12/09/2019

Ոչ իշխանական եռյակի հանրահավաք Կապանում

Ոչ իշխանական եռյակի հանրահավաք Կապանում

Սեպտեմբերի 25-ից հանրապետությունում մեկնարկել են ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների) մարզային հանրահավաքները, որոնցից անմասն չի մնացել նաեւ Սյունիքի մարզը: Սեպտեմբերի 28-ին հանրահավաք տեղի ունեցավ Սիսիանում, այնուհետեւ` Կապանում:

Կապանի կենտրոնական հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների թիվն այնքան էլ մեծ չէր, իսկ հավաքվածներն էլ հիմնականում տարեցներ, պատանիներ եւ գործազուրկ քաղաքացիներ էին: Բայց այն կայացավ, իսկ հավաքվածներն էլ իրենց բողոքի ձայնը միացրին ոչ իշխանական եռյակի կոչերին:

Բացման խոսքում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը մասնավորապես նշեց. «Առաջին անգամ է այս եռամիասնությունն իր երթը սկսել, եւ օրակարգը, որով մեր քաղաքական ուժերը միավորվեցին, ինքնաբերաբար ձեւավորվեց երկրում առկա իրավիճակով պայմանավորված, ձեզ հուզող եւ հետաքրքրող, յուրաքանչյուրիդ առնչվող խնդիրներից կախված: Խնդիրներ, որոնք միշտ շատ են եղել, եւ ներկայումս դրանք գրեթե հնարավոր չէ լուծել»: Նա նաեւ նշեց, որ եռյակի ձեւավորումը պայմանավորված է այն հուսահատության եւ հիասթափության մթնոլորտով, որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ իրենց նպատակն է մշակել գործողությունների պլան, որով կապահովվի մեր երկրի բարեկեցիկ ապագան:

Երկխոսության մեջ մտնելով հանրահավաքի մասնակիցների հետ` Տ.Ուրիխանյանը բարձրացրեց այն երեք կարեւորագույն հարցը, որոնք հրատապ են ժողովրդի համար, այն է` գործազրկություն, բարձր տոկոսադրույքներով վարկերի տրամադրում եւ երկրին սպառնացող արտագաղթ:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նշեց. «Այսօր մեր երկրում բարդ եւ ծանր իրավիճակ է ստեղծվել, բայց մյուս կողմից էլ բավական բարենպաստ վիճակ է ստեղծվել հասնելու փոփոխությունների: Երբեւիցե չի եղել մի իշխանություն, որ այսքան ձախողվի, եւ դրան հակառակ ստեղծվի մեկ այլ իշխանություն, որ այսքան միասնական լինի: Իշխանությունն այսօր «վայելում» է ժողովրդի հակակրանքն ու անվստահությունը, իսկ ընդդիմությունը` ժողովրդի վստահությունը: Ընդդիմության կողմից ներկայացված 12 կետերը, որոնք մեր երկրի զարգացման համար առաջնային ու հրատապ են, կարելի է ասել, նույնիսկ չեն էլ քննարկվել, քանի որ դրանք նախեւառաջ վնասում են գործող իշխանության նեղ անձնական շահերին»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջացան, որը, ընդդիմադիրների հավաստմամբ, դիտավորություն էր: Նա իր ելույթում կարեւորեց այն հանգամանքը, որ կապանցին նախագահական ընտրություններում արդեն ապացուցել է իր ազատ կամքի դրսեւորումը: Արտագաղթը, մարդու իրավունքների ոտնահարումը, անհարկի թանկացումներն ազգային անվտանգությանը սպառնացող հիմնական գործոններն են, մինչդեռ մենք պետք է ապրենք ազատ Հայաստանում, որտեղ քաղաքացին կլինի իր իրավունքի տերը, այլ ոչ թե ֆեոդալական երկրում: Նա շեշտեց նաեւ այն հանգամանքը, որ ընտրություններում իշխանություններին սատարած ուսուցիչների աշխատավարձերն այսօր գրեթե չեն բարձրացվել:

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանն էլ նշեց, որ ժողովրդի ցանկությունն արժանապատիվ ապրելն է:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախաձեռնմանը, նշեց. «Սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ներկայիս իշխանության վերարտադրությունը, իսկ դա այն իշխանությունն է, որտեղ բնակչության մեծամասնությունն ունի բարձր տոկոսադրույքով վարկեր, իսկ որ ավելի սարսափելի է, մեր պետությունն ունի 5 մլրդ դոլար պարտք, որ եթե բաժանենք մեր երկրի ներկայիս բնակչության վրա, ապա նորածնից մինչեւ ծերունի ունի մի քանի հազար դոլար պարտք»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մատնանշեց, որ 2013թ. նախագահական ընտրություններում իրենց տարած հաղթանակը պաշտոնապես չամրագրվեց, քանի որ քաղաքական դաշտում իրենց կուսակցությունը միայնակ էր գործում, բայց այսօր այդ ուժերի միավորումը կարող է ձեւավորել նոր քաղաքական իշխանություն, որ իսկապես կգործի ի շահ ժողովրդի: Իսկ հրապարակում ծածանվող եռագույն, այլ ոչ թե կուսակցական դրոշները հաստատում են այն հավատամքը, որ ժողովրդի հետ միասնաբար կարող են հասնել հաղթանակի, եւ ընդդիմության պայքարը սկիզբ է առել հանուն Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ ապագայի:

ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանն առանձնացրեց մի քանի կետեր, որոնք հստակ բնութագրում են մեր երկրում առկա վիճակը, այն է` ժողովրդի կամքի վրա բռնություն եւ ընտրությունների հետեւողական կեղծում, տնտեսական մենաշնորհ, ժողովրդի թշվառություն եւ դրանից բխող ազգային անվտանգության սպառնացող վտանգ, ՀՀ սահմանադրության եւ գործող բոլոր օրենքների խախտում, հայաստանյան գյուղերի ամայացում, հարկադիր արտագաղթ: Նա նշեց նաեւ, որ մինչեւ վերջերս իշխանությունը փորձում էր մասնատել նաեւ քաղաքական դաշտում գործող ուժերին, որը, իհարկե, ոչ իշխանական եռյակի միասնության պարագայում ձախողվեց: Ներկայումս գործող ընդդիմադիր ուժերի խնդիրն է ապահովել եռյակի եւ ժողովրդի միասնությունը, որ ակնհայտ պիտի դառնա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Հանրահավաքի կազմակերպիչներն անդրադարձան նաեւ ակնկալվող սահմանադրական փոփոխություններին` որակելով դրանք աղետալի երեւույթ մեր երկրի հետագա զարգացման համար: Այդ փոփոխությունները նպատակ ունեն պահպանել ներկայիս իշխանության մենաշնորհը: Սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, քանի որ, ըստ Սահմանադրության, մեր երկրի իշխանությունը պատկանում է ժողովրդին. ընդամենը անհրաժեշտ է փոխել իշխանության գլուխ կանգնածների կազմը:

«Մենք ուժեղացնելու ենք ճնշումն իշխանությունների վրա եւ հասնելու ենք ամբողջական իշխանափոխության: Մի՛ զլացեք, մի՛ հուսահատվեք. այն պահին, երբ դուք ձեր ձեռքերը թափ տվեցիք, իմացե՛ք, վարչախումբը դրանով հաղթելու է, իսկ այն պահին, երբ ուղղեցիք ձեր մեջքն ու պարզ երեսով մասնակցեցիք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, իմացե՛ք՝ այդ վարչախմբի օրերը հաշված են», - ժողովրդին կոչ արեց Արման Մուսինյանը:

Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ի կայանալիք հանրահավաքին ընդառաջ մեկնարկած կապանյան հանրահավաքը, ըստ եռյակի, կայացավ` չնայած որոշ խոչընդոտների: Հանրահավաքի ավարտից հետո մի խումբ երիտասարդներ վանկարկում էին` հեռացե՛ք, հեռացե՛ք: Չենք կարող, սակայն, մեկ դիտարկում եւս չանել. հանրահավաքի մասնակիցներն անընդհատ կանչում էին` Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն, մինչդեռ ելույթ ունեցողները խոսում էին քաղաքական մենաշնորհը վերացնելու մասին:

Հանրահավաքի քննարկվող հարցերից էին նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, վճարովի կայանատեղիներ ստեղծելը, որից ստացված եկամտի 75 տոկոսը մասնավոր կազմակերպություններին է պատկանում եւ միայն 25 տոկոսը` համայնքային բյուջեին, տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի համակարգերը, շրջանառության հարկի նվազեցումը եւ այլն:

Ստորեւ ներկայացնում ենք 12 կետից բաղկացած այն պահանջները, որոնք առաջարկվել են իշխանությանը` 1. վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը եւ աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին, 2. վերանայել տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ հավաքված գումարներից բյուջե կատարվող մուտքերի կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, 3. առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, հանել սահմանին ԱԱՀ-ի հարկումը, 4. առնվազն երկու անգամ կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի եւ վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալը, 5. գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի, 6. հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը, 7. բացառել «Որոտան հէկերի համալիր»-ի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի հավանության, 8. գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը, 9. ընդունել փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու մեխանիզմներ, 10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական կարգով, 11. ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը` ընդդիմությանն օժտելով վերահսկողական գործառույթներով, 12. չստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

Հ.Գ. Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ավելի վաղ հանրահավաք տեղի ունեցավ նաեւ Սիսիանում: Այնտեղ նույնպես լարված վիճակ էր: Հենց հանրահավաքի սկզբում Սիսիանի հրապարակի հարեւանությամբ հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը «Ազատության» հետ զրույցում ներկայացավ որպես Հանրապետական կուսակցության անդամ, եւ նրանք նույնպես բարձրախոսով դիմում էին հանրահավաքի մասնակիցներին՝ վանկարկելով՝ հեռացե՛ք: Այնուհետեւ նրանց մոտեցավ Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, նրա եւ երիտասարդների միջեւ բախում տեղի ունեցավ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: