժեր քաղաքապետի թեկնածու առաջադրվել միայն այն բանի համար, որ հետագա ժամանակներում սեփական անվանը կպցրած ունենային «Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու»` վերջերս շատ մոդայիկ դարձած հորջորջումը:

Եվ, այնուամենայնիվ, մի քանի հոգի առաջադրվեցին, ինչը նույնպես բնական պիտի համարել, անգամ` ողջունելի: Ազնիվ չէին միայն ոմանց հայտարարությունները, թե այս կամ այն թեկնածուն վայելում է գորիսեցիների 80 տոկոսի համակրանքը: Զավեշտական էր ոմանց խելակորույս տվայտանքը` ինչ-որ մարդկանցից հունցելու գորիսյան լիդերի  տեսիլք: Անբնական էր, որ ծրագրերի, գաղափարների մրցույթի փոխարեն ոմանք հաթաթա էին տալիս սրան-նրան: Բարոյական չէր, որ նախորդ 20-30 տարում Գորիսից մեծ-մեծ պատառ թռցրած, Գորիսի ավանդական արժեհամակարգին մեծ եւ անուղղելի վնաս հասցրած որոշ ընտանիքներ ու անհատներ փորձում էին կույսի կեցվածք ընդունել եւ առաքինության կերպարանք: Մի ուրիշ ցավ էլ կար. քաղաքապետի ու քաղաքապետարանի դերն այնքան ենք իջեցրել, որ տեղից վեր կացողն իրեն հավանական քաղաքապետ էր համարում: Շատ ցավալի է, որ ոմանք էլ իրենց Գորիսի քաղաքապետի ռեալ հավակնորդ էին համարում միայն ու միայն այն բանի համար, որ մեծ գերդաստանի զավակ են (քարանձավային այս մտածելակերպին հանդիպում ենք գրեթե բոլոր համայնքներում): Մեզ շատ զարմացրեց հանրապետությունում գործող քաղաքական ուժերի անտարբերությունը Գորիսի քաղաքապետի ընտրության հարցում: Վերջիվերջո դա ոչ թե սոսկ ընտրություն է, այլեւ համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրների շուրջ բանավիճելու, այդ խնդիրների լուծման համար արդյունավետ ելքեր որոնելու առիթ: Իսկ քաղաքական ուժերը հերթական անգամ բավարարվեցին թամաշա անողի դերով:

Վերջին օրերի իրադարձությունների կենտրոնում, ցավոք, հայտնվեց Գորիսի պետական համալսարանի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը` անհեթեթ հայտարարություններով եւ մարդկանց պիտակավորելու մոլեռանդությամբ: Իհարկե, նա պարտավոր էր լինել իր մերձավորի կողքին, ով քաղաքապետի թեկնածուներից մեկն էր. ողջամիտ չէ դրա համար նրան քննադատելը: Բայց նա բարոյական իրավունք չուներ իր քաղաքի ընտրողների առնվազն մի մասին անվանելու տգետներ: Նա բարոյական իրավունք չուներ ընտրական գործընթացն անվանելու պայքար` ընդդեմ հին ռեժիմի, մոռանալով, որ ինքն է հնագույնը բոլոր հների մեջ: Նա չպետք է մոռանար, որ գորիսյան արգահատելի բարքերի մեջ իր հետքն անզուգական է ու անջնջելի: Բոլոր դեպքերում նա պետք է խոնարհված մնար գորիսեցու առջեւ, ով մոտ քսան տարի ծով համբերությամբ հանդուրժել է իրեն եւ երբեք Գորիսի պետական համալսարանը չի կոչել տգիտության դարբնոց:

Հիմա, կարծեք, կրքերը հանդարտվել են: Եվ մարդիկ մեկ այլ հարց են քննարկում` այդ ինչպե՞ս պատահեց, որ մինչեւ վերջին շունչը կռվել-պայքարելու ելած թեկնածուները մի ակնթարթում հետ կանգնեցին ընտրամարաթոնից: Հո չե՞ն ասի, թե ճնշում է գործադրվել վերեւից կամ կողքից: Իսկ եթե իրոք ճնշում է գործադրվել, ապա ուրեմն ճնշելու  տեղ է եղել, ինչի համար եւ նահանջել են առանց դիմադրության: Իսկ եթե ճնշելու տեղ է եղել, ապա արժե՞ր դյուցազնի կեցվածք ընդունել, արժե՞ր Գորիսի ճաք տված համերաշխությունը մեկ անգամ եւս շաղահարել, մանավանդ որ բոլոր շահարկումների ու կռիվների հետ իրական Գորիսը որեւէ կապ չուներ:

Գորիսի նորընտիր քաղաքապետը, կարծում ենք, պետք է հանգամանորեն վեր լուծի նախընտրական ամբողջ անցուդարձը, ուսումնասիրի հանրային տրամադրությունները եւ դրանից բխող ու հանրային համերաշխությանը միտված քայլեր ձեռնարկի: Շատ վիրավորական կլինի, եթե նորընտիր քաղաքապետը քինախնդրությամբ վերաբերվի իր մրցակիցներին ու ընդդիմախոսներին, ինչն ընդունված գործելակերպ է մեր օրերում եւ հատկապես Սյունիքի մարզում: Առավել ամոթ կլինի, որ յուրաքանչյուրս (անգամ քաղաքապետի մյուս թեկնածուները)  մեր կարելիությունների չափով չաջակցենք նորընտիր քաղաքապետին` ի շահ Գորիսի:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: