12/09/2019

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ. «Եթե գրողը ստեղծագործելիս երկունքի ցավեր չի ունենում, եթե տառապանքից չի ծնվում երկը, ապա այն արժեքավոր չի կարող լինել»

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ. «Եթե գրողը ստեղծագործելիս երկունքի ցավեր չի ունենում, եթե տառապանքից չի ծնվում երկը, ապա այն արժեքավոր չի կարող լինել»

77 տարվա հեռավորությունից անցած ճանապարհն արժեւորելու, գրականության զարգացման ներկա ընթացքի եւ ստեղծագործական հետագա ծրագրերի մասին է զրույցը Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանի հետ:


– Պարո՛ն Ծատուրյան, առաջին անգամ փորձենք հետադարձ հայացք ձգել Ձեր ապրած կյանքին եւ իմաստավորել այն:

– Ողջ կյանքիս ընթացքում ակտիվ ստեղծագործական, մանկավարժական գործունեություն եմ ծավալել, բայց կարծես թե մնացել եմ ստվերում, քանի որ չեմ սիրել ինքս ինձ ներկայացնել: Ի սկզբանե սիրել եմ մանկավարժությունը եւ առանձնակի վերաբերմունք ունեցել երեխաների նկատմամբ ու զբաղվել նվիրական աշխատանքով, որ եղել է խղճի թելադրանքով: Ճիշտ է, նախասիրությունս մանկավարժական աշխատանքն էր, բայց ստեղծագործելն իմ էությունն է: Մանկավարժական գործունեությանը համընթաց ստեղծագործել եմ` կյանքիս 50 տարիները նվիրաբերելով գրականությանը:

– Ե՞րբ եք սկսել ստեղծագործել, եւ այդ բնագավառում ո՞րն է եղել Ձեր առաջին ձեռքբերումը:

– Դեռեւս պատանեկան տարիներից սկսել եմ ստեղծագործել: Իններորդ դասարանում մասնակցել եմ ժողովրդական ստեղծագործությունների ստուգատեսի` ներկայացնելով «Համառոտ պատմություն» պոեմանման բանաստեղծությունը, որտեղ գովերգում էի Լենինին, Ստալինին, Մարքսին, Էնգելսին: Ի զարմանս ինձ` շատ ու շատ նշանավոր գրողների ստեղծագործությունների շարքում առաջին տեղ գրավեց իմ բանաստեղծությունը, որ հիմա, երբ ընթերցում եմ, ծիծաղում եմ:

– Փաստորեն, սկսել եք ստեղծագործել դպրոցական տարիներից: Գրական ո՞ր ժանրի գրող եք Ձեզ համարում:

– Ինչպես արդեն նշեցի, շատ վաղ տարիքից եմ սկսել ստեղծագործել, բայց դեռ իմ ասելիքը չեմ վերջացրել: Դեռ բազում անտիպ գործեր ունեմ: Ես ինձ համարում եմ արձակագիր: Ճիշտ է, ստեղծագործում եմ նաեւ չափածո, բայց ինձ բանաստեղծ չեմ համարում: Թեպետ «Հողի սիրով» բանաստեղծությունների ժողովածուս առանձնահատուկ տեղ է գրավում իմ գրական արվեստում: Այնտեղ որոշեցի անդրադառնալ տարվա եղանակներից ամռանը, քանի որ մինչ այդ մեր գրականության մեջ հիմնականում ներկայացվել են գարունը, աշունն ու ձմեռը: «Թուրուսի խութի գրավումը» վիպակս եմ կարեւորում, որը շատ ուշագրավ ստեղծագործություն է` փաստավավերագրական հիմքով եւ, իհարկե, գեղարվեստական նկարագրություններով ու ընդհանրացումներով: Գրել եմ պատմվածքներ, որոնք հիմնականում ավելի շատ կարելի է նովելներ համարել, քանի որ ունեն անսպասելի վերջաբան:

– Ձեր ստեղծագործություններից ո՞րն եք համարում գլուխգործոց, եթե կարելի է այդպես անվանել:

– Դա նույնն է, որ ծնողին հարցնեք, թե զավակներիցդ ով է ամենասիրելին: Այնուամենայնիվ, փորձեմ պատասխանել. «Ծուխ ծխանի» գիրքս իմ ստեղծագործության գլուխգործոցն է: Այն կազմված է երեք մասից` «Օջախ», այսինքն` հայ ժողովրդի արմատները որտեղից են գալիս, ինչպես ենք ներկայացել աշխարհին, 2-րդ մասում ներկայացվել են 1937թ. խորհրդային ժամանակաշրջանի կամայականություններն ու անիրավությունները, 3-րդ մասում` ընդհանուր պատմվածքներ բռնադատվածների ընտանիքների, ինչպես նաեւ Ղարաբաղյան ազատամարտի մասին: Գիրքը լույս է տեսել 2007թ., եւ ես այն գլուխգործոց եմ համարում, քանի որ ընդգրկված թեմաներն ինձ ավելի հարազատ ու սրտամոտ են:

– Ձեր ամբողջ կյանքը նվիրաբերել եք ստեղծագործելուն, եւ դա Ձեր էությունն է: Որտեղի՞ց էր գալիս Ձեր ոգեշնչման աղբյուրը:

– Իմ պապը շատ գրքասեր մարդ էր եւ գիրքը համարում էր սրբություն: Մի անգամ ասաց. «Ա՛ խոխա, քարատակում գիրք եմ կյաղալ»: Սրանք այն ժամանակներն էին, երբ շատ գրողների ստեղծագործություններ արգելված էին: Գնացի եւ քարատակից հանեցի թղթով փաթաթված կապոցը, որտեղ պահված էր Ակսել Բակունցի «Մթնաձոր» ժողովածուն, եւ սկսեցի գիշեր-ցերեկ ընթերցել. պատմվածքներ կային, որ նույնիսկ անգիր գիտեի: Փաստորեն, գրական առաջին ուսուցիչս եղել է Ակսել Բակունցը, այնուհետեւ` Եղիշե Չարենցը, որի բանաստեղծությունները սիրում էի արտասանել: Հետագայում իմ գրական գործունեության վրա զգալի ազդեցություն թողեց մեր հայրենակից, արձակագիր Սուրեն Այվազյանը, ում հետ մտերիմ էի: Վերջինս ասում էր, որ գրականությունը սրբություն է եւ այդ սրբությունը ներարկում էր նաեւ իմ մեջ. արդյունքում ես ինքնամոռաց տրվեցի գրականությանը: Կարող եմ ասել, որ հոգեւոր իմաստով իմ ուսուցիչը եղել է Ակսել Բակունցը, գործնական իմաստով` Սուրեն Այվազյանը: Մեծ ազդեցություն եմ կրել նաեւ մեր նշանավոր արձակագիր Սերո Խանզադյանից, ով ասում էր` ժողովրդից մեծն ու խելացին չկա, ով հեռացավ ժողովրդից, նա այլեւս գրող չէ: Սերո Խանզադյանի ազդեցությամբ հետագայում սկսեցի զբաղվել բանահավաքությամբ եւ տպագրեցի «Զանգեզուրյան տաղեր» ժողովածուն, որն իմ երկար տարիների աշխատանքի արդյունքն է:

– Կես դար ստեղծագործել եք, բայց Ձեր ստեղծագործության վերաբերյալ երբեւիցե գրականագիտական, գրաքննադատական խոսք չի ասվել:

– Դրանում մեղավոր եմ միայն ես, քանի որ չեմ պահանջել կամ առաջարկել, որ իմ ստեղծագործության մասին գրեն` մտածելով, որ գիրքս կարդալուց հետո կգրեն: Եվ հիմա` տարիների հեռավորությունից, կարող եմ ասել, որ այդ հարցում պասիվությանս համար թանկ եմ վճարում: Իմիջիայլոց, նման մոտեցում ուներ նաեւ Սուրեն Այվազյանը, ով մշտապես ասում էր, որ իրեն գնահատողը հասարակ ժողովուրդը պիտի լինի:

– Հաշվի առնելով, որ Դուք Սուրեն Այվազյանի մտերիմ ընկերներից եք եղել` մեզ հետաքրքրում է մի հարց. ինչո՞ւ նրան հուղարկավորեցին Խնձորեսկի իր տան բակում` հակառակ ավանդակարգի:

– Դա երեւի կապված էր նրա հետեւյալ արտահայտության հետ. «Թեկուզ մեռնեմ, ինձ կթաղեք Զանգեզուրում», բայց նա երբեք չի ասել` ինձ կթաղեք մեր բակում:

– Ի՞նչ է Խնձորեսկը Ձեզ համար:

– Խնձորեսկն իմ ծննդավայրն է. ես սկսել եմ այստեղից, այստեղ էլ պիտի ավարտվեմ: Իմ հայրենասիրությունը սկիզբ է առնում Խնձորեսկից:

– Կարծում ենք` այսօրվա անարժեք գրքերի լույսընծայման համար մեղավոր է նաեւ Հայաստանի գրողների միությունը, քանի որ խոտան գրքերը տպագրվելուց հետո գրականագիտական, գրաքննադատական խոսք չի հնչում, որով կա՛մ կդադարեցվի այդպիսի գրքերի հրատարակումը, կա՛մ էլ ընդհակառակը` կարժեւորվեն դրանք, եթե արժանի լինեն:

– Ցավալի է, բայց դա բացարձակ ճշմարտություն է. այդ խոտանը, որ լույս է տեսնում, շատ հաճախ փողային հարաբերություններով է պայմանավորված: Այսինքն` որակին այսօր ոչ մի մակարդակում ուշադրություն չեն դարձնում` ո՛չ պետությունը, ո՛չ էլ Հայաստանի գրողների միությունը: Շատ հաճախ կարծում են, թե գրականությունը սկսվում եւ ավարտվում է մայրաքաղաքում, իսկ մարզերում ստեղծագործողներին բացարձակապես ուշադրություն չեն դարձնում` մոռանալով, որ իսկական հանճարները ծնվել են հեռավոր գյուղերում: Այսօր ինձ` որպես ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահի, նախեւառաջ հետաքրքրում է ստեղծագործող անհատը` անկախ մակարդակից, հրատարակած գրքի գեղարվեստական արժեքից: Առաջին հայացքից դա կարող է տարօրինակ թվալ, բայց իմ կարծիքն իր հիմքերն ունի. Սյունիքում, որ ժամանակին ծնունդ է տվել բազում նշանավոր արվեստագետների, այսօր գրեթե ստեղծագործող չունենք:

– Ըստ Ձեզ` ո՞րն է այսօրվա գրականության խնդիրը:

– Իմ կարծիքով` գրականությունը գիտություն է մարդու համար, այն պիտի հասանելի լինի նախեւառաջ հասարակ մարդկանց: Այսօր լույս են տեսնում հայհոյախառն ստեղծագործություններ, որոնք անհնար է բարձրաձայն կարդալ: Ձեւախեղում եւ ձեւափոխում են իսկական արվեստը` մոռանալով, որ արվեստը ժողովրդի համար է ստեղծվում, այն պիտի արտացոլի ժողովրդի հոգեբանությունը: Գրականությունը մարդու մասին գիտություն է, որ այսօր հեռացել է մարդուց, մարդը դուրս է մղվել գրականությունից:

– Ուրեմն` որո՞նք են գրականությանը ներկայացվող ամենաառաջնային պահանջները:

– Իմ կարծիքով` գրականությունը գաղափարախոսություն է, բայց ես ի նկատի չունեմ այն, որ նախօրոք մտածես, հետո գրես, այսինքն` պիտի կյանքը հասկանաս, կենսափորձ ունենաս, որ գրես, պիտի երեւույթի խորքը ներթափանցես, ինչպես օրինակ մեր հանճարեղ Համո Սահյանն է արել: Նա բնության հետ խոսում է, անձնավորում այն, ըստ պատշաճի ներկայացնում բոլոր գույները: Ես կարող եմ համարձակորեն ասել, որ այսօր մեր գրականության մեջ Համո Սահյանին փոխարինող չունենք: Նա ժողովրդին հասկանալի լեզվով է գրել, ամենածույլ աշակերտն անգամ հասկանում է Համո Սահյան: Փիլիսոփայելով կյանքի մասին` բնությունը մոտեցրել է մարդուն բանաստեղծելով, բանաստեղծելով է փիլիսոփայել: Հիմա մեր նորելուկ գրողներն ուզում են փիլիսոփայել բանաստեղծելով: Առհասարակ եթե խոսքը չափածոյին է վերաբերում, ապա այն ունի իր չափանիշները, ինչպես բնության մեջ գետն առանց կարկաչելու չի կարող լինել, այնպես էլ բանաստեղծությունն առանց այդ չափանիշների չի կարող արժեքավոր լինել: Այսօր բանաստեղծություն են գրում առանց կարկաչելու, խոխոջելու (փիլիսոփայական մի աբսուրդ մոտեցում), որ ներկայացվում է ընթերցողին: Գրականության դերը ստեղծագործաբար փիլիսոփայելն է, ճիշտ է, գրականությունը փիլիսոփայություն է, բայց փիլիսոփայությունը գրականություն չէ: Կան ստեղծագործություններ, որոնք ընթերցելիս նույնիսկ ես չեմ հասկանում: Ինչ վերաբերում է գրականագիտությանը, կարող եմ ասել, որ մենք հրաշալի գրականագետներ ունենք, բայց գրականագիտական դպրոցը մեզանում, կարելի է ասել, չի գործում:

– Այսօր, կարծեք, մեր երկրում մտավորականությունն իրեն զգալ չի տալիս, հասարակական-քաղաքական հրատապ հարցերին իր մասնակցությունը չի բերում: Իհարկե, շատ լուրջ մտավորականներ ունենք, բայց որպես այդպիսի հասարակական խավ` չունենք:

– Ստալինյան ժամանակներում այլախոհներին աքսորել են Սիբիր, որ ավելի նախընտրելի էր, քան մեր այսօրվա իրականությունը, երբ ընդդիմախոսներին համարում են «զիբիլ»: Ափսոսանքով պիտի նշեմ, որ մտավորականության հանդեպ ներքին բդեշխական արհամարհանք կա, մանավանդ երբ մտավորականն իշխանամետ չէ: Մտավորականը պիտի բարձր հեղինակություն վայելի, ինչպես օրինակ Արցախյան շարժման տարիներին ուներ Սերո Խանզադյանը:

– Համաձա՞յն եք, որ գրականությունը մեր կյանքի, հասարակության ներկա ընթացքի վրա գրեթե ազդեցություն չունի:

– Ցավով պիտի նշեմ, որ գրականությունը մեր հետեւից է գնում, այլ` ոչ առջեւից, այն ոչ մի ազդեցություն չունի մեր աշխարհայացքի ձեւավորման վրա, որ լուրջ բացթողում է:

– Ձեր կյանքի նշանավոր իրադարձություններից է Ներքին Խնձորեսկում դպրոց-մանկապարտեզի հիմնումը:

– Հաշվի առնելով Ներքին Խնձորեսկի բնակիչների` շրջանային խորհուրդ ներկայացրած պահանջը` 1989թ. մարտի 10-ին Ներքին Խնձորեսկում փոքր գյուղերին հատուկ դպրոց-մանկապարտեզ հիմնվեց, որի տնօրեն նշանակվեցի ես: Հիմնադրման ժամանակ մանկապարտեզի սաներն ավելի շատ էին` մոտ 33 սան, իսկ դպրոցն ընդունել եմ 23 աշակերտով, բայց երբ արդեն աշխատանքից հեռացել եմ, 54 աշակերտ էր այնտեղ սովորում: Պատերազմական եւ հետպատերազմական բազում խոչընդոտներ հաղթահարելով` հասանք նրան, որ դպրոցը դարձավ միջնակարգ, որից հետո սկսվեցին դպրոցի բարեկարգման աշխատանքները:

– Ո՞րն է գրականության խնդիրը դպրոցում, բուհում եւ ընդհանրապես աճող սերնդի դաստիարակության գործում:

– Այսօր Հայաստանի դպրոցները, բուհերը, կարելի է ասել, չունեն դաստիարակության հավատամք, այսինքն` ուսուցիչը չգիտի, թե ինչ դաստիարակի եւ ինչպես: Նա սոսկ դասատու է, ով իր չոր ու ցամաք դասն է տալիս: Խորհրդային Միության տարիներին պարտադիր առանձնացնում էին դաստիարակության տեսակները` հայրենասիրական, մտավոր, ընտանեկան, գեղագիտական, բարոյական եւ այլն: Այսօր դրեք այդ չափանիշներն ուսուցչի, տնօրենի առաջ. սոսկ ասում են հայրենասիրություն, բայց թե դա ինչպես պիտի սերմանվի, չեն մանրամասնում: Երբ Ղարաբաղյան ազատամարտի մասին գրում էի, կարող էի նաեւ արատավոր երեւույթներ նկարագրել, բայց դա չեմ արել, քանի որ գիրքը պիտի զուտ դրական կողմեր ներկայացներ եւ հայրենասիրություն սերմաներ:

– Երեխայի արժեհամակարգի ձեւավորման բացը նույնիսկ հեռուստատեսությամբ, ռադիոյով չեն փորձում լրացնել, իսկ ավելի ճիշտ` այդ բացը խորացվում է:

– Ներկայիս հեռուստատեսությունն էլ, ռադիոն էլ շուկայական հարաբերությունների վրա են հիմնված: Հատկապես այդքան լայն տարածում ստացած հեռուստանովելներն ամբողջովին ապականում են ե՛ւ մեր լեզուն, ե՛ւ մարդու հոգեբանությունը:

– Դուք այն եզակի գրողներից եք, ով իր ստեղծագործություններում անընդհատ արծարծում է Ղարաբաղյան պատերազմի թեման: Ի՞նչ տեղ ունի Ղարաբաղյան հերոսամարտը Ձեր ստեղծագործության մեջ:

– Երբ Հայրենական մեծ պատերազմն ավարտվեց, մոտ 20-30 տարի խոսում էին դրա մասին, որն արտահայտվում էր ե՛ւ գրականության, ե՛ւ քանդակագործության, ե՛ւ ճարտարապետության մեջ, ե՛ւ կերպարվեստում: Բայց այսօր զարմանալի անտարբերություն եմ նկատում Ղարաբաղյան ազատամարտի գրականացման նկատմամբ: Մենք մեր դարավոր գոյության ընթացքում շատ բան ենք կորցրել. մեր պատմությունը կոտորածների, վշտի, լացի պատմություն է եղել, եւ հազիվ 20-րդ դարում հաղթանակ ենք արձանագրել, որ անգնահատելի իրադարձություն է մեր ժողովրդի պատմության մեջ: Ըստ այդմ` մեր գրականությունը պիտի ամբողջովին հեղեղվեր այդ թեմայով, մինչդեռ այսօր լույս տեսնող ստեղծագործությունների մի մասն անհասկանալի է, երբեմն էլ պատմական իրադարձությունների խեղաթյուրում է: Ես այն կարծիքին եմ, որ Շուշին նաեւ գորիսեցին է ազատագրել, Ստեփանակերտը` նաեւ ստեփանավանցին, այսինքն` սա համազգային հաղթանակ է: Ես պարտավոր եմ այդ թեման ներկայացնել, որ վաղը դրանով սերունդ դաստիարակվի, ժամանակներն անցնելու են, ի՞նչ գիտեք, թե այսօրվա մեր կռվի հերոսներն էլ սուրբ չեն դառնալու:

– Գեղարվեստական գրականությունն իր ընդհանրացումների, ամփոփումների մեջ ազատ է, կարող է դա անել, բայց հենց ղարաբաղյան թեմայով վավերագրության, պատմագրության մեջ բավականին լուրջ աղավաղումներ ունենք, բացահայտ միտում կա` ամեն մարդ վերմակը դեպի իրեն է ձգում:

– Ցավալիորեն պիտի նշեմ, որ լույս տեսնող հրապարակումներում բավականին լուրջ աղավաղումներ կան, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս. պատմությունը չի կարելի աղավաղել:

– Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր առաջիկա ծրագրերը:

– Ունեմ տպագրվելիք չորս գիրք: Ցանկություն ունեմ «Մեր գյուղի մեծերը» գիրքը գեղարվեստապատում ստեղծագործություն դարձնել` ներկայացնելով նաեւ նրանց գերդաստանները: Ղարաբաղյան ազատամարտի մասին «Վառվող տանիքներ» վերնագրով վեպ եմ գրել, որը դեռ պետք է տպագրվի: Մանկավարժական պատմվածքների շարք պիտի լույս ընծայեմ: Ես այն կարծիքին եմ, որ կրթության հերն անիծել են, եւ դպրոցներում ամեն ինչ կա` բացի կրթությունից: Երկար տարիներ աշխատելով այդ համակարգում` նպատակային եմ համարում նմանատիպ պատմվածքների տպագրումը, բայց չգիտեմ` ընթերցող կլինի՞, թե՞ ոչ, քանի որ այսօր ընթերցող ունենալու հարցը գրողի համար ամենամտահոգիչն է:

– Ինչո՞ւ ընթերցողը հեռացավ գրքից:

– Դժվարանում եմ պատասխանել, բայց կարող եմ ասել, որ գրականությունից նահանջը շարունակվում է:

– Արեւմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանն ասում էր. «Բանաստեղծ ըլլալ եւ մայր ըլլալ, նույն բանն է»: Դուք ինչպե՞ս կընդհանրացնեք բանաստեղծի կոչումը:

– Եթե գրողը ստեղծագործելիս երկունքի ցավեր չի ունենում, եթե տառապանքից չի ծնվում երկը, ապա այն արժեքավոր լինել չի կարող: Ըստ իս` գրողը ժողովրդի ծառան է, գրականությունը ժողովրդի համար է, նրանից դուրս գրականություն չկա:

– Ե՞րբ կարող է արվեստագետը մահվանից չվախենալ:

– Երբ իր մտահղացումներն ամբողջովին իրականություն դարձնի, իր ասելիքն աշխարհին հասցնի: Իսկ առհասարակ մահվան հետ հաշտվել չի կարելի:

Հարցազրույցը`ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Ինքնակենսագրական ակնարկ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: