12/09/2019

Սուրեն Խաչատրյանին սյունեցիները դիմավորեցին շուքով

Սուրեն Խաչատրյանին սյունեցիները դիմավորեցին շուքով

Սեպտեմբերի 26-ին Սիսիանում, Գորիսում եւ Կապանում առանձնահատուկ ջերմությամբ, աղուհացով, երգ-երաժշտությամբ դիմավորեցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Գորիսում Սուրեն Խաչատրյանի դիմավորումը վեր էր ածվել համաժողովրդական յուրօրինակ տոնակատարության:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ Սուրեն Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ուղեկցությամբ նորանշանակ մարզպետը սեպտեմբերի 26-ին ժամանեց մարզ եւ անցավ իր պարտականություններին:

Սուրեն Խաչատրյանին սյունեցիները դիմավորեցին շուքով: Մարզի դարպասների մոտ (Գորայքում) նախ նրան ընդառաջ էին եկել սիսիանցիները:

Գորիսի մուտքն ազդարարող հուշակոթողի մոտ Սուրեն Խաչատրյանին դիմավորելու էին եկել հարյուրավոր գորիսեցիներ: Իսկ Վանանդաձորում (Չայզամի) նորանշանակ մարզպետին ընդունեցին Կապան քաղաքի եւ տարածաշրջանի համայնքների, ինչպես եւ Մեղրի ու Ագարակ քաղաքների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Սուրեն Խաչատրյանին` մաղթելով նրան բեղմնավոր գործունեություն: Հանդիպմանը ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով շնորհակալություն հայտնեց հանրապետության կառավարությանը` վստահության, սյունեցիներին` ջերմ ընդունելության համար: Սուրեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նաեւ նախկին մարզպետ Վահե Հակոբյանին` Սյունիքի մարզպետի պատասխանատու պաշտոնում մեկամյա գործունեության համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: