01/24/2020

Ես տեսնելու եմ ձեր վերջը

Ես տեսնելու եմ ձեր վերջը

 

ՌԱՖԻԿ ԱԹԱՅԱՆ
Քաջարանի գյուղապետ


 

 

Ս.թ. ապրիլի 16-ին «Հետքը» Մարինե Մարտիրոսյան եւ Վահե Սարուխանյան ստորագրությամբ հրապարակել է իբր Մաքսիմ Հակոբյանի հետ տեղի ունեցած հարցազրույցը շատ ողորմելի վերնագրով` «Կան տեղեր, որ պիտի դիկտատոր լինես, որ կարողանաս գործերն առաջ տանել»:

Այսպես կոչված հարցազրույցում Մաքսիմ Հակոբյանը մի կողմ է շպրտել դիմակը եւ կրկին խոսել իր ախորժակի մասին:

Հարցազրույցի սկիզբը ծիծաղելի է. իբր լրագրողներն աշխատում էին Աջաբաջ գյուղի տարածքում եւ հանկարծ այնտեղ է հայտնվում Մաքսիմ Հակոբյանը, մեքենայից իջնում եւ զրույցի բռնվում լրագրողների հետ: Այդ դրվագն իսկապես ծիծաղելի է: Ովքեր մի քիչ ճանաչում են Մաքսիմ Հակոբյանին` շատ լավ գիտեն, որ նա լրագրողներից ավելի շատ է սարսափում, քան` սատանայից: Եվ լրագրողի անուն լսելիս կամ լրագրող տեսնելիս փախչում է` առանց հետ նայելու: Այնպես որ անմիջական, շփվող, ասող-խոսող մարդու եւ ղեկավարի կերպար հորինելու էքսպերիմենտը ձախողվել է:

Հավատ չեն ներշնչում նաեւ այն պատասխանները, որ վերագրվում են նրան. շատ վաղուց նա ի վիճակի չէ հոդաբաշխ նախադասություն ասել, ամբողջական միտք արտահայտել: Եվ դա գիտեն բոլոր քաջարանցիները: Բայց դա նույնպես թողնենք «հարցազրույցը» հորինած լրագրողների ու տվյալ լրատվամիջոցի խղճին:

Հարցազրույցում Մաքսիմ Հակոբյանը խոսում է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի մասին, իբր այնտեղ քաղաքակիրթ աշխատանք է տարվում, իբր այնտեղ նորմալ բիզնես է կազմակերպվում:

Իրականում նրան խաբել են այդ ընկերության առուվաճառքի ժամանակ, եւ հարգանք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր խաբել են: Հավատացեք` Մաքսիմ Հակոբյանին խաբելն ու նրանից ինչ-որ բան պոկելն աստվածահաճո գործ է, ազգային գործ…

Բայց «Լեռ-Էքսի» շուրջ Գեղիի ձորում տեղի են ունենում արտառոց զարգացումներ: Նախ` շնորհիվ Մաքսիմ Հակոբյանի, տարվա մեծ մասն այլեւս անօգտագործելի է Գեղի գետի ջուրը: Եվ եթե նրա ախորժակի վրա չափ չդնեն, ապա շատ շուտով Գեղիի հրաշք ձորը եւս դառնալու է բնակվելու համար անպիտանի:

Միաժամանակ «Լեռ-Էքսը» դառնում է Քաջարանի կոմբինատից օրական մի քանի հազար տոննա տարվող հանքանյութը պատսպարելու վայր: Եվ դա արդեն մի քանի ամիս շարունակ…

Հիմա` Մաքսիմ Հակոբյանի որոշ մտքերի մասին` արտահայտված այդ հարցազրույցում: Ասում է` «Քաջարան գյուղ չկա»:

Իհարկե, հասկանալ կարելի է Մաքսիմ Հակոբյանին. մարդը փորձել է կառավարության աջակցությամբ զավթել մեր գյուղի տարածքը, վերացնել մեր հնամենի գյուղը` իմանալով, որ ընդերքում հարստություն կա, բայց չենք թողել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ինձ հավաստիացրեց` «Չենք թողնի, որ գյուղդ վերցնեն»: Եվ կոմբինատի տնօրենը մինչեւ այսօր չի մոռանում իր պարտությունը:

Քաջարան գյուղի մասին խոսելիս, ինչպես երեւում է կրկին անգամ, Մաքսիմ Հակոբյանը կորցնում է հավասարակշռությունն ու ողջամտությունը: Ասում է` «Քաջարանն անօրինական գյուղ է»: Ասում է ու չի հիշում ակնհայտն ու բացահայտը` եթե բնության մեջ, Հայաստանում, մոլորակի վրա մի անօրինական բան կա` դա ինքն է, իր պաշտոնն է, իր ունեցվածքն է:

Իհարկե, ես կարող եմ իրավական հիմնավոր փաստաթղթեր բերել եւ ապացուցել Քաջարան գյուղի ներկայիս կարգավիճակի օրինականությունը: Վերջին փաստաթուղթը, ի դեպ, ՀՀ գերագույն խորհրդի նախագահության 1992թ. հուլիսի 9-ի որոշումն է, որի մեջ գրված է. «Վերականգնել Կապանի շրջանի Քաջարան գյուղը եւ այն մտցնել ՀՀ բնակավայրերի ցանկի մեջ»: Բայց երեւի չարժե Մաքսիմի ասածներին լուրջ վերաբերվել: Պարզապես նրան մի փոքրիկ ուղերձ եմ ուզում հղել:

Մաքսիմ Հակոբյան, մի օր վերջդ գալու է, եւ ես տեսնելու եմ այդ օրը:

Դու իրավունք չունես մարդկանց անունից, Սյունիքի անունից, Քաջարանի, անգամ Քաջարանի կոմբինատի աշխատողների անունից խոսել: Տարիներով քեզ ոչ ոք չի տեսնում, մարդիկ արդեն մոռացել են քո դեմքը: Մեքենաներով շրջապատված քեզ երբեմն-երբեմն բերում են կոմբինատ եւ նույն կերպ մի քանի ժամ անց հետ տանում: Ճիշտ է, ընտրությունից-ընտրություն մի փոքր ավելի շատ ես երեւում, բայց մարդիկ քվեարկության ժամանակ քո ասածի հակառակն են անում:

Քաջարան գյուղի մասին. աչքդ հետ չպահես, գյուղի տարածքը քեզ չենք տալու, գյուղապետ էլ չլինեմ` չենք տալու:

Եթե իմանայիր, թե ինչ ասել է հայրենի գյուղ` մեզ կհասկանայիր: Հայրենի գյուղդ թողած` թուրքի Մուսալամում ես տուն սարքել:

Վառվում ես, որ Քաջարան գյուղը չես կարողացել զավթել, ճանապարհին տեսախցիկներ ես դրել` գնացող-եկողներին վերահսկելու: Քաջարան գյուղը «բլոկադայի» ես ենթարկել, անգամ բանակում զոհված քաջարանցու եղբորը` Պավլուշ Համբարձումյանին աշխատանքի չես ընդունում, որի միակ «մեղքը» քաջարանցի լինելն է: Եվ դեռ համարձակվում ես խոսել հայրենիքի մասին:

Դու բարոյական իրավունք չունես քաջարանցիների մասին խոսել այդպես, քաջարանցիները ձեռքիդ հաց են դրել: Որտե՞ղ էիր մինչեւ 1998 թվականը: Այն տարածքները, որ հիմա թալանում ես (500հա), դարձյալ Քաջարանի Բուդյոննու անվան կոլխոզի հողերն են: Եվ այդ ամենից հետո ոչ մի քաջարանցու աշխատանքի չես ընդունում: Գոնե հիշի՛ր, որ Քաջարանը սահմանապահ գյուղ է, հիշի՛ր, որ այդ կոմբինատը քաջարանցիներն են կառուցել:

Նաեւ հիշի՛ր, դու մեզ պետք չես, մեզ համար դու գոյություն չունես: Իսկ եթե շարունակես հոխորտալ մեր գյուղի հասցեին, ապա ամեն անգամ պատասխան կստանաս:

Գյուղն առանց քեզ էլ, առանց քո օգնության էլ ապրում է. անասուն ենք պահում, հող ենք մշակում, տեխնիկա ենք ձեռք բերել, բարերարների օգնությամբ շուտով գյուղի ճանապարհն ենք վերակառուցելու: Այնպես որ կարիքդ չունենք, երեսդ տեսնել չենք ուզում:

Կոչ ենք անում քեզ, ով օտարական, կշտացիր վերջապես, մոռացիր Քաջարան գյուղի անունը եւ մեզ հանգիստ թող…

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: