10/21/2019

Պաշտոնանկ է արվել Մաքսիմ Հակոբյանը

Պաշտոնանկ է արվել Մաքսիմ Հակոբյանը

Հունիսի 24-ին Երեւան քաղաքում տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետերերի ժողով, որի ընթացքում ընդունվել է գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հրաժարականը:

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Նիլ Ստիվենսոնը, ով վերջին տարիներին աշխատում էր Հայաստանում:

Գլխավոր տնօրենի ոչ արտադրական հարցերով տեղակալ է նշանակվել Նարեկ Ամբարյանը, վարչական տնօրեն` Վահե Հակոբյանը:

Ժողովին մասնակցում էին «Քրոնիմետ մայնինգ» ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկին, այդ ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Հայլը:

Հունիսի 27-ին Թոմաս Հայլը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոնին (լուսանկարում):

Մաքսիմ Հակոբյանի համար ստեղծվել է որեւէ լիազորություն չունեցող, բացառապես խորհրդանշական պաշտոն` ընկերության խորհրդի կամ տնօրենների խորհրդի նախագահ` գրեթե առանց աշխատակազմի, որի նստավայրը Երեւան քաղաքում է:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Քաջարանի նոր ղեկավարությունը, ամենալավ ցանկությունների դեպքում անգամ, Սյունիքի համար չի անելու այն ամենի նվազագույնը, ինչ տարիներ շարունակ արել է Մաքսիմ Հակոբյանը: Բայց դա հարցի մի կողմն է:

Փաստ է նաեւ, որ Մաքսիմ Հակոբյանը պաշտոնանկ է արվել իր կամքին հակառակ: Նրան չի հաջողվել իր աթոռը հանձնել որդիներից կամ եղբայրներից մեկին:

Մաքսիմ Հակոբյանի պաշտոնազրկման վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում:

Այդ ամենով հանդերձ, ըստ մայրաքաղաքից ստացվող տեղեկությունների, Քաջարանի կոմբինատի շուրջ զարգացումները նոր-նոր են թափ առնում: Նախ` նախատեսվում է աուդիտորական ստուգում, որի ընթացքում վեր կհանվի կոմբինատի վերջին տասը տարվա ֆինանսական գործունեությունը: Այնուհետեւ` կոմբինատի նոր ղեկավարությունը կանցկացնի մրցույթներ ընկերության կողմից տրվող բոլոր պատվերների, ծառայությունների, գնումների ուղղությամբ:

Միաժամանակ` Մաքսիմ Հակոբյանի կողմից տարիներ շարունակ ֆինանսավորվող լրատվամիջոցներն ու լրագրողներն ամեն ինչ արեցին, որ հեռացող տնօրենը հայտնվի ծիծաղելի վիճակում: Պաշտոնանկությունն արժանապատվորեն ընդունող եւ այդ ամենը բնական պրոցես համարող տնօրենի կերպար ստեղծելու փոխարեն նրանք պաշտոնների տեսիլքներ հնարեցին Մաքսիմ Հակոբյանի համար` շեֆերի շեֆ, տնօրենների տնօրեն, պրեզիդենտ, կենտկոմի առաջին քարտուղար, որը, ի վերջո, ծիծաղելի դարձրեց տասնամյակների վաստակ ունեցող, բայց իր մերձավորների եւ իրեն շրջապատող մի քանի խրտվիլակի որոգայթում հայտնված տնօրենի կերպարը:

Ինչեւէ, Զանգեզուրի կոմբինատի տնօրենի փոփոխությունը շրջադարձային իրադարձություն է Սյունիքում, ինչի վերաբերյալ մեր դիտարկումները կհայտնենք առաջիկայում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: