10/21/2019

Մագնուս Կարլսեն. «Տաթեւը շատ գեղեցիկ էր եւ հիշեցրեց հայրենիքս»

Մագնուս Կարլսեն. «Տաթեւը շատ գեղեցիկ էր եւ հիշեցրեց հայրենիքս»

 

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Լեւոն Արոնյանը հունիսի 23-ին Երեւանի «Գաֆեսճյան» կենտրոնի Խանջյան սրահում հանդիպեցին լրագրողների հետ: Առավոտյան շախմատիստներն ուղղաթիռով մեկնել էին Տաթեւի վանք:

«Տաթեւը շատ գեղեցիկ վայր էր: Այն ինձ հիշեցրեց իմ հայրենիքը: Ես շատ բան չեմ տեսել Հայաստանում, որպեսզի կարծիքս հայտնեմ Հայաստանի մասին: Ես շատ տպավորված եմ շախմատի հանդեպ վերաբերմունքից այս երկրում: Դա, իսկապես լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար:

Օգոստոսին Նորվեգիայում կայանալիք օլիմպիադայում Հայաստանը լավագույն երկրներից է: Ես հույս ունեմ, որ այս տարի Նորվեգիայի համար նույնպես հաջող կլինի այդ մրցաշարը: Վերջին անգամ հայերի հետ երբ խաղացել ենք, պարտվել ենք:

Ես ինքս ինձ չեմ համարում այս դարաշրջանի ծնունդ: Իմ բախտը բերել է: Իմ հայրը լավ էր խաղում շախմատ: Նա ինձ սովորեցրել է առաջին քայլերը: Մնացած ամենը ես սովորեցի մրցումների փորձից, հետո էլ` համակարգչից: Ալյոխինի եւ Կապաբլանկայի ժամանակ էլ էին ասում, որ շախմատի վերջը եկել է: Կոմպյուտերացման այս դարում չեմ կարծում, որ շախմատը սպառվել է: Մեծամտություն կլինի Անանդին չհամարել արժանի մրցակից:

Առաջին անգամ Լեւոն Արոնյանին հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես էլ 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Իմ սիրտը կոտրվեց այդ ժամանակ: Հետո 2007-ի մրցաշարին նա ինձ դուրս թողեց պայքարից: Հետո շատ հետաքրքիր մրցաշարեր ունեցանք», – նշեց Մագնուս Կարլսենը:

Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին գործարար Ռուբեն Վարդանյանի, Acronis ընկերության եւ IdeA հիմնադրամի հրավերով ժամանել է Հայաստան: Շախմատի աշխարհի չեմպիոնին Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

ՎԵՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
sport.news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: