10/21/2019

Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը

Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը

ԱԿՆԱՐԿ


Արեւելյան բժշկության համաձայն` մարդու երջանիկ գոյությունը հինգ դրսեւորում ունի. առաջինը երկարակեցությունն է, երկրորդը` հարստությունը, երրորդը` մարմնի առողջությունն ու հոգու հանգստությունը, չորրորդը` սերն անարատության հանդեպ, հինգերորդը` հանգիստ վախճանը: Երկարակեցությունն անսովոր չէ արեւելյան ժողովուրդների համար, ավելի ճիշտ` կյանքի նորմ է, որը, սակայն, մեր օրերում դարձել է բացառիկ իրողություն:
Սիսիանի շրջանի Շենաթաղ գյուղական համայնքը, գյուղապետ Երջանիկ Մուսայելյանի գլխավորությամբ, հունիսի 9-ին նշեց Հայրենական մեծ պատերազմի գյուղի վերջին մոհիկան Գալուստ պապի 100-ամյակը: Արդեն ավանդույթ դարձած այդ օրը վեր է ածվել գյուղի յուրահատուկ տոնի, որն այս տարի առանձնակի շքեղությամբ նշվեց. չէ՞ որ պետք է նշանավորվեր մեկդարյա կյանքի պատմությունը:

Շենաթաղցի Գալուստ (Ռուբեն) Գալստյանը ծնվել է 1914թ. հունիսի 9-ին Սիսիանի շրջանի Շենաթաղ գյուղում` Պետրոս եւ Սանամ Գալստյանների ընտանիքում: «Հայրս Ղարաբաղի շրջանի Մարտակերտի շրջանից տեղափոխվել էր Շենաթաղ. հիանալով տեղի բնությամբ` նա մշտական բնակություն էր հաստատել այստեղ: Մեր ընտանիքը գյուղի ամենամեծ ընտանիքներից էր, որտեղ ապրում էր 30 հոգի: Մայրս, երբ ճաշ էր լցնում, մի քանի անգամ ափսեները հաշվում էր», – տարիների հեռավորությունից հիշում է 100-ամյա Գալուստ պապը:

«1928թ. իրենց բազմաշունչ ընտանիքը (Գալուստն ուներ 3 եղբայր, 5 քույր) առանձնանում է` կառուցելով իր տունը: Գյուղի ամենաաշխատավոր ընտանիքներից մեկն էր, որի բոլոր անդամներն առանձնանում էին իրենց աշխատասիրությամբ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է երեք եղբայր. մեծ եղբայրը պատերազմի վետերան էր, բայց մարտական գործողություններին չէր մասնակցել, միջնեկ եղբայրը զոհվել է, իրենից մեծ եղբայրը մինչեւ 1946թ. ծառայել է խորհրդային բանակում», – Գալստյանների ընտանիքի պատմությունը հպարտությամբ ներկայացնում է Գալուստ պապի կինը` Օվսաննա Մկրտչյանը:

1922-26թթ. նա սովորել է Շենաթաղի տարրական դպրոցում, 1926-29թթ.` Լոր գյուղի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում: 1934թ. մասնակցել է Գորիս քաղաքում կազմակերպված ուսուցչական դասընթացներին, որից հետո իր կյանքի լավագույն տարիները (1934-1983թթ.) նվիրել է սերունդների կրթությանն ու դաստիարակությանը` դասավանդելով ռուսաց լեզու կրտսեր դասարաներում: 1934-35 ուստարում աշխատել է Վաղատին գյուղի տարրական դպրոցում: 1935-36թթ. աշխատել է Շենաթաղի տարրական դպրոցում: 1937-39թթ. սովորել է Բաքվի N39 միջնակարգ դպրոցում` այն ավարտելով բարձր առաջադիմությամբ: 1939-40թթ. աշխատել է Գետաթաղի տարրական դպրոցում, 1940-41թթ. գյուղի թերի միջնակարգ դպրոցում` տնօրեն:

Թվում է` կյանքն ընթանում էր իր բնականոն հունով, քանի դեռ չէր պայթել Հայրենական մեծ պատերազմի առաջին արկը: Բազմաթիվ հայորդիների հետ ռազմի դաշտ է մեկնել նաեւ Գալուստ Գալստյանը` պաշտպանելու խորհրդային ժողովուրդների հայրենիքը: Հայրենական մեծ պատերազմին Շենաթաղից մասնակցել է 227 հոգի: 1942թ. ապրիլի 15-ից մինչեւ 1943թ. մարտ ամիսը Վրաստանի տարածքում մասնակցել է մարտական գործողություններին: Ծառայել է որպես կրտսեր սերժանտ եւ հաճախ է հիշում այն վրացի զինվորին, որին հիմար է անվանում, եւ որը, օճառ ուտելով, փորձել էր ազատվել ծառայությունից: Մարտական առաջադրանք կատարելիս` արկի պայթյունից վնասել է ձախ ձեռքի մատները: Ամբողջ կյանքը Գալուստ պապը նվիրել է գյուղին, նույնիսկ մեկ ձեռքով ունեցել իր ակտիվ մասնակցությունը գյուղում ծավալվող հասարակական տարբեր աշխատանքներին` հուշարձանի, թանգարանի, գերեզմանատան, դպրոցի, կենցաղի տան կառուցման եւ վերակառուցման ընթացքում ունենալով իր ներդրումը:

Որպես երկրորդ կարգի հաշմանդամ` վերադարձել է հայրենի Շենաթաղ եւ շարունակել մանկավարժական գործունեությունը: 1950-51 ուստարում աշխատել է Գետաթաղի թերի միջնակարգ դպրոցում տնօրեն: Առ այսօր ստանում է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամի թոշակ:

1945թ. մայիսյան հաղթանակից հետո պարգեւատրվել է Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանով: 1963թ. Սիսիանի ժողկրթբաժնի կողմից ներկայացրել են մասնակցելու Մոսկվայում կայանալիք արհմիության առաջավորների կոնֆերանսին, որտեղ պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Իր բազմամյա կյանքի ընթացքում արժանացել է բազում մեդալների ու շքանշանների:

Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակը խորհրդանշող հուշարձաններ են կանգնեցվել Հայաստանի տարբեր անկյուններում: Մինչդեռ, Սիսիանի շրջանի Շենաթաղ գյուղն այն եզակի գյուղերից է, որտեղ 1980թ. կառուցվեց թանգարան, որտեղ պահվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների մասունքները` նկարների, եռանկյունի նամակների, անձնական իրերի տեսքով: «Շենաթաղցի Գուրգեն Հովհաննիսյանը գերության ժամանակ որոշում է` ողջ-առողջ գյուղ վերադառնալուց հետո պատերազմում զոհվածների հիշատակին շենք կառուցել, որ հետագայում պիտի դառնար թանգարան: Շենաթաղցին միշտ էլ սիրել է աջակցել հատկապես այն աշխատանքներին, որոնք ծավալվել են հօգուտ գյուղի ու սերունդների: Այս անգամ էլ գյուղացիների համագործակցության շնորհիվ 1980թ. կառուցվեց թանգարանը, որտեղ տեղ են գտել պատերազմում զոհված 95 շենաթաղցիների լուսանկարներ, 95 տեղանոց մոմակալ, որտեղ ամեն տարվա մայիսի 9-ին վառվում է 95 մոմ, անձնական իրեր, նամակներ», – առանձնակի ոգեւորությամբ է պատմում թանգարանի երկարամյա տնօրեն Օվսաննա Մկրտչյանը:

Հետագայում թանգարանն ավելի հարստացավ` համալրվելով զանազան հնություններով: Հավաքվեցին գյուղական կենցաղային իրեր, հին արծաթյա զարդեր, ինչպես նաեւ կազմվեցին գյուղի մանկավարժների, վետերանների, անվանի մարդկանց, կյանքից անժամանակ հեռացած շենաթաղցիների («Ճակատագիրը դաժան եղավ նրանց նկատմամբ» խորագրով) ալբոմներ` լուսանկարներով եւ կենսագրականներով:

Մինչ այդ գյուղացիների եւ գյուղի սահմաններից դուրս ապրող մարդկանց հանգանակությունների շնորհիվ գյուղում 1970թ. նոյեմբերին տեղադրվել էր զինվորի հուշարձան: Հուշարձանի բացման պատիվը տրվել էր Հայրենական մեծ պատերազմում զոհվածի մայր, նույն պատերազմում ազգականներ կորցրած Թագուհի Գրիգորյանին: Հուշարձանն այսօր հիշատակի վայր է նաեւ Արցախյան պատերազմում զոհված շենաթաղցի ազատամարտիկների համար. այստեղ է թաղվել շենաթաղցի ազատամարտիկ Վարդան Բաբայանը:

1983 թվականից Գալուստ Գալստյանն անցել է ծերության թոշակի` դադարեցնելով մանկավարժական գործունեությունն ու հերթափոխը հանձնելով երիտասարդներին:

Գալուստ պապն ու Օվսաննա տատը 70 տարվա համատեղ ամուսնական կյանքի ընթացքում շատ դժվարությունների են հանդիպել, բայց սիրո եւ համերաշխության շնորհիվ կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները եւ այսօր հպարտանում են իրենց զավակներով, թոռներով ու ծոռներով: Գալուստ պապի կյանքի նշանաբանն է եղել` օգնել, օգնել, օգնել: Եվ նույնիսկ օր ծերության նա հնարավորության դեպքում մշտապես աջակցում է իր ընտանիքին, որ շատերի համար օրինակ է ծառայում իր նիստուկացով, շնորհքով ու միմյանց հանդեպ ունեցած հոգատարությամբ:

Բացելով իր երկարակեցության գաղտնիքը` Գալուստ պապը սերունդներին խորհուրդ է տալիս մշտապես կատարել ֆիզիկական աշխատանք, սնվել անփոփոխ ռեժիմով եւ չծխել: Կարեւորելով հոգեկան հանգստությունը` նշում է, որ մարդ պիտի իր կյանքն անցկացնի հաշտ ու խաղաղ մթնոլորտում` շրջապատված ընտանեկան ջերմությամբ, հարազատների հոգատարությամբ:

Գալուստ պապն իր ունեցածով հպարտանում է եւ չի ափսոսում իր ապրած եւ ոչ մի օրվա համար եւ, որ ամենակարեւորն է, գնահատվում է թե՛ մարզային, թե՛ տեղական իշխանությունների կողմից:

Գալուստ պապի ցանկությունը մեկն է. «Թող պատերազմները գնան եւ երբեք չգան…»:

Կյանքի ավարտը` թե՛ երկարատեւ, թե՛ կարճատեւ, որոշվում է միայն նպատակով, հանուն որի այն ապրված է. Գալուստ պապն իր կյանքը ծառայեցրել է ուրիշների բարեկեցությանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: