12/09/2019

Հյուր էին դիվանագետները

Հյուր էին դիվանագետները

Սեպտեմբերի 20-ին մարզկենտրոնում էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Россотрудничество» ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը, դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչի պաշտոնակատար Ազամատ Տոլստունովը, ՌԴ միգրացիոն ծառայության Հայաստանի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Չաբդարովը, դեսպանատան այլ աշխատակիցներ, ինչպես նաեւ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը:

Հյուրերը նախ այցելեցին Կապանի քաղաքապետարան, որտեղ կայացած հանդիպման ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նելլի Շահնազարյանը հակիրճ ներկայացրեց Կապանի անցյալն ու ներկան, մարզկենտրոնի արդյունաբերական ներուժը, ուսումնական հաստատությունները եւ այլն: Իսկ հայ-ռուսական բարեկամության «Россияне» կազմակերպության նախագահ Լյուդմիլա Աղախանյանն անդրադարձավ կազմակերպության 20-ամյա ուղուն:

Սյունիքի մարզկենտրոնում մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ խոսվեց երկու ժողովուրդների համագործակցության, մարզում ռուսաց լեզվի ուսուցման դրվածքի մասին, եւս մի անգամ բարձրաձայնվեց հայտնի ասացվածքը` քանի լեզու գիտես, այնքան մարդ ես:

Կապանի N3 հիմնական դպրոցի դահլիճում դիվանագետները հանդիպեցին «Россияне» հասարակական կազմակերպության անդամների հետ: Նրանց եւ միջոցառման մյուս մասնակիցներին պարզաբանեցին հարցեր ու դրույթներ, որոնք բխում են «Ռուսաստանի Դաշնության օտարերկրյա քաղաքացիների իրավիճակի մասին» օրենքից, պատասխանեցին նրանց հարցերին: Դրանք առնչվում էին Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիություն ստանալուն, այդ երկրում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելուն, միգրացիոն քաղաքականության մեջ կատարված փոփոխություններին եւ այլն: Մասնավորապես դեսպանատան խորհրդական Մարկ Կալինինը նշեց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից մոտ 200 դիմորդ ընդունվում է Ռուսաստանի Դաշնության բուհեր (ընդ որում` դրանց մի մասը հեղինակավոր) եւ հավելեց, որ մրցակցությունը բարձր է` մեկ տեղի համար հինգ դիմորդ: Բուհ ընդունվածները սովորում են անվճար եւ կրթաթոշակ են ստանում:

Օրվա երկրորդ կեսին հյուրերն այցելեցին Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան, ծանոթացան ցուցադրանքին: Թանգարանում բացված է հայ-ռուսական բարեկամության անկյուն, որտեղ էլ դպրոցականները հյուրերի առջեւ հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որը վերաբերում էր հայերի եւ ռուսների` դարերից եկող բարեկամությանը: Երեւանից ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին նաեւ Բաղաբուրջի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին երկրորդ աշխարհամարտում եւ Արցախյան պատերազմում ընկածների հիշատակին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: