10/21/2019

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Այս տարի լրանում է Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100 տարին: Ինչո՞վ է մեր հայրենակիցն արժանացել այդ բարձր կոչման: 1943-ի սեպտեմբերին ռազմաճակատի ողջ երկայնքով ծանր մարտեր էին ընթանում, մանավանդ Նովոռոսիյսկ քաղաքի եւ Թաման թերակղզու ազատագրման համար: 1943-ի սեպտեմբերի 16-ին այն զորամասին, որի կազմում էր Հ.Ավետիսյանի դասակը, հանձնարարվեց ճեղքել Նովոռոսիյսկի մատույցները փակող Դոլգայա լեռը եւ ճանապարհ բացել գրոհող ստորաբաժանումների համար: Առաջադրանք կատարելիս Հունան Ավետիսյանը, վիրավոր վիճակում, իր դասակի մարտիկներով առաջինը բարձրացավ Դոլգայա լեռը, կրծքով փակեց թշնամու հրակնատը եւ ապահովեց գրոհի հաջողությունը: Այդ սխրանքի համար ավագ սերժանտին շնորհվեց (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում (1944 թվականի մայիսի 16-ին): Խորհրդային Միության զինված ուժերի նախարարի հրամանով Հունան Ավետիսյանի անունն առհավետ գրանցված է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզայի 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: Հերոսաբար նահատակվածի աճյունն ամփոփված է Նովոռոսիյսկի շրջանի Վերխնի-Բականսկ բանավանի եղբայրական գերեզմանում:

Դեռեւս անցյալ տարվանից ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ մշակվել եւ իրականացվում է միջոցառումների շարք (ֆիլմի նկարահանում, հերոսի կիսանդրու տեղադրում, հիշատակի ոգեկոչում եւ այլն) Հունան Ավետիսյանի հիշատակը հավերժացնելու նպատակով: Հունիսի 19-ին սկսվեցին ոգեկոչման արարողությունները: Մարզկենտրոնի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում, որտեղ կանգնեցված է նահատակի հուշարձանը, փողային նվագախումբը քայլերգեր էր հնչեցնում: Հուշակոթողի մոտ հավաքվել էին երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից եւ մայրաքաղաքից, պատվիրակություն Արմավիրի մարզի Լուկաշին ավանից, որտեղից Ավետիսյանը մեկնել է ռազմաճակատ, հերոսի որդին` Հենզել Ավետիսյանը, Հ.Ավետիսյանի թոռները, բանակում ծառայող ծոռը: Հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակներ դրվեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Կապանի պատերազմի վետերանների խորհրդի, Արցախյան ազատամարտի մասնակիցների կողմից: Տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ հուշարձանի պատվանդանին ծաղիկների խոնարհումով արտահայտեցին իրենց հարգանքը:

Այնուհետեւ հանդիսության մասնակիցները շարժվեցին դեպի Կապանի մշակույթի կենտրոն, որի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով նկարահանված «Անմահության բանաձեւը» տեսաֆիլմի ցուցադրումը: Այն բովանդակում էր Հունան Ավետիսյանի կյանքի անցած ուղին մանկությունից մինչեւ նահատակություն: Ժամանակ առ ժամանակ էկրանից հնչում էին նրա տարեկիցների հուշերը, մեր ժամանակակիցների գնահատանքի խոսքերը: Հերոսի որդին` Հենզել Ավետիսյանը, պատմում է, որ երկու ամսական էր, երբ հայրը մեկնեց ռազմաճակատ: Տխուր է, որ այդպես էլ չվայելեց հայրական գուրգուրանքը: Բայց նաեւ հպարտ, որ հայրը հերոսի կոչմանն է արժանացել: Տեսաֆիլմը հարուստ էր վավերագրական կադրերով, որոնք վերակենդանացնում էին երկրորդ աշխարհամարտի արյունալի իրադարձությունները: Տեսաֆիլմում հառնում է հերոսի մոր` Խանում մայրիկի կերպարը: Աշխատավոր կինը, ով ամուսնու վաղաժամ մահվանից հետո, միայնակ մեծացրել է զավակներին, վեց որդի է ճանապարհել Մեծ հայրենականի ռազմադաշտեր, որոնցից չորսն այդպես էլ չվայելեցին մեծ հաղթանակի բերկրանքը…

Կինոդիտումից հետո տեղի ունեցավ քննարկում: Ֆիլմն արժեւորեցին եւ հերոսի մասին գնահատանքի խոսք ասացին Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Կապանի N6 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը: Նրանց ելույթներում նաեւ այն միտքը հնչեց, որ տեսաֆիլմը, անշուշտ, կնպաստի դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ի դեպ, հայտնվեց, որ ֆիլմի մեկական օրինակ հանձնվելու է հանրակրթական դպրոցներին եւ զորամասերին: «Հունան Ավետիսյան» հիմնադրամը հուշամեդալներ էր սահմանել, որով պարգեւատրվեցին ֆիլմի նկարահանող խմբի անդամները: Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը մեծարանքի խոսք հնչեցրեց ֆիլմի հովանավորներ, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հասցեին: ՀՀ պաշտպանության նախարարի մեդալների եւ պատվոգրերի արժանացան գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը` հերոսի ծննդյան 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը եւ անցկացմանը գործուն մասնակցության համար: Հ.Ավետիսյանի 100-ամյակի առթիվ ՀՀ երկրապահ կամավորական միության ուղերձը հրապարակեց միության վարչության անդամ Հակոբ Հակոբյանը, ով միության մեդալներով պարգեւատրեց մի խումբ ազատամարտիկների: Հենզել Ավետիսյանը երախտագիտության խոսք ուղղեց բոլորին` հոր հիշատակը հավուր պատշաճի հարգելու համար:

Հանդիսությունների երկրորդ օրը սկսվեց Բաղաբուրջի հուշահամալիր այցելությամբ, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում ընկածների հիշատակին: Այնուհետեւ մեքենաների շարասյունն ուղղվեց դեպի Հ.Ավետիսյանի ծննդավայր` Ծավ գյուղ: Հյուրերին դիմավորեցին աղուհացով: Առաջին հանգրվանը Ծավի միջնակարգ դպրոցն էր, որտեղ յոթնամյա կրթություն է ստացել ապագա հերոսը: Կրթօջախի տնօրեն Յուրա Մարտիրոսյանը տանտիրոջ իրավունքով երախտագիտություն հայտնեց Մուրազ Սարգսյանին` դպրոցի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար: Վերջինիս օժանդակությամբ առաջին հարկում տեղադրվել է նահատակի կիսանդրին, հիմնանորոգվել է չորս դասասենյակ, հարստացվել օժանդակ նյութերով (այդ օրը նաեւ պաշտպանության նախարարության կողմից կրթօջախին նվիրաբերվեց երաժշտական կենտրոն): Ի դեպ, հիմնանորոգված դասասենյակներից մեկը` հայոց պատմության եւ հայրենասիրության դասարանը, կրում է Հունան Ավետիսյանի անունը:

Գլխավոր իրադարձությանը գյուղի` հուշահամալիրի վերածված հատվածում էր, որտեղ Հայրենական մեծ պատերազմում ընկած ծավեցի զինվորների եւ մերօրյա ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողների կողքին տեղադրվել է Հունան Ավետիսյանի կիսանդրին (քանդակագործ` Սուրեն Մելքոնյան): Այն պարուրող սավանն իջեցնելու պատիվը վերապահվում է Հենզել Ավետիսյանին եւ Հրաչյա Պողոսյանին: Վերջինս, ով Սանկտ Պետերբուրգից եկել էր այս արարողությանը մասնակցելու համար, Նեւայի ափին գտնվող քաղաքում բարեգործի համարում ունի: Իր պատմելով` սա Մեծ հայրենականում ընկած զինվորների հիշատակը հավերժացնող ութերորդ հուշարձանն է, որ կառուցվում է իր մեկենասությամբ: Ծավի համայնքի ավագանու հունիսի 3-ի որոշմամբ բարեգործին շնորհվում է Ծավի համայնքի պատվավոր անդամի կոչում: Որոշումը հրապարակում է Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը` հընթացս համագյուղացիների անունից երախտագիտություն հայտնելով Հրաչյային:

Կրթօջախի դպրոցականները հանդես են գալիս գրական-երաժշտական համադրույթով` հնչեցնելով հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը կիսանդրին տեղադրելու գործում ցուցաբերած աջակցության համար «ՀՀ զինված ուժեր-20 տարի» հուշամեդալով պարգեւատրում է մի խումբ ծավեցիների, խրախուսանքի են արժանանում «Հունան Ավետիսյան» հիմնադրամի տնօրեն Տիգրան Համբարձումյանը, ուրիշներ:

Հեռավոր Ծավում տեղի ունեցող արարողությանը մասնակցելու էր եկել Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող, պահեստի գնդապետ Յուրի Կլյոնովը, ով հրապարակեց անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջպառլամենտական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղարի ուղերձը` հղված Հունան Ավետիսյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին: Նաեւ խորհրդի դիպլոմին արժանացան Մուրազ Սարգսյանը, քանդակագործ Սուրեն Մելքոնյանը, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանը: Քանդակագործ Սուրեն Մելքոնյանը հայոց մեծերի (Ավետիք Իսկահակյան, Հրանտ Մաթեւոսյան, Տիգրան Պետրոսյան եւ այլք) քանդակներ է արել: Ասում է, որ Հունան Ավետիսյանի սխրանքի մասին լսել է դպրոցական տարիներից: Եվ հոգու պարտք է համարել կերտել նրա կիսանդրին:

Մի խոսքով, Ծավում այդ օրն իր նշանավոր զավակ Հունան Ավետիսյանի ոգին էր թեւածում…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: